Showing posts with label առակ. Show all posts
Showing posts with label առակ. Show all posts

12.1.21

ՊԱՏԿԵՐԱՑՐՈ՛Ւ...

Պատկերացրո՛ւ, մի օր քեզ է զանգահարում մի շատ հեռավոր եւ շատ հարուստ ազգական ու ասում, որ իր ողջ ունեցվածքը կտակում է քեզ։

- Ինչո՞ւ հենց ինձ,- չհավատալով հարցնում ես դու:

- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է նա, եւ ավելացնում, որ անձամբ ժամանելու է քո տուն` կտակը հանձնելու։

Պատկերացրո՛ւ, որ այդպես էլ լինում է, եւ դու դառնում ես շա՜տ հարուստ։ Բարերարիդ մահվանից հետո որոշում ես ամեն տարի նրա` քեզ այցելելու օրը դարձնել տոն` հարստացման օր։

Պատկերացրո՛ւ, այդպես էլ անում ես։ Ամեն տարի նախապատրաստվում ես այդ կարեւոր տոնին, հրավիրում ես ընկերներիդ, համախմբում ես ընտանիքիդ անդամներին, զարդարում ես տունդ, պատրաստում համեղագույն ուտելիքներ եւ բոլորին բաշխում նվերներ...

Բայց պատկերացրո՛ւ, որ ամեն տարի, երբ այդ օրը գալիս է, եւ դու ամենայն մանրամասնությամբ կյանքի ես կոչում այս հոբելյանական ծրագրերը, ամեն ագամ կենացի բաժակ բարձրացնելիս դու մտքիդ ծայրով անգամ չես հիշում ու չես հիշատակում նրան, ով կյանքդ փոխեց 180 աստիճանով...

Ու պատկերացրո՛ւ, որ շուրջդ հավաքված մարդիկ, որոնք ժպտում ու վայելում են քո պատրաստած տոնը, հավանաբար, իրենց մտքում մտածում են, որ դու երախտամոռ ես...

Պատկերացրո՛ւ, երախտամոռ ենք բոլորս, երբ Սուրբ Ծնունդն ենք տոնում, չանդրադառնալով, թե Ում ծնունդն ենք տոնում, թե ի՜նչ ահռելի կարեւորություն ունի այդ տոնը մեզ համար։

Պատկերացրո՛ւ, մարդուց այդքան հեռու թվացող Աստված անձամբ աշխարհ եկավ, մեր կյանք եկավ ինձ ու քեզ տալու անգին հարստություն` Իր արքայությունը, Իր սերը, Իր շնորհը եւ ի վերջո, Ինքն Իրեն տալու։

Ինչո՞ւ։

- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է Քրիստոս Որդու քաղցր ձայնը,- որովհետեւ ուզում եմ, որ քո կյանքը փոխվի, ուզում եմ երջանիկ լինես, ուզում եմ ապրես ու չմեռնես...

Իսկ դո՞ւ...

Իսկ դու, պատկերացրո՛ւ, սոսկ ինչ-որ տոն ես նշում, զարդարում, ուտում-խմում, նվիրում ու... Պատկերացրո՛ւ, Հիսուսի տարեդարձն ես նշում` հոբելյարին անտեսելով, բարերարիդ չհիշելով...

Մինչդեռ պետք էր ծնկել Նրա փառքի առաջ ու ասել` ՇՆՈՐՀԱԿԱ՜Լ ԵՄ, ՏԵ՛Ր...

Պատկերացրո՛ւ, այսօր հենց այդ օրն է...

Տեր Հուսիկ

15.4.12

ԴԱ ՎԻՆՉԻ` ՄԱՐԴ ՀԱՆՃԱՐ


1452թ. ճիշտ ապրիլի 15-ին ծնվել է աշխարհի ամենահանճարեղ ու խորհրդավոր մարդկանցից մեկը` Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչին (մահացել է 1519թ. մայիսի 2-ին), ով ընթերցողին հայտնի է առավելաբար որպես Վերածննդի դարաշրջանի կարկառուն գեղանկարիչ: Ամենևին չհանդգնելով թերագնահատել դա Վինչի գեղանկարչին` այնուամենայնիվ պիտի նշեմ, որ մեծ վարպետը հանճարեղորեն փայլել է նաև որպես քանդակագործ, ճարտարապետ, գյուտարար, ինժեներ, ֆիզիկոս, քիմիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, անատոմ, բուսաբան, երկրաբան, փիլիսոփա, աշխարհագրագետ, լեզվաբան, երաժիշտ և գրող:
Ահա հատկապես այս վերջին տաղանդը հաշվի առնելով` ցանկանում եմ ներկայացնել դա Վինչիի հետաքրքիր առակներից մեկը` վստահ լինելով, որ այն շատերիդ համար ուսուցողական պիտի լինի:

5.3.12

ՆԱԽԱՆՁ

Հիվանդասենյակում 2 հիվանդ կար` մեկը պատուհանին շատ մոտ, մյուսը` բավական հեռու, ուստի նա, ով պատուհանի մոտ էր պառկած, ամեն օր հեռու պառկածի խնդրանքով պատմում էր, թե ի՛նչ է կատարվում դրսում:
- Հիասքանչ բնություն է` լեռներ, լանջերին` խիտ անտառներ, որոնց գրկում գետակն է անուշ խոխոջում: Ապա տարածվում են դաշտերը` ոսկի ցորենով ծփացող: Ուղիղ մեր դիմաց այգի է, մանուկներ են վազվզում: Ահա քիչ այնկողմ սիրահար զույգ է նստած` երազկոտ ու հմայիչ,- պատմում էր պատուհանի մոտ պառկած հիվադը` օր օրի թարմացնելով տեսարանները արևով, ջերմությամբ, խաղաղությամբ ու կյանքով:
Հեռվում պառկած հիվանդը պատկերացնում էր տեսարանները, մտովի վերապրում և արդյունքում բարելավվում էր նրա ինքնազգացողությունը:

7.11.11

ԽՆՈՑԻ

Աշնան արևը ծուլորեն պարպում է իր ջերմության վերջին մնացորդները` ջանալով լույսով ցողել Աստծո ամեն մի արարածի: Առաքել պապը` կնճիռների արանքում սքողած նահապետական իմաստությունը, ճակատը` արևին դեմ-հանդիման, նստել է ծռված պատի մոտ` ցածրիկ աթոռին, և երկար ունքերի տակից նայում է տերևաթափ բակին` մտովի վերականգնելով երբեմնի շեն պարտեզը:
- Է՜հ,- բազմանշանակ արտաբերեց պապը և ափով ցավագին զարկեց ծնկին:
Ձեռքը սահեց տաբատի պատռվածքի վրայով. հիշեց պառավին... «Ո՞ւմ ա պետք մենակ մարդը, մի կարկտանի էղածն ինչ ա, առանց կնգա գլուխ չի գալի, էլ չասեմ հայաթը, տունը, մարագը...»,- ծերունական որովայնախոսությամբ քթի տակ մռթմռթաց Առաքել պապը ու ձգվեց դեպի հանգիստ օրորվող խնոցին:
- Հո ՜-պա ՜,- ծանրորեն վանկարկելով` ողջ մարմնով հրեց այն: