Showing posts with label ավետիս. Show all posts
Showing posts with label ավետիս. Show all posts

31.3.12

ԶԱՏԿԻ և ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:

7.1.12

ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ


«Քրիստոս ծնվեց և հայտնվեց. մեզ և ձեզ մեծ ավետիս»,- շնորհավորում ենք Սուրբ Ծնունդի օրերին և ի պատասխան օրհնում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սակայն, ինչպես կարգն է նմանատիպ դեպքերում, այս կրկնվող բառերն ու արտահայտությունները միշտ մի տեսակ մնում են ենթագիտակցական ոլորտում ու հաճախ խորամուխ էլ չենք լինում, թե ի՛նչ «բարի լուր» ենք դրանցով ստանում:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, տարածքում գտնվող հովիվները ականատես եղան մի զարմանահրաշ երևույթի. նախ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և ավետեց, որ ծնվել է աշխարհի Փրկիչը, ապա և հրեշտակների մեծազոր գնդերը սկսեցին երգել Սուրբ Ծննդյան առաջին երգը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:8-14): Առաջին նկատելի ավետիսը` բարի լուրը, որ բերեց Քրիստոսն աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է:

3.1.12

ԲԵԹՂԵՀԵՄ


Անապատը` երախը բաց, սուզվել էր նիրհի մեջ: Այժմ հանգիստ էր առնում ցերեկվա տանջող շոգից, շնչում էր ծանր ու քամոտ: Ահա բաց երախում նկատվեց լեզուն` կրակի երկնուղեշ սյուն` կարմիր, ինչպես հրաբուխը:
- Ի զե՛ն,- հրահանգեց միջին տարիքի ամրակազմ մի տղամարդ` քարավանապետը, և ընդամենը հինգ ուղտերից բաղկացած քարավանը ուղղություն բռնեց դեպի լույսի օազիսը:
... Հանկարծակի գրոհը շրջափակման մեջ վերցրեց քարավանին. ելք չկար, զոհեր պետք չէին, անհրաժեշտ էր հանձնվել:
Երբ գերյալներին մոտեցրեցին փոքրիկ ճամբարին` ինը-տասը վրաններ, ուղտեր, խարույկ, Մելքոնի սիրտը հանգստացավ. հասկացավ, որ ավարառու բեդվինների ձեռքը չի ընկել, հետևաբար փրկության ելք կար:
Խարույկի շուրջ նստածների թիվը չէր անցնի մեկ տասնյակը: Բացի երկուսից` ճերմակազարդ ու պատկառելի մի ծերունի և հաբեշական արտաքինով սևաթույր մի երիտասարդ, մնացյալներն աչքի էին ընկնում ռազմական սպառազինմամբ:
Մելքոնին` որպես քարավանի առաջնորդի, ներկայացրեցին ծերունուն:
- Ողջո՛ւյն, օտարակա՛ն, ի՞նչն է քեզ բերել մեր գիշերային ճամբար,- հարգալից հարցրեց ծերունին: