Վստահ եմ, շատերդ հայկական հինավուրց վանքերի
մոտակայքում տեսած կլինեք ծառեր` բեռնավորված թաշկինակներով, անձեռոցիկներով և զգեստավորման այլազան պարագաներով: «Խելացի» մարդիկ պնդում են, որ այդ ծառերի վրա թաշկինակ կամ այլ բան կապողները երջանիկ են լինում կամ նրանց երազանքներն անպայման իրականանում են... Ծիծաղելի
է...
Ինչպես և հայերիս մեջ տարածված սնահավատությունների մեծ մասը, այդպես և լայն տարածում ունեցող այս սնահավատությունը, ամենայն հավանականությամբ, իր ծնունդն առնում է հայոց հին հավատալիքներից: Հին հայերը հավատում էին, որ որոշ ծառեր, սուրբ էին, և երբ տանը հիվանդ ու վատառողջ մեկն էր լինում, ապա հիվանդի զգեստից մի փոքրիկ կտոր տանում և կապում էին այդ ծառերի ճյուղերին` ակնկալելով հիվանդի ապաքինումը: Տարածված էր նաև այդ ծառատեսակներից զանազան հմայիլների պատրաստությունն ու կիրառումն առօրյայում:
Հիմա, երբ այլևս հայոց հին հավատալիքը կենսունակ չէ, կռապաշտական այս սովորույթը մի տեսակ հաղթահարելով քրիստոնեության պատնեշը եկել ու բնակություն է հաստատել ոչ ավել ոչ պակաս այնտեղ, որտեղ իրական սրբությունն է, հաստատվել է
1000-ամյա վանքերի ու սրբավայրերի տարածքում: Ու երբ 21-րդ դարի մարդը վանք ուխտի կամ էքսկուրսիա է գնում, երբեք չի մոռանում «հանուն երազանքի իրականացման» իր մասունքներից թողնել ծառի վրա` այդպիսով ոչ միայն աղտոտելով սրբատեղիի
տարածքը, այլ նաև էկոլոգիապես վնասելով հենց իրեն` «հրաշագործ» ծառին: Բայց սա ամբողջ սարսափը չէ: Ամենասարսափելին հայերիս «փարիսեցիությունն» է. կհիշեք երևի` մի առիթով Քրիստոս նախատեց փարիսեցիներին` ասելով. «Հիմարնե՛ր և կույրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին» (Մատթ. 23:16): Հիմա հարց տամ քրիստոնյաներիս` «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ի՞նչն է մեծ` ծա՞ռը,
թե վանքը, որի տարածքում աճում է ծառը»:
Ճշմարտությունն այս է. եթե դու ճանապարհ ես կտրում ու հասնում ես սրբավայր և քեզ համար թաշկինակն ու հրաշագործ
կարծվող ծառն են կարևորն ու հոգևոր պահանջմունքդ բավարարողը, ապա այդ իսկ է քո վարձը` երազի՛ր, թե մի օր կստանաս ծառից
այն, ինչ ցանկացար: Սակայն, եթե քրիստոնյա
ես, ապա անելիքդ այլ պիտի լինի` ուխտ, աղոթք, հոգևոր ապրում սրբազան տաճարի դարավոր
կամարների տակ, հոգու մաքրագործում և ինչո՞ւ չէ. մաքրագործում նաև համալիրի
տարածքում` ազատագրում թաշկինակներից ու ամեն տեսակ կռապաշտությունից, սին հավատքից
ու մոլորությունից. այսպես «պետք է վարվես Աստծու տան մեջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության։ Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3:15-16):
Հ.Գ. Երիտասարդների խմբով ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Սուրբ
Գեղարդավանք: Թեև տարածքում ծառերն ընդամենը 1 շաբաթ առաջ էին
մաքրվել կապանքներից, այնուամենայնիվ դրանց վրա թաշկինակները դարձյալ ծփում էին:
Մենք ևս ձեռնամուխ եղանք մաքրման աշխատանքներին: Մի մարդ բավական զայրացած
մոտեցավ երիտասարդներին և սկսեց բորբոքված վիճել, թե ինչո՛ւ են իր կապած թաշկինակն
արձակել: Մոտեցա, հնարավորինս հանգստացրեցի, բացատրեցի, որ այս սովորույթն անիմաստ սնահավատություն է, հակասում է քրիստոնեական սկզբունքներին և ինքնին հեթանոսական բան է:
Մարդը լսեց «հեթանոս» բառն ու միանգամից հոխորտաց. «Ես հեթանոս եմ, ինչի՞ չեք
թողնում, որ ես իմ թաշկինակը կապեմ»: «Շատ լավ,-պատասխանեցի ես,- եթե հեթանոս եք, ապա խնդրում եմ Ձեր թաշկինակը չկապել քրիստոնեական եկեղեցու տարածում, ընդամենը մի
քանի կիլոմետր այն կողմ` Գառնիում, հեթանոսական տաճարն է, տարե՛ք և կապեք այնտեղի
ծառերին»: Մարդը ընճված նայեց վրաս ու հարցրեց. «Ե՞րբ եք ստեղից գնալու»:
Ստորև ներկայացնում եմ ֆոտոշարք` Սուրբ Գեղարդավանքի այդ օրվա
ծառ-ազատումներից (չվախենա՛ք հանկարծ):
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
15 արտահայտվիր:
համաձան չեմ Ձեզ հետ:Հենց այն, որ մինչեւ հիմա այս սովորութիւնը մնացել է՝ ուրեմն մերժելի չէ: Ի վերջոյ հոգեբանական պահ կայ, մարդիկ կապում են այդ թաշկինակները՝ հաւատալով: Իսկ եթէ հեթանոսական սովորութիւն է ուրեմն պէտք է մերժե՞լ, սա ի՞նչ մտածելակերպ է: Եթէ այդպես է ,ուրեմն չպէտք է տօնել զատիկը, վարդավառը, տեառնընդառաջը եւ այլն: Մի մոռացէք որ մեր եկեղեցին ԱԶԳԱՅԻՆ է, մեզ մի տարէք դէպի կաթոլիկներն ու աւետարանակները: Պաշտում եմ բոլոր այն սովորութիւնները, որոնք դարերից են մեզ հասել, այո ինչու ոչ ,նաեւ այն սովորութիւնները որոնք մեզ են հասել նախաքրիստոնէական շրջանից: ինչ է մինչ քրիստոնէութիւնը մենք արժէքներ չե՞նք ունեցել, կամ ունեցածը պէտք է մերժե՞նք: Կարծեմ այդպէս արեցին, որ մեր մշակութային գոհարներից միայն Գառնոյ տաճարը մնաց: Ուրեմն մի կտրէք , մի զրկէք մեզ այն սովորութիւններից,որոնք մեզ հնուց են հասել: Զոռով հո չի՞: Արդեօք՞ ձեր այս արարքը քրիստոնէական է /մարդկանց հաւատով կապուած թաշկինակները պոկելը/: Ասեմ, որ ես հեթանոս չեմ, աւելին՝ այժմ պահքի մէջ եմ, աւելին՝ հոգեւորականի ժառանգ եմ:
@Анонимный : Ես մի պարզ ավետարանական ճշմարտություն գիտեմ, այն նաև Ձեզ որպես հոգևորականի ժառանգի պետք է հայտնի լինի. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կ՚արհամարհի. չեք կարող ծառայել Աստծուն և՝ մամոնային» (Մատթ. 6:25: Հավատքն այլ բան է, սնահավատույունը միանգամայն այլ, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում սնահավատությունը ստրկական վախ է սերմանում, իսկ հավաքը` հույս: Հիմա մերն է ընտրությունը, թե ինչ ընտրենք... Եթե Քրիստոսի անաղարտ հավատքը քարոզելը կաթոլիկություն է և ավետարանչականություն,ապա որքան կորած ենք մենք այս մտածելակերպով: Մի կարծեք, թե ես Ձեզանից քիչ եմ սիրում ազգային տոներն ու սովորույթները, սակայն այնտեղ, որտեղ հեթանոսի համար Զատիկ է, ինձ համար Սուրբ Հարություն է, որտեղ Վարդավառ է, ինձ համար Սուրբ Պայծառակերպություն է, որտեղ Տրնդեզ է, այնտեղ ինձ համար Տյառնընդառաջ է: Սա է տարբերությունը և այն զգալը չափազանց կարևոր է Հայոց ագային Եկեղեցու հետևորդի համար:
Աստված թող օգնի Ձեզ ձերբազատվելու սնահավատություններից հատկապես այս պեհեցողական շրջանում:
Ով ուզում է շարունակել թաշկինակ ու ներքնազգեստ կապել ծառի ճյուղերին, թող իր այգու ծառերին կապի: Ես չեմ ուզում իմ եկեղեցու շրջակայքը կեղտոտ շորերով լցված լինի:
Ավետ
Էն, որ մարդիկ թաշկինակներ են կապում ծառերին գալիս է, ոչ թե հավատի մեծ լինելուց, այլ ինֆորմացիայի պակասից: Ուրեմն ինչ վատ բան կա նրանում, որ ազատում ենք խեղճ ծառերին հետն էլ մի քնաի մարդ կիմանա, որ հագուստի կտոր կապելու փոխարեն, ավելի Աստվածահաճո կլինի, եթե գլուխը ծածկի մտնի վանք ու ծնկաչոք աղոթի Աստծուն: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. խնդրիր ու կստանաս, բախիր ու կբացվի քո առաջ:
@Анонимный : Նախ քո հին հայերենի գրելաոճից արդեն հասկացա թե դու ՖԲ-ում ինչ անվանումով ես հանդես գալիս, գրել ես "պաշտում եմ սովորությունները" , ինչերին որ պաշտում ես հարգելիս ուրեմն դրանք են քո աստվածները, գիտեմ որ հեթանոսների հետ սերտ կապված ես , ընկերներ ունես ու շփվում ես իրենց հետ, բայց եթե քրիստոնեա ես չպետք է սնապաշտությանը տուրք տաս, ավելի լավ կլինի որ որպես պահք գոնե քառասունութ օր քեզ հեռու պահես սովորույթապաշտամոլությունից, հավատա դա Տիրոջը ավելի շատ դուր կգա քան բուսակերությամբ պահքդ և հին հայերենով գրելդ....Հետո մի բան էլ այդքան որ ընկնում եք նախաքրիստոնեական արժեքների և այլ ձեռագործ արժեքների ետևից, լավ կլինի որ հիշեք աշխարհի ամենաբարձրագույն արժեքի մասին`ՄԱՐԴՈՒ ...եթե մարդը չլինի բացարձակ ոչինչ էլ արժեք չի ունենա , ոչ` հողը, ջուրը, քարը, ծառը, հուշակոթողները և այլն , ոչինչ , և առհասարակ նկատել եմ հատկապես հեթանոսների մոտ, այդքան մոռացության մի տվեք մահը, միշտ հիշեք որ ՄԵՌՆԵԼՈւ եք, գոնե մի փոքր շանս տվեք ինքներդ ձեզ` հավիտենականության մեջ լինելու, բոլոր կամուրջները այրում եք, հերքում եք, ախր դուք էլ շատ լավ գիտեք որ էն ինչով հերքում էք, կիսատ պռատ է, անավարտ է, անապացուցելի է...շանս տվեք Ձեզ...
Իհարկե, այս սովորություն կոչվածը գալիս է ինֆորմացիայի պակասից: Շատ ճիշտ եք արել, որ անդրադարձել եք այս թեմային: Սա մեկ եղանակ է այս անիմաստ ծեսի դեմ պայքարելու համար: Բայց կա նաև մեկ այլ տարբերակ, որը որդեգրվել է պատերի ետևում: Ասում են, շուտով էլ ծառ չի մնալու, այնպես որ այս խնդիրը կլուծվի:
Արթուր
@Анонимный : Չեմ ուզի մեկնաբանությունս կոպիտ համարեք և կողմնակալ, բայց ի տարբերություն Մեծ Հայքի, ում քիչ թե շատ ծանոթ եմ, Ձեր պարագայում անգամ անունը չգիտեմ. խորհուրդ կտայի դուրս գայիք անոնւմի սահմաններից: Բացի այս ես դեռ ոչինչ վիրավորական ու սահմանն անցած չեմ նկատել Մեծ հայքի կողմից, իսկ եթե կան նաման բաներ հուշեք ինձ և անպայման կհեռացնեմ /պետք չէ անձնական խնդիրները լուծել այստեղ: Եթե որպես հոգևորական կարող եմ օգնել որևէ հարցում, խնդրեմ գրեք ինձ անհատական նամակով/:
Ինչ վերաբերում է սովորույթի հեթանոսական ծագմանը այդ են վկայում գիտական ու ազգագրական հետազոտությունները և եկեղեցին երբեք այդ չի հանդուրժել ու մշտապես մաքրել է տարածքները թաշկինակներից: Ուղղակի, եթե նկատել եք, այդ սովորույթը տարածված է հատկապես չգործող վանքերի տարածքներում, որտեղ եկեղեցականի ամենօրյա վերահսկողություն չկա:
Մի բան հստակ է և դա գիտակցում է թե եկեղեցին և պիտի գիտակցի քրիստոնյա անհատը` թաշկինկը և ծառը քեզ չեն կարող փրկել ու օգնել, քեզ միակ օգնողը Աստված է` Հիսուս Քրիստոս Տերը, և սա իմ անձնական մոտեցումը չէ, այլ Քրիստոսի Սուրբ Խոսքի, որի առջև խոնարհվում է Եկեղեցին:
Shaghik Gevorgyan այ աղջիկը որ հանդես է գալիս @Анонимный անվան տակ,պարզապես διάβολος -է, սուտ վկայություն է տալիս և զազրախոսում իմ հանդեպ(Մեծ Հայք) , և հետևելով Միքաել Հրեշտակապետի օրինակին պարզապես կասեմ Շաղիկ թող Տէրը քեզ սաստի .
Սարկաւագ, Աստուած կայ վերեւը, ո՞վ է կեղծանունով, դուք չէ՞ք տեսնում ՖԲ-ի էջի մեկնաբանութիւնները: Ես իմանուն ազգանունը չի՞ երեւում,դուք չէ՞ք տեսնում Մեծ Հայքի գրածները: Ֆբ-ի վրայ ե՞ս եմ կեղծ անունով, թէ՞ մեծ Հայքը: Այ քեզ բաաաան: Աստուած ների Ձեզ: Այսինքն չեմ զարմանում: Եթէ Ձեզ Հեռուստացոյց ցոյց տեսած չլինէի , կը կասկածէի, որ դուք էլ կեղծ էք:/չէ՞ք տեսնում ինչեր է գրել: Այստեղ չի իր քոնենթները այլ Ֆբ-ի վրայ/:Իսկ ՖԲ-ի վրայ ես իմ անուն ազգանունով եմ, իմ տուելաներն էլ կան: Ինչ ասեմ , խօսքեր չունեմ ասելու: Միայն մեղք մեզ, որ մեր հովիվները ապաւինում են "մեծ հայքերի" : Ահա թէ ինչու են վխտում աղանդաւորները:
@Анонимный : Հարգելիս, եկ ընդունիր, որ ձեր ՖԲ հարաբերությունները այս բլոգի սահմաններից և իմ իրավասություններից անդին են: Հետևաբար նյութին չառնչվող հետագա ցանկացած գրառում ուղղակի չի հրապարակվի /ինչպես չեմ հրապարաել Մեծ Հայքի մի գրառումը/: Ներեցեք, իհարկե կտրուկ ոճիս համար, բայց ո՛չ թաշկինակները, ո՛չ Մեծ Հայքը, ո՛չ էլ Դուք իմ ապավանը չեք. Քրիստոսն է իմ ապավենը` «Սիրում եմ քեզ, Տե՛ր, զորությո՛ւն իմ. ո՛վ Տեր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ և փրկի՛չ» /Սաղմ. 17:2/: Շնորհակալ եմ:
Նա ով Աստծուն Ծառայողի վրա է ծաղրում նա Աստծուն է ծաղրում նա ով Աստծուն Ծառայողի դեմ է դուրս գալիս նա Աստծո դեմ է դուրս գալիս։ Srk._ը գրում է այն ինչ Աստվածաշնչում է գրված կամ ինչ Աստվածաշնչին համահունչ է Նա չի գրում մի բան որին Եկեղեցին դեմ կլինի իսկ Ճշմարտությունը այն է ինչ Եկեղեցին է ասում որովհետեվ Եկեղեցուն Ծառայողը Աստծո վախ ունի և չի անի մի բան որին Աստված դեմ է։ Ով ինչպես ցանկանում է թող ընդունի ճշմարտությունը բայց թող զգույշ լինի իր խոսքերում։
@Анонимный :
Էս դուք ամեն բան խառնել եք իրար, զգուշ եղեք
@Արսեն :
Կարելի է իմանալինչն ենք խառնել և ինչից պետք է զգուշանալ?
Նյութը կարդալիս ակամայից Արիստոտելի խոսքերը հիշեցի. "Ամենայն կատեգորիկություն թերուսության արդյունք է":
Պարոնայք, ծառերին կապված թաշկինակների դեմ կռիվ տալու փոխարեն լավ կլիներ ձեր լայնախոհությունն ու այլ հայացքներ ունեցող մարդկանց հանդեպ հանդուրժողականություն ու հարգանք ունենալու կարողությունը զարգացնելու ծրագիր մշակեիք:
Զատիկը, Վարդավառը և Տեառնընդառաջը, բոլորը քրիստոնեական տոներ են։ Նախկինում հրեաները (աստվածապաշտ) Զատիկ տոնել են, դա հեթանոսական արմատներ էլ չունի։ Վարդավառի տոնին նշում ենք Հիսուսի պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը, որը ինքս չեմ ոնդունում, ու իրականում ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ, այո հեթանոսական է։ Իսկ Տեառնընդառաջը Հիսուսի՝ տաճար ընծայման տոնն է։ Իսկ կրակի վրայից թռնելը, այո, հեթանոսական է, որը չգիտես ինչու պահպանվել է, բայց քրիստոնեության հետ կապ չունի։ Հավատքը շատ ավելին ա քան Աստծո ստեղծած գեղեցիկ բնությունը կտորներով փչացնելը։
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: