Showing posts with label Աստվածածին. Show all posts
Showing posts with label Աստվածածին. Show all posts

13.2.18

ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՀԻՍՈՒՍԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՃԱՐ - Շավիղ 2

Հարց. Հետո ի՞նչ եղավ Հիսուսի հետ:

Պատասխան. Երբ քառասունքը լրացավ, հայրը և մայրը Հիսուսին տաճար բերեցին:

Հարց. Եղբա՛յր, շփոթեցրիր միտքս. Հիսուսը հայր ունի՞:

Պատասխան. Թող չշփոթվի միտքդ, Հիսուս երկրի վրա մարմնավոր հայր չունի, Հիսուսի Հայրը երկնքում է:

Հարց. Ապա այդ ասածդ ո՞վ է, որ Հիսուսին տաճար բերեց:

Պատասխան. Հովսեփ անունով մի արդար մարդ կար, նրա հետ նշանվեց Կույս Մարիամը, որ իրեն պահապան լիներ և ոչ թե՝ ամուսին:

Հարց. Արդեն լավ հասկացանք. Կույս Մարիամի Սուրբ Հոգով հղիանալը. արդ նշանածը իր ինչի՞ն էր պետք:

Պատասխան. Երկու պատճառով շատ անհրաժեշտ էր Կույս Մարիամին իր կողքին մի պահապան տեր ունենալ. նախ՝ եթե Կույս Մարիամը իր կողքին տեր չունենար, ու ժողովուրդը նրա հղիության մասին իմանար, նրան պիղծ համարելով՝ իսկույն կքարկոծեր, որովհետև օրենքն այդպես էր հրամայում: Երկրորդ՝ եթե Սուրբ Հոգով հղիանալը հասկանային, Հիսուսին չէին խաչի, ու մարդկային բնությունը սատանայի գերությունից չէր ազատվի. դրա համար Աստված այնպես տնօրինեց, որ Հովսեփին Հիսուսի հայրը համարելով՝ Մարիամին չէին կասկածի: Բայց Հիսուսին չէին հավատում ու ասում էին. «Սա հյուսնի տղան չէ՞» (Մարկոս Զ 3):

Հարց. Որտեղի՞ց գիտես, որ այս բանը Աստված է տնօրինել:

Պատասխան. Ահա՛, Հովհաննես ավետարանիչը, Եսայի մարգարեից վերցնելով, գրում է. «Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան և դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Հովհաննես ԺԲ 40):

Հարց. Երբ Հիսուսին տաճար բերեցին, հրաշք երևա՞ց:

Պատասխան. Այո՛, երբ Հիսուս տաճար եկավ, Սրբություն Սրբոց ասված տեղը արևելյան կողմում մի դուռ ուներ, որ շատ տարիներ առաջ փակված էր. այդ դուռն ինքնիրեն բացվեց:

Հարց. Այդ դռան մասին կանխապես գրված կա՞ր:

Պատասխան. Եզեկիել մարգարեն գրում է. «Նա ինձ ետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դեպի արևելք: Այն փակված էր: Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով» (Եզեկիել ԽԴ 1-3):

Հարց. Այդ դռան բացվելու մասին մարդ իմացա՞վ:

Պատասխան. Ժողովուրդը գիտեր Եզեկիելի գրածը, նաև դրա փակ լինելը գիտեր: Երբ Իսրայելի Տերը գար, պիտի բացվեր, և երբ Հիսուսին տաճարի բակ մտցրին, այն դուռը մեծ ձայնով բացվեց. ժողովուրդն այդ ձայնը լսելուն պես բացականչեց. «Իսրայելի Տերը եկավ, առաջ գնանք», և վազեցին, եկան տաճար: Այս պատճառով քառասնօրյա Քրիստոսի՝ տաճար գալու տոնը մեր եկեղեցին անվանում է Տեառնընդառաջ:

24.5.17

ՏԻՐԱՄՈՐ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 4)

Ես չեմ մոռանա մի երիտասարդ տղայի, ով ավտովթարի հետևանքով ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում`գանգոսկրի ներհրված կոտրվածք և ընկել էր կոմայի մեջ: Ես չեմ մոռանա նրա հյուծված դեմքը, անշարժացած մարմինը, որը ապակուց այն կողմ անգամ` փոխանցում էր սառնության շունչը: Լավ եմ հիշում հարազատներին, մորը, ով տղայի գլխի մոտ դրել էր Քրիստոսի և Սուրբ Տիրամոր սրբապատկերը, որ նրան նվիրել էր Տեր Հայրը. մայրն էր խնդրել գալ և աղոթել որդու բժշկության համար։ Մոր աչքերն այնքան պարզ էին արտահատյում հավատի հուրը, որ մեզ նույնպես այն փոխանցվում էր: Նա միակն էր, որ հավատում էր, որ Աստվածածնի բարեխոսությունը կօգնի որդուն և համոզված էր, որ քահանայի աղոթքն անպատասխան չի մնա: Հետագայում իմացա, որ մոր սիրաբոց աղոթքները կյանքի են կոչել որդուն: Տղան, մոտ երկու շաբաթ անց, բացել էր աչքերը: Մոր անխախտ հավատը հրաշք էր արարել: Երկարատև բուժման և վիրահատությունների շնորհիվ սկսել էր վիճակը կայունանալ, վերականգնվել էր խոսքը, շարժումը: Դժվարությամբ պատմել էր, որ տեսիլք է ունեցել և նրան հրեշտակ է հայտնվել, ով ոսկեփայլ նախշերով թիկնոց է կրել, որից լույս է առկայծել: Նա մոտեցել է, շոյել իր գլխի այն հատվածը, որը վնասված է եղել և ժպտալով ասել, որ դեռ ապրելու է: Դրանից հետո երիտասարդը բացել է աչքերը:

Աստվածապաշտ անձը երկմտելու ու լավատեսությունը կորցնելու իրավունք չունի: Բժշկական անձնակազմը ցնցված է եղել այդ դեպքից: Այն վկայել է ամենակալ Տիրոջ գթասրտության, անծայր սիրո մասին: Աստվածածնի բարեխոսության ուժը ծնեց մի նոր հրաշք: 


Դու լուսեղէն տաճար ես, ոսկիապատ խորան ես, 

Դու մարգարիտ, անգին ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ:
(մեղեդի Սուրբ Աստվածածնի)

շարունակություն

6.9.13

ՀԱՆՈՒՆ ՈՐԴՈՒՍ

Խոնարհ աչքերով դեռատի մի կին էր, ավելի շուտ աղջիկ, որ դեռահասությունից կտրուկ թռիչք էր կատարել դեպի հասունությունը: Կանանց այն տեսակից էր, որ թեև վտիտ ու փոքրամարմին, բայց տղամարդկային քաջություն և ուժ են կրում սրտի տակ: Այնպես որ հոգսերն ու ամենօրյա հոգնությունը չէին կարողացել կոտրել կամքն ու արժանապատվությունը: Այսուհանդերձ նկատելի էր ցավը սրտի, որ կարծես հազարամյակների վիշտ էր կրում՝ անփարատ ու անբժշկելի:

Քայլում էր տափաստանային դեղին ճանապարհով՝ ձեռքերի մեջ սեղմած խանձարուրապատ փոքրիկին, որ արևի շողերի հետ խաղալով ասես քնար էր նվագում ու երգում մանկական անըմբռնելի բարբառով: Մոր սիրտը ջերմանում էր միշտ ժպտուն զավակի ուրախ քրքիջից, բայց հոգին ալեկոծ էր օրվա անցուդարձից...

10.8.12

ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ


Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց»*: 
Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով»**: Այսու արդար վճիռ արձակեցիր: 
Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ: 
Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»:

18.1.12

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ (Հովհ. 2:1-11)

Կարդա՛ Հովհ. 2:1-11

«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու Նրա աշակերտները հավատացին Նրան» (Հովհ. 2:11)։

Ավետարանական այս փոքրիկ հատվածը մեզ բացահայտում է բացառիկ մի դրվագ, որտեղ Սուրբ Հովհաննես առաքյալը հանգամանալից ներկայացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի առաջին հրաշքը, որը տեղի ունեցավ Գալիլիայի Կանա քաղաքում` հարսանիքի ժամանակ: Առհասարակ հրեաների կյանքում  հարսանիքներն յուրահատուկ առիթներ էին առօրյա միօրինակությունից կտրվելու, դժվարին կյանքի լարվածությունը թոթափելու և ուրախանալու համար, հետևաբար դրանք (ինչպես և հայերիս մոտ է) ուղեկցվում էին երգ ու պարով, խրախճանքով: Ահա այսպիսի մի հարսանիքի, ինչպես տեսնում ենք, հրավիրված էին Հիսուսի մայրը` Մարիամ Աստվածածինը, աշակերտները և ինքը Հիսուսը: Հանկարծ հարսանեկան խրախճանքի ամենաթեժ պահին վերջանում է գինին: Սուրբ Կույսը, ով ամենայն հավանականությամբ զբաղված էր օրվա հյուրասիրության հարցերով, նորապսակ այս ընտանիքին ամոթից ու նախատինքից փրկելու համար շտապով դիմում է Քրիստոսին` ասելով. «Գինի չունեն» (Հովհ. 2:3): Հիսուսը մի տեսակ հասկացնում է մորը, որ քաջատեղյակ է դրան, բայց և միևնույն ժամանակ նշում է, որ իր ժամանակը դեռ չի հասել (Հովհ. 2:4): Կարծես չնկատելով Որդու ասածը` Աստվածամայրը կարգադրում է սպասավորներին` «Ինչ որ ասի ձեզ, արե՛ք» (Հովհ. 2:5), ինչից հետո Քրիստոս, տեղի տալով մոր խնդրանքին, պատվիրում է սպասավորներին հրեական լվացումների համար նախատեսված 6 քարե մեծ ջրամանների մեջ ջուր լցնել: Եվ հենց այստեղ է տեղի ունենում առաջին հրաշքը. ջուրը թակույկների մեջ վերափոխվում է գինու, այնպիսի անուշահամ գինու, որ անգամ զարմացնում է սեղանապետին: