12.10.12

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ /շարունակություն/


Խոստումիս համաձայն այսօր ներկայացնում եմ նախորդ գրառման շարունակությունը ազատ թարգմանությամբ։ Ճիշտն ասած, միայն թարգմանելիս նկատեցի, որ այս 2-րդ և 3-րդ կետերը բավական վտանգավոր պիտի լինեն և չպիտի ճիշտ հասկացվեն, եթե դեռևս չեք կարդացել այս թեմայով նախորդ գրառումը, ուստի ընթերցողիս պիտի խնդրեմ մինչև այս շարունակությունը կարդալը անպայման աչքի անցկացնել նաև նախորդ՝ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեման։ Կանխավ շնորհակալ եմ ընթերցելու և փոխըմբռնման համար։ Վայելեք՝

Երկրորդ՝ շատերին վախեցնում է իրապես քրիստոնեական ողջախոհության սզբունքներին հետևելու միտքը, քանի որ նրանք կարծում են (առանց փորձելու), որ այդ անհնար է։ Սակայն ինչ-որ բան փորձելիս չի կարելի մտածել, թե հնարով է արդյոք այդ կամ ոչ. չէ՞ որ քննական առաջադրանքի վրա մարդը այդ մասին չի խորհում, այլ փորձում է անել այն, ինչի ունակ է։ Անգամ ամենաանկատար պատասխանը գնահատվում է, սակայն, եթե մարդն ընդհանրապես չպատասխանի հարցին, ոչ մի գնահատականի էլ չի արժանանա։ Այսպես է ոչ միայն քննությունների ժամանակ, այլ նաև՝ պատերազմի կամ լեռնագանացության, կամ էլ երբ նոր են սովորում չմշկավարել, լողալ կամ հեծանիվ վարել։ Սառչած մատներով օձիքի կոճակը կոճկելիս անգամ մարդը հաճախ անում է մի բան, ինչը անհնար էր թվում մինչ այդ փորձելը. զարմանալի է, թե ինչերի ենք մենք ունակ, երբ մեզ այդ ստիպում է անհրաժեշտությունը։
Կարող ենք համոզված լինել, որ կատարյալ ողջախոհության, ինչպես և կատարյալ գթասրտության սոսկ մարդկային ջանքերի գործադրմամբ անհնար է հասնել։ Անհրաժեշտ է խնդրել Աստծո օգնականությունը, բայց խնդրելուց հետո անգամ երկար ժամանակ կարող է թվալ, թե դուք այդ օգնությունից չեք ստանում, կամ սատնում եք ոչ բավարար չափով։ Պետք չէ հուսալքվել։ Ամեն անգամ, երբ սայթաքեք, ներողություն խնդրեցեք, հավաքվեք ուժերով և նոր փորձ արեք։ Շատ հաճախ Աստված սկզբում տալիս է ոչ թե առաքինությունը, այլ ուժեր նոր հնարավորությունների համար։ Որքան կարևոր առաքինություն էլ որ լինի ողջախոհությունը (կամ էլ քաջությունը, արդարացիությունը ու ցանկացած այլ արժանիք), պայքարի գործընթացը զարգացնում է մեր մեջ հոգևոր հմտություններ, որոնք ավելի կարևոր են։ Այս գործընթացը ազատում է մեզ անձնական ջանքերի արդյունավետության պատրանքից և սովորեցնում է ամեն ինչում ապավինել Աստծուն։ Մի կողմից մենք սովորում ենք, որ չենք կարող ապավինել  միայն մեր ուժերին, իսկ մյուս կողմից սովորում ենք, որ ամենասարսափելի անհաջողության դեպքում անգամ պետք չէ հուսահատվել. մեր անհաջողությունները ներված են։ Ճակատագրական սխալ կլինի, եթե մենք, չձգտելով կատարելության, կանգ առնենք ու մնանք այն վիճակի մեջ, ինչ որ հիմա ենք։

Երրորդ՝ մարդիկ հաճախ սխալ են հասկանում այն, ինչ հոգեբանության մեջ կոչվում է «զսպում» կամ «ճնշում»։ Հոգեբանությունը սովորեցնում է, որ «ճնշվող սեռական բնազդները» լուրջ վտանգ են ներկայացնում։ «Ճնշվող» բառը տեխնիկական հասկացություն է, այն չի նշանակում «անտեսվող» կամ «մերժվող»։ Զսպված ցանկությունը կամ միտքը հեռանում է մեր ենթագիտակցություն (հաճախ շատ վաղ արիքում) և կարող է գիտակցության մեջ հայտնվել անճանաչելիության չափ փոխված ձևով։ Ճնշված սեռական բնազդը կարող է արտահայտվել որպես մի բան, որը սեռական հարաբերության հետ բացարձակ առնչություն չունի։ Երբ դեռահասը կամ հասուն մարդը ընդդիմանում է որևէ գիտակցված ցանկության, նա ոչ մի դեպքում իր համար «ճնշման» վտանգ չի ստեղծում, այլ ընհակառակը՝ նրանք, ովքեր լրջորեն փորձում են  պահպանել ողջախոհությունը, ավելի լավ են գիտակցում իրենց բնության սեռական կողմը և դրա մասին գիտեն ավելի շատ, քան մյուս մարդիկ։ Նրանք ճանաչում են սեփական ցանկությունները, ինչպես Վելլինգտոնն էր ճանաչում Նապոլեոնին կամ ինչպես Շերլոկ Հոլմսը՝ Մորիարտիին, նրանք գլուխ են հանում սեռականության հարցերից ճիշտ այնպես, ինչպես առնետ որսացողը՝ առնետներից, ինչպես փականագործը՝ խողովակներից։ Առաքինությունը (թեկուզև ոչ հասանելի, բայց ցանկալի) լույս է սփռում, ավելորդություններն ու չափազանցությունները սոսկ պղտորում են գիտակցությունը։

Եվ ի վերջո, չնայած այն հանգամանքին, որ այսքան երակար խոսեցինք սեռական հարաբերության մասին, ուզում եմ, որ հստակ հասկանաք՝ քրիստոնեական բարոյագիտության առանցքը դրանում չէ։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե ողջախոհության պակասը քրիստոնյաները համարում են գերագույն չարիք, ապա նա խորապես սխալվում է։ Մարմնական մեղքերը չափազանց գարշելի են, սակայն դրանք մեղքերի շարքում համեմատաբար նվազ ծանրություն ունեն։ Ամենասարսափելի, վնասակար հաճույքները զուտ հոգևոր են լինում. դրանք են ուրիշներին չարության մղելու հաճույքը՝ ձգտումը սեփական կամքը փաթաթել դիմացինի պարանոցին, բանսարկությունը, ատելությունը, փառքի մարմաջը։ Իմ մեջ ապրում են 2 սկզբնապատճառներ, որոնք մարտնչում են այն «ներքին մարդու» հետ, որին ես պետք է ձգտեմ հասնել. դրանք են անասնական սկիզբը և սատանայական սկիզբը։ Վերջինն ամենից վատթարն է։ Ահա թե ինչու սառն ու ինքնահավան մանրախնդիրը, ով մշտապես հաճախում է եկեղեցի, կարող է դժոխքին ավելի մոտ լինել, քան մարմնավաճառուհին։ Իհարկե, ավելի լավ է չլինել ոչ մեկը, ոչ մյուսը։

1 արտահայտվիր:

Տաթևիկ said...
10/15/12, 10:31 AM

Մանավանդ վերջը շատ հետաքրքիր էր: Շնորհակալություն

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...