Եթե սոցհարցում անցկացնենք, թե ի՛նչ ենք հայերս առաջնահերթ մտաբերում, երբ լսում ենք Սուրբ Սարգսի անունը, ապա վստահ եմ առաջին հորիզոնականը պիտի զբաղեցնի աղի բլիթը:
Որքան էլ Սուրբ Սարգիս զորավարի տոնը զուգորդվի բլիթի հետ, այնուամենայնիվ, ի զարմանս շատերի, ասեմ, որ դրանք միմյանց հետ կապ չունեն: Զարմացա՞ք: Հստակեցնեմ` Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի ևտասնչորս զինվորների հիշատակության օրը` հոգոր տոնը, ոչ մի ուղղակի կապ չունի Սուրբ Սարգսի ավանդական-ժողովրդական սովորույթների և դրանցից ամենահայտնիի` աղի բլիթի հետ: Ավելին, ժողովրդական բանահյուսությունը, տոնակատարություններն ու սովորույթները, հաճախ մեր առջև բացահայտում են այլ, միանգամայն տարբեր Սարգիս զորավարի, իսկ տոնն այլ երանգներ ու բովանդակություն է ստանում:
Մի բան, սակայն, հաստատ է` հայը սիրել և այժմ էլ սիրում է այս տոնը, և այս է առաջին պատճառը եկեղեցականի և ժողովրդականի նման միահյուսման: Միահյուսումն այսօր այնքան ուժեղ է, որ տարբաժանելն էլ է դժվարանում, և հոգևորի վրա զարգացած ժողովրդկան սովորույթները դարձել են սոսկ եկեղեցական տոնը գեղեցկացնող, դրան առօրյայից տարբերակող հատկություններ տվող ատրիբուտներ, զարդարանքներ, որոնցով տոնը ավելի կենսունակ է դարձել: