«Քրիստոս ծնվեց և հայտնվեց. մեզ և ձեզ մեծ ավետիս»,- շնորհավորում
ենք Սուրբ Ծնունդի օրերին և ի պատասխան օրհնում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սակայն, ինչպես կարգն է նմանատիպ դեպքերում, այս
կրկնվող բառերն ու արտահայտությունները միշտ մի տեսակ մնում են ենթագիտակցական ոլորտում ու հաճախ խորամուխ էլ չենք լինում, թե ի՛նչ «բարի
լուր» ենք դրանցով ստանում:
Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ
երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, տարածքում գտնվող հովիվները ականատես եղան մի զարմանահրաշ երևույթի. նախ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և ավետեց, որ ծնվել է աշխարհի Փրկիչը, ապա և հրեշտակների մեծազոր գնդերը սկսեցին երգել Սուրբ Ծննդյան առաջին երգը.
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:8-14): Առաջին նկատելի ավետիսը` բարի լուրը, որ բերեց Քրիստոսն աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է: