«Քրիստոս ծնվեց և հայտնվեց. մեզ և ձեզ մեծ ավետիս»,- շնորհավորում
ենք Սուրբ Ծնունդի օրերին և ի պատասխան օրհնում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: Սակայն, ինչպես կարգն է նմանատիպ դեպքերում, այս
կրկնվող բառերն ու արտահայտությունները միշտ մի տեսակ մնում են ենթագիտակցական ոլորտում ու հաճախ խորամուխ էլ չենք լինում, թե ի՛նչ «բարի
լուր» ենք դրանցով ստանում:
Ղուկաս Ավետարանիչը պատմում է, որ
երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, տարածքում գտնվող հովիվները ականատես եղան մի զարմանահրաշ երևույթի. նախ Տիրոջ հրեշտակը հայտնվեց և ավետեց, որ ծնվել է աշխարհի Փրկիչը, ապա և հրեշտակների մեծազոր գնդերը սկսեցին երգել Սուրբ Ծննդյան առաջին երգը.
«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. 2:8-14): Առաջին նկատելի ավետիսը` բարի լուրը, որ բերեց Քրիստոսն աշխարհին, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է:
Ուշադրություն դարձնենք մեր կյանքին, ի՞նչ ենք մենք ամենաշատը փնտրում այս կյանքում, ի՞նչ ենք ամենից
շատ փափագում, ինչի՞ համար ենք անդադար պայքարում... Պետությունները պատերազմներ են մղում
հանուն խաղաղության, ազգերն ու ժողովուրդները արդարություն են պահանջում, որպեսզի
ապրեն խաղաղ ու անվրդով, մարդիկ տարիներ, առողջություն ու միջոցներ են վատնում
որպեսզի խաղաղ ու ապահով ապրեն իրենք ու իրենց սերունդները... Ու այս մոլագար
գոյության կռվի մեջ մենք ավելի շատ աղմկում ենք, քան խաղաղություն ենք ստեղծում. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9): Խաղաղությամբ
միակ մխիթարությունը, որ երբևիցե ունենում ենք,
քաղաքից դուրս, քաղաքակրթությունից հնարավորինս հեռու, բնության գրկում անցկացրած
ժամերն են, նկատե՞լ եք: Գիտե՞ք ինչու... Որովհետև բնության մեջ աղմուկ չկա,
բնության մեջ թվացյալ ամենամեծ աղմուկը ջրվեժի շառաչն է, քամու սուլոցը, երկնքի
որոտը, տերևի սոսափյունը, թռչնակի
դայլայլը, գետակի քրքիջը, ծղրիդի մեղդին... որոնցից մենք, որքան էլ տարօրինակ է,
խաղաղություն ենք քաղում. բնության մեջ աղմուկ չկա... Իսկ մարդը` բնության մենիշխան
տնօրինողը, ոչ միայն չի կարողանում իր հարատև խաղաղությունը գտնել, այլև աղմուկ է
կերտում (էկոլոգիայի մեջ մի ամբողջ աղետի ճյուղ կա, պատկերացնո՞ւմ եք, կոչվում է «էկոլոգիական աղմուկ»):
Ինչո՞ւ...
Մի մարդ, որոշում է առանձնանալ
աշխարհից, թողնել ամեն բան ու ապրել խաղաղության մեջ` միայնակ, առանց կողմնակի աղմուկի:
Հեռանում է սաղարթախիտ անտառ ու բնակություն է հաստատում այնտեղ, սակայն թռչունների
ծլվլոցը, գազանների ձայները նրան թույլ չեն տալիս գտնել իր խաղաղությունը, և նա որոշում
է գնալ այնտեղ, որտեղ բնություն չկա: Հասնում է ավազոտ անապատ. այստեղ նրա անդորրին
սկսում է խանգարել մոլագար քամին, առանձնանում է մթին քարայրում, իսկ այստեղ ջուրն
է կաթում ջրափոսի մեջ, և ճողփյունն արձագանքում է քարայրով մեկ: Ի վերջո բարկացած վերադանում
է տուն, գնում ու տեղադրում է ամենաթանկ ու արդյունավետ ձայնամեկուսիչ դռներն ու պատուհանները:
Թվում է, թե խաղաղ է: Առանձնանում է մի անկյունում ու հանկարծ` «թիկ-թակ, թիկ-թակ...»,- լսվում է ժամացույցի
ձայնը: Կատաղի սլանում է դեպի ժամացույցը և ուժգին զարկում է այն պատին: Ժամացույցը
1000 կտոր է լինում: Մարդը ինքնաբավ գնում ու նստում է իր «խաղաղության» անկյունում,
խորը շունչ է քաշում... և... «թիկ-թակ, թիկ-թակ...»,- լսում է սեփական սրտի զարկերը:
Մեր կայնքը սրանից ոչնչով չի
տրաբերվում. որքան էլ փորձես խաղաղությունը գտնել արտաքին պայմանների ու դրսևորումների
մեջ, միևնույն է, այն քեզ համար անհասանելի կմնա, քանի դեռ չես փոխել քո սիրտը, քանի
դեռ խաղաղ չէ ներաշխարհդ, քանի դեռ չես յուրացրել Քրիստոսի խաղաղությունը, իրական խաղաղությունը քեզանից հեռու կմնա. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ.14:26):
Մեր Տերը հաճախ էր ծովով շրջագայում, և ահա այդպիսի մի նավարկության
ժամանակ «...մեծ
հողմամրրիկ բարձրացավ ու ալիքները նավակի մեջ էր թափում, այնպես որ նավակը գրեթե լցվում էր։ Իսկ ինքը նավախելի կողմը բարձի վրա ննջում էր. նրան արթնացրին և ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ Եվ նա, արթնանալով, սաստեց հողմին և ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»։ Եվ հողմը դադարեց, ու մեծ խաղաղություն եղավ։ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպես վախկոտ եք. դեռևս հավատ չունե՞ք» (Մարկ. 4:37-40):
Որքա՜ն տիպիկ է այս դրվագը
բնութագրում մեզ... Մեսրոպ Մաշտոց վարդապետը, ով բացի հայոց այբուբենը ստեղծելուց
նաև հիանալի ապաշխարության շարականների հեղինակ է, իր շարականներից մեկում գրում
է. «Այս կյանքի ծովը ամեն օր ինձ ալեկոծում է, մրրկյալ ալիք թշնամին ինձ հարվածում է...»: Այո՛, այս կյանքը մի ծով է, մի ծով,
որն ավելի շատ փոթորկոտ է, քան խաղաղ. ալիքները հարվածում են մեզ ամեն կողմից և
առատորեն լցվում են մեր` Քրիստոսի առաքյալներիս նավակի` Սուրբ Եկեղեցու մեջ: Տերն
էլ է մեզ հետ նավակում: Մենք, սակայն հաճախ մոռանում ենք Նրա ներկայության մասին, կարծում ենք, թե Նա քնած է, չի
լսում մեզ այլևս, կարծում ենք, թե Նրա համար ամենևին էլ հոգ չէ, թե ի՛նչ կլինի մեզ
հետ` կկորչե՞նք, թե կփրկվենք, կհաղթե՞նք հանուն խաղաղության պայքարը, թե՞...
Ո՛չ, և ևս մեկ անգամ ո՛չ. ուղղակի
Աստված ուզում է, որ մենք քաջ լինենք, Նա ուզում է, որ մենք հավատանք, որ Քրիստոսի
հետևորդի համար իրական, ներքին, աստվածային ու հոգևոր խաղաղությունը միանգամայն
հասանելի է. բավական է միայն ձայն տալ. «Տե՜ր, քոնն եմ ես,
տո՜ւր քո խաղաղությունը...»:
Եվ Տերը պիտի սաստի
հողմերին ու «մեծ խաղաղություն պիտի լինի»:
«Միշտ
ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր հեզությունը հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է։ Հոգ մի՛ արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանությամբ հայտնի թող լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Քրիստոս Հիսուսով։ Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, - ա՛յն խորհեցեք։ Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք և տեսաք իմ մեջ, ա՛յն արեք։ Եվ խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ» (Փիլ. 4:4-9):
Դսեղ, Սուրբ Գրիգորի վանք, 2011
7 արտահայտվիր:
Խաղաղության հրաշալի մեկնաբանություն է Տեր Հոր կողմից, բայց ամենակարևորը՝ սրտից է այս ամենը: Գրիչդ միշտ բեղուն, մենք էլ միշտ սպասող Քո գրվածքներին:
Apri groghy, shat lav e grel
Շնորհակալություն հրաշալի և հետաքրքիր հոդվածի համար: Անահիտ
Ապրի կարդացողը: Հակառակ դեպքում անիմաստ են գրողի ջանքերը:
@Սարկավագի բլոգ : Վողջույն ես ամեն օր աղօթքներից հետո Ձեր Սայթում եմ պարզապես երբ չեմ գրում կոմենտներ ընթերցում եմ թե մյուս մարդիկ ինչ են գրում և շատ հետաքրքիր է Ձեր Սայթը էստեղ մենք շատերս իմանում ենք բաներ որ առաջ չգիտեյնք։ Սիրում եմ ձեզ Բոլորիտ։ Շնորակալություն
Շատ լավն է, կարդցեք` http://vardapet.blogspot.com/2012/05/blog-post_18.html#more
@Srk. :
Իմաստուն է գրված ես կարդացի դաել է Ձեր կայքը?
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: