Showing posts with label կտրել. Show all posts
Showing posts with label կտրել. Show all posts

25.10.12

ՀՈԳՈՒ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ


Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մէջ ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը (Մատթ. 18։8-9)։

Սուրբ Ավետարանի այս հատվածը, որտեղ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է գայթակղության մասին, թերևս ամենագայթակղիչներից է եղել քրիստոնեության ողջ պատմության մեջ. պատահական չէ, որ վաղ եկեղեցու այնպիսի կարկառուն ներկայացուցիչ, ինչպիսին Որոգինեսն էր, բառացի հասկացավ այս տողերը և բառացիորեն կիրառեց իր կյանքում։ Ակնհայտ է, որ Քրիստոս այստեղ խոսում է գայթակղությունից հեռու մնալու և արդյունքում «կյանք մտնելու» լավագույն ճանապարհի մասին, սակայն բոլորին է հայտնի, որ ինքնախեղման ցանկացած դրսևորում քրիստոնեկան տեսանկյունից պարսավելի է։ Եվ մյուս կողմից, եթե անգամ կտրես ձեռքերդ, մի՞թե կհաղթահարես, ասենք, գողության ցանկությունը, եթե հանես աչքեդ, մի՞թե կդադարես շնանալ մտովին։ Գլխացավը բուժելու լավագույն տարբերակը գլուխը կտրելը չէ, ամենևին. անհրաժեշտ է սոսկ գտնել ցավի պատճառը, դրա աղբյուրը և պայքարելով դրա դեմ՝ վերջնականապես ձերբազատվել գլխացավից։ Եվ Հիսուսը հենց այս մասին է խոսում։ Մեր գայթակղությունների պատճառը, սիրելիներ, թաքնված է մեր ցանկությունների և հրապուրանքների մեջ. «Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»,- ասում է Սուրբ Հակոբոսը (Հակ. 1։14-15)։