Վերջերս նորից մեր բլոգին հարց ուղղեցին երազների մասին։ Քանի որ ամեն անգամ հարց տվողը որեւէ անձնական փորձառություն կամ հավատալիք ունի կապված երազների հետ, երբեմն բավական դժվար է տալ այնպիսի պատասխան, որը բավարար լինի։ Ամեն դեպքում որոշեցի շատ կարճ խոսել երազների եւ դրանց հանդեպ քրիստոնյա մարդու ճիշտ վերաբերմունքի մասին։
Եթե փորձենք տեսակավորել երազները, դրանք կարելի է բաժանել 3 հիմնական խմբի`
1․ Սովորական երազները, որոնք 99 տոկոսն են կազմում մեր տեսած երազների, այդքան էլ սովորական չեն։ Դրանք մեր ենթագիտակցության վերարտադրություններն են հանգստի վիճակում, որոնք հոգեբանական չափազանց մեծ կարեւորություն ունեն մեր ու մեր նյարդային համակարգի համար։ Պարզ խոսքով ասված` երազները (հիշենք մենք դրանք կամ ոչ) ամեն գիշեր օգնում են մեզ վերաթարմացնել մեր հոգեկան աշխարհը։ Ինչպես ասում է Ժողովողը․ «Երազը հոգսերի շատությունից է առաջ գալիս» (5:2)։ Օրվա ընթացքում ապրած բոլոր դրական ու բացասական լիցքերը, բոլոր մտահոգությունները եւ լարումները երազի ուղղակի կամ անուղղակի վերարտադրությամբ օգնում են մեզ լիցքաթափվել եւ հոգեկանը հավասարակշռության բերել։ Այս տեսանկյունից սովորական երազները սրտասովոր կարեւորություն ունեն մեր կյանքում։
2․ Սատանայից` չարից, ուղարկված երազները վիճակագրորեն 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ Դրանք, որպես կանոն հրահրվում են չարի կողմից այն դեպքում, երբ մարդը չափազանց մեծ կարեւորություն է տալիս երազներին եւ հատկապես երազահանությանը։ Նույն Ժողովող գիրքն ասում է. «Երազների առատության... մեջ ունայնություն կա. եւ դու վախեցի՛ր Աստծուց» (Ժող. 5:6)։ Հասկանալով, որ երազներով տարված մարդը ծուղակի մեջ է` մեղքի մեջ գցելու համար սատանան նրան մղում է չափազանց մեծ կարեւորություն տալ երազներին, հավատալ որ դրանք միշտ իրականանում են եւ միջնադարյան խավարամտությամբ վազել դեպի անհասկանալի ծագմամբ երազահանները եւ գուշակությամբ զբաղվել։
Հաճախ էլ չարից տրված երազները նպատակ ունեն մեր մեջ վախ սերմանել (սարսափ երազներ), անհանգստացնել մեզ, ընկճել եւ նյարդային վիճակի մեջ գցել։ Մի խոսքով սատանան, տեսնելով երազի եւ երազահանության հանդեպ մեր հակումները առիթը բաց չի թողնում մեզ մոլորեցնելու. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում եւ փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետր. 5։8)։
Գ. Աստծուց տրված երազները թերեւս ամենաքիչ հանդիպողներն են, որովհետեւ դրանք ամեն մեկին չեն տրվում, այլ՝ Աստծուց ընտրված սրբակենցաղ մարդկանց։ Նման երազների միջոցով Աստված փոխանցում է իր կամքը, ուղղորդում է ընտրյալներին` միշտ մնալու աստվածային տնօրինության սահմաններում։ Հիշենք օրինակ` Աստվածաշնչից Հակոբի, Հովսեփ Գեղեցիկի, Դանիել Մարգարեի երազները. դրանց միջոցով Աստված բացահայտում էր Իսրայելի սերունդների ապագան։ Հիշենք նաեւ Աստվածամոր նշանյալ Հովսեփի երզ-տեսիլքը, որով Հրեշտակը հայտնվեց ու հրահանգեց փախչել Եգիպտոս, որպեսզի մանուկ Հիսուսը Հերովդեսից չսպանվի։
Այս տեսակ երազները կամ տեսիլքները հիմնականում այլաբանական մեկնության կարիք չեն ունենում, քանի որ Աստված ուղղակի է խոսում երազատեսի հետ։
Հնարավոր են նաեւ Աստծուց ուղարկված երազներ անհատի կյանքում, երբ Աստված ցանկանում է որեւէ վտանգից զգուշացնել կամ ցույց տալ Իր օրհնությունների ճանապարհը, սակայն միշտ պետք է զգուշավոր լինել, որպեսզի չլինի թե ինքնախաբեության վերածվի երազին հավատալը կամ մոլորվենք սատանայի խաբեությունից։
Կմնա վերջին հարցը...
Լա՛վ, ինչպե՞ս հասկանանք թե այս երեք տեսակներից որ մեկին է համապատասխանում մեր տեսած երազը... Արժե՞ դրան նշանակություն տալ, կամ՝ ոչ։ Անձնական խորհուրդս այն է, որ երբեք էլ չսեւեռվենք երազների վրա (երազահանության մասին մտքի ծայրով մտածելն անգամ մեղք է), ինչպես Աստվածաշունչն է ասում. «Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու ետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները… Մի՜ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին» (Սիրաք 31։2-3, 5։7):
Բայց եթե ամեն դեպքում կարծում եք, որ տեսած երազը որոշակի կարեւորություն ունի, աղոթեցեք, աղոթեցեք, որպեսզի ինչ էլ որ լինի, Աստծո կամքով լինի։ Կարող եք ձեր աղոթքի մեջ ասել.
«Տեր Հիսուս, իմ կյանքը քո ձեռքերի մեջ է եւ ես աղաչում եմ, որ այն Քո սուրբ կամքի համաձայն ընթանա։ Եթե երազը ոչ մի կարեւորություն չունի, օգնիր ինձ շուտ մոռանալ այն եւ ցրել մտքիցս դրա ազդեցությունը, եթե այն սատանայի սադրանքն է, ապա թույլ մի տուր, որպեսզի փորձության մեջ ընկնեմ, այլ փրկիր ինձ չարից, իսկ եթե շնորհ ես արել քո անարժան ծառային եւ կամքդ ես հայտնում երազի միջոցով, թույլ տուր ավել լավ հասկանալ կամքդ եւ չսասանվել։ Եւ թող փառավորվի քո անունը ամբողջ աշխարհում այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն»։
2 արտահայտվիր:
Շնորհակալություն։ Շատ լավ նյութ եք տեղադրել։ Ես ամեն օր երազներ եմ տեսնում, ու շատ եմ փորձել մեկնաբանել։ Իսկ հիմա գիտակցելով, որ դա մեղք է չեմ կրկնի։
Շատ լավ նյութ էր,այո ես էլ շատ վախեցնող երազներ եմ տեսել,և ամեն օր ընկել եմ դրանց ետևից և օրս փչացրել եմ։Մինչ դեռ,Աստծուց պիտի վախենանք,մեր մեխքերի համար։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: