Այսօր քննարկման կդնենք մի թեմա, որի պատճառ է հանդիսացել ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը։ Վստահ
եմ, շատերդ եք այն անցել։ Եթե նկատեցիք, ասում եմ՝ «քննարկման կդնենք», այլ ոչ թե՝
«կներկայացնեմ», քանի որ թեման, որքան էլ որ կարևոր, բայց միևնույն ժամանակ անծայրածիր
է, քանզի վերաբերում է այն հարցին, թե «Ո՞վ
է Քրիստոս Ձեզ համար», ուստի բացի իմ կողմից ներկայացված հնարավորինս կարճ, ես
կասեի՝ մակերեսային անդրադարձից, սպասում եմ նաև ընթերցողների ակտիվ ու կառուցողական
մեկնաբանություններին բլոգի քննարկումններում։
Այսպիսով՝ «Ո՞վ է Քրիստոս
Ձեզ համար» հարցմանը մասնակցած 1000 հոգուց ստանում ենք ձայների հետևյալ բաշխումն
ըստ աճման կարգի՝
Մեծացնելու համար սեղմե՛ք նկարի վրա |
Առասպել է - 2%
Պատմական անձ է - 3%
Մարգարե է – 7%
Այլ – 8%
Աստված է - 80%
Այժմ փորձեմ ճեպագրությամբ անդրադառնալ յուրաքանչյուր կետին՝
Առասպել է – Նրանք, ովքեր պնդում են, թե Հիսուս առասպելական կերպար է, մեխանիկորեն մեղանչում
են (մեղք են գործում) պատմական և Ավետարանների փոխանցած փաստերի դեմ։ Ասենք կարելի
էր եզրակացնել, թե նրանք, ում համար օգտակար էր Հիսուսի «առասպելական» գոյությունը
որպես իրականություն ներկայացնել, կարող էին «Ավետարան» անունով «ստապատիր» գրվածքներ
թողնել Նրա մասին, սակայն ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչո՛վ այդ ձեռնտու պիտի լիներ
հեթանոս կամ հրեա պատմիչներին՝ Հովսեփոս Փլավիոսին, Տատիանոսին, Սվետոնիոսին և մի քանի
այլ աղբյուրների հեղինակներին, ովքեր ուղղակի կամ անուղղակի խոսում են Քրիստոս (փրկիչ)
անվանված Հիսուսի (օծյալ) մասին։ «Առասպելական Քրիստոսի» օգտին քվերակած 2% մարդիկ, այսպիսով, հակառակվում են թե՛
պատմական փաստին, թե՛ քրիստոնեական ճշմարտությանը՝ հանդես գալով մի տեսակ անհավատի դիրքերից։
Պատմական անձ է – Փաստը մնում է փաստ. Քրիստոս՝ որպես պատմական անձ, ծնվել, ապրել ու գործել է մեր թվագրության առաջին դարում։ Այդ մասին,
ինչպես ասացինք, մեզ հավաստիացնում են պատմական մի քանի աղբյուրներ, սակայն մյուս կողմից,
իրենց քրիստոնյա անվանող անհատը չի կարող բավարարվել սոսկ Քրիստոսի պատմական գոյությամբ։
Շատերը պնդում են, որ Քրիստոս մեծ բարոյագետ էր, սակայն արդարացի լինելու համար պիտի
ասենք, որ անգամ Քրիստոսից առաջ գոյություն են ունեցել շատ հայտնի բարոյագետներ ու փիլիսոփաներ, ում մտքերը
և հատկապես գործերը այնպիսի մեծ «թոհուբոհ» չեն բարձրացրել, ինչպես՝ Քրիստոսինը։ Այստեղ
պատմական փաստերի լրացմանն են շտապում Աստվածաշունչը
և Քրիստոսի մասին հիմնական վկայություններ տվող 4 Ավետարանները, որոնք Քրիստոսին ներկայացնում
են ոչ միայն սոսկ որպես մարդու, այլև Մեկի, Ով, մարդ լինելով, անաչառորեն ներում է շնորհում հասարակության ընկեցիկներին, ապրում
է կյանքը Իր խոսքի համեմատ և չտեսնված ու չլսված հրաշքներ է գործում։ Սա նշանակում
է, որ Քրիստոս ավելին է, քան պատմական անձը, ինչը պետք է ընդունեն նաև այս վարկածի
օգտին քվեարկած 3% մարդիկ, եթե իհարկե կարծում
են, թե քրիստոնյաներ են։
Մարգարե է – Այն, որ մարգարեները, բացառիկ անձնավորություններ են՝ օժտված աստվածտեսության
շնորհով և մարդկությանն են փոխանցում Աստծո կամքը, կարծես թե լրացնում է նախորդ կետի
բացը՝ Քրիստոսի սոսկ պատմական անձ չլինելու հանգամանքին ավելացնելով գերբնական, մարգարեական
հանգամանքներ։ Սակայն այսպես կարծողները, որ կազմեցին 7%-ը քվեարկողների, իրականում չպիտի տարբերվեն մահմեդականներից, ովքեր
հավատում են, որ Քրիստոս Ալլահի մարգարեներից է, ինչպես ասենք Մուհամմեդը, և չպիտի
տարբերվեն նաև Եհովայի վկաներից, որոնց համար Հիսուս Քրիստոսը Աստծո (Եհովայի) կողմից ստեղծված մարդ է,
ամենամաքուրն ու կատարյալը բոլոր մարդկանցից, ում Աստված հանձնարարել էր կազմակերպել
մարդկության փրկությունը։ Հետևաբար այս վարկածի կողմնակիցները ևս քրիստոնյաներ չեն
կարող լինել, լավագույն դեպքում՝ (եթե այսպես կարելի է ասել) մահմեդականներ կամ պսեվդոքրիստոնյա
«վկաներ»։
Այլ – Ինձ ամենից շատ հետաքրքում է, թե ի՛նչ են նկատի ունեցել այլընտրանքային այս տարբերակն
ընտրած մարդիկ (հուսամ այս 8%-ից ոմանք կկիսվեն կարծիքով)։ Ամեն դեպքում,
ինչպիսի վարկածներ էլ որ լինեն, միևնույն է, դրանք չեն կարող չշեղվել Քրիստոսի՝ Ով
լինելու մասին բուն քրիստոնեական հավատալիքից, որը արտահայտված է հաջորդ կետում։
Աստված է – Քրիստոնյաներիս հավատքի ձևաչափը՝ Նիկիական Հավատո հանգանակը, Քրիստոսի մասին վկայում
է. հավատում ենք «մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն, ծնված Հայր Աստծուց՝ Միածին, այսինքն` Հոր էությունից: Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած»։ Սա է հարցի ճիշտ պատասխանը, որը, փա՛ռք Աստծուն, ընտրել էր
քվերակողների 80%-ը։ Այս նույնը փաստում
է նաև քրիստոնյաների սուրբ գիրքը՝ Աստվածաշունչը, ասելով. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1։1)։ Եթե սա էլ չի բավարարում, խնդրեմ, կարող
եք աչքի անցկացնել Սուրբ Գրքի մի քանի հատվածներ ևս՝ Հովհ. 20։28, Գործք.20։28, Տիտ. 2։13-14։
Այստեղ շատերի համար կարող է մեկ մութ հանգամանք ևս մնալ. ինչպե՞ս
է Քրիստոս Աստված, երբ նա ապրել է նաև երկրի վրա, որպես մարդ։ Մտահոգությունը տրամաբանված
է։ Այս հասկանալու համար ամենակարևոր խորհուրդը, որ կտամ՝ Նոր Կտակարանը կարդալն է,
բայց և կփորձեմ փոքր-ինչ աստվածաբանորեն ձևակերպել այս հանգամանքը։ Հիսուսը եղավ աշխարհի
փրկիչը, Նա իր Արյամբ քավեց մեղքերը հանուր մարդկության։ Մինչև Քրիստոսի մարդեղացումը
մարդկությունը քավում էր իր մեղքերը կենդանական զոհաբերումների միջոցով, սակայն, որպեսզի
մարդը կատարելապես մաքրվեր դարավոր ախտից, բավարար չէր կենդանու զոհաբերությունը, անհրաժեշտ
էր մարդկային զոհաբերություն, զոհ, ում արյունը անբիծ կլիներ, ով անմեղ կլիներ և արդար. այդպիսի մեկը չկար աշխարհում։
Եվ այդ ժամանակ էր, որ Աստծո Որդին՝ Աստծո Բանը, հանձն առավ խոնարհվել, ծնվել ու ապրել
որպես կատարյալ Մարդ և ինքնակամ գնալ դեպի Խաչը՝ Իր արյան հեղմամբ փրկության ու հարության
հնարավորություն շնորհելով մեզանից յուրաքանչյուրին (հմմտ. Եբր. 7։26-27). «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3։16)։ Քրիստոս կատարյալ Աստված է և կատարյալ Մարդ, և Նրանում չկա երկվություն. Աստված
և Մարդ միավորված են 1 աստվածմարդկային կատարյալ բնության մեջ և այս ամենը մարդկությունը
վերահաս չարիքից փրկելու համար։ Ինչպես եկեղեցու նշանավոր հայրերից մեկն է ասել. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»։
Գիտակցո՞ւմ ենք սա։
Փառք տանք Քրիստոս Աստծուն։
Տերը թող օրհնի բոլորիս. սպասում եմ ձեր մեկնաբանություններին։
1 արտահայտվիր:
ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ, ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ ԵՆՔ, ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ և ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆՔ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ` ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒՆ, ՈՐԴՈՒՆ` ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ, և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ: Այս է միակ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ մնացածը զուտ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ արդյունք է: ԱՍՏՎԱՏ ՕՐՀՆԻ ԲՈԼՈՐԻՍ: ԱՄԵՆ
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: