21.6.13

ՅՈԹՆ ՈՒ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ «ՄԻ ԴՌՆՈՎ»

Խորհրդային անաստված 70 տարիները բազմաթիվ ավերներ թողեցին իրենց ետևում, ավերներ ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, հոգևոր և գաղափարական: Քրիստոնեության հանդեպ ոխերիմ թշնամությունը ջնջեց քրիստոնեական շատուշատ սկզբունքներ ու ծիսակատարություններ Խորհրդային Հայաստանի «պրոլետար» զանգվածի հիշողությունից: Դրանց թվում ամենից շատ տուժածը թերևս մահվան ու մահացածների հետ կապված սովորություններն են: Բնական է. վշտի մեջ հայտնվելով, հարազատի կորցնելով` ընտանիքի անդամները, լինեն հավատավոր, թե աթեիստ, միշտ փորձում են անհրաժեշտ ու հնարավոր ամեն բան անել իրենց ննջեցյալին ըստ արժանվույն ճանապարհ դնելու համար: Միայն թե առանց իրազեկ մարդու` հոգևորականի, կատարված հոգևոր արարողությունները արդյունքում դարձել են մեկը մյուսի վրա ավելացված «պիտի»-ների մի շարան, որոնց իմաստը չի հասկանում ոչ ոք (չնայած երբեմն հայտնվում են գերդաստանային իմաստակներ, որ փորձում են հիմնավորել ադաթը), բայց կիրառում են բոլորը: Ավելի հաճախ էլ հանդիպում են սովորույթ դարձած ինքնահնար ծեսեր, որոնք եկեղեցական ծիսակատարության այլափոխված տարբերակներն են:

Ահա սրանց շարքում հաճախ կարելի է հանդիպել «յոթն ու քառսունքը մի դռնով հանելու» սովորույթին (հետագայում պիտի ջանամ այլ սովորույթների էլ անդրադառնալ): Հաճախ այս խոսքը կարելի է լսել գերեզմանատներում` իբր ծանուցում ներկաների, թե ննջեցյալի ընտանիքը յոթն ու քառասունքը մի օրում է անելու: Այս ասելով` նկատի ունեն, թե 7-րդ օրը հոգեհաց կտրվի, իսկ քառասունքին այլևս հոգեհաց չի լինի: Եվ սրանով ամեն բան ավարտված է. հաց կտաս, կլինի, չես տա, չի լինի: Իսկ այդ օրերի հոգևոր խորհո՞ւրդը: Հոգեհացի մե՞ջ է արդյոք այդ օրերի խորհուրդը:

Իրականում եկեղեցական ծեսը Յոթնօրեք և Քառասնօրեք կատարելու նույնն է, բայց անգամ այս թույլ չի տալիս, որ  «յոթն ու քառսունքը մի դռնով հանվեն», որովհետև այդ օրերից յուրաքանչյուրը ունի իր նշանակությունը ննջեցյալի համար, որ ավանդաբար փոխանցում են եկեղեցու վարդապետները: Փորձենք տալ մի քանի հիմնավորումներ, որոնք մի փոքրիկ լույս կգցեն այս ծիսակարգերի վրա ու գուցե առանձին դեպքերում շտկեն արդեն հնավանդ դարձած թյուր սովորությունները:


ՅՈԹ կամ ՅՈԹՆՕՐԵՔ

Նկատի ունենանք, որ նախկինում եկեղեցական սկզբունքը եղել է մինչև յոթներորդ օրը ամեն օր այցելել ննջեցյալի շիրիմին, աղոթք անել և աստիճանաբար ավելացնել հողը գերեզմանի վրա: Այցելության ամեն մի օրը ունի իր նշանակությունը և խորհուրդը:
«Յոթերորդ օրվա հիշատակությունը և գերեզման այցելելը ունեն բազում խորհուրդներ. նախ`
  • Սուրբ Հոգու յոթ շնորհների (իմաստություն, հանճար, խորհուրդ, զորություն, գիտություն, աստվածպաշտություն, Աստծո երկյուղ), ապա` եկեղեցու յոթ Խորհուրդների (Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Ձեռնադրություն, Պսակ Ամուսնության, Վերջին օծում կամ կարգ հիվանդաց):
  • Ադամից հետո յոթներորդը` Ենովքը, կենդանի մարմնով երկինք բարձրացավ:
  • Վեց օր գործեց Աստված և յոթերորդ օրը հանգստացավ և օրհնեց յոթերորդ օրը, որի համար աղաչում ենք, որ այսօր Տերն այդ ննջեցյալի հոգին ևս հանգստացնի և օրհնության արժանացնի:
  • Դարձյալ` Տերը շաբաթվա վեցերորդ օրը մարմնով մտավ գերեզման ու լուծարեց ապականությունը, և հոգով իջավ դժոխք ու ազատեց գերյալներին, իսկ կիրակի` յոթերորդ օրը Հարություն առավ և Հարություն տվեց ազատված գերյալներին ու հանեց երկինք: Այդ պատճառով այսօր մենք հայցում ենք, որ Տերը լուծարի ննջածի ապականությունը, ազատի նրա հոգին օդային իշխանությունից և վերջին օրը նրան հարություն շնորհելով` հավիտենական կյանքին արժանացնի: 
  •  Յոթերորդ օրվա աղոթքներում խնդրում ենք, որ Տերը ննջեցյալի հոգին խառնի մարտիրոսների գնդին, և որ դատաստանի օրը ննջեցյալը չամաչի ատյանում: խնդրում ենք նաև, որ դևերի իշխանությունը չլինի ննջեցյալի վրա, և չար հոգիները չտրտմեցնեն ննջեցյալի հոգին, այլ բարի հոգին առաջնորդի նրան իր օթևանը և հույսով հանգստացնի սրբերի դասերում: Խնդրում ենք, որպեսզի Տերն Իր բարեգթությամբ անտեսի ննջեցյալի հանցանքները, տա նրան համարձակություն` կանգնելու Աստծո առջև և դատաստանի մեջ չմտնի նրա հետ»:


ՔԱՌԱՍՈՒՆՔ կամ ՔԱՌՍՆՕՐԵՔ
Քառասունք կատարելու սովորությունն էլ անշուշտ ունի իր իմաստը: Այն մեծապես կապված է Տեր Հիսուսի Հարությունից հետո մինչև Համբարձում ընկած 40 օրերի հետ, երբ Հիսուս տակավին շրջում էր մարդկանց մեջ ու քարոզում իր առաքյալներին (Գործք. 1:3): Ահա այս օրինակով էլ Սուրբ Եկեղեցին հավատում է, որ մահից/թաղումից հետո հոգին 40 օրեր տակավին երկրի վրա է: Այս 40 օրերի ավարտին, որպես այսպես ասած հրաժեշտ էլ կատարում ենք քառասնօրեքի կարգը: 
Սրան զուգահեռ, մեկ այլ կարևոր սովորույթ ու մեկնաբանություն էլ կա քառասունքին առնչվող, որը թերևս իսպառ վերացել է հայերիս հոգևոր կենցաղվարությունից: Այդ մասին մանրամասները կարելի է գտնել Արամ դպիր Դիլանյանի հրատարակած «Հոգեհանգստի Խորհրդաբանություն» գրքում: Ստորև (ինչպես նաև վերևում` յոթնօրեքին վերաբերող կետերում) ներկայացնում եմ հատված այս գրքից:
  • Ննջեցյալների համար քառասուն օր պատարագ մատուցելու կարգը` Քառասունքը, սովորեցնում են Աստվածաշունչ գրքերը և սրբազան Ավանդությունները: Ողջերի ու մեռածների այդ մեծ ու հնարավոր ուխտի մասին ամբողջ քրիստոնյա Եկեղեցում վկայում է առաքելական այր ու մեծ պատմագիր Եվսեբիոսը: Այս կարգը սահմանել է Փիլիպպոս առաքյալը, ով լավ գիտեր Քրիստոսի պատարագի մեծությունը: Նա, իրեն պատժապարտ համարելով, պատվիրել էր իր հիշատակի համար քառասուն օր շարունակ պատարագ մատուցել` սկսած իր վախճանի օրից, քանի որ Տիրոջից հանդիմանվել էր բարկացկոտության համար...
  • Գիտենք Աստվածաշունչ գրքից, նաև ստուգապատում պատգամագիրներից, որ հոգիները մարմնից ելնելուց հետո պատերազմում են օդային դևերի հետ, ինչպես Անտոնը տեսավ իր տեսիլքում: Նաև առաքյալն է վկայում, որ մեզ սպասվում է պատերազմ խավարային իշխանությունների և պետությունների հետ, որոնք գտնվում են երկնքի տակ (տես Եփես. 6:12): 
  • Որպես ննջեցյալներին հիշատակողի և նրանց համար ողորմություն անողի օրինակ` ունենք նաև Հուդա Մակաբայեցուն, ով փող էր հավաքում և ուղարկում Երուսաղեմ` ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու նպատակով (տես Բ Մակ. 12:43-46), ինչպես նաև Բոոսին, ով ողորմություն էր անում մեռելների ու ողջերի համար (տես Հռութ 2:20):
  • Եկեղեցին հավատում է, որ մեղավոր մարդը, եթե մկրտված է, երբ մահվան ժամին արժանանում է ուղիղ և անարատ հավատով խոստովանության, և վախճանից հետո քահանա 40 օր սուրբ պատարագների միջոցով հիշատակում է հանգուցյալին Հիսուս Քրիստոսի առջև, ապա այդ կարգը կարող է վախճանված հոգուն խորը անդունդից կորզելով վեր հանել:


Ահա այսքանը, հուսամ, թեև երկար էր, այնուամենայնիվ օգտակար եղավ: Հավելյալ տեղեկություններ այս թեմայի առնչությամբ կարող եք քաղել նաև այս տեսանյութից: Տերը օրհնի բոլորիդ և ձեր ընտանյաց հին ու նոր ննջեցելոց:

1 արտահայտվիր:

Unknown said...
8/13/16, 1:56 PM

Լսած կլինեք՝ մահվանից հետո ննջեցյալի հոգին 40 օր թափառում է երկրի վրա, եւ միայն 40 օր հետո է համաբառնում երկինք, այնպես, ինչպես Քրիստոսինը: Հաճախ այս ընթացքում է, որ մարդիկ ասում են՝ ես տեսա նրան: Իսկ իրականում, ինչպես տեղեկացնում է քահանա Սարգսյանը, ննջեցյալի համար պահվող քառասունքը նրա համար չէ, թե իբր հոգին այստեղ է, դա նրա համար է, որ ննջեցյալի հոգին աղոթքի կարիք ունի եւ մենք աղոթում են: Մենք ննջեցյալի համար մեծ պահք ենք պահում, պահք, որ կատարվում է աղոթքով: Քրիստոսը 40 օր անապատում ծոմ պահեց, մենք այս 40-ի հատվածն ենք վերցրել՝ ծոմով եւ աղոթքով, պետք չէ շփոթել Քրիստոսի հարությունից հետո 40 օր մինչեւ համբարձումը երկրի վրա շրջելու հետ:

-Քրիստոսը մահացավ եւ հարություն առավ: Հարություն առնելուց հետո հոգին միավորվեց մարմնին եւ մնաց հատուկ նպատակի համար, որ այն, ինչ քարոզել էր՝ առաքյալների մեջ ամրացնի, հիմնավորի եւ նոր գնա: Իսկ ննջեցյալի հոգին մնա՝ ի՞նչ անի,-ասում է տեր Փավստոսը,-Ըստ մեր քրիստոնեական վարդապետության, հոգին այստեղ թափառելու իրավունք չունի, այսինքն, եթե հոգին դուրս գա եւ թափառի կնշանակի, որ աստվածային հսկողությունից դուրս է: Աստված ինքն է արարել, ինչպե՞ս իր արարածին հենց այնպես կթողնի: Աստված ոչ անզոր է, ոչ աննպատակ, նա զորավոր է եւ նպատակային: Հետեւաբար, եթե ինձ կյանք է տվել եւ դա այն նպատակով է, ես պետք է գործեմ: Ավարտեցի այս աշխարհում իմ գործը, Աստված կյանքս հետ պահանջեց, աշխարհից դուրս հանեց, այլեւս մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ: Հոգին երկրի վրա թողնելու որեւէ նպատակ չկա: Մարդը մահացավ, հոգին անմիջապես գնում է, այլեւս աշխարհի հետ որեւէ առնչություն չունի:

Ըստ քրիստոնեական վարդապետության, հոգին մահվանից հետո գնում է սպասակայան: Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ բոլորի մահացածների հարությունը տեղի կուենա, նույն մարմինն ու հոգին կվերամիավորվեն իրար, եւ նոր դրախտի ու դժոխքի բաշխումը տեղի կունենա: Քանի դեռ հարությունը տեղի չի ունեցել, հոգիները գտնվում են սպասման վիճակում:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...