24.8.11

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, ԳՈՒՇԱԿՆԵՐ, ԷՔՍՏՐԱՍԵՆՍՆԵՐ, ԿԱԽԱՐԴՆԵՐ...



Այն, որ արատավոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները, փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ «իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա, որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և թերթեր:
Թեև «կախարդության» երևույթը նորույթ չէ հայերիս ու մարդկության կյանքում (մարդը միշտ էլ ցանկացել է «բացահայտել» իրենից ծածկվածը), սակայն դրա մատուցման տարբերակները միշտ զանազան են, գայթակղիչ ու նորովի:
Ճիշտ է, Աստվածաշնչում այս երևույթի հետ կապված ավելի հաճախ կհանդիպենք  «կախարդ» կամ «կախարդություն» բառերին, սակայն, միանշանակ, կախարդության ներքո հասկացվում են նաև ամեն տեսակ վհուկությունները, գուշակությունները, աստղագուշակությունները, հմայությունները, թուղթ ու գիրը, մոմ թափելը, վախ բռնելը, բաժակ նայելը, քարտ գցելը, էքստարսենսությունը, պայծառատեսությունը, մոգությունը և այլն, և այլն: Ինչ բառով էլ բնութագրենք, միևնույն է, քրիստոնյայի համար դրանք եղել են և մնում են սատանայական հնարքներ, որոնք հաճախ ներկայանում կամ բնութագրվում են որպես աստվածային, սակայն սուրբ Պողոս առաքյալը հստակ է ասում. «... այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգավոր մշակներ, կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով. և դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ։ Եվ տարօրինակ չէ, որ նրա պաշտոնյաներն էլ կերպարանավորվեն որպես արդարության պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի» /Բ Կորնթ. 11:12-15/:
Փաստը մնում է փաստ. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային», իսկ այսօր հայը իրեն քրիստոնյա անվանելով հանդերձ զուգահեռաբար շարունակում է խրվել կախարդության մեղքի մեջ` չկողմնորոշվելով Աստծո՞ կողմն է, թե սատանայի, չմոռանալով կամ չիմանալով այն, ինչ Սուրբ Գիրքն է պատվիրում.

Ես եմ ձեր Տեր Աստվածը... Կախարդությամբ մի՛ զբաղվեք։ Գուշակություններ մի՛ արեք թռչունների թռիչքները դիտելով։ /Ղևտ. 19:26/

Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ /Ղևտ. 19:31/

Վհուկներին ու ոգեհմաներին հետևելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։ Սրբագործվեցե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ։ /Ղևտ. 20:6-7/

Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը... կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգություններով զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից։ Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես։ /Բ Օր. 18:9-12/

Կախարդություն անելը մեղք է...։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ պիտի մերժի... /Ա Թագ. 15:23/

Դու ատեցիր նաև քո սուրբ երկրի հին բնակիչներին իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդությունների, անսուրբ զոհաբերությունների, մանուկների անողորմ կոտորածների և աստվածությանդ նվիրված խորհրդավոր ծեսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք և արյուն ուտելու համար։ /Իմաստ. 12:3-5 /

Եվ եթե ձեզ ասեն, թե՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։ /Ես. 19-20/

Եվ դուք մի՛ լսեք ձեր մարգարեներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հավահմաներին և ձեր կախարդներին... /Երեմ. 27:9/

Այսպես է ասում Ամենակալ Տերը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թևի արմունկի տակի համար և գլխաշորեր են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև մոլորվել են իմ ժողովրդի հոգիները։ ...Խոսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերից։ /Եզեկ. 13:18-19/

...Մարմնի գործերը հայտնի են. այսինքն՝ շնություն, պոռնկություն, պղծություն, վավաշոտություն, կռապաշտություն, կախարդություն... և սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպես որ առաջուց էլ ասում էի, թե նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Գաղ. 5:19-20/

Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ /Հայտն. 21:8/

Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատվիրանները։ Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն»։ /Հայտն. 22:14-15/

Հ.Գ. Սույն խնդրին առնչվող մի նյութ գտա համացանցում, որը հաճույքով ներկայացնում եմ նաև ընթերցողիս` Մեր ժամանակների կախարդները

39 արտահայտվիր:

ԱՆԻ said...
8/24/11, 9:49 PM

ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿՈՉ ԱՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ ԵԿԵՔ ՈՉ ԱՍԵՆՔ ԿԱԽԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ՆՄԱՆ ԱՅԼ ԳՈՒՇԱԿՆԵՐԻՆ:ՆՐԱՆՔ ՓԱԿՈՒՄ ԵՆ ԱՐՔԱՅՈՒԹՅԱՆ ԴՌՆԵՐԸ ՄԵՐ ԱՌՋԵՎ:

Նունե Լևոնյան said...
8/25/11, 2:53 PM

ես էնքան երկար էի սպասում, որ եկեղեցին որևէ քայլ անի էդ հաղորդաշարի դեմն առնելու համար, որտև մեր անհավատ ազգին գլուխն իսկապես տանում են դրանք: պատկերացրեք՝ ոնց է շատանում էդ էքստրասենսներին փնտրողների բանակը:

Mher said...
8/25/11, 7:15 PM

Verjers im @nkerojn er zangel ir barekamneric mek@ u xndrel er chshtel Armenia TY-i heraxosahamar@, vorpeszi ir aroxjakan xndir unecox erexayin taner ed tox nervi indz asel ayd satanayapashtneric meki mor. Sarsapel e hargeliners ays ur e glorvum mer joxovurd@, cavoq ays depq@ ezaki che

ԱՐՄԻՆԵ said...
8/26/11, 9:24 PM

Խորապես ցավ եմ ապրում այն մարդկանց համար,ովքեր տարված են կախարդություններով,ես ինքս ժամանակին գայթակղված էի նմանատիպ բաներով,բայց ի շնորհիվ հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության դարձի եկա:Անի ջան ես էլ եմ միանում քո կոչին:ԵԿԵՔ ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՇՈՒՐՋ..........

Srk. said...
8/27/11, 8:02 PM

Աստված թող ողորմի նրանց...

Anonymous said...
8/28/11, 4:54 PM

Նույն կերպ մենք պետք է փորձենք ճշտել Armenia TV-ի կոնտակտները և զանգելու, գրելու կամ այլ միջոցներով արտահայտելու բողոքն ու վրդովմունքը:

Գևորգ սրկ.

Beatle said...
8/29/11, 6:38 AM

Կարծում եմ ճիշտ միտք է Արմենիա հեռուստաընկերության հետ որևէ կերպ կապնվելը: Ահա հեռուստաընկերության կոնտակտները. հասցեն` Եղվարդի մայրուղի 1,հեռ.(+37410) 369344 ֆաքս(+37410)366852 e-mail info@armeniatv.am: Ես ինքս մեծ հաճույքով կգրեյի նրանց, սակայն կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե դա հոգևորակններից մեկն անի իր ու հավատացյալների անունից:

Արսեն սրկ. said...
8/29/11, 8:50 AM

Առաջարկում եմ Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին ուղղված նամակ պատրաստել բազմաթիվ ստորագրություններով, ներկայացնել խնդիրը և պահանջել համապատասխան քայլեր: Անհրաժեշտության դեպքում նամակը կարող ենք հրապարակել մամուլում:

Anonymous said...
8/29/11, 10:04 AM

Ես դեմ չեմ կախարդներին ՈՉ ասելուն, բայց հարցեր էլ ունեմ։ Եթե չի կարելի գուշակություն անել ձեռքով, ապա ինչու համար են մարդու ձեռքի վրա հենց իր ճակատագրի գծերը, ինչու է նա երազներում տեսնում այն, ինչ պիտիկաատարվի, ինչու կոմայի մեջ ընկած ժամանակ մարդ կարողանում է տեսնել ապագան։ Եվ վերջինը՝ «եթե դուք մի ոլոռի չափով հավատ ունենայիք, ապա ծով ալեկոծվիր ասելուց ծովը կալեկոծվեր» Քրիստոս չէր մերժում մարդու մտքի ուժը (ուղղորդված հավատով իհարկե)

Srk. said...
8/29/11, 1:24 PM

Վերջին մեկնաբանությունը դուրս շատ եկավ, անկեղծ ասած. ափի մեջ «ճակատագրի գծերը» ճիշտ այն բանի համար են, ինչի համար կան գծեր ոտնաթաթի, թևատակերի, արմնկամեջերի պարագային. նպատակը մեկն է` ծալել. ծալքեր են ձևավորվել ֆիզիոլոգիական զարգացման 1000-ավոր տարիների ընթացքում, որոնք մարդու կյանքի և «ճակատագրի» հետ կապ ունենալ չեն կարող /եթե իհարկե մենք չենք ուզում այդ կապը արհեստականորեն ստեղծել/: Ի դեպ նման գծեր ունեն նաև կապիկները. կառաջարկեի գուշակները կապիկների «ճակատագրին» էլ անդրադառնային :))): Եթե նկատեցիք, ճակատագիր բառը միշտ գրում եմ չակերտների մեջ, քանի որ Քրիստոսի հետևորդի համար ճակատագիր գույություն ունենալ չի կարող, և սա պատասխանն է բոլոր գուշակությունների, թե երազների և թե կոմաների ու առհասարկ կախարդությունների: Ամենահիմնարար գաղափարներից մեկը որ փոխանցում է քրիստոնեությունը, այս է . ՄԱՐԴՆ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱԶԱՏ Է, ասել է թե ես և մյուս մարդիկ իրավունք ունենք ընտրել կյանքում այս կամ այն բանը և ոչ ոք անգամ ինքն Աստված չի կարող միջամտել ազատ ընտրությանը, իսկ այնտեղ որտեղ ազատ ընտրում ես ու որոշում քո կյանքի ամեն մի հարց /կարճ ասած ռոբոտ չես, որ քեզ ինչպես ասեն, այնպես էլ անես կամ լինի/ ճակատագիր լինել չի կարող. մարդն ինքն է սեփական «ճակատագիրը» կերտողը և ուրիշ ոչ ոք չի կարող այդ անել: Այս վերջինը, իհարկե, կլինի եթե մարդը չի ուզում որ իրեն ղեկավարեն, չի ուզում ռոբոտանալ: Եթե ես ինչ որ գուշակի հանձնեմ իմ ազատ կամքի բանալիները, նա կբացի ու կփակի ինձ ինչպես կկարողանա, եթե ես կախման մեջ եմ էքստրասենսներից ու երազահաններից, ապա սատանան, ում ճիրաններին եմ հանձնել իմ ազատությունը, առիթը բաց չի թողնի ապացուցելու որ իմ տեսիլքներն ու երազները իրականանում են: Եվ ես ակամա կհայտնվեմ չարի ազդեցության տակ ինքս էլ այդ չհասկանալով ու չուզենալով: Իսկ «ոլոռի չափով հավատ» ունեցող մարդը նախ և առաջ չի դիմի նման քայլերի ու չի «փորձի իր Տեր Աստծուն» և առաջնահերթ հոգ կտանի իր և շրջապատի հոգու փրկության համար...

Anonymous said...
8/29/11, 3:05 PM

Շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանության համար։ Սակայն միևնույն է նոր հարցեր առաջացան։ Նախ նշեմ, որ «ոլոռի չափով հավատը» ես ցիտել էի Քրիստոսի մասին նկարահանված ֆիլմից, որն ամեն զատիկի ցույց են տալիս։ Այդ ֆիլմում հենց հարցնում են «տեր ինչպե՞ս հանդարտեցրիք ծովը» Տերը պատասխանում է «Եթե ձեզնից մեկը գոնե ոլոռի չափով․․․(նորից րեմ գրում)»։ Այսինքն դա փորձություն չի, ոչ մեկ ոչ մեկին չի փորձում ուղղակի հավատքն օգնում է մարդուն հրաշքներ գործել։ Ինչ վերաբերվում է «ճակատագրին»։ Ես «ճակատագիր» չեմ ասում, այլ ապագա (այն, ինչ պիտի կատարվի ապագայում)։ Քրիստոսն ինքը քանի անգամ գուշակություն է արել (գուցե սխալ է ասել գուշակություն անել, բայց ապագան ասում է) օրինակ հենց իր ապագայի, Հուդայի և այլոց մասին։ Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանց ում այցելել է տիրոջ տեսիլքը, կամ որոնք լսել են տիրոջ ձայնը (ինչպես օրինակ Մովսեսը)։ Դա նույնպես արգելված է՞։
Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար և հարցերը տալիս եմ ոչ թե ներքին անհավատությունից, այլ ուղղակի ինքս ինձ համար պարզելու համար

Srk. said...
8/31/11, 7:33 PM

Շատ կուզեի գրելուց առաջ իմանալ Ձեր անունը /թեկուզև կեղծանունը/, որպեսզի գրածս մի տեսակ օդում չգրվեր:
Հատվածը, որ ցիտում եք ֆիլմից, այսպիսին է Աստվածաշնչում. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լերանը կ՚ասէք՝ տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ, եւ կը տեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Այո, շատ ճիշտ եք ասում. եթե քրիստոնյան թերահավատ չէ այլ հավատում է Հիսուս Քրիստոսին, Սուրբ Երրորդությանը, ապա անկասկած հրաշքներ էլ կարող է գործել Աստծո անվամբ (այդ օրինակը մեզ ցույց են տալիս առաքյալները Գործք Առաքելոցում): Սակայն եկեք «ծառը տեղափոխելը» կամ «ծովը հանդարտեցնելը» չհասկանանք բառացի. կյանքում կան պարագաներ (անկեղծ ասած ինձ հետ էլ է պատահել), երբ աղոթքի, Քրիստոսի հավատքի միջոցով անկարելին դառնում է կարելի, անշարժելին տեղաշարժվում և աներևակայելին դառնւմ է միանգամայն իրական: Այս երևույթը կարելի է կոչել հրաշք:Այո էքստրասենսներն էլ, թվում է, նման որոշակի հատկություններ ցույց են տալիս (իսկապես կամ կեղծիքով), սակայն մի տարբերությամբ. նրանց արարքների մեջ ի սպառ բացակայում է հավատքն առ Աստված, գերիշխում է մարդակենտրոնությունը և այլ կրոններից ու հավատալիքներից վերցված տարրերը:
Քրիստոս անցյալի ներկայի ու ապագայի տերն է, և Նրա «գուշակությունները» իրականում մարգարեություններ են. մեծ տարբերություն կա գուշակի և մարգարեի միջև: Մարգարեներ կային Հին կտակարանյան ժամանակներում սկսած Ձեր հիշատակած Սուրբ Մովսես Մարգարեից մինչև վերջին մարգարն` Սուրբ Հովհաննես Մկրտիչը և նրանց անելիքը սոսկ գուշակոթյունը, ապագան կանխատեսելը չէր: Մարգարեները մարդիկ էին, ովքեր անմիջականորեն զգում էին Աստծո ներկայությունը, մշտապես պատգամներ էին ստանում Նրանից և փոխանցում էին մարդկանց: Նրանց փոխանցածի մեծ մասը կանխասացություններ էին Փրկիչ Քրիստոսի ծննդյան, փրկության, մատնության, խաչելության հարության և այլնի մասին: Դրանց միջոցով մարդկությունը պատրաստվում էր դիմավորել իր Փրկչին, և այդ մարգարեությունները տառ առ տառ իրականացան: Մի նկատառում սակայն. Քրիստոս իր մարդեղացմամբ բացահայտվեց մարդկանց առաջ կատարելապես և իր մասին Սուրբ Հոգով ավանդեց Ավետարաններում, հետևաբար Քրիստոսից հետո այլև կարիք չունենք նոր մարգարեացումների, քանի որ ոչ ոք Քրիստոսից լավ Իր մաին չի խոսի: Ահա այս պատճառով է, որ մերժելի են այսօրվա «մարգարեիկները», ովքեր Աստծո, աստվածայինի և հավատքի մասին տարրական պատկերացում չունեն, չեն էլ կարդացել Աստվածաշունչը, քանի որ ծառայում են ոչ թե Աստծուն, այլ սատանային: Աստծո պատվերը նրանց վերաբերյալ արդեն հայտնել եմ հոդվծում 12 մեջբերումնրով: Հուսամ գրածս օգտակար կլինի և նոր հարցեր առաջանալու դեպքում էլի կուրախացնեք ինձ: Շնորհակալություն:

Նուարդ said...
9/2/11, 1:42 PM

Շնորհակալություն, որ մանանաեխի հատիկի չափ հավատքը մեկնաբանեցիք։ Այսինքն թերահավատությամբ հնարավոր չի հրաշքներ գործել, միայն հավատքի միջոցով: Իսկ ո՞րն է հրաշքի և կախարդության սահմանը։ Այն, որ մեկը հավատքով է մյուսը՝ ոչ? Իսկ այդ դեպքում ի՞նչ իմացանք այս կամ այն հրաշք/գուշակություն/կախարդությունը ի՞նչով էր արված՝ կախարդությամբ թե հավատքով։ Նույն հաջողությամբ կարելի է հրաշք գործել հավատալով բնությանը, բնության ուժին (նմանատիպ օրինակներ կան)։ Բնության հավատքի միջոցով էլ, տիեզերական էներգիայի հավատքի միջոցով էլ անկարելին դառնում է իրական։ Ո՞նց ենք մի հավատին սուտ անվանում իսկ մյուսին միանգամայն ճշմարիտ։ Շատ անգամ եմ լսել «եկեք բառացի չհասկանանք» արտահայտությունը, բայց եթե սկսենք բառացի չհասկանալ, մի բառի նշանակության տակ շատ ու շատ իմաստներ կհասկանանք և ի՞նչպես տարբերեմ իրական իմաստը։ Ստացվում է սեփական բառերի իրական իմաստը միայն Քրիստոս կարող էր իմանալ, մնացածներս կարող ենք ճիշտ չմեկնաբանել։
Ես չգիտեմ էքստրասենսերն ինչի միջոցով են ցուցադրում իրենց հատկությունները, չեմ կարող դատողություններ անել այդ կապակցությամբ, առավել ևս պնդել, որ նրանք Աստծուն չեն հավատում։
Ինձ համար պարզ չի մարգարեի և ոչ մարգարեի (իմ խոսքի մեջ գուշակի, էքստրասենսի) տարբերությունը։ «կարիք չունենք նոր մարգարեացումների, քանի որ ոչ ոք Քրիստոսից լավ Իր մաին չի խոսի» այսինքն Քրիստոսից առաջ մարդիկ էլի Քրիստոսից ավելի լավ չէին խոսում իր մասին, սակայն նրանք մարգարե էին, իսկ Քրիստոսից հետո՝ ոչ։ Նոստրադամուսի կանխասացումները նույնպես կատարվում են և նա նույնպես գուշակել է Քրիստոսի երկրորդ գալուստը, դրա մասին նաև Վանգան է խոսել (որն ի դեպ լսում էր Աստծո ձայնը), ուրեմն նրանք էլ մարգարեներ ե՞ն։ Քրիստոսից առաջ մարդիկ այո, չգիտեին Քրիստոսի մասին, բայց Քրիստոսի գալուց հետո շատ ժամանակ է անցել և հիմա նույնպես կարող ենք համարել, որ մենք ոչ թե չգիտենք, այլ շատ քիչ գիտենք Քրիստոսի մասին։
Անկեղծ ասած էսպես անընդհատ կարող եմ գրել, Դուք կպատասխանեք, ես նորից կգրեմ․․․․ չնայած ինքս էլ չեմ ուզում առարկել և կողմ էլ չեմ գուշակություններին, կող եմ բանականորեն հասկանալուն։ Չգիտեմ, ինչի իմաստով են գրածներս Ձեզ ուրախացնում (դրական ազդեցության թե ներողամիտ ժպիտի իմաստով)։
Շնորհակալ եմ պատասխանների համար
Հարգանքներով՝ Նուարդ

Srk. said...
9/4/11, 2:12 PM

Նուարդ ջան շատ շնորհակալ եմ անունդ հայտնելու համար: Գիտես մի պահ վատ զգացի ինձ, կարծեցի, թե նեղացրել եմ քեզ իմ մեկանգամյա ժպիտով... Ներիր, եթե այդպես է: Ժպտում էի, որովհետև իսկապես հաճելի էր խելացի ու տրամաբանված հարցեր լսել: Ներողամիտ ժպտալու իրավունք էլ չունեմ: Հաստատ կլինի մի բնագավառ, որից ես հարցեր կունենամ և դու կպատասխանես. ուզում եմ ասել, որ ուղղակի ուրախ եմ քեզ համար, որ պրպտումդ բացահայտում ես:
Շատ հետաքրքիր մտքեր ես առաջ քաշում: Ամենից շատ հավանեցի այս միտքը. «Ստացվում է սեփական բառերի իրական իմաստը միայն Քրիստոս կարող էր իմանալ, մնացածներս կարող ենք ճիշտ չմեկնաբանել»: Այո, այդպես էլ ստացվում է, և քո ասածը շատ ճիշտ է: Մենք մարդիկս, կարող ենք լոկ դասեր քաղել Քրիստոսի խոսքերից, որովհետև ինքնակամ այն հասկանալու իրավունք չունենք: Հիշիր քո կարդացած գրքերը, հիշիր նաև այն, որ երբ կարդում էիր, ինքդ քեզ դրել էիր սյուժեի մեջ: Այդպես էլ Աստվածաշունչ կարդացողը հաճախ իրեն է վերագրում այս կամ այն տողը բառը, մտցնում իր կյանք յուրովի հասկանալով այն, բայց արի ու տես Քրիստոս ամենևին այդ նկատի չուներ /իմ նշած այս մեթոդը ավելի շատ օգտագործում են բողոքական ծագման եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները/: Հայոց եկեղեցին ավելի միտված է մեկնաբանելու Աստվածաշունչը` այն չկտրելով կոնտեքստից, ուսումնասիրությունների և այլևայլ վկայությունների շնորհիվ հնարավորինս մոտեցնելով բառը և տողը իր սկզբնաղբյուրին, բուն իմաստին /մեկ այլ առիթով կարող եմ առանձին օրինակներով հիմնավորել, բայց հիմա թեմայից դուրս եմ համարում այդ/:
Ինձ թվում է հրաշքը մենք տարբեր ենք հասկանում, սակայն ասեմ, որն է հրաշքի և կախարդության սահմանը: Իրական հրաշք գործողը այդ անում միայն ու միայն Աստծո անվամբ, ասել է թե ինքը չէ հրաշք գործողը, ինքը սոսկ գործիք է, ում միջոցով Աստված կարող է գործել: Կախարդների մեծամասնությունը կամ իմիտացիա է անում /սրբապատկերներ, խաչեր կախելով իր սենյակում, առաջարկելով գնալ եկեղեցի և 7 հատ մոմ վառել, մատաղ անել, եկեղեցուց աղ բերել/, թե ինքը Աստծո հրամանով է գործում կամ էլ իսպառ Աստծուն չի հիշատակում` ասելով «ԵՍ ԵՄ ԱՆՈՒՄ»: Իսկ Աստծո «գործիքը» լինելու համար մարդը նախ պետք է ծայրահեղ մաքուր և արդար, պարզ ասած ՍՈՒՐԲ լինի /օրինակները 1000-ավոր են/, քանի որ Աստված չի բնակվում աղտեղության մեջ ու չի գործում մեղավորի ձեռքերով /սա Աստվածաշունչն է պնդում/: Ճիշտ ես ասում, որ մենք չենք կարող իմանալ «հրաշք» գործողի քրիստոնյա /ի դեպ ես խոսում եմ միայն քրիստոնեության տեսանկյունից/ կամ հավատացյալ լինելը: Իսկ ըստ քեզ ո՞վ է քրիստոնյան կամ Աստծուն հավատացողը: Բնական է կասես նա, ով Աստվածաշունչ է կարդում, ճանաչում կամ փորձում է ճանաչել Աստծուն, իմանալ նրա մասին, տեղյակ է Եկեղեցական կարգուկանոնին, հոգ է տանում ոչ միայն իր այլև ուրիշների համար, աղոթում է, առաքինի կյանք վարում... ի վերջո քայլում է ըստ Աստծո պատվիրանների: Նուարդ ջան, գուշակ-կախարդներից և ոչ մեկի մոտ բացի վերևում նշած իմիտացիաներից, դրամի արկղներից /ի դեպ Աստված իր «գործիքներին» միշտ ասում է` ձրի առաք, ձրի էլ տվեք/ և կեղծ ու մոլորեցնող խոսքերից ոչինչ չեք տեսնի: Հիմա կասես, բա, լավ, որ էդ մարդիք անհավատ են, ինչպե՞ս են նշաններ ցույց տալիս: Շատ պարզ. մարդիք կամա կամ ակամա համագործակցում են սատանայի հատ, ով շաաաատ ավելի խելացի է քան մարդիքս /չեմ խոսում այն կախարդների մասին, ովքեր զուտ շարլատաններ են/:

Srk. said...
9/4/11, 2:12 PM

Ինչ վերաբերում է մարգարեություններին ու գուշակներին: Նախ այսօրվա գուշակներից ոչ ոք բացի կենցաղային հարցերից ուրիշ հարցերի, առավել ևս Աստվածային հարցերի չի անդրադառնում: Սակայն ուզում եմ ուշադրությունդ բևեռել մի այլ բանի վրա. հին ուխտը` այսինքն մինչև Քրիստոսի մարդացումը ընկած ժամանակահատվածը, Պողոս առաքյալն անվանում է «Նոր ուխտի ստվեր», որը որոշակի պատկերացում է հայտնում մեզ նորի մասին: Ասենք քեզ մի քանի հոգի բացատրում են ինչպես պատրաստել ինչ-որ ուտեստ. մեկը խոսում է բաղադրիչներից, մյուսը աղից ու համեմունքներից, 3-րդ մեկը թե ինչքան ժամանակ թողնես կրակին, 4-րդը թե ինչ ուժգնության անես կրակը... Դու այս ամենը հավաքում ես ստանում որոշակի պատկեր, բայց բուն ուտեստը դեռևս պատրաստ չէ: Այ երբ պատրաստես, ապա ուտես այդ ուտեստը ամեն ինչ հստակ կլինի ու թերևս այլևս կարիք չի լինի քեզ բացատրելու, թե ինչպես է պատրաստվում այն կամ ինչ համ ունի: Թեև կոպիտ օրինակով, բայց այս է իմ ասածը: Իսկ Աստծո` Քրիստոսի մասին գիտենք այնքան, որքան բացահայտված է մեզ հայտնությամբ /Հովհաննես Ավետարանիչն ասում է, եթե գրելու լինեինք ամբողջը, թուղթ ու գրիչ չէր հերիքի/, իսկ եղած հայտնությունը միանգամայն բավարար է փրկության արժանանալու համար, եթե իհարկե այդ ուզում ենք: Իսկ եթե չենք ուզում... տխուր բաներից արի չխոսենք:
Եվ ասեմ, որ Քրիստոս ինքն է ասում, որ Իր Երկրորդ գալստյան մասին ոչ ոք չգիտի, անգամ Ինքը, գիտի միայն Հայր Աստված. «Այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» /Մատթ. 24:36/, էլ ինչպե՞ս են սատանայի «խամաճիկները» համարձակվում օր գտնել ու ասել...
Ես գիտեմ ու վստահ եմ, որ նպատակդ չէ հակառակվելը, այլ պրպտումն ու ճշմարտության ծարավն է հարցասիրությանդ աղբյուրը, ուստի չափազանց մեծ սիրով եմ պատասխանում քեզ, կասկած չունենաս ու անկաշկանդ կարող ես տալ հարցերդ: Շնորհակալություն: Աստված օրհնի քեզ:

Հ.Գ. Ինչ վերաբերում է, որոշ գուշակների` Աստծո ձայնը լսելուն, գիտեմ Հայաստանում մեկին, ով ժամանակին լսում էր այդ «ձայնը» և «հրաշքներ» գործում: Կխնդրեմ, որպեսզի նա այստեղ քեզ այդ հարցով պատմի իր կյանքից որոշ մանրամասներ:

Beatle said...
9/4/11, 9:09 PM

Էնքան լավ հարց ու պատասխան ա ստացվում, որ նույնիսկ չեմ համարձակվում մեջ մտնել, բայց, այնուամենայնիվ, Ձեր թույլտվությամբ պետք է ներքաշվեմ թեմայի մեջ :) : Այն որ վերը նշված հեռուստատեսությունով ցուցադրվող հաղորդումը խեղկատակություն է, դա միանշանակ է, բայց իրական կյանքում շատ ավելի բարդ է. օրինակ` ես հավատում եմ երազներին: Եթե հավատքի դիտակետից եմ նայում դա էլ է համարվում գուշակություն, սակայն իմ տրամաբանությունը ու զգացողությունը բոլորովին այլ են: Չէ որ ես մեղավոր չեմ, որ երազ եմ տեսնում? Եթե ես խաղաքարտերով կամ լուսնին նայելով կամ սուրճի մրուրով փորձում եմ գուշակել իմ ապագան, այտեղ իմ մասնակցությունը միանշանակ է, սակայն ես անզոր եմ երազի պարագայում, հետո էլ երազին ոնց չհավատամ, եթե դրանք իրականանում են? էլ չեմ ասում, որ երբեմն երազները հոգևոր բնույթի են լինում: Անձամբ ես ինձ համար երազը առանձնացրել եմ գուշակություն կոչվածից, շատ կուզենայի իմանալ Ձեր տեսակետը:

Anonymous said...
9/4/11, 10:02 PM

Այո Արթուր սարկավագն իրավացի է: Ես էի այդ <> ,,Աստծո ձայնի,, սակայն իրականությունը բոլորովին այլ բան էր: Ձայնը, որ ներկայանում էր իբրև Աստված իրականում կապ չուներ բնավ Աստծո կամ նրա որևէ հրեշտակի հետ: Գուշակություները, որոնք կատարվում էին նրա միջոցով ուղղակի հրաշքներ էին գործում: Բացահայտվում էին կորած և գողոցված իրեր, անհայտ սպանություների հեղինակներ եւ այլն: Այս ամենը եթե նկատեցիք վերաբերվում էին անցյալին, որի մասին սատանան շատ լավ գիտի, իսկ ապագան նրան հայտնի չէ: Սակայն մարդիկ, որ լսում էին անցյալի վերաբերյալ այսքան իրական փաստերը, ստիպված էին լինում վստահելու նաև ապագայի վերաբերյալ կատարված գուշակություւներին, որոնք լինելու դեպքում կամ հարմարացնում էին ասվածին կամ մարդիկ ուղղակի հոգեբանորեն տարամադրվում էին այն իրականություն դարձնում հենց իրենց կամքով, առանց գիտակցելու, որ դա իրենք են ստեղծում իրենց համար:
Թույլ տվեք որևէ գուշակի մասին այսօր հայտարարություն չանել, սակայն մի բան հաստատ կասեմ: Այն գուշակությունները որոնք Աստծո փառքի համար չեն, ապա միանշանակ կարելի է կասկածի տակ դնել: Գուշակությունը մարգարեություն չէ, իսկ մարգարեությունները միայն կարող են լինել Աստծո փառքի համար: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակում ասում է, որ մարգարեությունը եկեղեցու շինության համար է, իսկ այսօրվա կամ անցյալի որորշ հայտնի ու անհայտ գուշակների խոսքերը ոչ մի քար չեն դրել եկեղեցու իրական հիմքի վրա: Ուստի եզրակացություն արեք ինքներդ, ովքեր են եւ ինչ են ուզում նրանք:

Նուարդ said...
9/6/11, 8:29 AM

Որոշել էի այլևս չգրել այս թեմայի տակ, քանի որ իրականում շատ հեռացանք բուն թեմայից: Առաջարկում եմ բացել նոր թեմա այսպիսի քննարկումների համար և ավելի մանրամասն անդրադառնալ հնչեցված հարցերին:
ArturSrk: Ես հասկանում եմ Ձեր ասելիքը: Սակայն, համաձայնեք եթե ես սովորեմ ուտեստ պատրաստել և հանկարծ մի օր որոշեմ դրա մեջ մի նոր բան ավելացնել, ոչ ոք չի կարող ինձ ասել թե սխալ եմ անում: Այո՛, (չնայած մեկ կամ երկու փոփոխությունը դժվար թե ուտեստի անունը փոխի) գուցե մի քանի փոփոխություններից հետո այդ ուտեստը տարբերվի նախկինից և ես դրան նոր անուն տամ, սակայն փաստ չի, որ դա ընդունելի չի լինի: Մյուս հարցը, որ այդ մի քանի հոգին իրենք էլ ամբողջական ուտեստի տեսքը չգիտեն, այլ ամեն մեկը համեմունքի միայն իր մասը:
Ինձ համար անհասկանալի է մնում «եղած հայտնությունը միանգամայն բավարար է փրկության արժանանալու համար», այսինքն չեմ հասկանում ով է որոշել բավարար պայմանները, ի՞նչպես, ե՞րբ իմացանք դրանց մասին:
Ես չեմ ասում կոնկրետ օր ու ժամով գալստյան մասին: Առաջին գալստյան մասին էլ ոչ ոք չգիտեր, այդուհանդերձ մարգարեներին թույլատրվում էր գուշակել: Ասածս այն է, որ եթե գուշակություն չի կարելի անել, ապա Քրիստոսր գալուց առաջ էլ, հետո էլ չի՛ կարելի, անկախ նրանից գուշակը կոչվում է գուշակ թե մարգարե:
Շնորհակալություն նաև Աստծո ձայնը լսելու հետ կապված պարզաբանությունների համար: Սակայն իմ հարցը հետևյալն էր. Միթե՞ հիմա չի կարելի/հնարավոր չի լսել Աստծո ձայնը: Ընդունում եմ, որ դա կարելի է խառնել այլ ձայների հետ, բայց միթե՞ Քրիստոսից հետո Աստված չի կամենում ինչ-որ բան փոխանցել մարդկանց:
Beatle: Իհարկե երազների մեջ մենք մեղավոր չենք, բայց համաձայնեք շատերը կան, որ երազի ձին սկսում են փիղ հասկանալ և դրանց մասին գրքեր գրել, ինչը իմ համար ևս ընդունելի չէ:
Միանալով ձեր հարցին ուզում եմ ավելացնել այն՝ իսկ ի՞նչ ենք մտածում ներքին ձային մասին:
Ի դեպ ես չեմ պաշտպանում էքստրասենսերին և շատ լավ գիտեմ ովքեր են և ինչ ձայներ են լսում: Իմ հարցերը փոքր ինչ այլ բնույթ են կրում :) Ավելի շատ ինձ համար չհասկացածս պարզելու ոչ թե պաշտպանելու
Շնորհակալություն
Նուարդ

Srk. said...
9/9/11, 2:55 PM

Beatle: Իմ ամենաակտիվ ընթերցող ջան, ներիր ուշ պատասխանելու համար. ժամանակս չէր բավարարում ուղղակի: Երազները շաաաատ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքում և դրանց կարևորությունը, բարեբախտաբար, գուշակության մեջ չէ: Երազները կշեռքի դեր են կատարում մարդու հոգեկանում` «բալանսի բերելով», հավասարակշռելով մեր օրգանիզմը. բացասական և անգամ դրական հույզերը, զգացումները, լարումները, նյարդայնացումները, տագնապներն ու անհանգստացումները հօդս են ցնդում հաջորդ օրն առավոտյան` ենթագիտակցության այդ ինքնապաշտպանման` երազների շնորհիվ: Սա մի քիչ ռամկորեն բացատրեցի:)))
Ինչ վերաբերում է երզներին հավատալուն ու իրականանալուն, սա մի քիչ բարդ զատորոշվող հարց է, որովհետև տարբերակում ենք 3 տեսակ երազներ`
1.ուղղակի երազներ /սրանց մասին խոսեցի/
2.երազներ սատանայից
3.երազներ Աստծուց:
Վերջին երկուսը բավական դժվար է տարբերակել, քանի որ Քրիստոս Աստված էլ է ասում, որ չարը կարող է հայտնվել լուսո հրեշտակի տեսքով: Սրանք երազներ են, որոնք հարուցում է սատանան` մարդուն ծուղակի մեջ գցելով /տարբեր տեսակի ծուղակներ/, իսկ ամենամեծ ծուղակը կարելի է համարել այն, որ սատանան ինչ-որ բանի կատարվելը կանխատեսելով ապացուցում է, որ երազը իրականացավ և մարդը ամբողջ կյանքում սկսում է երազները հաշվի առնել և անգամ ուրիշների համար դրանցով գուշակություններ անել:
Աստծուց ուղարկված երազները թեև լինում են, սակայն լինում են չափազանց քիչ: Դրանք հիմնականում պատահում են այն մարդկանց հետ, ում հետ Աստված համամարդկային /շատ քիչ դեպքերում անձնական/ ծրագրեր է կապում /սա հաճախ, չեմ ասի միշտ անվանվում է նաև տեսիլք/: Նման դրվագ է ասենք Հովսեփ Աստվածահոր երազը Հիսուսի ծննդյան կամ Եգիպտոս փախչելու մասին, Պետրոս առաքյալի տեսիլքը և այլն /օրինակներ կան նաև Սրբերի կյանքում/:
Մի բան է պետք նկատել. Նոր կտակարանում երազների այլաբանական մեկնություններ /ձին - մուրազ, արյունը - սուտ և այլն/ չկան և Աստծուց տրված երազները ուղղակի ասված պատգամներ են:
Քանի որ դժվար է այս տեսակները հստակ զանազանելը /անձամբ ես երբեք կարևորություն չեմ տալիս երազներին/ մի խորհուրդ միայն կտամ. եթե տեսել եք ինչ որ երազ և այն ձեզ համար անհասկանալի է ու տագնապ է առաջացնում, աղոթեք անմիջապես` այն հանձնելով Աստծուն /ոչ թե ջրին պատմել/. «Տեր Աստված, ես չգիտեմ, թե ինչ էր այս երազը նշանակում, տուր ինձ իմաստություն այն հասկանալու: Եթե այն չարից էր, պահապան հրեշտակս թող իսկույն ցրի այն և չմոլորեցնի ինձ, իսկ եթե Սուրբ Հոգուց, ապա թող քո Աստվածային կամքը լինի այժմ և հավետ»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Beatle said...
9/9/11, 6:54 PM

Հարգելի ArturSrk այն, որ ես միշտ հետևում եմ Ձեր բլոգին, դա Ձեր գրագետ նյութերի շնորհիվ է նաև նրա, որ ոչ մի հարց չի մնում անպատասխան:
Ես եմ շնորհակալ, որ միշտ ստանում եմ այսքան ամբողջական ու գրագետ և երբեք ոչ ռամկական մեկնաբանություններ

Srk. said...
9/9/11, 9:00 PM

Նուարդ ջան քեզանից էլ եմ ներողություն խնդրում երկար ժամանակ չպատասխանելու համար: Ես շատ եմ ուրախանում, որ հարցեր ես տալիս. կարծում եմ շատ դեպքերում մտքերի բախման միջոցով է ճշմարտությունը ջրի երես ելնում: Ճաշի համար ասածս մի փոքր այլ կերպ էիր մեկնաբանել, սակայն ասեմ, որ մարգրեները, ովքեր խոսում էին դրա բաղադրիչների մասին իրենք էլ բնականաբար ըստ ամենայնի չէին ըմբռնում Քրիստոսի մարդեղացումը /հակառակ դեպում հրեաները, ովքեր մինչև այսօր սպասում են քրիստոս-մեսիային, կընդունեին Քրիստոսի` խոստացվծ մեսիան լինելը/: Այո, ճիշտ ես, մենք էլ այսօր ամբողջովին չենք հասկանում ու չենք ըմբռնում Աստծուն ու աստվածայինը և դա բնական է, քանի որ օգտագործում ենք ուղեղի հնարավորության առավեագույնը 3 տոկոսը /սա որպես ամենաչնչին փաստարկ/, սակայն մեզ Աստվածաշնչով ավելին է տրված Աստծո մասին, քան մարգարեներին, դրա համար Քրիստոս ասում է, որ կանանցից ծնվածների մեջ ամենամեծը Հովհաննես Մկրտիչն է /վերջին մարգարեն/, սակայն Աստծո արքայության /քրիստոնյաներիս/ մեջ ամենափոքրն իսկ մեծ է քան Հովհաննեսը /հուսամ սա մեծամտության տեղիք չի տա ընթերցողի մոտ :)))/: Այսուհանդերձ էլ մեր աստվածտեսությունը վարագուրված է ու մշուի մեջ: Տեղին է հիշել Սուրբ Պողոս առաքյալի խոսքը. «Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմառդէմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կը գիտենամ՝ ինչպէս որ Նա ճանաչեց ինձ» (Ա Կորնթ. 13:12): Մարգարեության ու գուշկության տարբերությունը զգալու համար վաղը 13:30-ին հմեցիր Սուրբ Գայանե վանք այդ թեմային առնչվող մի ֆիլմ մեզ հետ դիտելու:
Ինչ մնում է սահմանելուն, թե ամեն բան մեզ տրված է ու բավարար Աստծուն ճանաչելու համար և դրանից ավել մեզ պետք էլ չէ, ասում է Պողոս Առաքյլը /առհսարակ աստվածաբանական միտք արտահայտելիս ես ջանում այդ ասել աստվածաշնչյան հիմք ունենալով կամ Սուրբ Հայրերի խրատներից դաս քաղելով/. «Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի» (Գաղ. 1:8)։ Մենք չենք հասցնում ու կարողանում տրվա քչի մեջ հավատարի լինել, ուր մնաց թե շատի մեջ լինեինք:
«Ներքին ձայն» հասկացությունն ինձ համար անհասկանալի է նախ որովհետև ես երբեք չեմ զգացել յադ բանը /կամ չեմ գիտակցել այդ/, ապա և այն պատճառով, որ այն կարելի է փոխարինել տասնյակ այլ բառերով ու «ձայներով», եթե ցանկանանք: Եթե անկեղծ, ներքին ձայնից խոսացող մարդիկ միշտ իրենք իրենց խաբող կամ համոզող մարդկանց տպավորություն են թողնում վրաս/սխալվում եմ երևի/: Իսկ ըստ քեզ ի՞նչ է ներքին ձայնը:

Aregak said...
9/9/11, 10:56 PM

Շնորհակալություն խոր ու լուրջ հարց ու պատասխանի համար, նյութից հետաքրքիր կարդացի այս մեկնաբանությունների մասը, ինչպես միշտ հիանում եմ Արթուր Սարկավագի իմաստությամբ և ժամանակ գտնելու կարողությամբ :))

Նուարդ said...
9/13/11, 8:13 PM

Հմմմ․․․ չգիտեմ, ներքին ձայնի մասին չեմ մտածել․․․ Չեմ էլ լսել :) Թերևս հիմա կպատասխանեմ, որ դա մարդու ուղեղն է, այսինքն բանականությունը, որ հուշում է մարդուն ի՞նչ անել։ Այսինքն մարդու ուղեղը մտածում է և գալիս ինչ-որ եզրահանգման, և հրահանգ է ուղարկում մարդուն, որ խուճապի էր մատնված այդ պահին, իսկ նա էլ դա վերագրում է ինչ-որ «ներքին ձայնի»։ Չգիտեմ կարողացա արդյոք ճիշտ բացատրել այն, ինչ ի նկատի ունեի, բայց համենայն դեպս իմ կարծիքով ներքին ձայնը կապ չունի ո՛չ Քրիստոսի, ո՛չ սատանայի և ո՛չ էլ այլ հրեշտակների հետ։
Հ․Գ․ Կներեք շաբաթ կիրակի ինձ համար աշխատանքային օրեր էին և ես չկարողացա գալ։ Հուսով եմ մյուս անգամ կմիանամ
Շնորհակալություն

Srk. said...
9/16/11, 1:40 PM

Արևիկ-Արեգակ ջան շնորհակալ եմ ոգևորելու համար, բայց մեծամտությունս շոյելու համար շնորհակալություն չեմ ասում :)))). ես ուր, իմաստությունն ուր:

Srk. said...
9/16/11, 1:49 PM

Նուարդ ջան, համաձայն եմ, որ «ներքին ձայնը» /կանայք այն հաճախ ինտուիացիա են կոչում/ ընդամենը մտքի խաղ է, հաճախ վառ երևակայության արդյունք, իսկ հաճախ էլ մարդու` իրեն գերմարդ զգալու, ինչ-ինչ բացառիկ հնարավորություններով օժտված լինելու պատրանք:
Իսկ թե ուղեղը կարող է ինքնապաշտպանական ազդակներ ուղարկել մարդու գիտակցությանը, այդ չեմ կարող վստահեցնել, որովհետև նախ այդ իմ ոլորտը չէ, ապա և կարծում եմ, որ մարդն ինքն է իր ուղեղի տերը և ոչ թե ուղեղը` մարդու /չհաշված ենթագիտակցական և բնական-բնազդային ոլրտները/: Շնորհակալ եմ:

Srk. said...
9/18/11, 3:51 PM

Մոռացել էի, որ այստեղ որոշակի անդրադարձ էի ունեցել այս թեմային ու մեր քննարկած հարցին. գուցե օգտակար լինի^

http://sarkavag.blogspot.com/2011/06/4.html

Srk. said...
10/11/11, 4:38 PM

Այսօր շատ պատահական գտա այս պատմությունը համացանցում /http://armenianhouse.org/babajanyan/cross-am/2.html/: Երկար ժամանակ ցանկանում էի պատմել այս մասին լսածս արձագանքոներով և զուտ հիշելով, սակայն, լավ է, որ նյութը ամբողջովին գտա. հանձնում եմ ընթերցողիս ուշադրությանը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐՈՆԻ ՀԵՏ

Շատերին այս անունը իհարկե ոչինչ չի ասում, բայց երբ ծանոթանանք այս վերջին վկայության հետ, ապա կարծում եմ, որ ընթերցողներից ոմանք կմտաբերեն տարիներ առաջ հազարավորներին քաջ ծանոթ այդ երիտասարդին:

Հանդիպեցի ես նրան փողոցում, երբ արդեն ավարտին էր մոտենում այս գրքի վերջին էջերը, բայց համառորեն խանգարող զանազան պատճառներով չէի կարողանում ավարտի վերջակետը դնել: Խոսեցինք դեսից-դենից, ու ես տեղյակ լինելով նրա անցյալին, ի միջի այլոց հարցրեցի, թե ունի՞ արդյոք որևէ վկայություն Տիրոջ Խաչի մասին: Նա մի պահ մտածեց, ու սկզբում ասաց, որ չունի, բայց զրույցի ընթացքում հանկարծ հիշեց մի այդպիսի դեպք, որը և հիմք հանդիսացավ այս հոգեշահ վկայության համար: Բայց մինչ կկարդաք այդ վկայությունը, ավելի լավ է իր իսկ խոսքերով ծանոթացեք Տարոնի հետ, և կարծում եմ, որ շատերը կարդալով այս խոստովանության պատմությունը ավելի ճիշտ եզրահանգումների կգան իրենց հետաքրքրող հոգևոր շատ հարցերում:

«1988 թիվը Հայաստանի համար խառնիխուռն տարի էր: Հիշում եմ, որ այդ ամիսներին հեռուստատեսությամբ սկսեցին Կաշպիրովսկու սեանսները ցուցադրել: Ես այդ ժամանակ ինը տարեկան մի գյուղացի տղա էի, ու շատերի նման ես էլ էի դիտում շատերիս համար հետաքրքիր բշկության այդ նոր ձևը: Մի քանի նման սեանսների ժամանակ քնելուց, արթնանալուց հետո, անսպասելիորեն ուժեղ գլխապտույտներ ունեցա, տանջալից սրտխառնուքի հետ մեկտեղ: Տանեցիները անհանգստացած ինձ բժիշկների մոտ տարան, բայց ոչ մեկը ախտորոշում չկարողացավ տալ, քանի որ մարմինս առողջ էր: Անցավ որոշ ժամանակ, ու կարծես թե կամաց-կամաց առողջանում էի: Ու մի օր էլ հեռուստացույցով առաջին անգամ, 1989թ. հունվարի 5-ին,Հիսուս Նազովրեցի ֆիլմը ցուցադրեցին: Ես կլանված ու մեծ ուշադրությամբ դիտեցի այն, ու նույն գիշերը ինձ հայտնվեց Քրիստոսի կերպարանքով մեկը, և ասաց որ ինձ հոգևոր զորություն կտա, որ ես մարդկանց բժշկեմ, ինչպես և գուշակության ու վախ բռնելու շնորհներ: Ես դեռ փոքրիկ ու անփորձ երեխա լինելով, չէի հասկանում թե դրանք ինչ բաներ են, և որպես երազ համարելով, այդպես էլ մոռացա: Բայց անցավ էլի մի քանի օր, այդ երազը նույնությամբ կրկնվեց, ու ես պատմեցի ծնողներիս: Նրանք իհարկե նույնպես ոչինչ չհասկացան, բայց երբ երազը երրորդ անգամ կրկնվեց, նրանք տարբեր «բանիմաց» տատիկների հարցրին, ու նրանք էլ ինձ մեծ ապագա գուշակեցին:

Srk. said...
10/11/11, 4:41 PM

Մի օր էլ դրսում խաղալիս, հանկարծ ուշադրություն դարձրեցի, որ ձեռքիս ափի մեջ ինչ-որ պատկեր է գծագրվել, ավելի ուշադիր նայեցի, տեսա որ երազիս միջի նույն կերպարանքն է, որը քիչ հետո անհետացավ, ու տեղը մեր գյուղի եկեղեցին երևաց, ու տեսա ինքս ինձ, որ մտնում եմ այդ եկեղեցու դռնով: Այդ հայտնությունը, որ կարծես փոքրիկ հեռուստացույց լիներ ափիս մեջ, ինձ խիստ վախեցրեց, ու ես սկսեցի լաց լինել: Ծնողներս նորից անհանգստացան իմ վիճակից, այս անգամ ինձ հոգեբույժի մոտ տարան, որը երկար քննելուց հետո, նույնպես ոչինչ չհասկացավ, ու ինչ-որ հանգստացնող դեղեր նշանակելով, մեզ ճանապարհ դրեց:

Մի քանի շաբաթ անց, այնպիսի անծանոթ զգացում ապրեցի, որ կարծես այդ երազումս տեսած մարդը կողքիս կանգնած հետևում է ինձ: Օրեր էին անցնում, բայց ինձ համար այդ տարօրինակ զգացումը շարունակվում էր, ու մի անգամ այդ կերպարանքը խոսեց ականջիս համար ոչ լսելի ձայնով, բայց ես ներքին, ու անբացատրելի ձևով, հասկացա նրա ասածը: Հետզհետե սկսեցի տարվել այդ հետաքրքրության վերածվող «հարևանությամբ», մինչև որ նրանից առաջին պատգամը ստացա, ու ինչ-որ գուշակություն արեցի, որը կատարվեց: Հարազատներս լսելով այդ մասին, ավելի ուշադիր եղան իմ հանդեպ, իսկ երբ կուրացող պապիս ամբողջովին թաղանթակալած աչքը բժշկեցի ձեռքս երերացնելով դեմքի առջև, դա նշան եղավ թե՛ մոտիկներիս, և թե՛ ինձ համար, որ իմ մեջ «երկնային» զորություն է սկսել գործել: Այդ բժշկության լուրը շուտով իհարկե տարածվեց մեր գյուղում, ու այդ ժամանակվանից սկսեց մարդկանց անդադար հոսքը դեպի մեր տուն: Իսկ շուտով նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս եղող հանրապետություններից էին այցելում ինձ, ու երբեմն էլ Պարսկաստանից: (Եվ դա զարմանալի չէ, որովհետև մոտավորապես մեկ դար առաջ այդ երկրում մի ուրիշ հայ պատանի՝ Ավագ անունով, նման «հրաշք» բժշկություններ է արել. Հեղ.):

Ու ինչ հարցով ասես չէին դիմում ինձ մարդիկ, էլ գողացված մեքենաները գտնելու, էլ կորսված իրերը հայտնաբերելու, էլ հարազատների անսպասելի մահերի, էլ զանազան հիվանդությունների ու ցավերի բժշկության, էլ տարբեր պատճառներից վախեցածներին օգնելու համար: Այս վերջինս համար իմ «խորհրդատուն» ասել էր, որ հալված մոմը թափեմ սառը ջրի մեջ, ու առաջացած պատկերներով գուշակեմ վախի սկզբնապատճառը, որը իհարկե կեղծ էր, որովհետև ինքն էր ինձ հուշում, որ ասեմ, թե ինչից է վախեցել տվյալ անձը: Նույնիսկ ինձ մոտ էին գալիս տարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, ու ինձ խնդրում, որ այնպես անեմ, որ այս ինչ կամ այն ինչ անունով մեկը սիրահարվի իրենց վրա, ու պատկերացրեք, հաջողվում էր այդ ինձ, որովհետև հետո գալիս ու շնորհակալություն էին հայտնում: (Նման չէ՞ արդյոք Կիպրիանոս կախարդի գործելակերպի ձեռագրին. Հեղ.):

Srk. said...
10/11/11, 4:45 PM

Մի խոսքով օրական հազարավոր մարդիկ էին այցելում մեր փոքրիկ Լուսակերտ ավանը, և օգնություն խնդրում, ով ինչով որ տառապում էր անհավատության խավարի ժամանակներում: Մի անգամ էլ մի կնոջ լուսանկար ցույց տվեցին ինձ, ու ես անկախ ինձանից ասացի, որ այդ կինը թունավորված է ու մեռած: Նրա հարազատները սարսափեցին այդ գուշակությունից, ու մեծ անհանգստությամբ սկսեցին որոնել թունավորողներին, կասկածի տակ առնելով բոլոր մոտիկ ու հեռու հարևաններին ու հարազատներին, և նրանց հաճախակի այցելություններից երևում էր, որ տանջալից օրերի մեջ էին:

Շուտով սկսեցին մեր տուն սպառնալի նամակներ գալ, որոնք ահաբեկում էին, որ ես գուշակություններ չանեմ գողացված իրերի, կամ կասկածելի մահերի մասին: Ասեմ նաև, որ չգիտեմ ինչու իմ «հուշարարը» թույլ չէր տալիս, որ հոգեկան հիվանդները այցելեն այդ սեանսներին, ու մեկ էլ շաքարախտով հիվանդներին չէր թողնում գան բժշկվելու: Իսկ մի անգամ էլ մի մարդ, որը տառապում էր սրտի անբավարարությամբ, ես մերժեցի նրան ընդունել, բայց նա համառեց, ու դրսում, սեանսի ժամանակ նստեց ինձանից մի տաս մետր հեռու: Ու մի քանի րոպե չանցած, հանկարծ նա թեքվեց կողքի ու սիրտը բռնած ընկավ ու մեռավ: Դրանից հետո ուզեցին քրեական գործ հարուցել վրաս, բայց վկաները հաստատեցին, որ ես նրանց նախապես զգուշացրել ու մերժել եմ:

Անցավ մի քանի տարի, մարդկանց հոսքը տասնյակ հազարների հասավ, որոնք խռնված սպասում էին կողքի ազատ դաշտում, մինչև բժշկության սեանսների սկիզբը, որոնք օրական 3-4 անգամ էին լինում: Ու այդ նպատակի համար ես հատուկ երկարափեշ, փայլուն կտորից հագուստներ էի պատվիրել, ինչպես որ կրկեսի աճպարարներներն են հագնում, որ ավելի ազդեցիկ ու համոզիչ երևամ մարդկանց առջև:

(Հիշում եմ, որ այդ օրերին մարդիկ ինձ հարցնում էին, թե ի՞նչ զորությամբ է կատարվում այդ բժշկությունները, ես միշտ պատասխանում էի. «Կաղոթենք, Տերը կբացահայտի», քանի որ Տիրոջ խոսքը մեզ զգուշացնում է. «Եվ դա զարմանալի չէ, քանզի սատանան էլ է լուսո հրեշտակի կերպարանք առնում: Ուրեմն մեծ բան չէ, որ նրա պաշտոնյաներն էլ արդարության պաշտոնյաների կերպարանքը առնեն Եվ իրենց վերջը իրենց գործերի համեմատ պիտի լինի» (Բ. Կորնթ. 11:15): Եվ իսկապես, մի օր էլ երբ Տարոնին հրավիրեցին հեռուստաստուդիա, որտեղ նա պատմեց իր «երկնային» այցելությունների մասին, մենք իսկույն հասկացանք չարի ձեռագիրը, և մարդկանց զգուշացնում էինք, որ չտրվեն սատանայի այդ խաբկանքներին. Հեղ.):

Ինձ մոտ հաճախ էին տարբեր քրիստոնյա եղբայրներ գալիս Եղվարդի եկեղեցասիրաց եղբայրակցությունից, ու զգուշացնում, որ հրաժարվեմ այդ գործերից, որովհետև դրանք չարի հնարքներ են, բայց ես կարծես խուլ ու համր լինեի այդ խոսքերի հանդեպ, ու միշտ խուսափում էի հավատացյալներից, կարծելով թե նրանք իմ նման մոգության ուժերի միջոցով կարող են ինձ խանգարել: Այդ տարիների ընթացքում մեր բավականին մեծ բարեկամական շրջապատում, անսպասելի ու տարաժամ մահերի շարան սկսվեց. ահազանգը սկսվեց պապիս մահով, որին առաջինն էի «բժշկել», նրան հաջորդեց 45-ամյա հայրս, որից հետո 52-ամյա հորեղբայրս, իսկ որոշ ժամանակ անց հորեղբոյրս թոռը խեղդվեց գետում, որի դիակը միայն 40 օր անց գտանք, և այսպես էլի 3-4 հարազատների անժամանակ մահերը մնացածներիս համար կարծես ազդանշան էր, որ այս զորությունը այնքան էլ աստվածային չէ:

Srk. said...
10/11/11, 4:51 PM

Այդ օրերին մեր գյուղի դպրոց սկսեց հաճախել Հայ Առաքելական եկեղեցու քահանան, որը հոգևոր դասընթացներ էր վարում: Ես վախեցած այդ ընթացող մահվան դեպքերից, ուզեցի հաճախել այնտեղ ու քահանայից լսել ճշմարտությունը, և կամաց-կամաց Աստծո խոսքով լուսաբանվելով, հասկացա, որ ես չարի ձեռքում գործիքի եմ վերածվել, ու ակամա մեղքի մասնակից դարձել: Երբ տուն վերադարձա, անկեղծ սրտով աղոթեցի Աստծուն և ասացի. «Տե՛ր, եթե այն ինչ որ անում եմ Քեզանից չէ, ապա խնդրում եմ խափանես չարի զորությունը»: Եվ իսկապես, ի զարմանս ինձ ու իմ հարազատների, մարդկանց հոծ բազմությունը օր է օր նվազում էր հարյուրներով, դրանով իսկ համոզվելով, որ իմ արարքները Աստծո կամքին հակառակ է: Ու ես մի օր, ավելի ճիշտ 1994թ. մարտի 8 -ին, ծնկի եկած, զղջումով ապաշխարեցի իմ կատարած անգիտակից, և գիտակցված մեղքերի համար, ու դրանից հետո ամեն կիրակի եկեղեցի էի հաճախում, պատարագներին մասնակցում, խոստովանում ու հաճախակի Սուրբ Հաղորդություն ստանում, որովհետև համոզվեցի որ դա Տիրոջ փրկարար զորությունն է մեր հավիտենական հոգիների համար»:

Ու քանի որ այս լուսաբանող պատմությունը սկսվեց Խաչի մասին Տարոնի վկայությամբ, ապա կարդանք այն ևս. «Երբ իմ մասին լուրերը սկսվեցին տարածվել Հայաստանով մեկ, ծանոթներից մեկը, որ ծառայում էր սուրբ Էջմիածնում, ինձ ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ հանդիպում դասավորեց: Ու ես 1991 թվականի չեմ հիշում որ ամսին, գնացի այդ հանդիպմանը, ու քանի որ արդեն սկսել էի հղփանալ մարդկային փառքով, այնքան էլ չէի հուզվում այդ հանդիպումից, այլ պարզապես այն ընդունում էի որպես ինձ տրված փառքի մի նոր փայլ: Հանդիպման ժամանակ ես մանրամասն պատմեցի ինձ հետ կատարված «երկնային» այցելությունների մասին: Վեհափառ հայրապետը լո՜ւռ լսեց ինձ, ու վերջում միայն մի հարց տվեց. «Հայր մեր աղոթքը գիտե՞ս»: Ես անակնկալի եկա այդ հարցից, որովհետև չգիտեի, և մինչ այդ մտքովս էլ չէր անցել այդ աղոթքը անել, ու ընդհանրապես աղոթել Աստծուն, որովհետև համոզված էի որ Հիսուսը ինձ հետ է: Մինչ ես կարկամած չգիտեի ինչ պատասխանեմ, «հուշարարս» ասաց, որ պատասխանեմ այսպես. «Գրված է, որ ձեր աղոթքները հրապարակայնորեն չլինեն»: Ես կրկնեցի նրա ասածը, գաղափար անգամ չունենալով, թե դա ինչ է նշանակում: Վեհափառը մեղմ ժպտաց, ու մոտը կանգնած եկեղեցու սպասավորին ասաց, որ ինձ մի հատ Խաչ, և մի հոգևոր ամսագիր նվիրի, ու ստանալով դրանք ես դուրս եկա վեհարանից: Միջանցքում, որտեղ ես արդեն մենակ էի, հանկարծ իմ «հուշարարիս» ներքին անհանգստությունը ինձ փոխանցվեց, որը մի տեսակ ահաբեկված շշջաց. «Այդ ձեռքիդ Խաչը քեզ պետք չի՛, այն կխանգարի մեզ, իսկո՛ւյն հիմա դեն նետիր այն»: Ես էլ, որ միշտ հնազանդվում էի նրա հրամաններին, ձեռքումս պահած Խաչը աննկատելիորեն, բայց ափսոսանքով, մուտքի աղբամաններից մեկի մեջ գցեցի»:

Կարծում եմ, որ այլ մեկնաբանությունների կարիք չկա:
Երբ լսեցի այս կարևոր վկայությունը, հարցրեցի Տարոնին, թե այդ զորությունը ինչպե՞ս է վարվում մարդկանց հետ, որոնք չեն ապավինում Հիսուսի անվանն ու Նրա Խաչին: Նա այսպես ասաց. «Ինչպես չար երեխան իր տիկնիկի հետ, կխաղա կխաղա, ու մեկ էլ երբ ուզենա ոտ ու ձեռը կպոկի ու դեն կնետի: Իսկ այն կարծեցյալ բժշկությունները, որ ստանում են մարդիկ, դա խաբկանք է, քանզի չարը այդ պահին անզգայացնելով մարմնի տվյալ մասի ցավերը, դրա փոխարեն ուրիշ տեղում է սկսում հիվանդությունը, որ միշտ կախվածության մեջ լինես նրանից, իսկ հետո ձանձրանալով քեզանից, մի օր էլ հարմար առիթով ծուղակը գցելով, կամ մի փորձանք բերելով գլխիդ, կորստյան կտանի քեզ, եթե այդպես էլ համառորեն Աստծուն, եկեղեցին, Խաչն ու Ավետարանը մերժած ապրես»:

Ահա այս զարմանալի վկայությունը Աստված պահել էր գրքի վերջում զետեղելու համար, որպես կնիք ու հաստատումն Տիրոջ Խաչի զորության, և նրա թշնամիների բացահայտման համար:

Anonymous said...
10/23/11, 9:21 PM

Սարկավագ ինձբացատրեք,հասարակմահկանացուիսուքրիստոնյաիս։Ինչու եմերազումանընդհատտեսնումՀովհաննես Մկրտիչին։Միանգամնույնիսկմեռոնովաչքերսմաքրելտվեց ու երկարհետսխոսեց։

Srk. said...
10/24/11, 7:52 PM

Ճիշտն ասած ինձ իրավունք չեմ վերապահի ասելու, թե ինչու եք տեսնում, միայն կհիշեցնեմ, որ բացի սովորական, օրգանիզմի պահանջ հանդիսաող երազներից, կարող են լինել երազներ Աստծուց կամ լուսե հրեշտակի կերպարանքով հայտնված սատանայից: Դրանք զանազանելը շատ դժվար է և ըստ երևույթին իմ անելու բանը չէ, այլ Ձեր խոստովանահոր: Միայն կարող եմ առաջարկել ամեն անգամ «կասկածելի» երազ տեսնելուց հետո աղոթեք, որպեսզի Աստված այն ի բարին ուղորդի և թույլ չտա Ձեզ փորձության մեջ ընկնել:Ես էլ կաղոթեմ Ձեզ համար:

Srk. said...
11/17/11, 12:40 PM

«Որքան հաճույքով են մարդիկ խաբվում, որքան են սիրում «մարգարեներին», գուշակներին, ինչպիսի նախի´ր է դա» Ա. Պ. Չեխով

Anonymous said...
11/28/11, 7:45 PM

Շատ հետաքրքիր հոդված է, շնորհակալություն, ինձ մի քանի անգամ ասել են ինչ է լինելու իմ կյանքում, դրանք կատարվել են, բայց ես ինձ շատ վատ եմ զգացել դրանից հետո, կգերադասեի ոչ մի բան չիմանալ ու հանգիստ ապրել, թեև լավ բաներ էին ասել ինձ, բայց այդ լավն էլ չեմ ուզել, որ կատարվի, այնքան եմ աղոթել, որ Աստված ների ինձ: Մի' հավատացեք նման մարդկանց, կյանքն իսկապես հիասքանչ է, և երազանքներն իսկապես իրականանում են:

Anonymous said...
1/29/12, 12:08 PM

Ես նույնպես չեմ ընդունում այդ ամենը քանի որ Աստված չի ընդունում բայց եկեք ոչթե դուրս գանք մարդու դեմ այլ այդ չարիքների դեմ քանի որ Քրիստոս ներեց մեղավորներին ապա մենք Քրիստոսի մեղավոր Գառնուկներս իրավունք չունենք չներելու միմյանց տեսեք օրինակ ես չեմ ընդունում եհովայի վկաներին բայց դեմ եմ այդպիսի սխալ հավատքին իսկ եհովայի վկան ինքը մարդն է որը ստեղծվել է Աստծո Սուրբ Երորդության կողմից և ես նրան չեմ մեղադրում այլ այն ինչին Աստված է դեմ կախարդանքներին սնահավատություններին և այլն։ Միայն Քրիստոս իրավունք ունի մարդուն չներելու բայց Քրիստոս ներեց մեղավոր կնոջը։ Ի վերջո այդ մեղավորնել մեր ՀԱՅՆ է և ստեղծված է Աստծո կողմից ՀԱՅ գառնուկ է և պետք է սիրել մարդկանց։ Շնորակալություն

John Doe said...
2/2/12, 5:48 PM

Կարդացի բոլորը`մեկնաբանություններով հանդերձ, ցնցող էր ուղղակի ArturSrk -ի ճշմարիտ մեկնությունները, բերված պատմությունը, ուղղախոսությունը, Աստծո խոսքով անշեղ ընթացքը, միթե՞ հրաշք չէ երբ հանդիպում ես այսպսի փայլուն մտքի, ի վերուստ շնորհված իմաստությա՞ն, շատ անգամ իրական հրաշքները վրիպում են մեր աչքերից , և փնտրում ենք այլ տեղ , այլ պատկերացումներում, , ինքս մի հարց ունեմ Արթուրին ի՞նչ է նշանակում այս խոսքերը..‎""...այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս...,''(Յդ 1:9,10)" վաղուց էի ուզում հարցնել և լսել պատասխանը մեր հարգարժան հոգևորականներին, այս խոսքերի մեկնությունը...ինչի համար է վիճում, որ ինչ լինի ?

Srk. said...
2/3/12, 8:06 AM

@Jhon : Շատ ուրախ եմ այս հարցի համար, կարճ ժամանակում անպայման կպատասխանեմ առանձին նյութով: Խնդրեմ նման հարցեր լինելու դեպքում անցնեք այս հղումով` http://www.sarkavag.blogspot.com/p/blog-page_28.html

Լուսինե said...
2/14/16, 8:46 PM

Իմ կարդացած ամենահետաքրքիր բանավեճերից մեկը բոլորիս համար կարևոր թեմայով: Մեկնաբանություններում արդեն իսկ գտա ինձ հետաքրքրող հարցերից շատերի պատասխանները: Բայց ինձ վաղուց մի հարց է տանջում: Եթե Աստվածաշնչում ասվում է
<> ուրեմն տեսականորեն ապացուցված է, որ օրինակ կարկտված բարձիկներն ունեն իրենց ազդեցությունը և մարդիկ մտածում են, թե սատանայի ձեռքով արվածը սատանայի ձեռքով էլ ավելի հեշտ կքանդվի և սատանան իրենց աչքին երևում է բարեգործ: Ի՞նչ պիտի անի հավատացյալը եթե իր տանը հայտնաբերում է կարկտած բարձիկներ:

Srk. said...
2/24/16, 1:59 PM

@Լուսինե : Այն ամենը, ինչին հավատ կընծայեք, չարը կօգտագործի Ձեր դեմ, սա «անհոգիի» հոգևոր սկզբունքն է: Եթե բարձիկը, թողթ ու գիրը կամ չգիտեմ կասկածելի մի բան Ձեզ համար միայն անիմաստ առարկա է, նետեք այն աղբարկղը առանց վախին ու կասկածամտությանը տեղ տալու: Իսկ եթե ամեն դեպքում նախապաշարում ու վախ ունեք աղոթք արեք և այրեք. կրակը միշտ սրբագործող խորհուրդ ու հատկություն ունի, աղոթքը առավել ևս: Եվ ինչու չէ, գտածը կարող եք տանել եկեղեցի՝ ցույց տալ քահանային, միասին աղոթք անել, որպեսզի չարի զորությունը որևէ իշխանություն չունենա Աստծո զավակների վրա:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...