Showing posts with label սնահավատություն. Show all posts
Showing posts with label սնահավատություն. Show all posts

3.12.20

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱՐՄԻՐ ԹԵԼ ԿԱՊԵԼ ՁԵՌՔԻՑ

Վերջին մի քանի տարիներին ամենուր «մոդա» ընկած կարմիր թելը՝ կապված դաստակին ոչ մի ընդհանրություն չունի քրիստոնեության հետ եւ ուղղափառ հավատքի հետ։ Ընդհակառակը՝ լինելով այլ կրոնական շարժումներին՝ կաբալիզմին, օկուլտիզմին հատուկ առարկա այն բացարձակապես անընդունելի պետք է լինի քրիստոնյայի համար։ Դրան էլ գումարենք սնահավատական մեկնաբանությունները, որ վերագրվում են այս ընդամենը թելի կ
տորին, պարզից էլ պարզ կդառնա, որ այդ թելը կապողները քարկապում են իրենց հավատքը։ Ինչեւէ, ստորեւ բերված տեսանյութի մեջ, մանրամասնորեն անդրադառնում եմ, թե ինչու է այս սնահավատությունը վտանգավոր մեզ համար։ Խնդրում եմ դիտել, մեկնաբանել եւ կիսվել։ 

Ի դեպ, ահա եւս մեկ նյութ ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ։



24.11.20

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՏԱՐԱՏԵՍԱԿ «ՕՐՀՆՈՂ» ԵՎ «ԱՆԻԾՈՂ» ՆԱՄԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համացանցից օգտվողներս հաճախ ենք նամակներ ստանում կամ հանդիպում կիսասպառնալից գրառումներ, թե իբր այդ նամակը օրհնություն է բերում եւ այն պետք է ուղարկել 10 կամ 100 հոգու եւ լինել օրհնված, հակառակ դեպքում... Աստված հեռու տանի։ Դրանք մարդկային սնոտիապաշտություններ են, որոնք իրական հավատքի հետ բացարձակ կապ չունեն։ Ստորեւ մի բացատրողական տեսահոլովակ մեր YouTube ալիքից՝ պատրատված «Ճանաչե՛ք ճշմարտությունը...» շարքի համար։
Այս շարքի մյուս տեսագրությունները կարող եք դիտել այստեղ։ 


ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ «ՕՐՀՆԱՆՔՆԵՐ»



ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ FACEBOOK ԷՋՈՒՄ




 

23.6.17

ՉԱՐ ԱՉՔ. ՀԱՎԱՏԱ՞Լ ԿԱՄ ՈՉ

Հոգևորականներիս տրվող հարցերի թոփ տասնյակում, վստահաբար, կարելի է պատվավոր տեղ հատկացնել «չար աչքի», «աչքով տալու» և դրանցից պաշտպանվելու միջոցների մասին հարցին։ Թե ինչպիսի ոչքրիստոնեական նախապատմություն ունի այս վախի տեսակը, մեկ անգամ անդրադարձել եմ՝ խոսելով տարատեսակ աչքի հուլունքների եւ դրանց անիմասատ եւ հաճախ վնասաբեր հետևանքների մասին։ Առավել նկատելին (եթե չասենք՝ աչք ծակողը 😁) այս հարցը առաջ քաշելիս, հարց տվողների հոգևոր վիճակն է. նրանք, որպես կանոն, բավական հեռու են քրիստոնեության ճիշտ ըմբռնումից և ապրելակերպից և առաջնորդվում են առավելաբար «տատական առասպելաբանություններով»։ 

Ուստի հստակեցնենք՝ չար աչք իր չարաբաստիկ հետևանքներով, քրիստոնեական գաղափարախոսության մեջ գոյություն չունի, սակայն գոյություն ունի ինքը՝ անձնավորված չարը, սատանան, որը կարող է վնասել մարդուն, եթե մարդը հոգևորապես լավ պաշտպանված չէ։ Հաճախ չարը կարող է օգտագործել չար աչքից մեր վախերը մեր իսկ դեմ՝ աննկատորեն ստիպելով մեզ պաշտպանիչ միջոցներ փնտրել ի դեմս աչքի հուլունքի, փշի ու պայտի։ Հապա ո՞ւր մնացին քրիստոնյաների համար սահմանված աղոթքը, օրհնությունը, խաչն ու սուրբ նշանները, հաղորդությունը Քրիստոսին և մեր թիկունքին մյուռոնաբույր օծումը Սուրբ Հոգով, որով, որպես Քրիստոսով հաղթանակած անձիք պիտի կարողանային «պաշտպանվել չարի մխացող նետերից»։

Սիրելիներ, եթե այս վերջին կարևոր նախադրյալները առկա են իրեն քրիստոնյա համարող մարդու կյանքում, ապա չարը ինքը և կամ չարացած մարդիկ, առհասարակ, որքան էլ փորձեն, չեն կարող կասկածը, վախը, անհուսությունը, թերահավատությունն ու սնահավատությունը սերմանել մեր մեջ։
Իսկ եթե դրանք արդեն իսկ մեր մեջ են, սթափվենք ու իրական հավատքի կյանք սկսնք ապրել, մոտենանք Քրիստոսի Լույսին, որպեսզի չարի խավարը վերանա մեր կյանքից։

Առաջին քայլը անենք աղոթքով. փնտրտուքներիս մեջ գտա մեր եկեղեցու մի քանի աղոթքներ, որոնք, որքան էլ որ զարմանալի է, ուղղված են ՉԱՐ ԱՉՔԻ և ՉԱՐ ԼԵԶՎԻ ԴԵՄ։  

30.5.17

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 9)

Մոտ ընկերներ ունեմ, ովքեր աստվածավախ բժիշկներ են և շատ օրինակելի ամուսիններ: Նրանց ավագ որդին չորս տարեկան էր, երբ մետաղադրամ կուլ տվեց և սկսեց խեղդվել: Իհարկե բոլոր ծնողների պես նրանք էլ այդ պահին շփոթվում են, ընկնում շոկային հոգեվիճակի մեջ, փորձում են առաջին օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն: Իրենց չկորցնելով ծնողներ գրկում են երեխային և վազում փողոց, որպեսզի ավտոմեքենա կանգնեցնեն և հասցնեն հիվանդանոց, քանի որ ի վիճակի չեն լինում վարելու մեքենան: Ճանապարհին երեխայի վիճակը կտրուկ վատանում է, և հայրը որոշում է տռախեոտոմիա անել(վահանաճառից 4-5 սմ ներքև կտրվածք, որը ցուցված է շնչահեղձության ժամանակ), քանի որ գիտակցում է, որ այլ ելք չկա ու երեխան կարող է մահանալ շնչահեղձությունից: Մայրը սկսում է աղոթել և աղոթքի մեջ խնդրել Աստծու ողորմածությունը`կրկնելով, որ հրաշք արարի, որդուն կյանք տա: Աղոթքի պահին մետաղադրամը դուրս է թռչում: Տղան փրկվում է: Ընկերուհիս պատմում է, որ աղոթքի մեջ նա կրկնել է, որ Աստծո ձեռքն է հանձնում տղային և այժմ էլ լիահույս է, որ գալու է այն օրը, երբ տղան ցանկանալու է հոգեվորական դառնալ ու ծառայել մաևդկանց այդ կերպ:

Նա արդեն տասներկու տարեկան է և աղոտ հիշում է իր հետ պատահածը: Մի անգամ, երբ վերհիշում էին այդ օրը, տղան հուզվեց ու ինձ շշուկով ասաց. «Գիտե՞ս, Աստված լսեց մորս աղոթքը, որովհետև պետք եմ դեռ մարդկանց: Ամեն գիշեր աղոթքս շնորհակալությամբ եմ սկսում»:


29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

27.6.13

Թեստ - ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ

Տրված հարցերին անհրաժեշտ է տալ «այո» կամ «ոչ» պատասխանը:

  1. Կարծո՞ւմ եք արդյոք, որ մեքենայի կամ հասարակական տրանսպորտի մեջ կախված աչքի հուլունքը երաշխավորում է Ձեր անվտանգ երթևեկությունը:
  2. Համամի՞տ եք արդյոք, որ եթե 2 հարսներ հանդիպեն միմյանց, նորաստեղծ ընտանիքում դժբախտություն կպատահի:
  3. Ունե՞ք հաջողություն բերող առարկաներ` թալիսմաններ, 1 դոլարանոցներ, քարեր կամ զարդեր:
  4. Արդյո՞ք անհանգստանում եք, երբ Ձեր դիմացով սև կատու է անցնում:
  5. Ամսի 13-ին համընկած ուրբաթ օրերին խուսափո՞ւմ եք գործ ձեռնարկել:
  6. Երբ հայելի է կոտրվում, մտավախություն ունենո՞ւմ եք, որ դժբախտություն է պատահելու:
  7. Հետևում եք հորոսկոպին կամ աստղագուշակներին:
  8. Երջանիկ թիվ ունե՞ք:
  9. Երբ սեղանին աղ է թափվում, խաչ անո՞ւմ եք վրան:
  10. Խուսափո՞ւմ եք արդյոք կանգնել դռան շեմքին:
  11. Ունե՞ք որևէ մի հագուստ կամ զարդ, որը պարտադիր կրում եք քննությունների կամ կարևոր հանդիպումների ժամանակ:
  12. Երբևիցե թաշկինակ կամ այլ բան կապե՞լ եք վանքերի մերձակա ծառերի վրա:

Հիմա հաշվում ենք գրանցված «ոչ»-երի քանակը և համեմատում ստորև:

25.6.12

SUPER «ՄԱՐՇՐՈՒՏԿԱ»

Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:

13.3.12

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԱՂ Է ԹԱՓՎԵԼ

Պատմում են, որ ժամանակին, երբ աղը բավականին թանկ համեմունք էր, այն ոչ խնայողաբար վատնելը մեծ շռայլություն էր նկատվում, իսկ անփութորեն թափելը կենցաղում կարող էր լուրջ վիճաբանությունների առիթ հանդիսանալ: Ահա այսպե՛ս են շատերը բացատրում «աղը թափվեց` կռիվ կլինի» սնահավատության նախապատմությունը և կռվից խուսափելու համար թափված աղի վրա անմիջապես խաչ են անում: Իմ անձնկան կարծիքով սնահավատության նման մեկնաբանությունը, թեև տրամաբանված, բայց և չափազանց միամիտ է հնչում, հետևաբար այն պետք է ունենա այլ բացատրություն ևս:
Օրիանակ (գուցե ոչ այնքան տիպիկ) 5-րդ դարի Հայոց Պատմիչ Փավստոս Բուզանդը, ներկայացնելով հայոց Արշակ և պարսից Շապուհ արքաների դաշինքի պատմությունը, մի նուրբ հանգամանք է նշում.

28.2.12

ԵՐԱԶԱՆՔԻ ԾԱՌԵՐ


Վստահ եմ, շատերդ հայկական հինավուրց վանքերի մոտակայքում տեսած կլինեք ծառեր` բեռնավորված թաշկինակներով, անձեռոցիկներով և զգեստավորման այլազան պարագաներով: «Խելացի» մարդիկ պնդում են, որ այդ ծառերի վրա թաշկինակ կամ այլ բան կապողները երջանիկ են լինում կամ նրանց երազանքներն անպայման իրականանում են... Ծիծաղելի է...
Ինչպես և հայերիս մեջ տարածված սնահավատությունների մեծ մասը, այդպես և լայն տարածում ունեցող այս սնահավատությունը, ամենայն հավանականությամբ, իր ծնունդն առնում է հայոց հին հավատալիքներից: Հին հայերը հավատում էին, որ որոշ ծառեր, սուրբ էին, և երբ տանը հիվանդ ու վատառողջ մեկն էր լինում, ապա հիվանդի զգեստից մի փոքրիկ կտոր տանում և կապում էին այդ ծառերի ճյուղերին` ակնկալելով հիվանդի ապաքինումը: Տարածված էր նաև այդ ծառատեսակներից զանազան հմայիլների պատրաստությունն ու կիրառումն առօրյայում:

3.2.12

ԲԼԻԹԱՄԱՆԻԱ


Եթե սոցհարցում անցկացնենք, թե ի՛նչ ենք հայերս առաջնահերթ մտաբերում, երբ լսում ենք Սուրբ Սարգսի անունը, ապա վստահ եմ առաջին հորիզոնականը պիտի զբաղեցնի աղի բլիթը:
Որքան էլ Սուրբ Սարգիս զորավարի տոնը զուգորդվի բլիթի հետ, այնուամենայնիվ, ի զարմանս շատերի, ասեմ, որ դրանք միմյանց հետ կապ չունեն: Զարմացա՞ք: Հստակեցնեմ` Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի ևտասնչորս զինվորների հիշատակության օրը` հոգոր տոնը, ոչ մի ուղղակի կապ չունի Սուրբ Սարգսի ավանդական-ժողովրդական սովորույթների և դրանցից ամենահայտնիի` աղի բլիթի հետ: Ավելին, ժողովրդական բանահյուսությունը, տոնակատարություններն ու սովորույթները, հաճախ մեր առջև բացահայտում են այլ, միանգամայն տարբեր Սարգիս զորավարի, իսկ տոնն այլ երանգներ ու բովանդակություն է ստանում:

Մի բան, սակայն, հաստատ է` հայը սիրել և այժմ էլ սիրում է այս տոնը, և այս է առաջին պատճառը եկեղեցականի և ժողովրդականի նման միահյուսման: Միահյուսումն այսօր այնքան ուժեղ է, որ տարբաժանելն էլ է դժվարանում, և հոգևորի վրա զարգացած ժողովրդկան սովորույթները դարձել են սոսկ եկեղեցական տոնը գեղեցկացնող, դրան առօրյայից տարբերակող հատկություններ տվող ատրիբուտներ, զարդարանքներ, որոնցով տոնը ավելի կենսունակ է դարձել:

25.12.11

ՉԱՐ ԱՉՔԻՆ` ՉԱՐ ՓՈՒՇ


- Ների՛ր հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի վարորդին:
Տարակուսած նայում է վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞, հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ, որ հոգևորական եմ, սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից. անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ, կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև տալ ինձ,- չտա՛ս, տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի, եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,- իսկապես զարմանում է,- եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ:

28.11.11

ՍԵՎ ԿԱՏՈՒ

Դեռևս Ք.ա. 6-րդ դարում Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Հետաքրքրական է, բայց չին ուսուցչից ավելի քան 2500 տարի հետո էլ` այսօր, սենյակում սև կատվին որոնողները մեծ թիվ են կազմում` մոռանալով, որ այդ սենյակում կատու իրականում չկա: Խոսքս տվյալ դեպքում «սև կատու» կոչվող սնահավատության մասին է, մի երևույթ, որը սնահավատությունների շարքում ամենից տարածվածն է, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բավական է խեղճ փիսիկն անցնի մարդու դիմացով... սնահավատի օրվա ու անգամ կյանքի բոլոր անհաջողությունները, սխալներն ու դժբախտությունները բարդվում են հենց այդ սև կատվի գլխին: Շատերն անգամ կարող են սև կատու հանդիպելիս փոխել իրենց ճանապարհը, իսկ ոմանք էլ անհաշտելի բաժանումը հաստատել թևավոր խոսք դարձած արտահայտությամբ` «մեր միջով սև կատու անցավ»: Ո՞րն է սև կատուների հանդեպ նման նախապաշարումի պատճառը, քչերը գիտեն, իսկ մյուսներն էլ ջանում են սեփական մտքի և հոգու սև ու սնահավատ սենյակում փնտրել ու գտնել այդ կատվին:

22.11.11

ՍՆԱՀԱՎԱ՞Տ ԵՔ ԱՐԴՅՈՔ + Թեստ

Անցած գրառումներից մեկի ժամանակ` «ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ», խոսել ենք արդեն, որ կրոնական հավատքի ոչ ճիշտ ընկալման ու կիրառման արդյունքում ծնունդ են առնում հավատքի խոտոր տարբերակներ, որոնց շարքում նաև սնահավատությունը, մի երևույթ, որին «ստրկացված» են գրեթե բոլորը, սակայն որի ներքին բովանդակությունը և կապը հավատքի հետ հայտնի է ոչ բոլորին:
Հայոց լեզվից տարրական գիտելիքն իսկ բացահայտում է, որ «սնահավատություն» նշանակում է հավատք սին, դատարկ, անիմաստ ու փուչ բաների հանդեպ, այլ ոչ թե կենդանի հավատք առ Աստված` լի փրկության վստահությամբ ու լավատեսությամբ: Ավելին, գրեթե բոլոր սնահավատությունները հակառակ Պողոս առաքյալի` վստահություն +լավատեսություն սկզբունքին` առաջ են բերում անվստահություն ու հոռետեսություն, որ հիմնականում ամփոփվում են «դժբախտություն կպատահի», «գործերը վատ կգնան», «հիվանդություն վրա կհասնի», «տունը կմնաս», «մարդ կմահանա» և նմանատիպ արտահայտությունների մեջ:

18.11.11

ՄԻ ՓՈՔՐ ԷԼ ՀԱՎԱՏՔԻ ՄԱՍԻՆ

Այն, որ մարդկության մեծամասնությունը անկարող ու անկարելի է համարում առանց կրոնական հավատալքի ապրելը, այսօր անվիճելի է: Ընդհանուր առմամբ աշխարհում բնակվող արդեն 7 միլիարդ քաղաքացիներին զուտ կրոնական հավատալիքի տեսանկյունից կարելի է բաժանել 4 հիմնական խմբի`

  • հավատացյալներ – մարդիկ, ովքեր հավատում են գերբնական աստվածության գոյությանը: 
  • թերահավատներ – մարդիկ, ովքեր թեական վերաբերմունք ունեն գերբնական աստվածության հանդեպ և երկմիտ են հավատքային հարցերում: 
  • սնահավատներ – մարդիկ, ովքեր հավատ են ընծայում անիմաստ երևույթներին ու առարկաներին` կենդանի հավատքը փոխարինելով թալիսմաններով, կախարդություններով, գուշակություններով
  • անհավատներ – մարդիկ, ովքեր կատարելապես մերժում են գերբնական աստվածության գոյությունը:
Բավական դժվար լուծելի հարց է, թե որքանով են հավատքը և կրոնը փոխկապակցված և երբեմն անգամ նույնական, սակայն հիմա ցանկանում եմ խոսել քրիստոնեական հավատքի տեսանկյունից` միանգամից սկսելով Սուրբ Պողոս առաքյալի խոսքերից. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1): Անկեղծ ասած աստվածաշնչյան այս խոսքը հոգևոր ճեմարանում ուսանելու տարիներիս չափազանց անըմբռնելի և վերացական էր ինձ համար. ես երբեք դրա միջոցով չեմ ընկալել հավատք կոչվող ընդհանրական երևույթի կամ զգացողության բուն իմաստը, և դրա հիմնական պատճառը (այսօր եմ հասկանում) այն է, որ ես հավատքը չէի ընկալում այնպես ինչպես պետք է. հավատքն ինձ համար առավելաբար կրոնական պատկանելություն էր, քան կենդանի կյանք ու զգացում: Եվ դա իմ թերացումն էր...