31.3.15

ՄԵՂԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ







Մեղայ ամենասուրբ Երրորդութեանն` Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: 

Մեղուցեալ եմ Աստուծոյ: Խոստովանիմ առաջի Աստուծոյ, եւ սրբուհւոյ Աստուածածնին, եւ առաջի քո, հայր սուրբ,զամենայն մեղս, զոր գործեալ եմ: Քանզի մեղայ խորհրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ,գիտութեամբ եւ անգիտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ հոգւովս եւ զօրութեամբ սորա, մտօքս եւ շարժմամբ սորա, մարմնովս եւ զգայութեամբ սորա: Մեղայ զօրութեամբ հոգւոյս, խորամանկութեամբ, անզգամութեամբ, յանդգնութեամբ եւ երկչոտութեամբ, շռայլութեամբ եւ ժլատութեամբ, զեղխութեամբ եւ անիրաւութեամբ, չարահաւանութեամբ, յուսահատութեամբ եւ թերամտութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չար խորհրդով մտացս` նենգութեամբ, ատելութեամբ, խեթիւ, մախանօք, յաչաղանօք, թուլութեամբ, պոռնկական խորհրդով` արուական, իգական, անասնական, գրաստական, գազանական, ի գիշերի և ի տուընջեան երազական գիջութեամբ և անրջական գարշ աղտեղութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ցանկութեամբ մարմնոյս` հեշտութեամբ, պղերգութեամբ, յօրանջմամբ քնոյ, շարժութեամբ մարմնոյս և զազրագործութեամբ ի պէս-պէս ախտս, հեշտալրութեամբ լսելեացս, արատութեամբ աչացս, ցանկութեամբ սրտիս, իգութեամբ ռնգացս, պագշոտութեամբ բերանոյս, անժուժկալութեամբ, շուայտութեամբ և արբեցութեամբ՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ չարաբանութեամբ լեզուիս` ստախօսութեամբ, սուտերդմամբ, երդմնազանցութեամբ, հակառակութեամբ, վիճաբանութեամբ, բանսարկութեամբ, շոգմոգութեամբ, քսու, դատարկաբանութեամբ և ծաղու, զրախօսութեամբ, հերձախօսութեամբ և անիծաբանութեամբ, տրտնջելով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ գողութեամբ ձեռացս, ագահելով, զրկելով, հարկանելով, սպանանելով և ընդ գարշս ածելով՝ մեղայ Աստուծոյ:

Մեղայ ամենայն յօդուածովք շինուածոյս և ամենայն անդամօք մարմնոյս, հնգեակ զգայարանօքս և վեցեկի շարժմամբս` վերամբարձ ոտնահարութեամբ և վայրաքարշ մեղկութեամբ, յաջ և յահեակ խոտորելով, զառաջնոցն մեղանչելով և վերջնոցն չար նշաւակ գոլով՝ մեղայ Աստուծոյ:

Այլ և մեղայ եւթնիցս յանցանօք մահացու մեղօք` հպարտութեամբ և մասամբք նորին, նախանձու և մասամբք նորին, բարկութեամբ և մասամբք նորին, ծուլութեամբ և մասամբք նորին, ագահութեամբ և մասամբք նորին, որկրամոլութեամբ և մասամբք նորին, բղջախոհութեամբ և մասամբք նորին՝ մեղայ Աստուծոյ:

Այլ և մեղայ ամենայն պատուիրանացն Աստուծոյ` յանձնառելեացն և հրաժարելեացն, զի ոչ զյանձնառականսն կատարեցի և ոչ ի հրաժարելեացն հեռացայ: Զօրէնս առի և յօրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ և գործովս անարժան գտայ, գիտելով զչարն` կամաւ կորացայ և ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ. վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: 
Զորն ասեմ կամ զորն խոստովանիմ, զի անթիւ են յանցանք իմ, անասելի են անօրէնութիւնք իմ, աններելի են ցաւք իմ, և անբժշկելի են վէրք իմ՝ մեղայ Աստուծոյ:

Հայր Սուրբ, զքեզ ունիմ միջնորդ հաշտութեան և բարեխօս առ Միածին Որդին Աստուծոյ, զի իշխանութեամբդ, որ տուեալ է քեզ, արձակեսցես զիս ի կապից մեղաց իմոց, աղաչեմ զքեզ:

Մեղանչեցի ամենասուրբ երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու դեմ:

Մեղք եմ գործել Աստծո դեմ: Խոստովանում եմ Աստծո, սուրբ Աստվածածնի և քո առաջ, հայր սուրբ, գործածս բոլոր մեղքերը: Քանզի մեղանչեցի խորհուրդով, խոսքով և գործով, կամովին և ակամա, գիտությամբ և անգիտությամբ՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի հոգովս և նրա զորությամբ, մտքովս և նրա շարժմամաբ, մարմնովս և նրա զգայությամբ: Մեղանչեցի հոգուս զորությամբ` խորամանկությամբ և անզգամությամբ, հանդգնությամբ և երկչոտությամբ, շռայլությամբ և ժլատությամբ, զեխությամբ և անիրավությամբ, չարը հավանելով, հուսահատությամբ և թերամտությամբ: մեղք գործոեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մտքիս չար խորհուրդներով` նենգությամբ, ատելությամբ, հիշաչարությամբ, մախանքով, չարակամությամբ, թուլությամբ, պոռնակական խորհրդով` արվամոլական, իգամոլական, անասնական, գրաստական, գազանական, գիշերն ու ցերեկը երազական սեռամոլությամբ և անրջական գարշելի աղտեղությամբ՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս ցանկությամբ` հեշտասիրությամբ, մեղկությամբ, քնի հորանջմամբ, մարմնի շարժումներով ու պես-պես ախտերի զազրագործությամբ, ականջներիս լսածով, աչքերիս անմաքրությամբ, սրտիս ցանկությամբ, ռունգներիս մեղկությամբ, բերանիս անպարկեշտությամբ, անժուժկալությամբ, շվայտությամբ և հարբեցողությամբ՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի լեզվիս չարաբանությամբ` ստախոսությամբ, սուտ երդմամբ, երդմնազանցությամբ, հակաճառությամբ, վիճաբանությամբ, չարախոսությամբ, շոգոմոգությամբ, քսությամբ, դատարկաբանությամբ, ծիծաղով ու ծաղրով, զրախոսությամբ, հերձախոսությամբ, անիծելով, տրտնջալով, դժգոհելով, բամբասելով և հայհոյելո՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Մեղանչեցի մարմնիս բոլոր մասերով ու բոլոր անդամներով, հինգ զգայարաններով և վեցյակ շարժումներով` վերամբարձ ոտնահարությամբ, վայրաքարշ մեղկությամբ, աջ և ձախ խոտորվելով, նախկինների մեղքերը գործելով և գալիք սերունդներին չար օրինակ թողնելով՝ մեղք գործեցի Աստծո դեմ:

Այլև մեղք գործեցի յոթ մահացու մեղքերով` հպարտությամբ, նախանձով, բարկությամբ, ծուլությամբ, ագահությամբ, որկրամոլությամբ, բղջախոհությամբ և նրանց տարատեսակներով՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Այլև մեղանչեցի Աստծո բոլոր պատվիրանների դեմ` հանձնառելի և հրաժարելի, որովհետև ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա: Օրենքը ստանձնեցի, սակայն նրանում ծուլացա, քրիստոնեական հավատքն ընդունեցի, բայց գործերովս նրան անարժան գտնվեցի, չարն իմանալով` կամովին շեղվեցի և բարի գործերից ինքնակամ հեռացա: Վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ: Ո՛րն ասեմ կամ ո՞րը խոսովանեմ. հանցանքներս անթիվ են, անօրինություններս` անպատմելի, ցավերս` աններելի, և վերքերս` անբժշկելի՝ մեղանչեցի Աստծո դեմ:

Հայր սուրբ, դու ես իմ` Աստծո Միածին Որդու հետ հաշտության միջնորդն ու բարեխոսը, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ:




10 արտահայտվիր:

Unknown said...
11/9/18, 10:23 PM

Փառք Քեզ ամենազոր,արդարամիտ և մարդասեր Աստված։

Kevork sarkissian said...
4/9/19, 11:50 PM

Աստուած օրհնէ ձեզ

Unknown said...
8/27/20, 10:05 PM

ՄԵՂԱ ԱՍՏԾՈ

Lucia said...
12/13/20, 6:33 AM

Ով է «Մեղայ Աստծոյ» հեղինակըձ

Anonymous said...
1/1/21, 1:02 AM

Փարքտ շատ ԱՍՏՎԱԾ Ջան

Anonymous said...
1/22/22, 10:29 PM

ՓԱՐՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ

Anonymous said...
1/22/22, 10:31 PM

ՓԱՐՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ՄԵՐ

Anonymous said...
2/22/22, 9:16 PM

ՏԵՐ ԼՍԻՐ ԻՄ ԱՂՈԹՔՍ, ՊԱՀՊԱՆԻՐ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՔՈ ՀԱՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ, ԱՄԵՆ

Anonymous said...
8/23/22, 6:11 PM

ՓԱՐՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՁԵՐ ԱՄԵՆԱԲԺՇԿՈՂ ՁԵՌՔԸ ԼԻՆԻ ԻՄ ԻՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ ՈՒ ԱԶԳԻՍ ՎՐԱԱ

Anonymous said...
8/28/23, 2:18 PM

Հայր սուրբ, քեզ տրված իշխանությամբ արձակիր իմ մեղքերի կապանքները, աղաչում եմ քեզ։

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...