Showing posts with label քարոզ. Show all posts
Showing posts with label քարոզ. Show all posts

25.10.12

ՀՈԳՈՒ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ


Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մէջ ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը (Մատթ. 18։8-9)։

Սուրբ Ավետարանի այս հատվածը, որտեղ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է գայթակղության մասին, թերևս ամենագայթակղիչներից է եղել քրիստոնեության ողջ պատմության մեջ. պատահական չէ, որ վաղ եկեղեցու այնպիսի կարկառուն ներկայացուցիչ, ինչպիսին Որոգինեսն էր, բառացի հասկացավ այս տողերը և բառացիորեն կիրառեց իր կյանքում։ Ակնհայտ է, որ Քրիստոս այստեղ խոսում է գայթակղությունից հեռու մնալու և արդյունքում «կյանք մտնելու» լավագույն ճանապարհի մասին, սակայն բոլորին է հայտնի, որ ինքնախեղման ցանկացած դրսևորում քրիստոնեկան տեսանկյունից պարսավելի է։ Եվ մյուս կողմից, եթե անգամ կտրես ձեռքերդ, մի՞թե կհաղթահարես, ասենք, գողության ցանկությունը, եթե հանես աչքեդ, մի՞թե կդադարես շնանալ մտովին։ Գլխացավը բուժելու լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ, ամենևին. անհրաժեշտ է սոսկ գտնել ցավի պատճառը, դրա աղբյուրը և պայքարելով դրա դեմ՝ վերջնականապես ձերբազատվել գլխացավից։ Եվ Հիսուսը հենց այս մասին է խոսում։ Մեր գայթակղությունների պատճառը, սիրելիներ, թաքնված է մեր ցանկությունների և հրապուրանքների մեջ. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»,- ասում է Սուրբ Հակոբոսը (Հակ. 1։14-15)։

25.9.12

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ cover photo -ներ

Համացանցում բավականաչափ առատ են Ֆեյսբուքյան ետնանկարները (timeline cover photo) ամենատարբեր թեմատիկաներով, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից հետաքրքիր ու կրեատիվ: Ինձ դուր է գալիս այն, որ հաճախ այդ պատկերները որոշակի դաստիարակիչ, միավորող ու հստակ պատգամներ արտահայտող ենթատեքստեր են ունենում: Բայց մի բաց, հասկանալի պատճառներով, ակնհայտ է. ետնանկարների բազմազանության մեջ չափից դուրս քիչ են քրիստոնեական, հոգևոր և աստվածաշնչյան թեմաների ու տեքստերի առնչվող cover photo-ները: Այդ իսկ պատճառով տկար ուժերիս ներածին չափով ձեռնամուխ եղա դրանցից մի քանիսի պատրաստմանը:

7.7.12

ՈՂՈՐՄՈՒԹՅՈ՞ՒՆ, թե ԶՈՀ



Ողորմություն եմ կամենում և ոչ` զոհ... 
(Մատթ. 12:7) 


Այսօր պիտի մտորենք բոլորիս քաջ հայտնի ավետարանական մի հատվածի վերաբերյալ (Մատթ. 12:1-7): Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտով, և օրը շաբաթ էր: Աշակերտները քաղցած էին, ուստի ցորենի մի քանի հասկ պոկելով` տրորեցին ձեռքերի մեջ և կերան: Հավանաբար մոտակայքում փարիսեցիներ կային կանգնած, ում աչքից այս եղելությունը չվրիպեց: Եվ քանի որ փարիսեցիները մշտապես առիթ էին փնտրում Փրկչին որևէ զանցառության մեջ բռնացնելու և հանդիմանելու համար, անմիջապես արձագանքեցին.
- Մի՞թե չգիտեք, որ օրինավոր չէ շաբաթ օրով նման աշխատանք կատարելը:

3.6.12

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԸ ԵՐԵԿ և ԱՅՍՕՐ





Վայելենք հոգևոր երգը


«Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով...» (Գործք 2:4)

Հոգեգալուստ է, Աստծո Սուրբ Հոգու զորության ու ներգործման, Քրիստոսի եկեղեցու հաստատման և քրիստոնյայի` աշխարհին նետած մարտահրավերի տոն: Ղուկաս Ավետարանիչը, Գործք Առաքելոցում ներկյացնելով այս հիասքանչ եղելությունը, պատմում է, որ երբ Քրիստոսի առաքյալնրը, 72 աշակերտները, Սուրբ Կույս Աստվածածինը և այլոք` թվով 120 հոգի, հավաքված Վերնատանը միասիրտ, միատեղ էին,  «հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա» (Գործք. 2:1-4): Այնուհետև ավետարանիչը ըդգծում է մի շատ կարևոր տող` «Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով...»:

29.5.12

ՃԱՆԱՉԵԼ ՔՐԻՍՏՈՍԻՆ


Կարդա՛նք՝ Հովհ. 10: 1-16

Գառները լսում են Հովվի ձայնը և հետևում են նրան (Հովհ. 10:3-4):

Եթե ժամանակակից աշխարհում մարդուն ոչխար կամ գառ անվանես, այդ միանշանակ վիրավորական պիտի հնչի և նույն կերպ էլ ընկալվի: Ահա այդ է պատճառը, որ այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի համեմատությունը, թե «Ես եմ հովիվը, իսկ դուք իմ ոչխարները»  (հմմտ. Հովհ. 10:14) որակում են որպես վիրավորական և անհարիր:
Սակայն եթե մտովի ճանապարհորդենք դեպի առաջին դար և տեսնենք, թե ի՛նչ նկատի ուներ Քրիստոս այդ ասելով, պատկերն ու տպավորությունը միանգամից պիտի փոխվեն դեպի դրականը:

5.3.12

ՆԱԽԱՆՁ

Հիվանդասենյակում 2 հիվանդ կար` մեկը պատուհանին շատ մոտ, մյուսը` բավական հեռու, ուստի նա, ով պատուհանի մոտ էր պառկած, ամեն օր հեռու պառկածի խնդրանքով պատմում էր, թե ի՛նչ է կատարվում դրսում:
- Հիասքանչ բնություն է` լեռներ, լանջերին` խիտ անտառներ, որոնց գրկում գետակն է անուշ խոխոջում: Ապա տարածվում են դաշտերը` ոսկի ցորենով ծփացող: Ուղիղ մեր դիմաց այգի է, մանուկներ են վազվզում: Ահա քիչ այնկողմ սիրահար զույգ է նստած` երազկոտ ու հմայիչ,- պատմում էր պատուհանի մոտ պառկած հիվադը` օր օրի թարմացնելով տեսարանները արևով, ջերմությամբ, խաղաղությամբ ու կյանքով:
Հեռվում պառկած հիվանդը պատկերացնում էր տեսարանները, մտովի վերապրում և արդյունքում բարելավվում էր նրա ինքնազգացողությունը:

25.1.12

ԼՈ՞ւՅՍ ԵՍ, ԹԵ՞ ԽԱՎԱՐ (Հովհ. 3:13-21)


Լուսանկարը` Տ. Մարկոս քահանայի
Կարդա՛ Հովհ. 3:13-21

Լսել ձայնագրությունը

Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը (Հովհ. 3:19)

Գոյություն ուներ մի հարց, որը երկար ժամանակ ինձ համար կարծես լիարժեք պատասխան չէր գտնում. «Ինչո՞ւ մենք` քրիստոնյաներս հաճախ չենք կարողանում լինել ճշմարիտ քրիստոնյաներ, ինչ-որ բան խանգարում է լինել այնպիսին, ինչպիսին Քրիստոս Աստված կուզեր մեզ տեսնել: Ինչո՞ւ ենք մենք լինում քրիստոնյա, մնալով սակայն, կիսատ, մակերեսային քրիստոնյա»: Հարցիս պատասխանը գտա Սուրբ Գրքի այս խոսքերի մեջ«Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը» (Հովհ. 3:19):

18.1.12

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ (Հովհ. 2:1-11)

Կարդա՛ Հովհ. 2:1-11

«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու Նրա աշակերտները հավատացին Նրան» (Հովհ. 2:11)։

Ավետարանական այս փոքրիկ հատվածը մեզ բացահայտում է բացառիկ մի դրվագ, որտեղ Սուրբ Հովհաննես առաքյալը հանգամանալից ներկայացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի առաջին հրաշքը, որը տեղի ունեցավ Գալիլիայի Կանա քաղաքում` հարսանիքի ժամանակ: Առհասարակ հրեաների կյանքում  հարսանիքներն յուրահատուկ առիթներ էին առօրյա միօրինակությունից կտրվելու, դժվարին կյանքի լարվածությունը թոթափելու և ուրախանալու համար, հետևաբար դրանք (ինչպես և հայերիս մոտ է) ուղեկցվում էին երգ ու պարով, խրախճանքով: Ահա այսպիսի մի հարսանիքի, ինչպես տեսնում ենք, հրավիրված էին Հիսուսի մայրը` Մարիամ Աստվածածինը, աշակերտները և ինքը Հիսուսը: Հանկարծ հարսանեկան խրախճանքի ամենաթեժ պահին վերջանում է գինին: Սուրբ Կույսը, ով ամենայն հավանականությամբ զբաղված էր օրվա հյուրասիրության հարցերով, նորապսակ այս ընտանիքին ամոթից ու նախատինքից փրկելու համար շտապով դիմում է Քրիստոսին` ասելով. «Գինի չունեն» (Հովհ. 2:3): Հիսուսը մի տեսակ հասկացնում է մորը, որ քաջատեղյակ է դրան, բայց և միևնույն ժամանակ նշում է, որ իր ժամանակը դեռ չի հասել (Հովհ. 2:4): Կարծես չնկատելով Որդու ասածը` Աստվածամայրը կարգադրում է սպասավորներին` «Ինչ որ ասի ձեզ, արե՛ք» (Հովհ. 2:5), ինչից հետո Քրիստոս, տեղի տալով մոր խնդրանքին, պատվիրում է սպասավորներին հրեական լվացումների համար նախատեսված 6 քարե մեծ ջրամանների մեջ ջուր լցնել: Եվ հենց այստեղ է տեղի ունենում առաջին հրաշքը. ջուրը թակույկների մեջ վերափոխվում է գինու, այնպիսի անուշահամ գինու, որ անգամ զարմացնում է սեղանապետին:

7.1.12

ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ


«Քրիստոս ծնվեց և հայտնվեց. մեզ և ձեզ մեծ ավետիս»,- շնորհավորում ենք Սուրբ Ծնունդի օրերին և ի պատասխան օրհնում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սակայն, ինչպես կարգն է նմանատիպ դեպքերում, այս կրկնվող բառերն ու արտահայտությունները միշտ մի տեսակ մնում են ենթագիտակցական ոլորտում ու հաճախ խորամուխ էլ չենք լինում, թե ի՛նչ «բարի լուր» ենք դրանցով ստանում:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, տարածքում գտնվող հովիվները ականատես եղան մի զարմանահրաշ երևույթի. նախ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և ավետեց, որ ծնվել է աշխարհի Փրկիչը, ապա և հրեշտակների մեծազոր գնդերը սկսեցին երգել Սուրբ Ծննդյան առաջին երգը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:8-14): Առաջին նկատելի ավետիսը` բարի լուրը, որ բերեց Քրիստոսն աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է:

21.11.11

ԵՍ` «ՄԱՆԱՆԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Այս հիանալի ծրագիրը այսօր միավորում և հոգեպես զորացնում է հարյուրավոր քրիստոնյա երիտասարդների, ովքեր ամիսներ առաջ թերևս չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց կյանքը կարող է նմանատիպ շրջադարձ կատարել դեպի Աստված, դեպի քրիստոնեական արժեքները:

7.9.11

ՄԱ՛ՅՐ ՍՈՒՐԲ, ԲԱՐԵԽՈՍԻ՛Ր...

Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն հաստատվի, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ շատացնի մեր երկրում աղբյուրների բխումը, բույսերի ու տնկիների առատ պտղաբերությունը` ծառայելու մեզ հարկավոր ամեն պետքի, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: