18.1.12

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ (Հովհ. 2:1-11)

Կարդա՛ Հովհ. 2:1-11

«Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու Նրա աշակերտները հավատացին Նրան» (Հովհ. 2:11)։

Ավետարանական այս փոքրիկ հատվածը մեզ բացահայտում է բացառիկ մի դրվագ, որտեղ Սուրբ Հովհաննես առաքյալը հանգամանալից ներկայացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի առաջին հրաշքը, որը տեղի ունեցավ Գալիլիայի Կանա քաղաքում` հարսանիքի ժամանակ: Առհասարակ հրեաների կյանքում  հարսանիքներն յուրահատուկ առիթներ էին առօրյա միօրինակությունից կտրվելու, դժվարին կյանքի լարվածությունը թոթափելու և ուրախանալու համար, հետևաբար դրանք (ինչպես և հայերիս մոտ է) ուղեկցվում էին երգ ու պարով, խրախճանքով: Ահա այսպիսի մի հարսանիքի, ինչպես տեսնում ենք, հրավիրված էին Հիսուսի մայրը` Մարիամ Աստվածածինը, աշակերտները և ինքը Հիսուսը: Հանկարծ հարսանեկան խրախճանքի ամենաթեժ պահին վերջանում է գինին: Սուրբ Կույսը, ով ամենայն հավանականությամբ զբաղված էր օրվա հյուրասիրության հարցերով, նորապսակ այս ընտանիքին ամոթից ու նախատինքից փրկելու համար շտապով դիմում է Քրիստոսին` ասելով. «Գինի չունեն» (Հովհ. 2:3): Հիսուսը մի տեսակ հասկացնում է մորը, որ քաջատեղյակ է դրան, բայց և միևնույն ժամանակ նշում է, որ իր ժամանակը դեռ չի հասել (Հովհ. 2:4): Կարծես չնկատելով Որդու ասածը` Աստվածամայրը կարգադրում է սպասավորներին` «Ինչ որ ասի ձեզ, արե՛ք» (Հովհ. 2:5), ինչից հետո Քրիստոս, տեղի տալով մոր խնդրանքին, պատվիրում է սպասավորներին հրեական լվացումների համար նախատեսված 6 քարե մեծ ջրամանների մեջ ջուր լցնել: Եվ հենց այստեղ է տեղի ունենում առաջին հրաշքը. ջուրը թակույկների մեջ վերափոխվում է գինու, այնպիսի անուշահամ գինու, որ անգամ զարմացնում է սեղանապետին:


Ավետարանական այս դրվագը մեր առջև բացահայտում է հավատքի 2 տեսակ, ներկայացնում է մարդկաին հետաքրքիր ու հավատքի տեսանկյունից ինչ-որ առումով միմյանց հակառակ, բայց մարդկային բնույթին շատ հատուկ երևույթներ, որոնք խտացված են Քրիստոսի աշակերտների, ապա և Սուրբ Կույս Աստվածածնի կերպարներում:
Եթե ուշադիր կարդանք Կանայի հարսանիքի պատմությունը, ապա վերջին տողերը Քրիստոսի աշակերտներին մեր առջև բացահայտում են որպես թերահավատ և երկմիտ մարդկանց: Հովհաննես ավետարանիչը գրում է, որ Կանայի հարսանիքում գործված հրաշքին ականատես եղած աշակերտները տեսան Աստծո փառքը ու հավատացին Քրիստոսին: Ստացվում է որ առաքյալները` Պետրոսն ու Անդրեասը, Բարդուղիմեոսն ու Փիլիպպոսը, Հակոբոսը և անգամ ինքը Հովհաննես առաքյալը, ովքեր մեզ առավել հայտնի են որպես հավատքի սյուներ, Աստծո խոսքի ջանադիր քարոզիչներ, նահատակներ հանուն հավատքի սկզբանական շրջանում կասկածամտորեն էին վերաբերվում Քրիստոսի Աստվածությանը. նրանք հավատացին Քրիստոսին միայն ու միայն այն բանից հետո, երբ Վարդապետն իրենց առջև հրաշք գործեց:
Սա, սիրելինե՛ր, օրինաչափ է նաև մեր` 21-րդ դարի մարդկանց համար. մենք էլ հաճախ թերահավատ ենք հոգևոր, աստվածային, կրոնական հարցերում, ավելի հեշտ հավատում ենք ինչ-որ օրաթերթի նյութի կամ բամբասանքի, քան Աստծո ամենազոր խոսքին` Աստվածաշնչին, ավելի հեշտ ու ավելի սրտանց հնազանդվում ենք մեր տնօրենների ու վերադասների տրամաբանական կամ անտրամաբանական հրահանգներին ու պահանջներին, քան Աստծո կամքին: Հաճախ մենք էլ առաքյալերի նման սկսում ենք ինչ-ինչ նշաններ փնտրել, հաճախ գերբնական ինչ-որ երևույթներ ենք ակնկալում, հրաշքներ, որոնք, կամենում ենք, որպեսզի պտտվեն մեր անձի, մեր եսի շուրջը և ապացուցեն Աստծո փառքը, որպեսզի հավատանք:
Թույլ տվեք, սակայն, սառնասրտորեն նկատել, որ երերուն, ժամանակավոր ու անցողիկ է այն հավատքը, որը հիմնվում կամ ծնվում է նշաններից ու հրաշքներից:
Նույն առաքյալները, որ հավատացել էին Տիրոջը հարսանիքի ժամանակ գործած հրաշքի շնորհիվ, հետագայում միայնակ թողեցին իրենց Վարդապետին Գեթսեմանիի պարտեզում և անգամ ուրացան Նրան խաչելությունից առաջ: Նույն կերպ և մենք, թերահավատ լինլով, մեր հավատքը կառուցում ենք, ոչ թե ամուր ժայռի, այլ` ավազի վրա (հմմտ. Մատթ. 7:24-27) և առաջին իսկ վտանգի ու դժվարության դեպքում, ինչպես առաքյալները Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին, լքում ենք Քրիստոսին, ուրանում այն հավատքը, որը ձեռք էին բերել հրաշք տեսնելու արդյունքում:
Չեմ կարծում թե Քրիստոսի` մեր Փրկչի առջև որևէ արժեք ունի նման հավատքը...
Ուստի հարց է ծագում. ինչպիսի՞ հավատք է մեզանից ակնկալում Աստված:

Ասում են, թե մի մարդ լսում է, որ հեռավոր մի վանքում վանականները մինչ այդ չլսված ու չտեսնված հրաշքներ են գործում և որոշում է ամեն գնով այցելել այդ վանք ու ամրանալ հավատքի մեջ: Երկար ու վտանգավոր ճանապարհ է կտրում, վատնում շատ միջոցներ ու ժամանակ և ի վերջո գտնելով վանքը` որպես ուխտավոր հաստատվում է այնտեղ: Անցնում է 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս, սակայն մարդը ոչ մի հրաշքի ականատես չի լինում, ուստի և այդ մտահոգությամբ գնում ու դիմում է վանահորը:
- Եղբայր,- պատասխանում է վանահայրը,- ՄԱՐԴԻԿ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ԹԵ ՀՐԱՇՔ Է ԱՅՆ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ ՈՒ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ԿԱՄՔԸ, ՍԱԿԱՅՆ ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԱՐԴՆ ԻՆՔՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ:

Այստեղ է, որ ի հակադրություն առաքյալների այս թերահավատության` մեր առջև ներկայանում է Սուրբ Աստվածածնի վեհ և օրինակելի կերպարը: Սուրբ Աստվածածինը թերևս մարդկության պատմոթյան մեջ եղավ այն բացառիկ անձանցից, ով անկասկած կերպով հավատաց Աստծուն, հնազանդվեց աստվածային կամքին: Դեռևս Քրիստոսի ծննդյան ավետման ժամանակ Սուրբ Կույսը հաստատեց, որ ինքը մնում է Տիրոջ աղախինը. թող լինի այնպես, ինչպես Աստված է կամենում (Ղուկ. 1:38): Նա եղավ բացառիկ այն մայրը, ով հոժարակամորեն իր միակ որդուն հանձնեց իր աչքի առջև խաչվելու, որպեսզի փրկվեր ողջ մարդությունը. այդ իսկ էր Աստծո կամքը: Եվ, ի վերջո, նույն Կանայի հարսանիքի ժամանակ` հավատալով, որ Փրկիչը միայն կարող է աղքատ այդ ընտանիքին դուրս բերել անհարմար ու ամոթալի կացությունից` դիմեց իր որդուն և իր Արարչին խնրանքով ու բարեխոսությամբ:
Եվ հրաշք տեղի ունեցավ: Հրաշքը տեղի ունեցավ չնայած այն հանգամանքին, որ Քրիստոսի ժամանակը դեռ չէր հասել: Ինչպես նկատում ենք, Քրիստոս չմերժեց իր մոր խնդրանքը, չմերժեց, քանի որ իրեն խնդրողը մեկն էր, ով կատարելապես հավատում էր Աստծուն, մեկն էր, ով մշտապես Աստծո կամքի մեջ էր: Եվ ջուրը գինու փոխվեց:

Գիտե՞ք, սիրելինե՛ր, մենք էլ կյանքում հաճախ ջրի նման ենք` հաճախ անհամ, հաճախ անհոտ, երբեմն անգույն և այնքան սովորական: Կարող ենք ջրի պես հոսել, կենդանություն տալ, բայց մեր հավատքը թողնում ենք մեր բաժակի մեջ, լճանում ենք, ճահճանում ու նեխում: Իսկ Քրիստոս ուզում է, որ մենք իր շնորհով փոխվենք, Աստված շատ է ուզում, որ մենք մեր հավատքի հրաշքով իսկապես փոխվենք, փոխվենք ու դառնանք գինու պես`գունեղ, բուրմունքով, համով, ունակ ուրախացնելու, զվարթացնելու, դրական ու հոգևոր միջավայր ստեղծելու: Իսկ սա, միանշանակ է, հնարավոր է միայն ու միայն Աստծո կամքը կատարելու ճանապարհով:
Մի խոսքով`ճշմարիտ ու կատարյալ հավատք ունի միայն նա, ով պատրաստակամորեն կատարում է Աստծո կամքը: 
Արդյո՞ք մենք այսպիսին ենք...

Մի առիթով Հրեշտակները ժողով են գումարում և զեկուցում են  Գաբրիել Հրեշտակապետին, որ աշխարհի բնակչության 98 տոկոսը Աստծո կամքից դուրս է ապրում և միայն 2 տոկոսն է իսկապես կատարում այն:
- Դե,- որոշում է Գաբրիելը,- այդ դեպքում եկեք խրախուսենք այդ 2 տոկոսին և շնորհակալական նամակներ առաքենք նրանց:
Այդպես էլ անում են

Գիտե՞ք մարդիկ ինչ գտան այդ նամակները բանալով: Ձեզ եմ հարցնում, գիտեք:
Չեք ստացել այդ նամակները, այդ իսկ պատճառով էլ չգիտեք: Ես էլ չեմ ստացել: Չենք ստացել, որովհետև մեզանից և ոչ ոք Աստծո կամքը կատարողների մեջ չէ:
Աստծո ամեն մի օր մենք մեր աղոթքում  խնդրում ենք Տիրոջը`
«թող քո կամքը լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է», այսինքն կատարելապես թող թագավորի քո կամքը աշխարհի վրա, սակայն, խոստովանենք, որ չափազանց քիչ ջանքեր ենք գործադրում այդ հրաշքն իրականացնելու, այդ դրախտը մեր մեջ ստեղծելու համար:

Եվ գիտե՞ք, որն է պատճառը. պատճառն այն է, որ աղոթելիս անգամ մենք մեր սեփական կամքն ու եսն ենք առաջ տանում` մի տեսակ ենթագիտակցորեն և մեր կյանքի օրինակով ասելով` «եղիցին կամք իմ» կամ որ ավելի վատ է` թող լինի սատանայի կամքը:
Մեր Տերն ասում է. «գալիս է աշխարհի իշխանը և իմ վրա ոչ մի իշխանութիուն չունի։ Իսկ որպեսզի աշխարհը գիտենա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ» (Հովհ. 14:29-30):

Ահա, ա՛յս է ճշմրիտ քրիստոնյայի կերպարը:
Ու հիմա, երբ ես, դու, մենք չպիտի փափագենք մեր ամբողջ կայնքում հետևողը լինել Տիրոջ փրկարար կամքի, չպետք է ցանկանանք վերջնականապես մեր կամքը զոհաբերել Աստծո կամքին, ապա... անիմաստ է մեր ներկայությունը եկեղեցում այսօր և առհասարակ, անտեղի է մեր աղոթքը տանը, անօգուտ Աստվածաշնչի ընթերցումը, անզոր սերը մեր... Ուստի եկեք այստեղ, հենց այս պահին ծնկի գանք Աստծո առաջ ու ասենք` «ՏԵ՛Ր ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՕԳՆԻ՛Ր ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆՍ» (Մարկ. 9:23), վերջնականապես Աստծո կամքով ու անսակարկ հավատքով կնքենք մեր ու Աստծո միջև փրկության պայամանագիրը և աղոթենք, Տե՛ր, տուր մեզ համարձակաձայն խոսքով բացել մեր բերանները խնդրել քեզանից Երկնավորդ Հայր երգել և ասել. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի քո անունը, թող գա քո արքյությունը, թող քո կամքը լինի երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է...»:
Տեսագրությունը` այստեղ

5 արտահայտվիր:

Anonymous said...
1/18/12, 7:21 PM

Շողակաթի եթերում եմ իմացել այս պատմությունը այս տարի եմ իմացել այդ հարսանիքի մասին որին Քրիստոս ներկա է գտնվել։ Գիտեմ որ Քրիստոս հրեաների Թագավորն է բայց ես նույնպես Քրիստոսին նաեվ իմ և բոլոր Քրիստոնյաների Թագավորն եմ համարոմ այդպես կարծելը ճիշտ է Արթուր Սարկավագ? ես մտածում եմ որ Քրիստոս նաեվ մեր Թագավորն է և մենք Քրիստոսի ծառաներն ենք։ Եթե մենք Աստծուց որեվե բան ենք խնդրում և դա չի լինում ուրեմն պիտի ուրախ լինենք որովհետեվ մենք չգիտեինք որ այն ինչ խնդրում ենք Աստծուց դա մեզ հարկավոր չեր և կամ այն ինչ խնդրում էինք Աստծուց դա կարող էր մեզ վնասել կամ սխալ ճանապարհի վրա դներ իսկ Աստված գիտեր դա և չտվեց մեզ այն ինչը կարող էր վնասել մեզ կամ չարեց մի բան որի համար մենք պիտի ափսոսայնք որովհետեվ Աստված սիրում է մեզ։

Srk. said...
1/21/12, 10:24 AM

Անշուշտ չիշտ ես Հովսեփ ջան, բայց քո գրածն այնքան էլ չի առնչվում թեմայի հետ: Ի դեպ Կանայի հարսանիքի և մյուս հետաքրքիր ու կարևոր բաները իմանալու համար շատ լավ կլինի Աստվածաշունչ կարդաս, հատկապես Ավետարան ու Նոր Կտակարան:

Տաթևիկ said...
2/7/12, 10:49 AM

Տեր Հայր, բայց ես չեմ հասկանում առօրյա կյանքում, թե որն է Աստծո կամքը: Սիրո մասին պատվիրանը կատարելով? ինչպես? իսկապես չգիտեմ,թե ինչպես պետք է արտահայտես այդ սերը, որ Աստվածածային լինի

Srk. said...
2/7/12, 12:12 PM

@Տաթևիկ ջան, թեև բարդ բան է ասածս, բայց այդ ամբողջովին հասկանալու համար անհրաժեշտ է անընդհատ Աստվածաշունչ ընթերցել: Իսկ առհասարակ, ճիշտ նկատեցիր` Սիրել, Սիրել, Սիրել:

Srk. said...
2/7/12, 12:18 PM

Ով իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. և ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։ /Հովհ. 14:20/

Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և մնում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը լիակատար լինի։ Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ։ Հովհ. /15:10-12/

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...