Showing posts with label երթուղային. Show all posts
Showing posts with label երթուղային. Show all posts

25.7.13

ԻՄ 100 ԴՐԱՄԸ - Mein Kampf

Երևանում տիրող «երթուղային» եռուզեռը առանց ոգևորության դիտել չի լինում: Ինչպես ընկերներիցս մեկը շատ լավ նկատեց, մարդկանց մեջ արթնացել է սերը: Այո՛, երբ մարդը դադարում է միայն ինքն իր մասին մտածելուց և աչք չի փակում նեղության մեջ հայտնված իր մերձավորի խնդրի վրա ու օգտակարություն է ցուցաբերում, ինքնաբերաբար դառնում է մի Բարի Սամարացի՝ իրական արժեք հաղորդելով իր քրիստոնեությանը, իր հայրենասիրությանը, իր՝ մարդ լինելու հանգամանքին:
Ի՞նչն է առավել արժեք տալիս այս շարժմանը, որտե՞ղ է թաքնված նրա գաղտնիքը: Գաղտնիքը ինքնաբուխ ընթացքի մեջ է, սրտի պոռթկումի, արդարության պահանջի մեջ է: Նկատե՛ք, ոչ ոք ամբիոններից չի բարձրագոչում, ոչ ոք քաղաքական ծրագրեր չի առաջարկում, այլ բոլորը՝ հայտնի, թե անհայտ առաջ են գնում ուղղակի սիրուն տրված՝ հանուն արդարության:

25.6.12

SUPER «ՄԱՐՇՐՈՒՏԿԱ»

Գուշակել անգամ չէի կարող, որ երթուղայինը, որն արգելակեց ճիշտ կանգառի համար նախատեսված դեղին գծերի վրա, հերթական գրառման հերոս պիտի դառնար…
Սրահն անհավանականորեն մաքուր էր, առանց փոշու և մեքենայի յուղի հետքերի: Անգամ օդափոխության համակարգ էր գործում: Թավշապատ նստատեղերը ևս մաքուր էին, առանց պատռվածքների, հարմարավետ: Վարորդի դեմքին նայելով միանգամից կպատկերացնեիր, որ կիրթ արտաքինով այդ մարդը մաքրության և կոկիկության մարմնացում էր՝ սափրված դեմքով, ճերմակ վերնաշապիկով և փայլեցված կոշիկներով: Փողկապն էր պակասում, և եթե այն էլ լիներ, ես կհավատայի, թե երթուղայինի վարորդն առնվազն նախարար է: Չնայած այն, որ ամրագոտին կապված էր, և ինքը՝ վարորդը, խստորեն պահպանում էր երթևեկության կանոնները, արդեն իսկ «բյուրոկրատական վերնախավի» ներկայացուցչի վարքագիծ չէր:

25.12.11

ՉԱՐ ԱՉՔԻՆ` ՉԱՐ ՓՈՒՇ


- Ների՛ր հարցիս համար, քրիստոնյա ե՞ս,- հարցնում եմ ես երթուղայինի վարորդին:
Տարակուսած նայում է վրաս:
- Աստծուն հավատո՞ւմ ես,- փորձում եմ հստակեցնել հարցս:
Մի քանի վայրկյան պատասխանը ծանր ու թեթև անելուց հետո խոսում է.
- Դե քրիսոնյան որն ա՞, հա՛, հավատում եմ էլի, իմ ձևով հավատում եմ...
- Հա՛, բայց ինչի՞ն ես հավատում:
Զննող հայացքով ուսումնասիրում է արտաքինս:
- «Տեր-տեր» ես ախպե՞ր,- կռահում է, հավանաբար այտամորուքիցս, - թե՞...
Դեմքիս որոշակի արտահայտությամբ հաստատում եմ, որ հոգևորական եմ, սակայն պատասխանն այդպես էլ չեմ ստանում:
- Հարցնում էի, - շարունակում եմ ես,- որպեսզի զգուշացնեի` հանեիր էդ մեծ աչքի հուլունքը մեքենայիդ միջից. անիմաստ է դրա գոյությունը, եթե քրիստոնյա ես:
- Էս իմը չի, մեկը մոռացել էր «մաշնի» մեջ, կախել եմ, որ գա տենա հետ տամ, է՛լի,- անփութորեն ստում է:
- Եթե անգամ գա,- փորձում եմ խոսքերին հավատացողի ձև տալ ինձ,- չտա՛ս, տեղը այս խաչը տուր, խա՛չն է քրիստոնյայի հաղթության նշանը, թե չէ աչքի հուլունքը քեզ հաստատ փորձնքից հետ չի պահի, եթե, իհարկե, հավելյալ փորձանքի մեջ չգցի:
- Հա՞,- իսկապես զարմանում է,- եկեղեցին սենց բաներ չի ընդունո՞ւմ: