Showing posts with label Մեսրոպ Մաշտոց. Show all posts
Showing posts with label Մեսրոպ Մաշտոց. Show all posts

3.7.12

ՀԵՐՈՍտրատ


Մոտ մեկ ամիս առաջ մկրտություն էի կատարում մեր հինավուրց վանքերից մեկում: Մկրտվում էին 2 եղբայր և քույրը, բոլորն էլ չափահաս երիտասարդներ: Հայոց Եկեղեցու կարգի համաձայն մկրտվողին, ով պետք է ծնվի Աստծուց՝ Սուրբ Հոգուց և ջրից , երկրորդ՝ հոգևոր անուն է տրվում, որպես նշան վերածննդի: Այս երկրորդ անունը հիմնականում որևէ սրբի անուն է լինում, որպեսզի մկրտվողը հետ այդու ունենա իր բարեխոս սուրբը և բացի այդ իմանա ու հետևի տվյալ սրբի կյանքի օրինակին՝ ապրելու Քրիստոսի արյան գնին փոքրիշատե արժանի կյանք: Եղբայրներից մեկի անունը Հայկ էր: Իմ հարցին, թե ունի որևէ նախընտրած սուրբ, ում անունը կուզենար կրել, երիտասարդը քմծիծաղ տվեց:

-   Կուզե՞ս Գևորգ կնքենք քեզ, Սուրբ Գևորգի անունով,- հարցրեցի ես ուշադրություն չդարձնելով նրա ոչ լուրջ վերաբերմունքին:
-   Չէ, այ՛ ցավդ տանեմ,- փողոցային մոտեցմամբ պատասխանեց երիտասարդը,- ի՞նչ Գևորգ, Հայկո, Հայկո լավ ա…
Ուզում էի հարցնել նրան՝ «ի՞նչ Հայկո… Սպիտակցի Հայկո, Կարգին Հայկո, թե՞ ՀՏ Հայկո»: Հազիվ դիմացա: Եթե ասեր Հայկ, միանգամից կմտածեի, որ հայոց նախածնողի անունն է նրա համար թանկ, բայց Հայկո՞…
Կողքից մի տարեց մարդ (հավանաբար հայրն էր) կարծես լուծեց թնջուկը.
-      Տե՛ր Հայր, պապուս անունը Գևորգ ա էղել, լավ ա, Գևո՛րգ դիր:
Ճիշտ, թե սխալ, ավելորդ համարեցի խոսել Սուրբ Գևորգի սխրանքի ու սրբության մասին. մարդն իր նախնիներին անգամ չեր ճանաչում ու հարգում (հուսամ Սուրբ Մկրտությունը աստվածային ներգործությամբ ինչ-որ կերպ լուսավորություն շնորհած կլինի երիտասարդին):

7.1.12

ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ


«Քրիստոս ծնվեց և հայտնվեց. մեզ և ձեզ մեծ ավետիս»,- շնորհավորում ենք Սուրբ Ծնունդի օրերին և ի պատասխան օրհնում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սակայն, ինչպես կարգն է նմանատիպ դեպքերում, այս կրկնվող բառերն ու արտահայտությունները միշտ մի տեսակ մնում են ենթագիտակցական ոլորտում ու հաճախ խորամուխ էլ չենք լինում, թե ի՛նչ «բարի լուր» ենք դրանցով ստանում:

Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, տարածքում գտնվող հովիվները ականատես եղան մի զարմանահրաշ երևույթի. նախ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և ավետեց, որ ծնվել է աշխարհի Փրկիչը, ապա և հրեշտակների մեծազոր գնդերը սկսեցին երգել Սուրբ Ծննդյան առաջին երգը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:8-14): Առաջին նկատելի ավետիսը` բարի լուրը, որ բերեց Քրիստոսն աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է: