Showing posts with label հայրենիք. Show all posts
Showing posts with label հայրենիք. Show all posts

28.3.17

ԱՂՈԹՔ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ - ՄԵԾ ՊԱՀՔ (օր 30)

Այսօրվա Աստվածաշնչյան ընթերցումը Եսյու մարգարեության գրքից է՝ Ես. 7։10-8։10, որ  կարող ենք կարդալ այստեղ:

Աղոթքը և խորհրդածությունը, որոնց վրա այսօր հրավիրում եմ ձեր ուշադրությունը, յուրահատուկ է և կարծեմ ամեն հայի շատ սրտամոտ։ Այդ իսկ պատճառով այսօր աղոթքի ենք հրավիրում բոլոր հայերին` աղոթելու մեր Հայրենիքի սահմանների անխախտության և մեր անդորրը հսկող զինվորների անվտանգության համար։ Տեսեք, թե ինչ հզոր խոսքերով է Աստված այսօր Եսայու մարգարեության մեջ խոսում.
«Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու: Ինչ խորհուրդ էլ անէք, Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք, չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է» (Ես. 8։9-10):
Այս խոսքը Աստված ուղղում է մեր բոլոր թշնամիներին և հակառակորդներին։ Պատմությունն է վկայել մեր` որպես ազգի անպարտելիությունը։ Քանի քանի հզորազոր ազգեր ու ժողովուրդներ են ջնջվել երկրի երեսից կամ ապրում են առանց հայրենիք ու պետականություն։ Քանիսն են ուզել տիրել Հայաստանին և ոչնչացնել այն, սակայն պարտվել են, քանի որ Աստված մեզ հետ է միշտ։ Պարտվել են գոնե այնքանով, որ չեն կարողացել ամբողջապես բնաջինջ ու արմատախիլ անել հայությանն ու հայաստանը։ Առանց սնապարծության փաստենք, հայը եղել է, կա ու պիտի մնա։ Աղոթքով լինենք միշտ մեր երկրի համար։ Հույսներս մեր ուժի, մտքի և ոգու վրա դրած աղոթենք Աստծուն, որ խափանի թշնամական նենգ խորհուրդները և գիշերուզոր պահի պահպանի մեր քաջազուն զինվորներին, ովքեր անձնվիրաբար հսկում են մեր երկրի անդորրն ու ապահովում Հայաստան երկրի անսասան ներկան ու ապագան։ 

Այսօր աղոթենք Զինվորի աղոթքով, որը կարող եք գտնել մեր այս աղոթագրքի մեջ (սեղմեք հղման վրա)։

Օրհնվեք...


6.4.16

ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ

Պատմահոր խոսքերն են` «Քաջերի սահմանը իրենց զենքն է»։

Բայց մենք արդեն հարյուրամյակներ զենքով չենք սահմանում մեր տարածքները։ Մենք միայն պաշտպանվում ու պայքարում ենք մեր ունեցած զենքով մեր ունեցածի համար։ Եվ բնավ պարտադիր էլ չէ, որ զենքերը «բարեկամը» տա։ Զենք կա, որով չես սպանի, բայց հաստատ կհաղթես։ Այդ զենքերը չենք գտնի ռազմական արվեստի ձեռնարկների մեջ. դրանցում այլևս տեղ չկա հայրենասիրություն, միասնականություն, ինքնազոհություն, եղբայրասիրություն բառերի համար։ Հայն է միայն դրանք վեր հանում իր պահոցներից ի պահանջել հարկին և դարձնում ամենահզոր զենքը:

Եւ պետք է միշտ վստահել հայկական այս ֆենոմենին, որ որպես սերմ թաքնվում և ծիլ է տալիս օրհասի պահին: Այս անգամ՝ մարտի դաշտում: Իսկ մարտի դաշտում... կամքի ուժը հայ հերոսի ձեռքին քարը անգամ նռնակ կդարձնի.... Պետք է արժանին մատուցել հերոս տղերքին, բոլորին առանց խտրության` «վահանով, թե վահանի վրա»։ Քաջի մահով ընկած անմահների ամեն մի կաթիլ արյունը մարտիրոսության մի մի կնիք է, որ Հայոց պատմության մասունքատուփերի մեջ պետք է պահել վարդանների, մխիթարների, անդրանիկների, նժդեհների, մոնթեների քաջ հիշատակի կողքին։ Անշուշտ ու անկասկած։

21.9.15

ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ

ՀՀ անկախոիթյան 24-րդ տարեդարձի առթիվ որոշեցի հրապարակել դստերս՝ դեռևս 2-ամյա հասակում երգած ՀՀ օրհներգի տեսագրությունը եւ վաղվա սերունդի «ավետիսով» շնորհավորել իմ ազգին հայոց...
... ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ...



Ankax Hayastani cnund:)
Posted by Սոսե Աղաբեկյան Սարգսյան on 21 Սեպտեմբեր, 2014

21.9.13

«ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՅԱՐՆ ԵՄ ՍԻՐՈւՄ»

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀԱՅՐԻՍ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ: ԵԿԵՔ ԱՂՈԹԵՆՔ, ՈՐՊԵՍԻ ԱՍՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՊԱՐԳԵՎԻ ԱՄԵՆ ԼԱՎ ԲԱՆՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԱՄԵՆ ՏԱՐԻ ԱՉՔՆԵՐՍ ԲԱՑԵՆՔ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ` ՄԵՐ ԱԶՆԻՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: 
ԻՍԿ ՔԵԶ ԻՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ԱՌԱՏ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԽՈՍՔԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ.

«ՁԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԸ ՍԻՐՈՎ ԹՈՂ ԼԻՆԻ» 
(Ա ԿՈՐՆԹ. 16:14):

Նկարը` այստեղից

28.5.13

ՄԱՅԻՍՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐՍ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ


Դստրի՛կս, մեկ ամիս առաջ էի ցանկանում գրել քեզ. ապրիլի 24-ն էր, հայոց որդանագույն պատմության ամենակարմիր էջի հիշատակության օրը: Մի տեսակ հակասական մտքերով ու զգացումներով էի լեցուն: Այդ օրը դժբախտություն ունեցա ի մոտո տեսնելու ու զգալու հայ կոչվող հպարտ ազգիս ծվեն-ծվեն եղած մարմնի պատառիկները վտարանդության գրկում, երջանկությունն ունեցա բացառիկ անգամը լինելով՝ մասնակից դառնալու հայազն մեր «փոքր ածուի» միասնականության ու միակամության ճիգի: Հայրենիք, ազգ, գաղթ, սրբություն, վրեժ, քաջություն... Գրիչը վերցրեցի գրելու քեզ այս մասին, սակայն... Հեռավոր մի փորձառություն հիշեցրեց ինձ, որ արյան այս եռումը պիտի պաղեր, միասնականության այս շղարշը պիտի պատռվեր հաջորդ օրն իսկ՝ ոգու ըմբոստությունը փոխարինելով ամենօրյա «հոգսառատ» անհոգությամբ: Հավատա՛, հայրենասիրության այս տեսակը ազգուրացությունից էլ վտանգավոր է: Ճի՛շտ հասկացիր ինձ. ազգային ոգին ու պայքարի գաղափարախոսությունը չեն կարող հարատևել վրեժի, պահանջատիրության գոչյունների, արցունքի ու ողբի, կորուստի ու ջարդի պատմության վրա: Այդ անհնար է, առավել ևս անհնար է այդ հայի համար. մի՞թե սոսկ այս կա «գրոց հիշատակի արժանի» մեր պատմության մատյանում...

5.5.12

ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ

Դասախոսներիցս մեկն ասում էր. «Արհեստներից ամենահինը պոռնկությունն է, պոռնկություններից ամենահինը` քաղաքականությունը», ու թեև ես ժամանակին խոստացել էի բլոգս չպղտորել քաղաքականությամբ, բայց դե այսօր, երբ լռության օր է հայտարարված, ես կհամարձակվեմ շատ համառոտ խոսել: Ընտրություններ են, ու ՀՀ ամեն իրեն հարգող քաղաքացի պետք է ձայն տա իր նախընտրելի թեկնածուին` հույսով, թե հենց այդ թեկնածուն և իր թիմը պիտի դառնան իր ոսկե ապագայի երաշխավորները: Բայց...

23.4.12

ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇԱ՜Տ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ

«Երբ Հիսուս ասաց` «սիրիր թշնամուդ», 
այնժամ թուրքը չկար աշխարհում» 
                                        Ավետիք Իսահակյան 

Իսկապես... Դժվար է սիրել թուրքին, անգամ անհնար, որքան էլ որ լավ քրիստոնյա լինես: Հայոց Ցեղասպանությունը, որ գագաթնակետին հասավ 1915-ի ջարդերով, կարելի է ասել սիրելու ոչ մի հնարավորություն չթողեց. 1.5 միլիոն նահատակների արյան կանչը մի տեսակ «վրեժխնդրությամբ կամ պահանջատիրությամբ» է արձագանքում մեր սրտերում: Կարծես դրան ի պատասխան՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ հայերս տարածում ենք հակաթրքական նյութեր ու արտահայտություններ, խորհրդանշական պատկերներ ենք տեղադրում սոցիալական էջերում, պայքարում ու սպառնում, ցնծում ենք, երբ որևէ երկիր ճանաչման է արժանացնում կույրի համար միայն անտեսանելի պատմական փաստը:

15.9.11

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՞Ս ԵՄ

Այս հոդվածը քաղաքական ենթատեքստ ունեցող առաջին և թերևս վերջին գրառումս է (չեմ սիրում այս թեման): Բնավ նպատակ չունեմ  որևէ մեկին կամ որևէ խմբի ինչ-որ  բան ակնարկելու, և գրելիքս պաշտպանություն կամ քննադատություն չէ, ուղղակի Հայաստանի Երրորդ Հանրապետության  անկախության 20-ամյակին ընդառաջ շատերի պես իմ մեջ էլ զարթնեց «պատրիոտիզմը» ես էլ ուզեցի ասել «Հայաստանը ես եմ», բայց չկարողացա... Մտքերս լույսի արագությամբ սուրացին պատմության ու անցյալի մասին գիտելիքներիս կիսադատարկ գրադարակով, քննադատեցին շատերին, պարսավեցին, ամոթանք տվեցին, մյուսներին մի փոքր գովեցին, ոմանցով հպարտացան, բայց Հայոց անկախության 20-ամյակի առաջ կանգ առան շիկնած ու ամոթխած, ինչպես հեքիաթի պառավը՝ տաշտակի, կոտրված տաշտակի առաջ: Ու ես հասկացա, որ մեկ մարդով, առավել ևս ինձանով Հայաստան չի լինի: Ինչո՞ւ: Որովհետև ես էլ, դու էլ, նա էլ, նրանք էլ, մենք բոլորս այսօր մի-մի բիբլիական Կայեն ենք, որ առանց ինքներս մեզ հաշիվ տալու եղբոր վրա «ձեռք ենք բարձրացնում»: Իսկ արդյո՞ւնքը: Արդյունքը անկախ Հայաստանի երկատումն է, եռատումը, քառատումը... Զավթիչ-տիրաններն են ասել. «Բաժանի´ր, որ տիրես»: Մտքերս հիշեցրին վաղուց կարդացած մի հոդված, որ 20-րդ դարի սկզբին լսելով մի ծեր ու փորձառու անգլիացուց` գրի է առել ռուս ականավոր կրոնափիլիսոփա Իվան Իլյինը (1883-1954թթ): Վերընթերցեցի և տողերի միջև կարդացի անցած 20 տարիների հայաստանյան տարեգրությունը, 20-ամյա Հայաստանի ներկան:

27.7.11

ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վերջին օրերին մտքիցս դուրս չի գալիս շախմատի աշխարհի 4-րդ ու անպարտելի չեմպիոն Ա.Ա. Ալյոխինի խոսքերից մեկը. «Ես շախմատ չեմ խաղում, ես շախմատով պայքարում եմ»: Միտքը վերհիշելու առիթ, անշուշտ, տվեց ՀՀ հավաքականի փայլուն ելույթը աշխարհի առաջնությունում և դյուցազնական հաղթանակը Չինաստանում: Միշտ մտածել եմ, թե ինչո´ւ է շախմատը համարվում սպորտաձև, երբ այն օլիմպիական հանրահայտ «ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ» լոզունգին, կարելի է ասել, չի համապատասխանում, երբ ֆիզիկական ուժ ու մկանային վարժություններ դրանում չկան: Ալյոխինի` մի առիթով ականջիս հասած միտքը հարթեցրեց կասկածներս. շախմատը ողնուծուծով պայքար է, որտեղ բարձրությունը մտքի հեռահար թռիչքն է, արագությունը մտքի սլացքը և ուժը մտքի ճկունությունը: Եվ հիմա Հայաստանը ամենաբարձրը, ամենաարագն ու ամենաուժեղն է շախմատի աշխարհում, կրողն ու պահողն է աշխարհում ամենաթանկ գնահատվող ռեսուրսի` մտքի ու գիտելիքի, և ես չափազանց ուրախ եմ, հպարտ ու երախտապարտ...

27.5.11

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ

Մայիսն իմ ամենասիրելի ամիսն է: Հստակ չեմ հասկանում` ինչո´ւ է այդպես. հավանաբար մայիսյան մեղմ եղանակն եմ սիրում, բնության վերջնական վերազարթոնքը, այն որ սիրտս վերստին ու նորովի սիրահարության է ձգտում սիրելիիս հանդեպ...
Նկարը այստեղ
Միևնուն ժամանակ մայիսն իմ ու ժողովրդիս ոգևորությունների, ազնիվ հպարտության ամիսն է, «հաղթանակների ամիս»` դրոշակ ազատության և պայքարի «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» (երեկ ի դեպ Ավարայրի ճակատամարտի պատմական օրն էր` մայիսի 26-ը): Վաղը` մայիսի 28-ին, Հանրապետության տոնն է` հայոց երազանքի իրականացման, պետականության հաստատման տոնը: 
Այս առթիվ ցանկացա հանրությանը ներկայացնել «Էջմիածին» ամսագրում (2009, Ե) Պետրոս Հովհաննիսյանի տպագրած փոքրիկ հոդվածը Հայաստանի Հանրապետության գլխավոր սիմվոլներից մեկի` դրոշի վերաբերյալ, մանավանդ որ դրոշակի պատմության ակունքները հասնում են ոչ այնքան հեռավոր 1918թ. մայիսի 28-ով ստեղծված Հանրապետություն, մանավանդ որ մոտ 20 օրից` հունիսի 15-ին ՀՀ Պետական Խորհրդանիշների տոնն է: 
Աստված թող ամուր ու անսասան պահի մեր հայրենիքը ու մեր ժողովրդին` լցնի անսահման օրհնություններով, լավատեսությամբ ու հավատքով: