Hovhannes ընթերցողի կողմից մի հետաքրքիր հարց է տրվել՝ կապված Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխի 29 համարի հետ.
«Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո, արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորություններ պիտի շարժվեն»։
«Մեզ համար շատ անհասկանալի են «Արեգակի խավարման և լուսինը իր լույսը չտալու» խոսքերը, ըստ գիտության մենք գիտենք որ խավարումը տեղի է ունենում, երբ լուսինը ծածկում է արևի ճառագայթները և գիտենք, որ խավարման ժամանակ լուսինը իր լույսը չի տալիս բայց ինչո՞ւ հենց արեգակը պետք է խավարի»։
Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլուխը, ընդհանուր առմամբ, պատասխանն է առաքյալների՝ Հիսուսին ուղղված հարցին՝ «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կլինի, և կամ քո գալստյան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի» (Մատթ. 24։3): Վարդապետն ի թիվս մի շարք վախճանաբանական (էսխատոլոգիկ) մանրամասների, 29-րդ տողում խոսում է արեգակի խավարելու, լուսնի՝ լույսից զրկվելու, աստղերի ընկնելու և երկնքի զորությունների շարժվելու մասին։ Ի՞նչ են սրանք նշանակում և ի՞նչպես պետք է դրանք հասկանալ։
- Աստվածաշունչն ընթերցելիս մենք պետք է նկատի ունենանք, որ այս սրբազան գիրքը ակադեմիական կամ գիտական հրատարակություն չէ, որտեղ բերված ամեն հանգամանք ճիշտ և ճիշտ համընկնում է գիտական ժամանակակից նվաճումների հետ։ Սուրբ Գիրքն այդ նպատակը չի հետապնդում. Աստծո բուն նպատակն է մարդկանց ավետել Քրիստոս Աստծո Հարությունն ու մարդկության փրկությունը։
- Այսուհանդերձ բերված օրինակը գիտականությունից, թերևս, այդքան էլ հեռու չէ, միայն թե մեկ տարբերությամբ։ Այստեղ խոսքը արեգակի՝ լուսնից ծածկվելու արդյունքում տեղի ունեցող խավարման մասին չէ։ Սա ժամանակների վախճանն է, երբ ամեն բան ոչնչանում է, և «խավարում» ասելով Տերը նկատի ունի այն, որ արևն այլևս չպիտի լինի, իսկ քանի որ լուսինն իր լույսը արեգակից է ստանում, այն ևս պիտի զրկվի լույսից։
- Մյուս կողմից այս և սուրբգրային վախճանաբանական մնացած խոսքերը ճիշտ կլինի հասկանալ որպես պատկերավորման միջոցներ, որոնցով ունկնդիրը (այդ թվում և մենք) կարողանում է իրեն հասկանալի բառերի և արտահայտությունների ներքո ընկալել Քրիստոսի Երկրորդ Գալուստի ողջ հզորությունն ու սոսկալի այն իրականությունը, որը նախորդելու է Գալուստին։ Պատկերավորման այս միջոցներն, ի դեպ, քաջ հայտնի էին առաքյալներին դեռևս Հին Կտակարանից (հմմտ. Ես. 13։10, 34։4, Հովել 3։15-16, Եզեկ. 32։7)։ Առաքյալների և քրիստոնյաներիս համար այս ամենը, միևնույն ժամանակ, մարգարեության իրականացում է։
- Սուրբ Հովհան Ոսկեբերանը Մատթեոսի Ավետարանի իր մեկնության մեջ փոքրիկ այլաբանություն է նկատում՝ խավարող արեգակը համեմատելով սատանայի իշխանության վերջնական կործանման հետ։
- Որոշ մեկնիչներ այս խոսքի իմաստը Քրիստոս Լույսի Գալստյան մեջ են տեսնում՝ ընդգծելով, որ Աստծո իմանալի լույսը պիտի խամրեցնի ամեն տեսակ զգայական լույս. «Եվ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երևայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զորությամբ և բազում փառքով» (Մատթ. 24։30):
Այսքանը։ Հուսամ փոքրիշատե օգտակար եղավ։ Տերը օրհնի բոլորիս և առաջնորդի դեպքի փրկություն. հավատքով ու գործով պատրաստ լինենք դիմավորելու Նրա Երկրորդ Գալուստը։
Եթե ունեք մեկնության կարոտ Ձեր աստվածաշնչյան հատվածը, անցե՛ք այս հղումով` ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ:
2 արտահայտվիր:
Գրեթե բոլորը խոսում են աշխարի վերջի մասին և անկեղծ ասեմ եսել եմ ցանկանում վոր գա այն օրը երբ Քրիստոսը գա մեզ մոտ բայց վախենում եմ քանի վոր մեղավոր եմ շատ եմ ցանկանում վոր հիմա լինի Քրիստոսի գալուստը բայց մեղավոր մարդկանցից մեկնել ես եմ և վախենում եմ։ Երբ Քրիստոսը գա կվերանա անարդարությունը և ամեն տեսակ չար և վատ գործերը վոր ամեն օր տեղի են ունենում ամբողջ աշխարում և միայն բարին կմնա իսկ ես հենց դա եմ ցանկանում վոր Սուրբ Աստծո կամքը լինի վոր ամեն բան լինի բարի գեղեցիկ:
Kartsum em, vor Astvatsashnchum amen inch uxxaki imastov e grvats, parzapes mardkayin mitqn u gitakan nvchumner@ der i zoru chen amen inch batsatrelu. Astum xndernq imastutyun ta mez haskanalu or surb xosq@. Gutse yes sxal em ...
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: