Մարդկության պատմության մեջ, 20-21 դարերը առանձնանում են գենդերների միջև հավասարության հարցի առավել սրումով (ցավոք` հաճախ ոչ պատշաճ), ինչի արդյունքն ու ծնունդն են մի շարք հասարակական շարժումեր ու կազմակերպություններ, մինչև անգամ կանանց կողմից այդքան շատ սիրված Մարտի 8-ը: Այս հոսանքի մեջ քիչ չեն նրանք, ովքեր քրիստոնեությանը մեղադրում են խտրականությունը ավելի մեծացնելու մեջ` ասելով, թե այն, տղամարդկանց վերապահելով աննախադեպ իրավունքներ, կանանց զրկում է դրանցից:
Իրականում այն, որ Աստծո առջև կին և տղամարդ հավասար են, շեշտում է նաև Աստվածաշունչը Սուրբ Պողոս առաքյալի շուրթերով. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք.ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արվի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ էք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3:27-28): Ահա այս խոսքը կազմավորման առաջին իսկ դարերից կենսունակ է եղել նաև Հայոց Եկեղեցում, ինչի արդյունքում սեռրի իրավահավասարության հարցը հասարակական հնչեղություն է գտել և վերջնական վերահաստատման է արժանացել սրանից մոտ 100 տարի առաջ` 1917թ. ապրիլին (ավելի շուտ, քան ցիվիլ Եվրոպայում) Գևորգ 5-րդ Վշտակիր Կաթողիկոսի (1911-1930թթ) մի կոնդակում, որը ՍՊԱՍԱՎՈՐԻ խորհրդով հատվածաբար ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը:
Մեր սիրեցեալ որդիներին եւ մեր Լուսոյ Մայր Ս. Էջմիածնի հարազատ զաւակներին, ամէն դասակարգի այր եւ կանանց, որոնք բնակւում են քաղաքներում եւ գիւղերում, ուրախակցական ողջոյն, Հայրապետական եւ Միածնաէջ Ս. Տաճարիցս եւ մեր Ս. Հօր բազմաչարչար Գրիգոր Լուսաւորչի առաքելական գահից օրհնութիւն.