Showing posts with label վկայություն. Show all posts
Showing posts with label վկայություն. Show all posts

2.6.17

ԹՈՂ ՏԱ ԹԵՎ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 11)

Օնկոլոգիական բաժանմունքում անց կացրած դասերը ամենադժվարն էին, քանի որ ամեն օր տեսնում էի մարդկանց, ովքեր մահվան դեմ էին ելնոuմ`պայքարելով ապրելու համար: Այստեղ ինչուների ու եթեների շարաններ են ձգվում մարդկանց մտքի մեջ ու հրաշքի սպասող, հավատացող հայացքների ես բախվում:

Մի աղջկա հետ ծանոթացանք, ով շատ բարի, պարզ, լուսավոր մարդ էր: Նրան հրամանատար էին կոչում, քանի որ կարողանում էր համախմբել հիվանդներին և լավատեսության սերմնահատիկներ բաժանել նրանց: Հավատում էր հավերժությանը, Աստծուն: Շատ ուժեղ կամքի տեր էր, վստահ էր, որ հաղթելու է, բուժվելու և կատարելու մտապահած բոլոր նպատակները: Հավատում էր, որ վիրահատվելուց հետո գնալու է Տաթևի վանք, քանի որ շատ էր ցանկանում տեսնել այն և աղոթք բարձացնել դեպի երկինք այն վանքում, որտեղ ծնողներն են ծանոթացել: Դրա համար էլ աղջկան տվել էին Տաթև անունը:

Աստծո ողորմածությամբ Տաթեւի վիրահատությունը բարեհաջող անցավ և հետագա բուժումը դրական արդյունքի բերեց: Նա առողջացավ ու հաղթահարեց բոլոր փորձությունները: Ամենակալը տվեց Տաթևին թևեր, և նա ապրեց, որպեսզի իր խոսքով, պայծառ ժպիտով սեր ու հավատ նվիրի նրանց, ովքեր դրանց կարքիը առավել ունեն:

1.6.17

ՀՐԱՇՔ ՄԱՆԿԻԿԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 10)

Նույն այդ ընկերներս իրենց երրորդ տղայի անունը ուզում էին Հակոբ դնել: Հղիության վեցերորդ ամսում ընկերուհիս վայր ընկավ, ինչից հետո անկայուն վիճակի պատճառով երկար ժամանակ մնում էր բժիշկների հսկության ներքո: Մի կիրակի, երբ գնացել էր Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որպեսզի մասնակցի պատարագին ու հաղորդվի, զարմանալի մի բան եղավ։ Երբ աղոթում էր ու խնդրում Աստծուն, որպեսզի ցույց տա իրեն, թե երեխային ինչպես անվանակոչել, քանի որ դեռ հստակ չէին որոշել, շատ պարզորեն խռպոտ մի ձայն է լսում, ովրն ականջին ասում է «Սողոմոն» անունը: Ընկերուհիս այդ ձայնը լսելով` նայում է շուրջը, բայց մարդիկ լուռ աղոթելիս են լինում. սկսում է հեկեկալ: Ամուսնուն ոչինչ չի պատմում`կարծելով, թե չի հավատա: Անցնում է մի քանի օր, երբ նույն մտքերով, Տիրոջ ու այդ ձայնի մասին խորհելով`միացնում է ռադիոն այն պահին, երբ Սողոմոն Իմաստունի մասին են խոսում: Ապա երազում տեսնում է մատուռ, որտեղ նրան էլի շշնջում են այդ անունը: Դրանից հետո որոշում է կիսվել ամուսնու հետ, որը չի համաձայնվում այդ անվան հետ`մտածելով, որ երեխային կարող է խանգարել այդ անունը, քանի որ հասակակիցները գուցե ծաղրեն հետագայում: 

30.5.17

ԱՂՈԹՔԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 9)

Մոտ ընկերներ ունեմ, ովքեր աստվածավախ բժիշկներ են և շատ օրինակելի ամուսիններ: Նրանց ավագ որդին չորս տարեկան էր, երբ մետաղադրամ կուլ տվեց և սկսեց խեղդվել: Իհարկե բոլոր ծնողների պես նրանք էլ այդ պահին շփոթվում են, ընկնում շոկային հոգեվիճակի մեջ, փորձում են առաջին օգնություն ցույց տալ, բայց ապարդյուն: Իրենց չկորցնելով ծնողներ գրկում են երեխային և վազում փողոց, որպեսզի ավտոմեքենա կանգնեցնեն և հասցնեն հիվանդանոց, քանի որ ի վիճակի չեն լինում վարելու մեքենան: Ճանապարհին երեխայի վիճակը կտրուկ վատանում է, և հայրը որոշում է տռախեոտոմիա անել(վահանաճառից 4-5 սմ ներքև կտրվածք, որը ցուցված է շնչահեղձության ժամանակ), քանի որ գիտակցում է, որ այլ ելք չկա ու երեխան կարող է մահանալ շնչահեղձությունից: Մայրը սկսում է աղոթել և աղոթքի մեջ խնդրել Աստծու ողորմածությունը`կրկնելով, որ հրաշք արարի, որդուն կյանք տա: Աղոթքի պահին մետաղադրամը դուրս է թռչում: Տղան փրկվում է: Ընկերուհիս պատմում է, որ աղոթքի մեջ նա կրկնել է, որ Աստծո ձեռքն է հանձնում տղային և այժմ էլ լիահույս է, որ գալու է այն օրը, երբ տղան ցանկանալու է հոգեվորական դառնալ ու ծառայել մաևդկանց այդ կերպ:

Նա արդեն տասներկու տարեկան է և աղոտ հիշում է իր հետ պատահածը: Մի անգամ, երբ վերհիշում էին այդ օրը, տղան հուզվեց ու ինձ շշուկով ասաց. «Գիտե՞ս, Աստված լսեց մորս աղոթքը, որովհետև պետք եմ դեռ մարդկանց: Ամեն գիշեր աղոթքս շնորհակալությամբ եմ սկսում»:


29.5.17

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 8)

Հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր լինելով քրիստոնյա, սնահավատ են: Եթե հավատում ես Տիրոջ գոյությանը, ապա սնահավատությունը իր տեղը պետք է չգտնի քո կյանքում: Մարդիկ տարբեր են և հավատում են տարբեր սին ու անհիմն բաների: Օրինակ՝ հարևանս, առավոտյան տան մութքի մոտ քացախ է ցողում, որպեսզի չար աչք չդիպչի: Մի անգամ փորձեցի նրան համոզել, որ դա անզոր է օգնել, դեմ է քրիստոնեկական հավատքին և կարելի է քահանա հրավիրել, որպեսզի տունն օրհնի, իսկ նա ակնարկեց, որ ես դեռ երիտասարդ եմ և անփորձ: Համաձայնվեց, որ քահանա կարելի է հրավիրել, բայց քացախը, աչքի հուլունքը և այլ բաներն էլ ճիշտ են: Ու ես հիշեցի մի դեպք, որ կատարվել էր ընկերուհուս բարեկամների հետ և որոշեցի պատմել հարևանուհուս: Այդ դեպքը մի ընտանիքի հետ էր կատարվել, ովքեր իրենց նորածին աղջնակի շորին աչքի հուլունք էին ամրացրել, որպեսզի վանի ամեն չար հայացք և նեգատիվ էներգիա: Սակայն փոքրիկը հիվանդանում է: Ամիսներ շարունակ բժիշկները փորձում են օգնել և բուժել նրա մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիան: Մայրը տխրում է, մտածում, թե դա չար աչքից է և սրտնեղում, որ աչքի հուլունքը չկատարեց իր «առաքելությունը»:

28.5.17

ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾՆԵՐԸ (ԷԼՅԱՅԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, մաս 7)

Ծանոթրներիցս մեկը ընկերներ ուներ, ովքեր տարիներ առաջ ավտովթարի ենթարկվեցին: Սիրում էին վարել ցոփ ու շվայտ կյանք, իսկ գինովցած լինելը առօրյայի բաղկացուցիչ մասն էր կազմում: Հերթական երեկույթից վերադառնալիս` ավտոմեքենան բախվել էր քարե պատնեշին այնպես, որ նոր գնված մեքենան վերածվել էր մետաղական ջարդոնի: Եվ ինչքան էլ անհավանական է, երկու ընկեր մնացել էին ողջ`սահմանափակվելով քերծվացքներով և սալջարդով:
Անցել է երկու տարի և այդ դեպքից հետո նրանք վերափոխվել և այլ մարդ են դարձել: Այդ դեպքը նրանց օգնեց մոտենալ երկնային շողարձակ վեհությանը, փոխել աշխարահայացքը, ջնջել պղծառատ էությունը: Նրանք սկսել են արժեւորել կյանքը, գնահատել ամեն օրը, հավատալ հրաշքների գոյությանը: Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն եղավ, որ նրանցից մեկը այդ վթարից հետո որոշեց մկրտվել և վերածնվելով`սկսել նոր կյանք: Մկրտությամբ մարդը դառնում է Աստծո որդեգիր: Վերջերս տեսել եմ նրանցից մեկին, և ուրախալի էր նրա պահելաձևի ու հայացքի մեջ տեսնել այլ մարդու:

«Նա, ով հավատում է եւ մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի»
 (Մարկ. ԺԳ: 16)։