Showing posts with label հարսանիք. Show all posts
Showing posts with label հարսանիք. Show all posts

18.1.12

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ (Հովհ. 2:1-11)

Կարդա՛ Հովհ. 2:1-11

«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու Նրա աշակերտները հավատացին Նրան» (Հովհ. 2:11)։

Ավետարանական այս փոքրիկ հատվածը մեզ բացահայտում է բացառիկ մի դրվագ, որտեղ Սուրբ Հովհաննես առաքյալը հանգամանալից ներկայացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի առաջին հրաշքը, որը տեղի ունեցավ Գալիլիայի Կանա քաղաքում` հարսանիքի ժամանակ: Առհասարակ հրեաների կյանքում  հարսանիքներն յուրահատուկ առիթներ էին առօրյա միօրինակությունից կտրվելու, դժվարին կյանքի լարվածությունը թոթափելու և ուրախանալու համար, հետևաբար դրանք (ինչպես և հայերիս մոտ է) ուղեկցվում էին երգ ու պարով, խրախճանքով: Ահա այսպիսի մի հարսանիքի, ինչպես տեսնում ենք, հրավիրված էին Հիսուսի մայրը` Մարիամ Աստվածածինը, աշակերտները և ինքը Հիսուսը: Հանկարծ հարսանեկան խրախճանքի ամենաթեժ պահին վերջանում է գինին: Սուրբ Կույսը, ով ամենայն հավանականությամբ զբաղված էր օրվա հյուրասիրության հարցերով, նորապսակ այս ընտանիքին ամոթից ու նախատինքից փրկելու համար շտապով դիմում է Քրիստոսին` ասելով. «Գինի չունեն» (Հովհ. 2:3): Հիսուսը մի տեսակ հասկացնում է մորը, որ քաջատեղյակ է դրան, բայց և միևնույն ժամանակ նշում է, որ իր ժամանակը դեռ չի հասել (Հովհ. 2:4): Կարծես չնկատելով Որդու ասածը` Աստվածամայրը կարգադրում է սպասավորներին` «Ինչ որ ասի ձեզ, արե՛ք» (Հովհ. 2:5), ինչից հետո Քրիստոս, տեղի տալով մոր խնդրանքին, պատվիրում է սպասավորներին հրեական լվացումների համար նախատեսված 6 քարե մեծ ջրամանների մեջ ջուր լցնել: Եվ հենց այստեղ է տեղի ունենում առաջին հրաշքը. ջուրը թակույկների մեջ վերափոխվում է գինու, այնպիսի անուշահամ գինու, որ անգամ զարմացնում է սեղանապետին: