18.11.11

ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Այն, որ մարդկության մեծամասնությունը անկարող ու անկարելի է համարում առանց կրոնական հավատալքի ապրելը, այսօր անվիճելի է: Ընդհանուր առմամբ աշխարհում բնակվող արդեն 7 միլիարդ քաղաքացիներին զուտ կրոնական հավատալիքի տեսանկյունից կարելի է բաժանել 4 հիմնական խմբի`

  • հավատացյալներ – մարդիկ, ովքեր հավատում են գերբնական աստվածության գոյությանը: 
  • թերահավատներ – մարդիկ, ովքեր թեական վերաբերմունք ունեն գերբնական աստվածության հանդեպ և երկմիտ են հավատքային հարցերում: 
  • սնահավատներ – մարդիկ, ովքեր հավատ են ընծայում անիմաստ երևույթներին ու առարկաներին` կենդանի հավատքը փոխարինելով թալիսմաններով, կախարդություններով, գուշակություններով
  • անհավատներ – մարդիկ, ովքեր կատարելապես մերժում են գերբնական աստվածության գոյությունը:
Բավական դժվար լուծելի հարց է, թե որքանով են հավատքը և կրոնը փոխկապակցված և երբեմն անգամ նույնական, սակայն հիմա ցանկանում եմ խոսել քրիստոնեական հավատքի տեսանկյունից` միանգամից սկսելով Սուրբ Պողոս առաքյալի խոսքերից. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1): Անկեղծ ասած աստվածաշնչյան այս խոսքը հոգևոր ճեմարանում ուսանելու տարիներիս չափազանց անըմբռնելի և վերացական էր ինձ համար. ես երբեք դրա միջոցով չեմ ընկալել հավատք կոչվող ընդհանրական երևույթի կամ զգացողության բուն իմաստը, և դրա հիմնական պատճառը (այսօր եմ հասկանում) այն է, որ ես հավատքը չէի ընկալում այնպես ինչպես պետք է. հավատքն ինձ համար առավելաբար կրոնական պատկանելություն էր, քան կենդանի կյանք ու զգացում: Եվ դա իմ թերացումն էր...
Այժմ Պողոս առաքյալի նամակի այս տողերը նախ և առաջ առաջարկում եմ դիտարկել մարդկային հարաբերությունների համատեքստում. չէ՞ որ մարդկանց փոխհարաբերությունների մեջ էլ ամեն օր կարելի է հանդիպել միմյանց հավատալու կամ հավատ չընծայելու, հավատարմության կամ անհավատարմության երևույթներին: Այսպես, խոսելով հավատի մասին` առաքյալն այն բացահայտում է 2 հետաքրքիր արտահայտություններով` ասելով.
  1. հավատը հուսացած բաների հաստատումն է, 
  2. հավատը ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում:
Երբ խոսում ենք հուսացած բաների մասին, առաջնահերթ միտքս հղվում է հույսի գաղափարին, մի երևույթ որի մասին մեծերը` ցիտելով ծերուկ Դիոգենեսին, միշտ ասել են. «Հույսը վերջինն է մեռնում»: Հին հունական դիցաբանությունից հայտնի է մի պատմություն, ըստ որի Զևսը, որոշելով չարիքներ ուղարկել երջանկության մեջ ապրող մարդկության վրա, կերտում ու երկիր է ուղարկում Պանդորա անունով մի անչափ գեղեցիկ ու հմայիչ, բայց միևնույն ժամանակ խորամանկ կնոջ, որին սիրահարվում է Պրոմեթևսի եղբայր Էպիմեթեյը: Վերջինիս տանը թաքցրած է լինում մի հսկայակն արկղ, որի ներքին պարունակության մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Արկղը շարժում է խորամանկ Պանդորայի հետաքրքրասիրությունը, և նա մի օր բոլորից թաքուն բաց է անում դրա կափարիչը: Արկղի միջից վայրկենաբար դուրս են թռչում դրանում թաքնված հազարավոր դժբախտություններն ու հիվանդությունները և տարածվում են աշխարհով մեկ: Անակնկալի եկած Պանդորան շտպում է փակել արկղը. արկղից չի հասցնում դուրս գալ միայն հույսը: Հեքիաթանման այս պատմությունը մեր առջև բացում է «հույսի» կարևորությունն ու ողջ գեղեցկությունը. թեև մարդկության սկզբնավորումից ցայսօր դժբախտություններն ու ձախորդությունները միշտ ուղեկցում են մեզ, այնուամենայնիվ մարդը մինչև վերջին շունչը չի կորցնում միակ անխլելի, մխիթարող ու լավատեսորեն տրամադրող բանը` հույսը: Հույսը միշտ շարունակում է մնալ մեր սրտի «արկղերի» մեջ, չի լքում մեզ և ի վերջո, ինչպես Պողոս առաքյալն է ասում` «երբեք չի ամաչեցնում» (Հռոմ. 5:5) մեզ: Դժվար է պատկերացնել հույս, որն արտահայտի հոռետեսություն, ցանկանա վատն ու անօգտակարը, հետևաբար, երբ ասում ենք «հուսացած բաներ», միանշանակ առաջ է գալիս լավատեսությունը: Այսպես, օրիանակ, ուսանողը հույս է տածում, թե գերազանց գնահատական կստանա, հիվանդը, որ շուտափույթ կապաքինվի, բանտարկյալը հույս ունի համաներման արժանանալ, քրիստոնյան` հավիտենական կյանքի: Ակնհայտ է դառնում, որ հավատքը անպայմանորեն պետք է իր մեջ պարունակի կարևոր մի տարր` ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, և հենց այդ է նշանակում առաքյալի ասած «հուսացած բաների հաստատումը»: 

Համաձայն եբրայեցիներին ուղղված նամակի` հավատքը մեկ այլ կարևոր բաղադրիչ ևս պետք է պարունակի, այն է` «ապացույցն այն բաների, որոնք չեն երևում»: Հիրավի շատ բաներ կան մեր կյանքում, որոնք չեն երևում, որոնք մեր զգայարանները մեզ չեն փոխանցում, և պատկերացումը դրանց մասին ստանում ենք, այսպես ասած, միջնորդավորված կերպով: Օրինակ մեզանից ոչ ոք երբեք չի տեսել օդը, սակայն քիմիայի դասագրքի կամ մեր իսկ թոքերի միջոցով մեզ հայտնի է դառնում, որ այն կա: Մեկ այլ օրինակ. մեզանից շատերը, հնարավոր է, երբեք բախտ չունենան մոտիկից տեսնելու աշխարհի 7 հրաշալիքներից եգիպտական բուրգերը, սակայն պատմական ամսագրերը և ականատեսների վկայությունները «ապացուցում» են, որ դրանք կան: Այսպես, երբ մի բան ենք լսում կամ իմանում և անկախ այն տեսնելու կամ զգալու հանգամանքի առկայությունից անվերապահորեն հավատ ենք ընծայում դրան, ապա դա ոչ այլինչ է, եթե ոչ «ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում»: Մեկ բառով այս երևույթը կարելի է անվանել ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ:
Եթե վերոգրյալները վերածենք հանրահաշվի, արդյունքը կպատկերվի այսպես`


ՀԱՎԱՏՔ = ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ + ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ 

Նկատենք, սակայն, որ եթե մարդ-մարդ հարաբերություններում միմյանց հավատ ընծայելու այս բանաձևի բաղադրիչները` վստահությունը և լավատեսությունը, դրսից են գալիս, ձեռքբերովի են և շատ դեպքերում պայմանական, Աստված-մարդ հարաբերություններում հավատքը մարդու ներսից է` ի կզբանե, կատարյալ և աստվածադիր: Այս մասին վկայում է նույն Սուրբ Պողոսը` ասելով. 
«... որովհետև Աստծու շնորհով փրկվածներ եք հավատի միջոցով. և այս ձեզնից չէ, այլ պարգևն է Աստծու» (Եփես. 2:8-9): Իսկապես, հավատքն առ «Բարձրագույն Գոյությունը», կարճ ասած` առ Աստված, շնորհ է Արարչից, որ մեզ հետ է մեր` հոգի ստանալու պահից իսկ: Ծննդոց գրքում ադամամարդու արարման դրվգում պատմվում է, թե ինչպես է Տերը կավից մարդկային մարմինը կերտելուց հետո նրա վրա կենդանության շունչ փչում (Ծննդ. 2:7), և այդ շնչի հետ մեզ է շնորհվում նաև հավատքն առ մեզ արարող Աստված: Սա նմանվում է երաժշտական լսողությանը. պարզվում է, որ բոլոր մարդիկ ի սկզբանե օժտված են կատարյալ երաժշտական լսողությամբ, իսկ ոմանց մոտ դրա բացակայության պատճառն այն է, որ մարդու կյանքում հանգամանքները զարգանում են ի վնաս երաժշտական լսողության պահպաման, աճի և երաժշտական ունակությունների կատարելագործման: Նույն կերպ, երբ Աստծուց որպես նվեր ստացած հավատքը հանգամանքների բերումով անուշադրության ես մատնում, չես փայփայում, չես զորացնում այն Սուրբ Գրքի ընթերցանությամբ, առաքինի կյանքով, աղոթքով, Աստծո մասին խոկումներով, եկեղեցի հաճախելով, խոստովանությամբ և Սուրբ Հաղորդությամբ, շատ կարճ ժամանակում դառնում ես հավատքի տեսանկյունից բաղաձայն: Այդ ժամանակ է, որ կենդանի, ապրող ու գործող հավատքը սահմանափակվում է սոսկ կրոնական պատկանելութուն արտահայտելով, վերածվում է թերահավատության կամ սնահավատության, իսկ երբեմն էլ, որքան էլ որ սարսափելի է, անհավատության: Սակայն իրականում անհրաժեշտ է որ մեր ՀԱՎԱՏՔԸ լինի կենդանի ու ապրեցնող, լի Աստվածային Սուրբ Երրորդության, Նրա սիրո ու նախախնամության հանդեպ անսակարկ վստահությամբ, փրկության ու հավիտենական կյանքի արժանանալու ձգտմամբ ու լավատեսությամբ, հակառակ դեպքում ունայն է մեր հավատքը...
Ուստի, սիրելի ընթերցողներ, աղոթում ու մաղթում եմ, որ դուք «Հոգու միջոցով զորությամբ ամրանաք ներքնապես. այնպես որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք» (Եփես. 3:16-17):

9 արտահայտվիր:

Anonymous said...
11/19/11, 6:21 PM

Շատ լավն էր, Արթուր ջան: Ես հավատը միշտ նմանեցնում եմ Մեեեեեծ եկեղեցու, որին տանող ճանապարհին կան փոքրիկ վանքեր, մատուռներ, ու մենք այդ բոլորը մտնելով, ուսումնասիրելով քիչ-քիչ մոտենում են այն մեծին: Հավատը միանգամից չի տրվում. այն տևական մտածումների, կրթության ու ուսումնասիրության արդյունք է, բայց վերջն այդ ամենի հզոր զգացում է, անփոխարինելի, անկրկնելի, դեռ ճանապարհի սկզբում, որ դա զգում եմ, պատկերացնում եմ վերջին հասածները ինչ զգացում ունեն: Հա, այսօր շատ եմ ձեր մասին մտածում` քո ու Սեյրան սարկավագի, վաղը պատասխանատու օր է ձեզ համար, չգիտեմ` էսպիսի պահի ինչ են մաղթում, դրա համար կասեմ, լինեք այնպիսին, ինչպիսի Տերն է ուզում ձեզ տեսնել ու լինեք իմ ու իմ նմանների կողքին... Տա Թև

Unknown said...
11/19/11, 9:11 PM

Լավն էր... գումարումը հատկապես...

Srk. said...
6/28/12, 9:51 AM

Հիանալի մի նյութ այս նույն թեմատիկայում, կարդացեք անպայման. http://vardapet.blogspot.com/2012/06/installation-guide.html?spref=fb

Anonymous said...
7/2/12, 3:06 PM

Ես բազմիցս եմ կարդացել այս հոդվածը: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ հավատքով լցվում: Մանավանդ մի հարցի նկատմամբ, որը, թվում է, թե անհնար է իրականանա:

Srk. said...
7/2/12, 5:07 PM

@Анонимный : Կարելի է իմանալ, թե ինչ հարցի մասին է խոսքը???

Anonymous said...
7/2/12, 8:03 PM

Անձնական է, սիրո հետ է կապված, մանկության երազանքս է: Անկեղծ` ամեն անգամ կարդալիս զգում եմ, որ ամեն ինչ կփոխվի դեպի լավը:

Srk. said...
7/2/12, 8:09 PM

@Анонимный : Դե ուրեմն, տա Աստված որ Ձեր երազանքն իրականություն դառնա Աստծո կամքով

Anonymous said...
7/2/12, 8:18 PM

Շնոհակալություն:

Anonymous said...
7/3/12, 6:53 PM

Շնորհակալություն:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...