Showing posts with label Աստված. Show all posts
Showing posts with label Աստված. Show all posts

14.5.19

ՀԱՎԱՏԱ՞Լ ԵՐԱԶՆԵՐԻՆ, ԹԵ ՈՉ

Վերջերս նորից մեր բլոգին հարց ուղղեցին երազների մասին։ Քանի որ ամեն անգամ հարց տվողը որեւէ անձնական փորձառություն կամ հավատալիք ունի կապված երազների հետ, երբեմն բավական դժվար է տալ այնպիսի պատասխան, որը բավարար լինի։ Ամեն դեպքում որոշեցի շատ կարճ խոսել երազների եւ դրանց հանդեպ քրիստոնյա մարդու ճիշտ վերաբերմունքի մասին։

Եթե փորձենք տեսակավորել երազները, դրանք կարելի է բաժանել 3 հիմնական խմբի`

  1. Սովորական երազներ
  2. Չարից` սատանայից, հրահրված երազներ։
  3. Աստծուց ուղարկված երազներ։

1.7.13

Նոր գիրք` «ԱՍՏԾՈ ՀԵՌԱԴԻՏԱԿԸ»

Հաճախ եմ ասել, որ ՍԱՐԿԱՎԱԳԱԳԻՐՔ բլոգը սկզբնական շրջանում սոսկ նպատակ ուներ իր մեջ ամփոփել տարիների ընթացքում իմ կողմից թղթին հանձնված գեղարվեստական գործերը, որոնց մեծամասնությունը արդեն իսկ ծանոթ է ընթերցողին «Գեղարվեստական» բաժնից: 
Այժմ, հախուռն ջանքերով Տեր Մարկոս քհն. Մանգասարյանի և Տաթևիկ Աղաբաբյանի, գեղարվեստական ստեղծագործությունների` պատնվածքների ու մենագրությունների մի շատ փոքրիկ ժողովածու է լույս աշխարհ եկել արդեն տպագրված տարբերակով, որը կրում է «Աստծո հեռադիտակը» անվանումը: Շատ շուտով հնարավոր կլինի ձեռք բերել գիրքը և ընթրցել ստեղծագործությունները արդեն խմբագրված, ուղղագրված և ճիշտ կետադրված տարբերակով: Իսկ մինչ այդ` գրքի նախաբանը.

Երեւի հետաքրքրեց, թե այս ինչ արտասովոր վերնագիր է: Վստահ եմ` կյանքում գոնե մեկ անգամ հեռադիտակ տեսել ես եւ անգամ դրել ես այն աչքերիդ ու... Ամեն բան, որ այնքան հեռու է ու թվում է թե` անհասանելի, ակնթարթորեն դառնում է քեզ հպվելու աստիճան մոտ: Բայց բավական է շրջես հեռադիտակը ու հակառակ կողմից սկսես դիտել... Այն, ինչ իրապես մոտ էր ու մերձավոր, դառնում է անչափ հեռու ու թվում` անհասանելի:

7.3.13

ՄԱՐԴԸ և ՊԱՀՔԸ

inchpes-pahel-pahqy
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ փողի ու փորի թագաւորութիւնը խլել է մարդուս գլխից բանականութեան թագը և նրան իր բարձրութիւնից իջեցրել, անբան անասունին է հաւասարացրել: Ինչքան մարդս մօտեցել է փողին, այնքան հեռացել է Աստուծուց. ինչքան տաքացել է փողի վրայ, այնքան սառել է Աստուծուց. իր Աստուածը նա փողի մէջ է փնտռում, և երբ մէկն ասում է. «Փողը երկրորդ աստուածն է», «առաջին աստուածն է»՝ վրայ է բերում միւսը: Ինչո՞ւ: Որովհետև, հէնց որ լուսանում է, փողի մասին ենք խօսում, փորի մասին մտածում:
Իսկ եթէ դեռ կան մարդիկ, որոնք լուսաբացին երեսները դէպի արևելք, դէպի «շաղաթաթախ աղօթարան» ուղղած՝ աղօթում են, անկասկած, նրանք էլ փողի ու փորի համար են աղօթում: Բայց մարդս ստեղծուած է աւելի բարձր, աւելի հոգևոր կեանքով ապրելու, քան թէ ցած, մարմնաւոր կեանքով: Երբ մենք վերինը, հոգևորը թողած՝ անսանձ, անզուսպ կեանք ենք անցկացնում, դրանով ցոյց ենք տալիս, որ մեր կեանքի անասնական մասովն ենք ապրում. ո՞ւր է հապա մարդկայինը:

10.12.12

ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՏԵՂ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ


Երկնքում մարդն իրեն մի քիչ աստված  է զգում: Ճախրում ես բամբակե ամպերի վրայով, և թվում է հիմա «ամենակարող» ձեռքդ կերկարես ու մի ճերմակ քուլա կքաղես ամպից` սիրելիներիդ նվիրելու համար: 
Կամ... ուշադիր զննում ես դիմացիդ գեղապատկերը` թեթև ու մաքրագործելու չափ ջինջ, և ներսումդ մանկությունից դեռ մնացած մի փափագով Աստծուն փառաբանող հրեշտակներ ես փնտրում:

28.11.12

ՔՐԻՍՏՈՍԻ ԳԱԼՈՒՍՏՆ ու ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆԻ ՆՇԱՆԸ

Hovhannes ընթերցողի կողմից մի հետաքրքիր հարց է տրվել՝ կապված Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխի 29 համարի հետ.

«Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո, արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն»։

«Մեզ համար շատ անհասկանալի են «Արեգակի խավարման և լուսինը իր լույսը չտալու» խոսքերը, ըստ գիտության մենք գիտենք որ խավարումը տեղի է ունենում, երբ լուսինը ծածկում է արևի ճառագայթները և գիտենք, որ խավարման ժամանակ լուսինը իր լույսը չի տալիս բայց ինչո՞ւ հենց արեգակը պետք է խավարի»։

Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլուխը, ընդհանուր առմամբ, պատասխանն է առաքյալների՝ Հիսուսին ուղղված հարցին՝ «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կլինի, և կամ քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի» (Մատթ. 24։3): Վարդապետն ի թիվս մի շարք վախճանաբանական (էսխատոլոգիկ) մանրամասների, 29-րդ տողում խոսում է արեգակի խավարելու, լուսնի՝ լույսից զրկվելու, աստղերի ընկնելու և երկնքի զորությունների շարժվելու մասին։ Ի՞նչ են սրանք նշանակում և ի՞նչպես պետք է դրանք հասկանալ։

19.11.12

«ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ». ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ, թե՞ ՀՈՐԻՆՎԱԾՔ

Երբ առաջին անգամ դիտեցի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը (Դեն Բրաունի համանուն գիրքը, անկեղծ ասած, այդպես էլ չկարդացի) տակավին ուսանող էի։ Ակնհայտ էր, որ ֆիլմը և դրա սյուժեի հիմքում ընկած գիրքը գեղարվեստական ֆանտաստիկայի ժանրից են, սակայն պղտորված այս ջրում շատերը փորձեցին ձուկ որսալ, իսկ շատերն էլ՝ հարցերից առհասարակ անտեղյակ, Աստվածաշունչից 1-2 նախադասություն կարդացած (կամ գուցե ընդհանրապես չկարդացած), հեշտությամբ կուլ տվեցին խայծը։ Որպես հետևանք՝ մարդկանց մոտ ձևավորվեց այն կարծիքը, թե իբր քրիստոնեական Եկեղեցին դարեր շարունակ թաքցրել է պատմական իրականությունը՝ այն, որ Հիսուս Քրիստոս ամուսնացած է եղել Մարիամ Մագդաղենացու հետ և նրանք զավակ ու ժառանգներ են ունեցել։ «Գաղտնիքի» բացահայտումը, պարզվում է, թաքցրել է միջնադարի մեծագույն հանճար Լոնարդո դա Վինչին։ Այս ամենը փաստելու համար Բրաունը կառչել էր այնպիսի անհաստատ աղբյուրներից ու հիպոթեզներից, որոնք ամեն մի լուրջ գիտնականի ու աստվածաշնչագետի ծիծաղը կհարուցեին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ գիրքը, ֆիլմը և ընդհանուր գաղափարը ամենևին էլ գիտական չէին, այլ սոսկ՝ գեղարվեստական։ Միամիտ լինենք այնքան, որ մտածենք, թե գիրքը գրվել, վաճառվել ու բեստսելլեր էր դարձել զուտ կոմերցիոն նպատակներով, այսուհանդերձ համապատասխան պաշար չունեցող ընթերցողի ու դիտողի ընկալումներում այն կասկածի տակ էր դնում Հիսուս Քրիստոսի ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ։


12.11.12

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԼՈՒԾԵԼ Է ԴԵՌԵՎՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ


Մարդկության պատմության մեջ,  20-21 դարերը առանձնանում են գենդերների միջև հավասարության հարցի առավել սրումով (ցավոք` հաճախ ոչ պատշաճ), ինչի արդյունքն ու ծնունդն են մի շարք հասարակական շարժումեր ու կազմակերպություններ, մինչև անգամ կանանց կողմից այդքան շատ սիրված Մարտի 8-ը: Այս հոսանքի մեջ քիչ չեն նրանք, ովքեր քրիստոնեությանը մեղադրում են խտրականությունը ավելի մեծացնելու մեջ` ասելով, թե այն, տղամարդկանց վերապահելով աննախադեպ իրավունքներ, կանանց զրկում է դրանցից: 
Իրականում այն, որ Աստծո առջև կին և տղամարդ հավասար են, շեշտում է նաև Աստվածաշունչը Սուրբ Պողոս առաքյալի շուրթերով. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք.ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արվի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ էք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3:27-28): Ահա այս խոսքը կազմավորման առաջին իսկ դարերից կենսունակ է եղել նաև Հայոց Եկեղեցում, ինչի արդյունքում սեռրի իրավահավասարության հարցը հասարակական հնչեղություն է գտել և վերջնական վերահաստատման է արժանացել սրանից մոտ 100 տարի առաջ` 1917թ. ապրիլին (ավելի շուտ, քան ցիվիլ Եվրոպայում) Գևորգ 5-րդ Վշտակիր Կաթողիկոսի (1911-1930թթ) մի կոնդակում, որը ՍՊԱՍԱՎՈՐԻ խորհրդով հատվածաբար ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:  

Մեր սիրեցեալ որդիներին եւ մեր Լուսոյ Մայր Ս. Էջմիածնի հարազատ զաւակներին, ամէն դասակարգի այր եւ կանանց, որոնք բնակւում են քաղաքներում եւ գիւղերում, ուրախակցական ողջոյն, Հայրապետական եւ Միածնաէջ Ս. Տաճարիցս եւ մեր Ս. Հօր բազմաչարչար Գրիգոր Լուսաւորչի առաքելական գահից օրհնութիւն.

22.10.12

ԱՅՆ, ԻՆՉԻՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Բոլորին է հայտնի, որ այլաբնույթ կրոնական կազմակերպությունները հաճախ են փորձում Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի և իրենց ուսմունքի միջև ընդհանուր գծեր ու նմանություններ փնտրել, գտնել ու հռչակել՝ ասելով. «Առաքելական Եկեղեցու և մեր միջև ոչ մի տարբերություն չկա. մեր հավատքը նույնն է. մենք ընդունում ենք նույն Աստվածաշունչը և Նիկիայի Հավատո հանգանակը»։ Անշուշտ, այս մոլորեցնող հայտարարության դրդապատճառները հասկանալի են։ Թեև մեկ անգամ արդեն խոսվել է այս թեմայի շուրջ, սակայն պետք չէ մոռանալ, որ խնդիրը ոչ այդքան տեքստերի մեջ է (որոնք հիմնականում նույնական են), որքան՝ դրանց մեկնաբանության։ Առհասարակ հավատքո հանգանակաները՝ հավատամքները (գրաբարից թարգմանաբար՝ «հավատում ենք») եկեղեցիների հավատքի սահմանումներն են՝ համառոտ բանաձևումներ, որոնցում ամփոփված է, թե ինչի՛ է հավատում տեղային տվյալ եկեղեցու հավատացյալը։ Բայց որքան էլ որ զարմանալի է, հավատամքները, որպես կանոն, ծնունդ չեն առել ինքնաբերաբար. հավատքի սահմանների ընդգծման կարիք է զգացվել այն ժամանակ, երբ որևէ աղանդ կամ հերձված փորձել է խեղաթյուրել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը։

16.10.12

ՄԱ՞ՐԴ, ԱՍՏՎԱ՞Ծ, ՄԱՐԳԱՐԵ՞, թե՞ ԱՌԱՍՊԵԼ. Ո՞Վ Է ՀԻՍՈՒՍԸ

Այսօր քննարկման կդնենք մի թեմա, որի պատճառ է հանդիսացել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը։ Վստահ եմ, շատերդ եք այն անցել։ Եթե նկատեցիք, ասում եմ՝ «քննարկման կդնենք», այլ ոչ թե՝ «կներկայացնեմ», քանի որ թեման, որքան էլ որ կարևոր, բայց միևնույն ժամանակ անծայրածիր է, քանզի վերաբերում է այն հարցին, թե «Ո՞վ է Քրիստոս Ձեզ համար», ուստի բացի իմ կողմից ներկայացված հնարավորինս կարճ, ես կասեի՝ մակերեսային անդրադարձից, սպասում եմ նաև ընթերցողների ակտիվ ու կառուցողական մեկնաբանություններին բլոգի քննարկումններում։
Այսպիսով՝ «Ո՞վ է Քրիստոս Ձեզ համար» հարցմանը մասնակցած 1000 հոգուց ստանում ենք ձայների հետևյալ բաշխումն ըստ աճման կարգի՝

Մեծացնելու համար սեղմե՛ք նկարի վրա
Առասպել է - 2
Պատմական անձ է - 3%
Մարգարե է – 7%
Այլ – 8%
Աստված է - 80%

Այժմ փորձեմ ճեպագրությամբ անդրադառնալ յուրաքանչյուր կետին՝

12.10.12

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ /շարունակություն/


Խոստումիս համաձայն այսօր ներկայացնում եմ նախորդ գրառման շարունակությունը ազատ թարգմանությամբ։ Ճիշտն ասած, միայն թարգմանելիս նկատեցի, որ այս 2-րդ և 3-րդ կետերը բավական վտանգավոր պիտի լինեն և չպիտի ճիշտ հասկացվեն, եթե դեռևս չեք կարդացել այս թեմայով նախորդ գրառումը, ուստի ընթերցողիս պիտի խնդրեմ մինչև այս շարունակությունը կարդալը անպայման աչքի անցկացնել նաև նախորդ՝ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեման։ Կանխավ շնորհակալ եմ ընթերցելու և փոխըմբռնման համար։ Վայելեք՝

Երկրորդ՝ շատերին վախեցնում է իրապես քրիստոնեական ողջախոհության սզբունքներին հետևելու միտքը, քանի որ նրանք կարծում են (առանց փորձելու), որ այդ անհնար է։ Սակայն ինչ-որ բան փորձելիս չի կարելի մտածել, թե հնարով է արդյոք այդ կամ ոչ. չէ՞ որ քննական առաջադրանքի վրա մարդը այդ մասին չի խորհում, այլ փորձում է անել այն, ինչի ունակ է։ Անգամ ամենաանկատար պատասխանը գնահատվում է, սակայն, եթե մարդն ընդհանրապես չպատասխանի հարցին, ոչ մի գնահատականի էլ չի արժանանա։ Այսպես է ոչ միայն քննությունների ժամանակ, այլ նաև՝ պատերազմի կամ լեռնագանացության, կամ էլ երբ նոր են սովորում չմշկավարել, լողալ կամ հեծանիվ վարել։ Սառչած մատներով օձիքի կոճակը կոճկելիս անգամ մարդը հաճախ անում է մի բան, ինչը անհնար էր թվում մինչ այդ փորձելը. զարմանալի է, թե ինչերի ենք մենք ունակ, երբ մեզ այդ ստիպում է անհրաժեշտությունը։

10.10.12

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ճիշտն ասած՝ վաղուց էին խնդրել նյութ պատրաստել սեռականության թեմատիկայով, բայց քանի որ իմ սուբյեկտիվ պատկերացմամբ հայ հասարակությունը դեռ չի կարողանում առանց շիկնելու անդրադառնալ այս թեմային, իսկ նրանք էլ, ովքեր այլևս չեն շիկնում կոտրել-անցել են սանձարձակության սահմանը, ես գերադասում էի թեման չշոշափել։ Չէի շոշափում նաև այն պատճառով, որ ամեն մեկը չէ, որ պատրաստ է հոգևորականի խոսքը լսել այս ասպեկտից։ Այսուամենայնիվ, միշտ այն կարծիքին եմ եղել, որ սեռականությունը (sexuality) այն թեման է, որի մասին մտածում են շատերը, բայց խոսում՝ քչերը։ Այսօր որոշեցի որոշակի խոսք ասել, ավելի շուտ ես կներկայացնեմ ուրիշի ասածը ազատ թարգմանությամբ՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ն պիտի լինի քրիստոնյայի մոտեցումը այս հարցին։ Գրառման համար գլխավոր ազդակ հանդիսացավ այն, որ մոտ օրերս ինչ-որ տարօրիանակ  «բիզնես ծրագիր» որոշակի աղմուկ հանեց հասարակության մեջ ու առիթ ստեղծեց քննարկումներ ծավալել կուսության, սեռական հարաբերության, կարմիր խնձորի և նմանատիպ այլ հարցերի շուրջ. ակնհայտ էր քրիստոնեական ճիշտ մոտեցման պակասը։ Անշուշտ 20-րդ դարի հայտնի փիլիսոփա-աստվածաբան Քլայվ Լյուիսի «Սոսկ քրիստոնեություն» (Клаив Льюис, "Просто Христианство") գրքի այս փոքրիկ հատվածը լավագույններից չես անվանի տվյալ թեմատիկայում. կան ավելի խորքային աշխատություններ, սակայն առկա պարզ ու մատչելի զրույցը ամենահարմարը համարեցի այսօր ներկայացնել ընթերցողներին՝ մեկնաբանություներում ակնկալելով բաց ու կառուցողական քննարկում։

Այսօր մարդիկ հաճախ ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա»։ Սրանից կարելի է եզրակացնել 2 բան։ Ասողները կարող են նկատի ունենալ, որ ամոթալի չէ թե՛ այն, որ մարկությունը բազմանում է սեռական ճանապարհով և թե այն, որ բազմանալու այդ միջոցը ուղեկցվում է հաճույքով։ Այսպես կարծողները ճիշտ ուղու վրա են։

24.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ու Like-Ի ԳԱՂՏՆԻՔԸ


Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու Ֆեյսբուք սոցկայքում, չնայած հաճախ հնչող պահանջներին, like-ի կողքին այդպես էլ չի հայտնվում unlike կոճակը... Ինչպես ընկերներիցս մեկը ճիշտ նկատեց` այդ կոճակի հայտնվելը խիստ կկրճատի Ֆեյսբուքից օգտվողների թիվը: Ինչո՞ւ: Որովհետև ինտերնետն աշխատում է մեկ ուղղությամբ` ամեն բան անել, որպեսզի մարդը կապվի իր հետ և հնարավորինս երկար ժամանակ անցկացնի իր «հյուրընկալ» անկյունում: Դրա համար ի՞նչ է պետք: Անհրաժեշտ է ստեղծել մի միջավայր որտեղ քեզ հարմարավետ կզգաս, որտեղ քո ամեն մի բառին, նկարին ու մտքին (անհեթեթ լինեն դրանք, թե իմաստավորված) հավանության նշան են դնում, ուր դու մուտք ես գործում՝ նոր դրական արձագանքներ ու like-եր տեսնելու նպատակով: Մի խոսքով այս սոցիալական ցանցի «առավելությունն» այն է, որ կարողանալով օգտվել մարդկային թուլությունից` Ֆեյսբուքը ջանում է ստեղծել հնարավորինս դրական, ինքնաբավ, սնապարծ ու եսասեր միջավայր: Ո՞ր մեկս չի սիրում գովվել ու հավանությունների արժանանալ, ո՞ր մեկս չի ջանում ինքնահաստատվել դրական հողի վրա (չնայած ֆեյսբուքում հակառակ դրսևորումներն էլ սակավ չեն), ով չի ուզում իր մասին խոսեն միայն լավը և երբեք unlike չանեն:

Երբ ամիսներ առաջ կազմեցի ՈՐՔՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը, դրանում հնչած հարցերից մեկը հետևյալն էր` Աստվածաշունչ/Նոր Կտակարան կարդո՞ւմ եք: Հարցին պատասխանած 1000 հոգուց ըստ աճման կարգի քաղեցինք հետևյալ պատասխանները`

10.9.12

ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Շատ պատահական իմացա, որ այսօր «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ» է։ 
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ցավի, մեզանում և աշխարհում վաղնջական ժամանակներից արմատ ձգած աններելի այս մեղքի (հմմտ. Մատթ. 12:27) դեմ, միանշանակ ասել դժվար կլինի։ Ինքնասպանության դրդապատճառները բազմազան կարող են լինել, սակայն ի վերջո ամեն մի պատճառ, ըստ իս, հանգում է մեկ ընդհանուր ելակետի. մեր հասարակության մեջ ինքնասպանությունների արմատը մարդ արարածի մեջ աստվածային 3 առաքինությունների՝ Հույսի, Սիրո և Հավատի պակասն է։ Կուզեի շատ գրել այս թեմայի շուրջ, բայց... սոսկ կարձանագրեմ բացահայտ մի ճշմարտություն, որ պարտավոր է հիշել ամեն մի քրիստոնյա` ինքնասպանությունը ելք չէ. ամեն տեսակ անելանելի թվացող վիճակից այլ ելք, մինշանակ, կա. ապավինի՛ր Աստծուն. Աստված միշտ քեզ հետ է։ Իսկ հիմա կառաջարկեմ ընթերցել, կամ որ ավելի լավ է, անգիր սովորել «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի անվերնագիր մի բանաստեղծությունը, որն իմ կարծիքով կարճ մի պատգամ է յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա ինքնասպանության հակված, թե ոչ։ 

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:

7.7.12

ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ, թե ԶՈՀ



Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ... 
(Մատթ. 12:7) 


Այսօր պիտի մտորենք բոլորիս քաջ հայտնի ավետարանական մի հատվածի վերաբերյալ (Մատթ. 12:1-7): Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտով, և օրը շաբաթ էր: Աշակերտները քաղցած էին, ուստի ցորենի մի քանի հասկ պոկելով` տրորեցին ձեռքերի մեջ և կերան: Հավանաբար մոտակայքում փարիսեցիներ կային կանգնած, ում աչքից այս եղելությունը չվրիպեց: Եվ քանի որ փարիսեցիները մշտապես առիթ էին փնտրում Փրկչին որևէ զանցառության մեջ բռնացնելու և հանդիմանելու համար, անմիջապես արձագանքեցին.
- Մի՞թե չգիտեք, որ օրինավոր չէ շաբաթ օրով նման աշխատանք կատարելը:

19.2.12

ՊԱՀՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ



pahq
Նկարի աղբյուրը` www.armenianow.com
Պահքի և պահեցողության վերաբերյալ կարդացածս գրքերի ու հոդվածների թիվը, անկասկած, կգերազանցի մեկ տասնյակը, սակայն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, պահքի մասին երբևէ լսածս լավագույն մեկնաբանությունը հնչել է ընկերոջս 5-ամյա բալիկի շուրթերից` «Պահքը, էն ա, որ կարենաս Աստված պապիկին ավելի շատ սիրես, քան «սնիկերսը»»: Անշուշտ, շատերը հիմա կուրախանան, որովհետև «սնիկերս» այնքան էլ շատ չեն սիրում, սակայն եթե մեզ դիտելու լինենք առանց կեղծավորության շպարի, եթե մեր մարդկային էության արտացոլումը կարդանք Աստծո հայելու մեջ, պիտի խոստովանենք, որ բազմաթիվ «սնիկերսներ»`մոլություններ, գայթակղություններ ու կախվածություններ կան մեր կյանքում, որոնք սիրում ենք այնքան շատ, որ հանուն դրանց կուրանանք անգամ Աստծուն:

12.2.12

ՇԱԲԱԹ ՕՐԸ ՍՈՒՐԲ ՊԱՀԻՐ


Սոսե և Հովհաննես ընթերցողները առաջարկել են անդրադառնալ Տասնաբանյայի` «Շաբաթ օրը սուրբ պահիր» պատվիրանին:

Այս թեմայի շրջանակում եկեք անդրադառնանք 3 կարևոր կետի`
  1. Ինչո՞ւ և ինչպե՞ս Աստված տվեց այս պատվիրանը հրեաներին:
  2. Ինչպիսի՞ն էր Քրիստոսի մոտեցումն այս պատվիրանին:
  3. Ինչո՞ւ ենք քրիստոնյաներս «անտեսում» այս պատվիրանը:

8.2.12

Ո՞Վ Է ԵՀՈՎԱՆ

«Ո՞վ է Եհովան», - այս հարցը ինձ հաճախ են տալիս, տալիս են ու հավելում, որ Աստվածաշնչի որոշ թարգմանություններում այդ բառը կամ անունը հանդիպում է բոլոր այն տեղերում, որտեղ Սուրբ Գրքի թարգմանության մյուս օրինակներն օգտագործում են «Աստված» բառը: Թեև այս հարցին բացատրություն տալը և այն լիովին հասկանալը եբրայերենի գոնե միջին մակարդկի գիտելիքներ է պահանջում, այնուամենայնիվ, հնարավորինս կարճ ու մատչելի կջանամ բավարարել հարցը:

25.1.12

ԼՈ՞ւՅՍ ԵՍ, ԹԵ՞ ԽԱՎԱՐ (Հովհ. 3:13-21)


Լուսանկարը` Տ. Մարկոս քահանայի
Կարդա՛ Հովհ. 3:13-21

Լսել ձայնագրությունը

Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը (Հովհ. 3:19)

Գոյություն ուներ մի հարց, որը երկար ժամանակ ինձ համար կարծես լիարժեք պատասխան չէր գտնում. «Ինչո՞ւ մենք` քրիստոնյաներս հաճախ չենք կարողանում լինել ճշմարիտ քրիստոնյաներ, ինչ-որ բան խանգարում է լինել այնպիսին, ինչպիսին Քրիստոս Աստված կուզեր մեզ տեսնել: Ինչո՞ւ ենք մենք լինում քրիստոնյա, մնալով սակայն, կիսատ, մակերեսային քրիստոնյա»: Հարցիս պատասխանը գտա Սուրբ Գրքի այս խոսքերի մեջ«Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը» (Հովհ. 3:19):

3.1.12

ԲԵԹՂԵՀԵՄ


Անապատը` երախը բաց, սուզվել էր նիրհի մեջ: Այժմ հանգիստ էր առնում ցերեկվա տանջող շոգից, շնչում էր ծանր ու քամոտ: Ահա բաց երախում նկատվեց լեզուն` կրակի երկնուղեշ սյուն` կարմիր, ինչպես հրաբուխը:
- Ի զե՛ն,- հրահանգեց միջին տարիքի ամրակազմ մի տղամարդ` քարավանապետը, և ընդամենը հինգ ուղտերից բաղկացած քարավանը ուղղություն բռնեց դեպի լույսի օազիսը:
... Հանկարծակի գրոհը շրջափակման մեջ վերցրեց քարավանին. ելք չկար, զոհեր պետք չէին, անհրաժեշտ էր հանձնվել:
Երբ գերյալներին մոտեցրեցին փոքրիկ ճամբարին` ինը-տասը վրաններ, ուղտեր, խարույկ, Մելքոնի սիրտը հանգստացավ. հասկացավ, որ ավարառու բեդվինների ձեռքը չի ընկել, հետևաբար փրկության ելք կար:
Խարույկի շուրջ նստածների թիվը չէր անցնի մեկ տասնյակը: Բացի երկուսից` ճերմակազարդ ու պատկառելի մի ծերունի և հաբեշական արտաքինով սևաթույր մի երիտասարդ, մնացյալներն աչքի էին ընկնում ռազմական սպառազինմամբ:
Մելքոնին` որպես քարավանի առաջնորդի, ներկայացրեցին ծերունուն:
- Ողջո՛ւյն, օտարակա՛ն, ի՞նչն է քեզ բերել մեր գիշերային ճամբար,- հարգալից հարցրեց ծերունին:

16.12.11

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԱՆՈՐԻՑ ԱՌԱՋ


«Ինչպես դիմավորես նոր տարին, այնպես էլ այն կընթանա»,- հաճախ, իսկ դեկտեմբերի կեսից հետո ամեն օր կարելի է լսել հեռուստացույցից և զանգվածային այլ լրատվամիջոցներից: Չեմ կարող ասել՝ ո՛վ է այս խոսքերի հեղինակը կամ ի՛նչ է նա ուզեցել դրանցով ասել, բայց այսօր տպավորությունս այնպիսին է, որ ասացվածքի «արարիչը» լավագույն դեպքում չափազանց անլուրջ է մտածել՝ առանց ավել-պակաս ծանր ու թեթև անելու, կամ (վատագույն դեպքում) ուղղակիորեն նպատակ է ունեցել անիծել Նոր Տարին նշողներին: Համենայն դեպս անհայտ հեղինակի սնահավատական ասացվածքից, թե մեկ այլ սկզբունքից դրդված՝ այսօր Ամանորը նշելը շատուշատ հայրենակիցների համար վերածվել է իսկական փորձության ու փորձանքի