14.4.21

10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՂՈՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՀԱՎԱՏՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալները պարբերաբար հարց են ուղղում, թե որոնք են Առաքելական Եկեղեցու եւ Բողոքական հարանվանությունների միջև դավանական տարբերությունները, որոշեցի դրանք համառոտ կերպով մեկտեղել այս հրապարակման մեջ։

ԲՈՂՈՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – Բողոքական շարժումը սկիզբ է առել 16-րդ դարում՝ որպես հետևանք Կաթոլիկ եկեղեցու վարդապետական և ավանդական որոշ սկզբունքների դեմ բողոքի։ Բողոքականության հիմնադիր է համարվում կաթոլիկ նախկին վանական Մարտին Լյութերը, որի հռչակած 95 թեզիսները (1517թ.) բողոքական դավանաբանության հիմքն են հանդիսանում։ Հայկական միջավայր (Կոստանդնուպոլիս) բողոքականությունը մտել է 19-րդ դարի կեսին, իսկ ՀՀ տարածքում իր պաշտոնական գործունեությունը ծավալում է վերանկախացումից ի վեր։ Այսօր աշխարհում հաշվվում են բողոքականության 100-ավոր ուղղություններ, որոնց շարք կարելի է մտցնել Հայ Ավետարանական համայնքը, Յոթներորդ օրվա ադվենտիստենրին, Խարիզմատական կոչվող շարժման տասնյակ ճյուղավորումներ (որոնցից են նաև Կյանքի Խոսք, Ռեմա, Հոգեգալստականներ (Հիսուսնականներ) և այլ հարանվանություններ)։

Հաշվի առնելով դավանաբանական, աստվածաբանական և պաշտամունքային-ծիսական մի շարք տարբերությունները, ինչպես նաեւ որոշ դեպքերում տոտալիտար աղանդներին հատուկ գործունեությունը ՀՀ տարածում՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին բողոքականությունը չի դասում քույր եկեղեցիների շարքում և այդ հարանվանության հետևորդները մեզ հետ չեն գտնվում ուղղակի հաղորդության մեջ։ Թե որոնք են հիմնական այդ տարբերությունները, անդրադառնանք ստորև՝

ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բողոքականները հավատում են, թե Տեր Քրիստոսն ունի երկու բնություն և երկու կամք։ Ըստ Հայոց Եկեղեցու դավանանքի Տեր Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները միավորված են մեկ բնության, այսինքն՝ Մարդացյալ Խոսքի բնության մեջ։ Մենք հավատում ենք, որ Տեր Քրիստոսն ունի կատարյալ աստվածություն և կատարյալ մարդկություն՝ աստվածամարդկային բնություն։ Նրա աստվածությունը երբեք՝ ոչ մի վայրկյան կամ ակնթարթ, Նրա մարդկությունից չի բաժանվել։ Հետևաբար մենք չենք ընդունում երկու բնությունների մասին դրույթը դրանց միությունից հետո։ «Երկու բնություն» արտահայտության պատճառով Հայոց Եկեղցին եւ քույր հանդիսացող եկեղեցիները մերժել են 451 թվականի Քաղկեդոնի ժողովը։

  2. Բողոքականները, ինչպես կաթոլիկները, հավատում են, թե Սուրբ Հոգին բխում է թե՛ Հորից, թե՛ Որդուց։ Սա հակասում է մեր Եկեղեցու հավատքին, որովհետև մենք հավատում ենք, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից, ինչպես գրված է Հովհ. 15։26-ում։

    Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի ընդհանուր դրույթներին ծանոթացի՛ր այստեղ՝ https://www.sarkavagagirq.net/2012/10/inchi-e-havatum-araqelakan-ekexecin.html

  3. Ակնհայտ է բողոքական դավանանքի տարբերությունը փրկության վարդապետության և վախճանաբանության հարցում։ Հիմնականում բացառելով մարդու ազատ կամքի կարևորությունը փրկության ընտրության հարցում՝ շատ բողոքականներ փրկությունը համարում են Աստվածային որոշման հետևանք։ Այսինքն՝ մարդն ինքն իրեն չի կարող որոշել փոխել կյանքը և ընդունել Քրիստոսին կամ մերժել Նրան, այլ ամեն բան տեղի է ունենում միմիայն Աստծո կամքով և հաճությամբ։
    Փրկությանը վերաբերող բազմաթիվ տարբերություններից ամենակարևորը բողոքականների կողմից միայն հավատի վրա շեշտը դնելն է՝ անտեսելով մնացած ամեն ինչ.. «Հավատա՛ Տեր Հիսուսին, և կփրկվեք դու և քո ընտանիքը» (Գործք 16։31),- մեջբերում են բողոքականները։ Նրանք պնդում են, թե միայն հավատը հենց հավատալու եւ Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելու միջոցով հավիտենապես փրկում է (եթե անգամ մարդը մեղքեր գործի)։ Հավատի վրա կենտրոնանալով՝ նրանք անտեսում են գործերի կարևորությունը, և շնորհի գործունեությանը մեծ կարևորություն տալով՝ մերժում են հոգևոր պայքարի անհրաժեշտությունը։ Հիշեցնենք միայն, որ Սուրբ Հակոբոսը Նոր Կտակարանում ասում է. «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2։26)։

    Այս մասին ուղղափառ բացատրությունը տե՛ս այստեղ՝
    https://www.sarkavagagirq.net/2018/02/havatqgorc.html 

    Փրկության վարդապետության հետ կապված այս և այլ կետերի պատճառով բողոքականների ճնշող մեծամասնությունը հավատում է մահվանից հետո անմիջապես տեղի ունեցող անհատական դատաստանին, ինչը մերժելի է Հայոց Եկեղեցու համար։ Մերժելի է նաև բողոքականության դիրքորոշումը ժամանակների վախճանի և 1000-ամյա թագավորության մասին, ըստ որի  նրանք հավատում են, թե Տեր Հիսուս ժամանակների վախճանին դարձյալ գալով՝ հազար տարի պիտի թագավորի երկրի վրա՝ կապելով սատանային։ Այս հարցում, ի դեպ բողոքական շատ ուղղություններ անհամաձայն են։

    Այս հարցերի մասին մանրամասն տե՛ս այս հղումներով՝ 
    https://www.youtube.com/watch?v=y6pRPEeNBzk
    https://www.youtube.com/watch?v=vj7gg1ALa_Q&t=546s


    Իր հերթին բողոքականությունն իսպառ մերժում է հոգեհանգիստներն ու ննջեցյալների համար արված աղոթքի կարևորությունը։ Նրանք չունեն նաև հուղարկավորության հատուկ կարգ։

    Այս մասին Հայ Եկեղեցու բացատրությունը տե՛ս, այստեղ՝
    https://www.youtube.com/watch?v=m4B--Tz_wek&t=915s


ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Չնայած այն մեծ հետաքրքրությանը, որ բողոքականները ցուցաբերում են Սուրբ Գրքի հանդեպ, և չնայած «աստվածաշնչյան ճշմարտության» մասին հաճախ խոսելուն՝ էական տարբերություններ կան կապված Սուրբ Գրքի կանոնի և աստվածաշնչյան տեքստերի մեկնաբանության հետ։ Նրանք չեն ընդունում Հին Կտակարանի որոշ գրքեր, որոնք երկրորդականոն կոչվելով հանդիպում են հունալեզու «Յոթանասնից» թարգմանության մեջ։ Այդ գրքերն են՝ Տոբիթի, Հուդիթի, Սիրաքի, Բարուքի, Սողոմոնի Իմաստության, Մակաբայեցիների գրքերը և մի քանի այլ գիրք ևս։

    Այս մասին առավել մանրամասն տե՛ս այստեղ՝ 

    Հակառակ աստվածաշնչագիտության մեջ բողոքական գիտնականների հսկայական ներդրմանը՝ բազմաթիվ եկեղեցիներ անտեսում են Սուրբ Գրքի մեկնաբանության դասական մոտեցումները և Եկեղեցու Հայրերի մեկնությունները։ Այսպիսով՝ բավական մեծ տարածում ունի կամայական և բնագրից կտրված մեկնությունը։ Ըստ որոշ բողոքականների՝ յուրաքանչյուր Գիրք կարդացող իրավունք ունի այն հասկանալու և մեկնելու «ինչպես Սուրբ Հոգին նրան կառաջնորդի»։ Սա հետևանքն է Աստվածաբանական հաջորդ կետի մերժման։

  2. Բողոքականները չեն ընդունում Սրբազան Ավանդության կարևորությունը։ Նրանք հավատում են միայն Սուրբ Գրքում գրվածին և չեն ընդունում Եկեղեցու Հայրերի ու Վարդապետների ուսուցումները, Եկեղեցու օրենքներն ու եկեղեցական սուրբ ժողովների որոշումները։

    Այս մասին ուղղափառ բացատրությունը տե՛ս այստեղ՝

  3. Բողոքականները չեն ընդունում Եկեղեցու յոթ խորհուրդները (Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ, Ձեռնադրություն, Կարգ Հիվանդաց)։ Խորհուրդները մեզ համար Աստծո շնորհներին հաղորդակցվելու և քրիստոնեական կյանքը լիարժեքորեն ապրելու միջոցներ են։ Բողոքականների համար քիչ թե շատ ընդունելի են համարում միայն Մկրտությունը և Հաղորդությունը, որոնք, իրենց համար ոչ թե խորհուրդներ են, այլ առավելաբար՝ խորհրդանիշեր (սիմվոլներ)։

    Մկրտության հարցում բողոքականների մեծ մասը մերժում է մանուկների մկրտությունը։

    Այս մասին կարող ես լսել այստեղ՝

    Նրանք չեն հավատում մկրտության զորությանը, ոչ էլ նրա առնչությանը վերստին ծննդյանը, արդարացմանը և մեղքերի թողությանը։ Ջրով մկրտությունը համարելով միայն խորհրդանշական քայլ՝ դրանից առանձնացնում և առանձնաշնորհում են տալիս այսպես ասած «կրակի մկրտությանը» կամ Սուրբ Հոգով մկրտվելուն։ Այստեղից որոշ ուղղությունների մոտ առաջ է գալիս մեկ այլ ծայրահեղություն, համաձայն որի նրանք համարում են, թե անիմանալի լեզուներով խոսելու շնորհը Հոգով մկրտության կարևոր պայման է։ Նրանք սա համարում են Սուրբ Հոգով լցված լինելու նշան։ Սա հատկապես բնորոշ է խարիզմատների հարանվանությանը։

    Այս մասին Հայ Եկեղեցու մեկնաբանությունը տե՛ս այստեղ՝

    Բողոքականները չեն ընդունում եկեղեցում մեղքերի խոստովանության կարևորությունը և այն չեն համարում ապաշխարության անբաժան բաղադրիչ։ Նախ՝ որովհետև նրանք չեն ընդունում մարդկանց քահանայությունը, և երկրորդ՝ որովհետև նրանք հավատում են, որ խոստովանությունը պետք է կատարվի անմիջապես Աստծո առաջ։ Այսպիսով նրանք մերժում են Քրիստոսի՝ իր առաքյալներին տված արձակելու և կապելու իշխանությունը։

    Այս մասին Հայ Եկեղեցու ընկալումը տե՛ս այստեղ՝

    Բողոքականները չեն հավատում, որ Հաղորդությամբ ճշմարտապես ճաշակում ենք Քրիստոսի Մարմինը եւ Արյունը։ Նրանք չունեն Սուրբ  Պատարագ, այլ որոշ առիթներով կատարում են արարողություն, որում, ըստ Տիրոջ հրամանի (Ղուկ. 22։19), հաց են բեկանում՝ Տիրոջ հիշատակի համար, և ասում, որ դա պարզապես արարողություն է և ոչ թե Եկեղեցու խորհուրդ։ Այս առումով թերևս բացառություն է Անգլիկան եկեղեցին։

    Հաղորդության մասին ուղղափառ բացատրությունը տե՛ս այստեղ՝

    Մերժում են նաեւ Օծման Յուղը (Մյուռոնը), որպես Սուրբ Հոգու անտեսանելի շնորհի տեսանելի նշան ընդունելը, հետևաբար առ ի ոչինչ են համարում Դրոշմի և Վերջին Օծման (Կարգ Հիվանդաց) խորհուրդները։

  4. Բողոքականները (բացի անգլիկաններից) չեն ընդունում քահանայությունը։ Նրանք կարծում են, որ ամեն մարդ քահանա է։ Հետրևաբար նրանց համար անընդունելի Սուրբ Գրքով վկայված եկեղեցական նվիրապետությունը (սարկավագ, քահանա, եպիսկոպոս), հակառակ որ ունեն ոգևոր առաջնորդներ, հովիվներ և պատվելիներ, որոնց շարքում երբեմն հանդիպում են նաեւ կին հովիվներ ու համասեռամոլ քարոզիչներ, ինչը ևս հակասում է Աստծո Խոսքի տրամաբանությանը։ Իսպառ մերժում են վանականության և կուսակրոնության կարևորությունը և հոգևոր հայրությունը։ Ի դեպ, ի տարբերություն ավանդական և պատմական Եկեղեցիների (Կաթոլիկ, Ուղղափառ, Արևելյան), որոնք հիմնվել են Քրիստոսի Առաքյալներից որևէ մեկի կողմից և ըստ այդմ էլ այդ Եկեղեցիներում կարևորվում է առաքելական հաջորդականությունը քահանայության մեջ, բողոքականությունը հիմնադրված չէ Հիսուսի որևէ առաքյալի կողմից և պատմականորեն չի կապվում նվիրապետական և վարդապետական այդ անխախտ շղթային։

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ – ԾԻՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

  1. Բողոքականները սխալ են մեկնաբանում և չեն ընդունում սրբերի բարեխոսությունը։ Նրանք համարում են, որ Քրիստոս է միակ բարեխոսը, և որ ընդհանրապես չկա բարեխոսություն ու հաղորդություն սրբերի հետ։  Այս պատճառով նրանք չեն պատվում հրեշտակներին, Սուրբ Կույսին (նրան անվանում են պարզապես Հիսուսի մայր, կամ՝ Մարիամ և մերժում հավերժական կուսությունը) կամ սրբերին։ Արդյունքում չունեն սրբերի տոներ, համապատասխան շարականներ, մասունքների հանդեպ հարգանք և սրբապատկերներ։ Սխալ մեկնաբանելով այս կետերը՝  նրանք մեզ հաճախ մեղադրում են «կռապաշտության» մեջ, ինչը կատարյալ անհեթեթություն է։

    Այս մասին տե՛ս հետևյալ տեսանյութերը՝ 

  2. Մերժելով ծիսական ցանկացած երևույթ՝ բողոքականները չեն ընդունում Եկեղեցու սահմանած պահքերը (օրապահք, շաբաթապահք, մեծ պահք), ժամերգությունները (և կանոնակարգված աղոթքները), մոմավառությունը, խնկարկությունը և այլ բարեպաշտական սովորույթներ։

    Այս հարցերի շուրջ օգտակար են հետևյալ հղումները՝

  3. Շատ բողոքականներ մերժում են եկեղեցու շինության նվիրականությունը՝ համարելով, որ ամեն տեղ, ուր քարոզվում է Հիսուս, և կա հավատացյալների համախմբում, կարող է կոչվել եկեղեցի։ 

    Հ.Գ. Քանի որ այս նյութն ընթերցելուց հետո 1000-ավոր քրիստոնյա հայեր սխալ եզրակացությունների և անձնական մեկնաբանությունների լայն տեղիք տվին, կխնդրեմ անպայմանորեն կարդալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական դիրքորոշում համարվող այս հոդվածը՝ https://www.aravot.am/2020/07/16/1123908/ ։

Նյութի պատրաստման համար հիմնական աղբյուր է ծառայել
ՇԵՆՈՒԴԱ Գ ՊԱՏՐԻԱՐՔԻ
«Համեմամատական Աստվածաբանություն» գիրքը
(խորհորդ կտամ մեր եկեղեցու հավատացյալներին անպայման կարդալ այն՝
https://www.qahana.am/am/spirituallibrary/show/871645664)

1 արտահայտվիր:

Anonymous said...
4/29/22, 8:18 AM

Ես չհամարեցի բողոքականներին Քրիստոնյա, մի տեսակ վատ զգացողություն առաջացավ մոտս։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...