Showing posts with label Սուրբ Ծնունդ. Show all posts
Showing posts with label Սուրբ Ծնունդ. Show all posts

12.1.21

ՊԱՏԿԵՐԱՑՐՈ՛Ւ...

Պատկերացրո՛ւ, մի օր քեզ է զանգահարում մի շատ հեռավոր եւ շատ հարուստ ազգական ու ասում, որ իր ողջ ունեցվածքը կտակում է քեզ։

- Ինչո՞ւ հենց ինձ,- չհավատալով հարցնում ես դու:

- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է նա, եւ ավելացնում, որ անձամբ ժամանելու է քո տուն` կտակը հանձնելու։

Պատկերացրո՛ւ, որ այդպես էլ լինում է, եւ դու դառնում ես շա՜տ հարուստ։ Բարերարիդ մահվանից հետո որոշում ես ամեն տարի նրա` քեզ այցելելու օրը դարձնել տոն` հարստացման օր։

Պատկերացրո՛ւ, այդպես էլ անում ես։ Ամեն տարի նախապատրաստվում ես այդ կարեւոր տոնին, հրավիրում ես ընկերներիդ, համախմբում ես ընտանիքիդ անդամներին, զարդարում ես տունդ, պատրաստում համեղագույն ուտելիքներ եւ բոլորին բաշխում նվերներ...

Բայց պատկերացրո՛ւ, որ ամեն տարի, երբ այդ օրը գալիս է, եւ դու ամենայն մանրամասնությամբ կյանքի ես կոչում այս հոբելյանական ծրագրերը, ամեն ագամ կենացի բաժակ բարձրացնելիս դու մտքիդ ծայրով անգամ չես հիշում ու չես հիշատակում նրան, ով կյանքդ փոխեց 180 աստիճանով...

Ու պատկերացրո՛ւ, որ շուրջդ հավաքված մարդիկ, որոնք ժպտում ու վայելում են քո պատրաստած տոնը, հավանաբար, իրենց մտքում մտածում են, որ դու երախտամոռ ես...

Պատկերացրո՛ւ, երախտամոռ ենք բոլորս, երբ Սուրբ Ծնունդն ենք տոնում, չանդրադառնալով, թե Ում ծնունդն ենք տոնում, թե ի՜նչ ահռելի կարեւորություն ունի այդ տոնը մեզ համար։

Պատկերացրո՛ւ, մարդուց այդքան հեռու թվացող Աստված անձամբ աշխարհ եկավ, մեր կյանք եկավ ինձ ու քեզ տալու անգին հարստություն` Իր արքայությունը, Իր սերը, Իր շնորհը եւ ի վերջո, Ինքն Իրեն տալու։

Ինչո՞ւ։

- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է Քրիստոս Որդու քաղցր ձայնը,- որովհետեւ ուզում եմ, որ քո կյանքը փոխվի, ուզում եմ երջանիկ լինես, ուզում եմ ապրես ու չմեռնես...

Իսկ դո՞ւ...

Իսկ դու, պատկերացրո՛ւ, սոսկ ինչ-որ տոն ես նշում, զարդարում, ուտում-խմում, նվիրում ու... Պատկերացրո՛ւ, Հիսուսի տարեդարձն ես նշում` հոբելյարին անտեսելով, բարերարիդ չհիշելով...

Մինչդեռ պետք էր ծնկել Նրա փառքի առաջ ու ասել` ՇՆՈՐՀԱԿԱ՜Լ ԵՄ, ՏԵ՛Ր...

Պատկերացրո՛ւ, այսօր հենց այդ օրն է...

Տեր Հուսիկ

3.1.21

ԻՆՉՈ՞Ւ «ՓՈՔՐ ԶԱՏԻԿ» ԱՍԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ


Հայաստանում ոմանք Սուրբ Ծնունդը երբեմն անվանում են Փոքր Զատիկ, ինչով երկու սխալ են թույլ տալիս։

Նախ ԶԱՏԻԿ կարելի է անվանել միայն Տեր Հիսուսի Հարության տոնը, քանի որ այն խորհուրդով կապված է հրեական Զատիկի հետ։ Հրեաները Պասեքի կամ Փեսահի տոնին հիշատակում էին իրենց` եգիպտական գերությունից աԶԱՏվելը, իսկ մենք Քրիստոսի Հարությամբ տոնում ենք մեր` մեղքի գերությունից աԶԱՏագրվելը կամ մեղքից ԶԱՏվելը, որի համար էլ հաճախ անվանում ենք տոնը ԶԱՏԻԿ։ Եթե չլիներ Տեր Հիսուսի Հարությունը, չէր լինի նաեւ քրիստոնեական աԶԱՏումը։ Հետեւաբար Սուրբ Ծնունդը Զատիկի հետ շփոթելը ճիշտ չէ։

Հասկանալի է, որ ժողովուրդը ծիսատոնական նմանություն գտնելով է, որ երկու տոներն էլ անվանում է Զատիկ, բայց անգամ այդ պարագայում Սուրբ Ծնունդի կարեւորությունը նվազեցնել եւ այն համարել ավելի փոքր քան բուն Զատիկը` այսինքն Հարության տոնը, նույնպես ճիշտ չէ։ Սուրբ Ծնունդը Աստծո անչափ սիրո մարմնացումն է մարդկության պատմության մեջ, եւ թերեւս առանց Քրիստոսի Ծննդյան չէր լինի նաեւ Քրիստոսի Հարությունը։ 

Ուրեմն, սիրելիներ, այս տոները երկուսն էլ մեծ են եւ յուրաքանչյուրն ունի իր անփոխարինելի կարեւորությունը։

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ...

#ՍուրբԾնունդ #ՓոքրԶատիկ #սխալմունք

26.12.19

ՀԻՇԻ՛Ր...


Երբ օջախիդ մեջ դնես եղևնին, մշտադալար անմահությունը հիշի՛ր,
որ քո կյանք մտավ Ծննդյամբ Հիսուսի։

Երբ աստղը շողա ծառի գագաթին, հիշի՛ր մեծ աստղը Բեթղեհեմի,
որ ցույց էր տալիս Փրկության ուղին։

Երբ տոնածառից կախես գնդերը կարմիր, գունդ-գունդ արյունը Քրիստոսի հիշի՛ր,
որ վար էր հորդում փրկության Խաչից` ի գին քո կյանքի։

Երբ շեմքդ զարդարես պսակով ծաղկյալ, հիշի՛ր չարչարանքի պսակը փշե,
որով թագադրվեց Արքան գթության։

Երբ հրեշտակ կախես տանդ անկյունում, հիշի՛ր հրեշտակներին,
որ ավետեցին սկիզբը Փրկության և «Փառքն ի բարձունս»։

Երբ նվերներդ բաշխես բոլորին, հիշի՛ր մոգերին,
որ Արևելքից ընծաներ բերին` երկրպագելով Նորածին Փրկչին։

Ու երբ որ ուրախ գոչես ամենքին` «Շնորհավոր լինի...», հիշի՛ր ՇՆՈՐՀԸ այն,
որ Սուրբ Ծնունդով շնորհվեց ամենքին` ինձ, քեզ, աշխարհին։




12.2.18

Ո՞ւՄ ԵՍ ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ - Շավիղ 1

Հարց. Սիրելի եղբա՛յր, դու ի՞նչ հավատքի ես պատկանում:

Պատասխան. Աստծու շնորհով քրիստոնյա եմ:

Հարց. Ինչպե՞ս ես դարձել քրիստոնյա:

Պատասխան. Սուրբ Երրորդության անունով մկրտվելով ու սուրբ Ավազանից ծնվելով:

Հարց. Սուրբ Երրորդությունն ի՞նչ է, կարո՞ղ ես ինձ բացատրել:

Պատասխան. Սուրբ Երրորդությունը մարդկորեն անհասկանալի, անճառելի է, ես չեմ կարող բացատրել, բայց այսքանը կարող եմ քեզ ասել, որ Երրորդության մեջ երեք անձ կա. Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված. երեք անձ, որ մեկ բնություն, մեկ զորություն և մեկ աստվածություն ունեն:

Հարց. Լավ չհասկացա. մի օրինակ ցույց տուր, որ խելքս հասնի:

Պատասխան. Ահա՛ քեզ օրինակ արևը. նախ՝ արևի գունդը, երկրորդ՝ լույսը և երրորդ՝ ջերմությունը. թեպետ երեք անուն կա, բայց երեքն էլ արև անունով ենք հիշում, այսինքն՝ արևի գունդը, արևի լույսը և արևի ջերմությունը, որոնք ամբողջը մեկ արև են և ո՛չ՝ երեք, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն: Նույնպես Երրորդության մեջ երեք անուն ենք հիշում՝ Հայր, Որդի, Հոգի, բայց երեքն էլ մեկ Աստծու անունով ենք հիշում, այսինքն՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգի Աստված: Սրանք երեքն էլ մեկ են և ոչ՝ երեք Աստված, որովհետև մեկը մյուսից բաժանված չեն, և երեքը մեկ բնություն, մեկ կարողություն ունեն:

Հարց. Հիմա փոքր-ինչ հասկացա. բայց առաջին հարցիս պատասխանը տվեցիր, թե քրիստոնյա ես, ես էլ ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում քրիստոնյա:

Պատասխան. Քրիստոսին հավատացող և Քրիստոսին աշակերտող:

9.1.16

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՍՏ «ՀՅՈՒՐԵՐԸ»


Պետք է ընդունել՝ հարցը՝ «Ովքե՞ր առաջինն իմացան Հիսուսի Ծննդյան մասին», հեշտերից չէր, նախ որովհետև ենփադրում էր 2 տարբեր ավետարարաններում՝ Մատթեոս և Ղուկաս, նկարագրված դեպքերի համեմատություն և ապա ճիշտ պատասխանը, փոքրիշատե, կապված է մանրուքների քննությունից: Անտեսելով պարզապես հորինած այն տարբերակները, թե Հիսուսի ծննդյան մասին առաջինն իմացան հրեա կրոնավոր փարիսեցիները կամ մանկաբարաձները, անդրադառնանք 2 հիմնական տարբերակներին՝ Արևելքի մոգեր և հովիվներ: Այս երկուսը անցնող մի քանի օրերի ընթացքում անընդհատ մրցում էին ձայների քանակով և հիմա էլ 126 քվեարկումից հետո միայն 15 ձայնի տարբերություն ունեն: Այս էլ է արդարացված, քանի որ, օրինակ, պատկերագրության մեջ մշտապես կարելի է տեսնել հովիվներին և մեգերին Քրիստոսի ծննդյան դրվագում: Այսուամենայնիվ 68 հոգի՝ 54,4 տոկոս մեծամասնությունը ընտրել է ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՀՈՎԻՎՆԵՐԸ: