Բոլորին է հայտնի, որ այլաբնույթ կրոնական կազմակերպությունները հաճախ են փորձում Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի և իրենց ուսմունքի միջև ընդհանուր գծեր ու նմանություններ փնտրել, գտնել ու հռչակել՝ ասելով. «Առաքելական Եկեղեցու և մեր միջև ոչ մի տարբերություն չկա. մեր հավատքը նույնն է. մենք ընդունում ենք նույն Աստվածաշունչը և Նիկիայի Հավատո հանգանակը»։ Անշուշտ, այս մոլորեցնող հայտարարության դրդապատճառները հասկանալի են։ Թեև մեկ անգամ արդեն խոսվել է այս թեմայի շուրջ, սակայն պետք չէ մոռանալ, որ խնդիրը ոչ այդքան տեքստերի մեջ է (որոնք հիմնականում նույնական են), որքան՝ դրանց մեկնաբանության։ Առհասարակ հավատքո հանգանակաները՝ հավատամքները (գրաբարից թարգմանաբար՝ «հավատում ենք») եկեղեցիների հավատքի սահմանումներն են՝ համառոտ բանաձևումներ, որոնցում ամփոփված է, թե ինչի՛ է հավատում տեղային տվյալ եկեղեցու հավատացյալը։ Բայց որքան էլ որ զարմանալի է, հավատամքները, որպես կանոն, ծնունդ չեն առել ինքնաբերաբար. հավատքի սահմանների ընդգծման կարիք է զգացվել այն ժամանակ, երբ որևէ աղանդ կամ հերձված փորձել է խեղաթյուրել Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը։
Այսպիսով առաջին պաշտոնական հանգանակը, որ 325թ. հռչակվեց Նիկիա քաղաքում տեղի ունեցած ժողովի ժամանակ, ի հեճուկս Արիոս անունով աստվածամարտ մի հերձվածողի հայտարարեց, որ Քրիստոս սոսկ մարդ չէ, այլ՝ Աստված։ Հետագա դարերի որոշ լրացումներով (ինչպես օրինակ Կոստանդնուպոլսի ժողովը 381թ.) այսօր այս հանգանակը ընդունում են քրիստոնաեկան գրեթե բոլոր եկեղեցիները, այդ թվում և Առաքելական Եկեղեցին, սակայն ոչ բոլորն են, որ այն հասկանում և մեկնաբանում են Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի համաձայն։ Այդպես էր նաև միջնադարում, երբ Գրիգոր Տաթևացի սուրբ վարդապետը (կամ Տաթևի դպրոցի ներկայացուցիչները) Նիկիական հանգանակի հիման վրա կազմեցին մեկ այլ հավատամք՝ դավանական մանրամասներով և լրացումներով հանդերձ՝ հավատավոր հոտը օտարամուտ վարդապետություններից ապահովագրելու համար։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչի՛ է հավատում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Նրա հետևորդը, առաջարկում եմ ընթերցել Հավատամքը աշխարհաբար թարգմանությամբ։
Խոստովանում և կատարյալ սրտով հավատում ենք, որ Հայր Աստված
անստեղծ է, անծին և անսկիզբ, այլև ծնողը Որդու և բխողը Սուրբ Հոգու:
Հավատում ենք, որ Բանն (Խոսքն) Աստված անստեղծ է, Հորից նախքան հավիտյանները ծնված և սկսված, Նրանից ո՛չ առաջ և ո՛չ հետո, այլ որքանով Հայրը հայր է, այնպես էլ Որդին՝ որդի:
Հավատում ենք, որ Սուրբ Հոգի Աստվածն անստեղծ է, անժամանակ,
ծնված չէ, այլ բխում է Հորից, էակից է Հորը և փառակից՝ Որդուն:
Հավատում ենք, որ Սուրբ Երրորդությունը մի բնություն է, մի աստվածություն. ոչ թե երեք աստվածներ, այլ մի՛ Աստված, մի՛ կամք, մի՛ թագավորություն, մի՛ իշխանություն, արարիչ տեսանելիների և անտեսանելիների:
Հավատում ենք սուրբ Եկեղեցուն և մեղքերի թողությանը՝ սրբությունների հաղորդությամբ:
Հավատում ենք, որ Երեք Անձերից Մեկը՝ Հորից նախքան հավիտյանները ծնված Բանն Աստված, ժամանակի մեջ իջավ Աստվածածին Կույս Մարիամի մեջ և նրա արյունից վերցնելով՝ միավորեց Իր աստվածության հետ: Ինն ամիս մնալով անարատ Կույսի արգանդում՝ կատարյալ Աստվածը եղավ կատարյալ մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, մի անձ, մի դեմք և միավորված մի բնություն: Աստված մարդացավ առանց փոփոխության ու այլայլության. անսերմ հղություն, և անապական ծնունդ: Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8):
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջել է երկրի վրա: Երեսուն տարեկան դառնալով՝ եկել է մկրտվելու, Հայրը վկայել է. «Դա՛ է Իմ սիրելի Որդին», իսկ Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է Նրա վրա: Փորձվել է սատանայից և հաղթել նրան: Փրկություն է քարոզել մարդկանց: Մարմնով աշխատել է, հոգնել, քաղցել և ծարավել: Ապա կամովին եկել է չարչարվելու, խաչվել է և մարմնով մեռնելով հանդերձ՝ աստ-
վածությամբ մնացել կենդանի: Մարմինը՝ աստվածության հետ միավորված, դրվել է գերեզմանի մեջ, իսկ հոգով ու աստվածությունից անբաժան`իջել է դժոխք, հոգիներին քարոզել, դժոխքն ավերել և հոգիներն ազատագրել: Երեք օր հետո մեռելներից հարություն է առել և աշակերտներին հայտնվել:
Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս այդ նույն մարմնով Համբարձվել է երկինք և նստել Հոր աջ կողմում: Բայց և գալու է այդ նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռյալներին, ինչը նաև բոլոր մարդկանց հարությունն է:
Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական:
Գրաբարը տե՛ս այստեղ, էջ 575-576։
9 արտահայտվիր:
Տեր Հայր, խնդրում եմ կարող եք այս հատվածի մեկնությունը տալ. "Ինչպես սկիզբ չունի Նրա աստվածությունը, այդպես էլ անվախճան է Նրա մարդկությունը «Քանզի Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13։8)": Շնորհակալ եմ:
@Տաթևիկ ջան, շատ լավ կլիներ, որ այն մեկնաբանեին աստվածաբանության մեջ հմուտ մարդիկ, բայց ես էլ փորձեմ մեկնաբանել չսխալվելով. Քրիստոս Աստված է, անսկիզբ և առանց պատճառի /Նա արարած չէ/, հետևաբար և ասում է սկիզբ չունի Նրա Աստվածությունը։ Բայց հավատում ենք նաև որ անսկիզբն Աստված հաճեց մարդանալ մեր իսկ փրկության համար և մեր իսկ փրկության համար ԱՆՄԱՀ ԱՍՏՎԱԾ մարդկային ՄԱՀ ընդունեց, որպեսզի կարողանա հաղթել մահվանը։ Այսուհանդերձ Նրա մարդկությունը Հարությամբ մնաց անմահ և անվախճան և Քրիստոս Աստվածամարդը Համբարձվեց երկինք մարմնով և բազմեց Հոր աջ կողմում, հետևաբար Նրա մարդկությունն էլ անվախճան է և սրանք կան և մնում են ճշմարտություն երեկ, այսօր և կլինեն հավիտյան։ Շնորհակալ եմ հարցի համար։
Ձեզ էլ շնորհակալություն պատասխանի համար:)
Տեր Հայր մեր հավատը սովորեցնում է մեզ չսպանել և որքանով ես տեղյակ եմ անգամ ինքնապաշտպանության համար սպանելը համարվում ե մեղք: Բայց Սուրբ Գրքի մեջ կա մի հատված որը անգամ գովաբանում է (կներեք այպես եմ հասկացել ) Սամսոնին, որը մեկ օրում 1000 փղշտացի է սպանում Աստծո տված ուժով : Չեմ կարող հասկանալ գովաբանման առիթը նամանավանդ այդ սպանությունները կատարվել են Աստծո տված զորությամբ: Խնդրում եմ մեկնեցեք այն.
@erev arm Սուրբ Գրքում միայն Հին Կտակարանում կգտնեք նման հրահանգներ, այն էլ դրանք տրված են մեղավոր ու կռապաշտ ազգերի՝ Աստծո հակառակորդների համար։ Եթե այլաբանորեն նայենք, այդ ազգերը մեր մեղքերն են, որոնք մենք Աստծո հրահանգով պետք է սպանենքն անողոքաբար։ Ինչ վերաբերում է ինքնապաշտպանությանը... այս պարագայում գործած սպանությունը /հատկապես պատերազմներում/ չի դիտարկվում որպես ծանր հանցանք, քանի որ այդ ճանապարհով դու անձնազոհության ես գնացել՝ պաշտպանելով քեզ ու յուրայիններին։ Ուրիշ հարց, եթե ագրեսսոր ես։
Իսկ ինչու չեք ասում, որ հավատում եք նաև մեռած մարդու համար թողություն խնդրելը?. ինչու չեք ասում, որ հավատում եք Սուրբ Սարգիսի բարեխոս լինելուն, ի դեպ մի թե չեք կարդացել, որ միայն մեկ բարեխոս գոյություն ունի Քրիստոս մարդը... Ինչու չեք ասում, որ փորձում եք հեթանոսական որոշ ավանդույթներ համակցել Քրիստոնեության հետ....
Իսկ ինչու է այն տարբերվում Նիկեո հանգանակից?
@Arthur Raf : Ասել, թե տարբրվում է, սխալ է: Մեկ տառ անգամ չի հակասում Նիկիք հանգանակի դավանաբանությանը, ուղղակի ինչպես արդեն նախաբանում էի հայտնել «Ոչ բոլորն են, որ Նիկիական հանգանակը հասկանում և մեկնաբանում են Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքի համաձայն։ Այդպես էր նաև միջնադարում, երբ Գրիգոր Տաթևացի սուրբ վարդապետը (կամ Տաթևի դպրոցի ներկայացուցիչները) Նիկիական հանգանակի հիման վրա կազմեցին մեկ այլ հավատամք՝ դավանական մանրամասներով և լրացումներով հանդերձ՝ հավատավոր հոտը օտարամուտ վարդապետություններից ապահովագրելու համար։ Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչի՛ է հավատում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Նրա հետևորդը»
@Հյուր : Գիտքեք, Ձեր գրածից իսկ երևում է, որ շատ մակերեսային պատկերացում ունեք Հայոց Եկեղեցու դավանաբանական ճիշտ /ուղղափառ/ մոտեցումների մասին: Եթե հետաքրքրի, ավելի երկար կխոսենք ձեր մատնանշած նյութեր շուրջ, մաիյն թե մեկ պայմանով... Եթե պատրաստ եք լսել ճշմարտությունը:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: