Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts
Showing posts with label մտքեր-մտքեր. Show all posts

8.2.20

ԸՆԿԵՐՈՋՍ

- Մի հատ «կոֆե» չխմե՞նք,- առավոտ ծեգին հողաթափերս ծուլորեն քստքստացնելով՝ մտնում եմ խոհանոց: Այնտեղ ինձ դիմավորողը օրվա ծանր օրակարգն արդեն իսկ ուսերին առած կինս է: Դիմավորում է ժպիտով: Ինչպես միշտ:

- Քեզ էի սպասում, որ խմենք,- ասում է ու ձեռնամուխ լինում առավոտյան արարողակարգին,- բայց «կոֆե» չէ, այլ՝ սուրճ, կուզե՞ս,- խնդում է:
- Եղավ-եղավ, ընկե՛ր Աղաբեկյան,- ծաղրում եմ աշակերտաբար,- ձեր տանը մսով լիցք էլ կունենաք:
- Դոլման երեկոյան,- պատասխանի հետ սուրճի սթափությունը հասնում է ռունգերիս: Կողքից անպայման ինչ-որ քաղցր բան կա, որպեսզի «մինչև կեսօր դիմանամ»:
...

- Սպիտակ վերնաշապիկս ո՞ւր է,- կանչում եմ ննջասենյակից:

- Արդուկած չէ, ուրիշը հագիր:
- Գտա...
- Չէ, դա մի՛ հագիր. ամոթ է, գործընկերներդ ի՞նչ կասեն:
- Կարևորը, թե դու ինչ կասես, ընկերները՝ հեչ...
- Ես ասում եմ՝ սա մի հագիր, դարակում ուրիշն ունես:


Նայում եմ հոգատարությամբ լեցուն հայացքին, տաքանում ու երկնքում թափահարելով խաղաղության ճերմակ վերնաշապիկը՝ հանձնվում:

...

25.11.15

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեսա՞ր նավերը, որ երկնքից թափվում էին ինչպես ասուպ։ Արյան երակները տեսա՞ր, որ դեպի սիրտս էին հոսում։ Իսկ ժպիտնե՞րը աղաղակի միջից հեծեծող հրեշտակների: Քարերը տեսա՞ր. կապարի քերծվածքներից հղկվում էին մանկան տապան դառնալու համար։ Իսկ ծաղիկները... Ծաղիկները տեսա՞ր։ Որքա՜ն կարմիր էին, որքա՜ն ժահահոտ։ Խրախճանքներ, որ զվարճացնում են լուռ գինարբուքով... Տեսա՞ր:

... Ես չկարողացա երեսս չդարձնել։ Երանի՜ թե ամենատես չլինեի։
Երանի իմանային, թե որքա՜ն ջանք է թափվում մարդ կերտելու համար... և հիմա... մարդու կյանքը թևքից պոկված փետուր իսկ չարժե...


Ավա՜ղ, ես պատերազմ հայտարարել չգիտեմ։ Իմ ունեցածը... իմ զենքը սերն է...
Տեսա՞ն:

30.10.14

ՄՏՈՐՈՒՄ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ (ԿԱՄ ԳՈՒՑԵ... ԱՌԱՋԱՐԿ)

Վերջերս անընդհատ կպչուն մտքեր եմ ունենում՝ կապված հայոց մեծագույն վշտի՝ 20-րդ դարասկզբի հայկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ամյա տարելիցի և դրա շարջանակներում նախատեսվող միջոցառումների, ոգեկոչումների, սպասվող սրբադասման և մյուս նախաձեռնությունների հետ: Այո՛, շատ լավ է, որ քաղաքական հարթակում առաջընթացներ ունենանք, և սարսափազդու փաստը ընդունող երկրների, խորհրդարանների, թեկուզ առանձին շրջանների թիվը շատանա, Թրքստանն ու Ազերբադրջանն էլ իրենց նեղված զգան: Շատ լավ է, որ ֆիլմեր, վավերագրեր, գրքեր ու դասախոսություններ լույս աշխարհ գան ու դեռևս պատմության խավարում նստածներին առաջնորդեն դեպի ճշմարտության լույսը: Հոյակապ է, որ տարին գոնե մեկ օր՝ արրիլ 24-ին ազգովի կամ ազգի մի ստվար հատվածով մեկ նպատակի շուրջ համախմբվենք միտինգների, աղոթքների ու բացականաչությունների համար, բայց... Ա՛յս է ինձ տանջող հարցը (իրավունք ունեք ինձ դատապարտելու)՝ «ԲԱ ՀԵՏՈ՞»: Ի՞նչ է լինելու հետո: Լավագույն դեպքում պատկերացնենք, թե Թուրքիան կընդունի իր սխալը և երազենք թե կհատուցի (մյուս կողմից՝ չեմ պատկերացնում, թե որն է հատուցման չափը 1 սպանված մարդու դիմաց, ուր մնաց՝ 1.500.000...), բա հետո?????? Կպչուն միտք է, ի՞նչ անեմ: Ուղղակի ուզում եմ հասկանալ. նման կերպով կկարողանա՞նք ունենալ միացյալ ու հզոր Հայաստան իր աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդով, այն դեպքում երբ մի բուռ Հայաստանը երկու ոտքով է տակավին կաղում: Հնարավոր կլինի՞ արդյոք աշխարհասփյուռ հայությանը, որ արդեն ուծացված անդեմ հայության է մասամբ վերածվում, ետ բերել Հայրենիք ու միավորել մեկ լեզվի, մշակույթի, գաղափարի, հավատքի ու մտածելակերպի շուրջ: Դժվար թե... Երևի սփյուռքում պիտի ապրեի, նոր այս հարցերը ծնվեին գլխումս... Իսկ սրանք հարցերից մի քանիսն են միայն:
Ցեղասպանության հասցրած կորուստը միայն մարդկային և տարածական չեղավ, այն նաև բազմադեմ հայություն ստեղծեց իր՝ «ախպար», «քձիբ արտասահմանցի», «անտաշ հայաստանցի» և այլ նման մակդիրներով: Եվ սրանցից ամեն մեկը հսկայական մի վիհ է հայի և հայի միջև, որով մեկը իրեն որպես մյուսի մասնիկը այլևս չի զգում... 

1.4.14

ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ???

Զարմանալի էր բացահայտելը, որ արդեն շուրջ 5 դար է, ինչ ապրիլի 1-ի օրը, համարվում է հումորի, երգիծանքի ու ծիծաղի հետ կապված օր: Այո՛, այո՛. 500 տարի: Ճիշտ է, այն ոչ բոլոր մշակույթների մեջ կարելի է գտնել, սակայն քիչ չեն երկրները, որոնք ապրիլի 1-ը, թեկուզ ոչ պաշտոնական, բայց տոն են համարում: Անգլիայում և անգլալեզու երկրներում տոնը, օրինակ, կոչվում է հիմարների օր (fool's day), ֆրանսիայում և ֆրանսախոս մի քանի երկրներում՝ ապրիլյան ձկան օր (Poisson d'avril), քանի որ այդ օրը Ֆրանսիայում սովորություն կա մարդկանց մեջքին աննկատելիորեն թղթե ձկներ փակցնելու, ռուսները տոնն անվանում են ծիծաղի օր... Չեմ կարծում, թե ապրիլի 1-ի մասին գաղափար հայերը ունեին դեռևս 500 տարի առաջ, այլ, ըստ երևույթին, Խորհրդային տարիներից է այն մեծապես կիրառության մեջ մտել: Մի բան, սակայն, որ հայերիս շրջանում այդ օրը դարձնում է յուրահատուկ և այսպես ասած տիպիկ հայկական, տոնի անվանումն է՝ ՍՈՒՏ ԱՍԵԼՈՒ ՕՐ... Ուրեմն հայի համար հումորը, երգիծանքը, կատակը և ծիծաղը ուղիղ համեմատական են ստելու հետ...