Showing posts with label թումանյան. Show all posts
Showing posts with label թումանյան. Show all posts

3.12.13

ՆՈՐԻՑ ԱՅՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ...

Զարմանք բան է, բայց Ամենայն Հայոց բանաստեղծի այս ֆելիետոնին (ավելի ճիշտ՝ «Ֆելիետոնի փոխարեն»-ին) միայն այս երկու օրը ծանոթացա և բավական ուրախացա: Ուզում եմ կիսվել նաև ընթերցողիս հետ. գուցե և ոմանք էլ ձեզանից ծանոթ չէին մեր օրերի համար շատ արդիական այս չափածոյին:

ՀԱՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ 
(Ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։

Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր Աստված հեռու տանի
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Մի շնորհքով... պոետ չըկա։

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին— գլուխ տարան,
Մենք էլ տարանք... բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Մի հատ կարգին... արտիստ չըկա։

Վիպասանին քանքար ասին,
Մենք էլ արինք... Աստվածաբան,
Բայց մի հարցրեք նրա մասին,
Թե ի՞նչ կասի սովրող տղան—
Չէ իմանում պատմել իրավ,
Թե Քրիստոսն ինչպես հարյավ...
Չէ, մեզանում, Աստված վկա,
Կարգին... մի վեպ գրող չըկա։


8.10.12

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ - ԷՋՄԻԱԾԻՆ

Համայն հայության հոգևոր մայրաքաղաքը՝ Էջմիածինը, ի տարբերություն աշխարհի շատուշատ քաղաքների, իր տոնը նշում է տարվա մեջ 2 անգամ։ Թերևս ես կառանձնացնեի այդ տոները որպես Սուրբ Էջմիածնի Տոն, որը նշվում է Հոգեգալուստի տոնից 2 շաբաթ հետո՝ տոնախմբելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ ՄԻԱԾՆԻ ԷՋՔԻ (այստեղից էլ՝ ԷՋՄԻԱԾԻՆ) տեսիլքը և Հայոց հողում քրիստոնեության հաստատումը, և Վաղարշապատ քաղաքի տոն, որը, չնայած Վաղարշապատի 2699-ամյա պատմությանը, նշվում է միայն վերջին տարիներին այս՝ հոկտեմբերի 8-ի օրը։ Մի տեսակ խճճված է իմ ծննդավայր այս քաղաքի անվան հարցը, քանի որ մինչև 20-րդ դարի կես այն հայտնի է եղել որպես Վաղարշապատ, իսկ այսօր այն առել է իր սրտի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անվանումը և կոչվում է պարզապես ԷՋՄԻԱԾԻՆ։ Անվանումների այս «թնջուկը», միևնույն ժամանակ, առիթ է ստեղծել տոնելու Էջմիածնի տոնը տարեկան 2 անգամ, ինչը կարծում եմ, հիանալի է։


10.9.12

ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Շատ պատահական իմացա, որ այսօր «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ» է։ 
Ինչպե՞ս կարելի է պայքարել այս ցավի, մեզանում և աշխարհում վաղնջական ժամանակներից արմատ ձգած աններելի այս մեղքի (հմմտ. Մատթ. 12:27) դեմ, միանշանակ ասել դժվար կլինի։ Ինքնասպանության դրդապատճառները բազմազան կարող են լինել, սակայն ի վերջո ամեն մի պատճառ, ըստ իս, հանգում է մեկ ընդհանուր ելակետի. մեր հասարակության մեջ ինքնասպանությունների արմատը մարդ արարածի մեջ աստվածային 3 առաքինությունների՝ Հույսի, Սիրո և Հավատի պակասն է։ Կուզեի շատ գրել այս թեմայի շուրջ, բայց... սոսկ կարձանագրեմ բացահայտ մի ճշմարտություն, որ պարտավոր է հիշել ամեն մի քրիստոնյա` ինքնասպանությունը ելք չէ. ամեն տեսակ անելանելի թվացող վիճակից այլ ելք, մինշանակ, կա. ապավինի՛ր Աստծուն. Աստված միշտ քեզ հետ է։ Իսկ հիմա կառաջարկեմ ընթերցել, կամ որ ավելի լավ է, անգիր սովորել «Ամենայն Հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի անվերնագիր մի բանաստեղծությունը, որն իմ կարծիքով կարճ մի պատգամ է յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա ինքնասպանության հակված, թե ոչ։ 

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում:

9.3.12

ՇՈւՆՆ ու ԿԱՏՈւՆ ՄԵՐ ՕՐԵՐՈւՄ

Ականջդ կանչի մե՛ծդ Թումանյան. տեսնես նման բան կպատկերացնեի՞ր, երբ գրում էիր.

Էն օրվանից մինչև օրս էլ 
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.

Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ
:

Կից ֆիլմը, որ տեսագրել են Սուրբ Գայանե վանքի միանձնուհիները, ներկայացնում է Ջեք շան և Վանիկ կատվի ընկերութունից մի պատառիկ, որից սակայն, մենք` homo sapiens-ներս, որ նաև Աստծո պատկերը կրողներն ենք, միանշանակ սովորելու շատ բան ունենք` սեր, հանդուրժողականություն, ձերբազատում կարծրատիպերից, թշնամանքից ու մի «գդակի» պատճառով միմյանց ստելուց, իրար միս ուտելուց, մեկմեկու ատելուց...
Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն (Առակ. 10:12)։ 

7.8.11

ՀԱՅԻ ՑԱՎԸ

Հայը թեև շատ ցավ ունի
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար: 
Առե՜ք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ: 
Ձեռք ես առնումէլ բան չըկա
Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ: 
Շուռ ես տալիս, այլ տեղկարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ: 
Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(
Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
Կին է պահում ապօրինի...
Հապա այստեղմեր կենտրոնում`
Հայ տերտերը դրժած ուխտին,
Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին: 
Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,
Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ...
Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան, —
Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ ընծայարան...
Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
Եթե ուսում առնի կարգին: 
Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ: 
Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտե՛ր, տերտե՛ր...


«Հայի ցավը» բանաստեղծությունը, որ «տերտերի» որդի Հովհաննես Թումանյանը 1898թ. նվիրել է հանրահայտ «Մշակ» պարբերականին, որքան էլ որ սարկազմիկ լինի (բանաստեղծի թեթև ձեռքով սարկազմը հատկապես խայթում է ժամանակի լրատվամիջոցներին) միանգամայն արդիական է: