Showing posts with label քրիստոնյա. Show all posts
Showing posts with label քրիստոնյա. Show all posts

17.2.25

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ (podcast)

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է, կամ... իրեն համարում է քրիստոնյա։ Սրան հակառակ սիրո եւ ընտանիքի մասին պատկերացումները մեր հասարակության մեջ հաճախ այնքան էլ քրիստոնեական չեն։ Իսկ այն որ ընտանիքը կարեւոր է եւ սուրբ, շատերն են պնդում։ 

Ահա քրիստոնեական սիրո եւ ընտանեկան սրբության բացահայտմանն է միտված «ՔՐԻՍՏՈՆՅԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ» զրույցների (podcast) այս շարքը, որը կարող եք լսել հետեւյալ հարթակներում՝




Լսեք, բացահայտեք եւ տարածեք։ 

Եղեք օրհնված...

20.2.18

ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ - Շավիղ 9

Հարց. Մի՛ վախեցիր, եղբա՛յր, քո աշխատանքը իզուր չանցավ: Ես լավ հասկացա քրիստոնյա անունը, Քրիստոսին հավատացի և Նրա անունով մկրտվեցի, բայց լավ չգիտեմ քրիստոնեության խորհուրդը: Ուստի աղաչում եմ, հասկացրո՛ւ ինձ, որ նույն ճանապարհին հետևելով երբ մահանամ, Քրիստոսի մոտ կգնա՞մ, ինչպես որ Ինքն է խոստացել:

Պատասխան. Մի՛ շտապիր Նրա մոտ գնալու, դեռ շատ ժամանակ կա, դեռ որքա՜ն բարձր լեռներ և քարաժայռ ճանապարհներ կան անցնելու և որքա՜ն նեղ դռներ կան մտնելու, որ Նրա մոտ գնաս: Բավական չէ միայն քրիստոնյա անուն ստանալը:

Հարց. Ինչո՞ւ ես նորից ինձ վախեցնում՝ քրիստոնեությունը դժվարին կրոն համարելով: Չե՞ս տեսնում, որ աշխարհում այնքան քրիստոնյաներ կան: Եթե քրիստոնեությունը դժվարին լիներ, այդքան մարդիկ քրիստոնյա կլինեի՞ն: Բազմաթիվ մարդկանց քրիստոնյա լինելուց հետո ես ինչո՞ւ պետք է չկարողանամ այդպիսին լինել:

Պատասխան. Իրավացի ես, եղբա՛յր, անունով քրիստոնյաներ շատ կան, բայց լոկ անունով քրիստոնեությունը նշանակություն չունի, այլ գործով պետք է լինել: Ինչպես, օրինակ, ամեն արհեստավոր իր ձեռքի գործերով է ճանաչվում, նույնպես էլ քրիստոնյան իր բարեգործություններով պետք է ճանաչվի:

Հարց. Ինչպիսի՞ գործ է պետք:

17.9.13

ՄԵՌԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳԻ ԻՄԱՍՏԸ (ի՞նչ օգուտ ունի ննջեցյալի համար արված աղոթքը)


...Պատարագը ոչ միայն ողջերի համար է փրկություն, այլև նրանց, ովքեր հույսով ու հավատով ի Քրիստոս ննջեցին...
...Նրանք, ովքեր այս կյանքում իրենց գործերով տկար գտնվեցին, հույս ունեն մահվանից հետո մեր ողորմություններով օգնություն գտնել: Եվ մեր աղոթքները խառնվելով նրանց բարի գործերին՝ նրանց հաղթություն են տալիս չարի դեմ պատերազմում և ազատում օդի իշխանությունից: Իսկ եթե նրանց գործերը առավել տկար գտնվեն, ապա նրանք մինչև դատաստանի օրը  մեղքերից բռնված կմնան ներքևում, սակայն հավատում ենք, որ մեր աղոթքները և ողորմությունները այնժամ Քրիստոսի առջև ձեռնտու կլինեն նրանց այնքանով, որքանով Տերը գիտի կշռել, քանի որ Նա բոլորից ողորմած է:

10.7.13

ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության «Մարդկային գործոն» հաղորդման թողարկումներից մեկը դիտեցի: Առանց այդ էլ խճճված թեմային առավել խճճվածություն տրվեց, ու վստահ եմ, հեռուստադիտողը չիմացավ ճշմարտությունը: Հիշեցի մի առակ, թե ինչպես են մի իմաստունի մոտ գալիս են 10 հոգի և խնդրում ապացուցել, որ Աստված կա: Իմաստունը 10 ծանրակշիռ ապացույց է բերում Աստծո գոյությունը ապացուցելու համար: Այնուհետև գալիս են ևս 10 հոգի և խնդրում ապացուցել, որ Աստված չկա: Իմաստունը 10 ծանրակշիռ ապացույց է բերում` ապացուցելով Աստծո գոյություն չունենալը: Երբ բոլորը հեռանում են, իմաստունի աշակերտները հարցնում են.
- Վարդապե´տ, ո՞րն է հիմա ճշմարիտ. Աստված կա՞, թե չկա:
- Ճշմարիտն այն է,- պատասաանում է իմաստունը,- որ հարցնողներից և ոչ ոք չէր ուզում իմանալ ճշմարտությունը, այլ ուզում էր լսել իրեն պետքական պատասխանը:

Ներեցե´ք, իհարկե, բայց դահլիճ հրավիրված հյուրերից ամեն մեկը փորձում էր ցույց տալ իր ճշմարիտ լինելը, ինչը մեր առջև չբացահայտեց ճշմարտությունը:

21.6.13

ՅՈԹՆ ՈՒ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ «ՄԻ ԴՌՆՈՎ»

Խորհրդային անաստված 70 տարիները բազմաթիվ ավերներ թողեցին իրենց ետևում, ավերներ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, հոգևոր և գաղափարական: Քրիստոնեության հանդեպ ոխերիմ թշնամությունը ջնջեց քրիստոնեական շատուշատ սկզբունքներ ու ծիսակատարություններ Խորհրդային Հայաստանի «պրոլետար» զանգվածի հիշողությունից: Դրանց թվում ամենից շատ տուժածը թերևս մահվան ու մահացածների հետ կապված սովորություններն են: Բնական է. վշտի մեջ հայտնվելով, հարազատի կորցնելով` ընտանիքի անդամները, լինեն հավատավոր, թե աթեիստ, միշտ փորձում են անհրաժեշտ ու հնարավոր ամեն բան անել իրենց ննջեցյալին ըստ արժանվույն ճանապարհ դնելու համար: Միայն թե առանց իրազեկ մարդու` հոգևորականի, կատարված հոգևոր արարողությունները արդյունքում դարձել են մեկը մյուսի վրա ավելացված «պիտի»-ների մի շարան, որոնց իմաստը չի հասկանում ոչ ոք (չնայած երբեմն հայտնվում են գերդաստանային իմաստակներ, որ փորձում են հիմնավորել ադաթը), բայց կիրառում են բոլորը: Ավելի հաճախ էլ հանդիպում են սովորույթ դարձած ինքնահնար ծեսեր, որոնք եկեղեցական ծիսակատարության այլափոխված տարբերակներն են: