Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ Կուսէն Մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ Հայր. մեղայ յերկինս եւ առաջի Քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ Քով. եւ ողորմեա Քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ խոնարհվեցիր հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Մեղա՜յ երկնքի և Քո առաջ - Այս տողի մեկնությունը տե՛ս ՄԵՂԱՆՉՈՒՄ հոդվածում:
Հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին… - Այս ակնարկը Հիսուսի խաչակից «բարի» ավազակի մասին է, ով հողեղենների մեջ ամենաերանելիներից մեկը եղավ, երբ իր կողքին խաչված Նազովրեցի Հիսուսի մեջ կարողացավ ճանաչել իր փրկչին և թագավորին, և Նրա ամենալքված րոպեին միակ ջատագովն ու պաշտպանը եղավ… խաչի վրայից և իր հերթին խնդրեց Նրա պաշտպանությունը՝ աղերսելով. «Յիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։ Հիսուս լիովին վարձատրեց նրան նախանձելի մի խոստումով. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկ. 23:43)։ Աղոթասացը ոչինչ չունի Աստծո Արքայության համար ինքն իրեն արժանի նկատելու, բացի իր հավատքից և Աստծո գութից, որը Տերը ցույց տվեց Իր կողքին խաչված ավազակի նկատմամբ։