Showing posts with label Հայաստանը չեմպիոն. Show all posts
Showing posts with label Հայաստանը չեմպիոն. Show all posts

27.7.11

ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վերջին օրերին մտքիցս դուրս չի գալիս շախմատի աշխարհի 4-րդ ու անպարտելի չեմպիոն Ա.Ա. Ալյոխինի խոսքերից մեկը. «Ես շախմատ չեմ խաղում, ես շախմատով պայքարում եմ»: Միտքը վերհիշելու առիթ, անշուշտ, տվեց ՀՀ հավաքականի փայլուն ելույթը աշխարհի առաջնությունում և դյուցազնական հաղթանակը Չինաստանում: Միշտ մտածել եմ, թե ինչո´ւ է շախմատը համարվում սպորտաձև, երբ այն օլիմպիական հանրահայտ «ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ, ԱՎԵԼԻ ԱՐԱԳ, ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ» լոզունգին, կարելի է ասել, չի համապատասխանում, երբ ֆիզիկական ուժ ու մկանային վարժություններ դրանում չկան: Ալյոխինի` մի առիթով ականջիս հասած միտքը հարթեցրեց կասկածներս. շախմատը ողնուծուծով պայքար է, որտեղ բարձրությունը մտքի հեռահար թռիչքն է, արագությունը մտքի սլացքը և ուժը մտքի ճկունությունը: Եվ հիմա Հայաստանը ամենաբարձրը, ամենաարագն ու ամենաուժեղն է շախմատի աշխարհում, կրողն ու պահողն է աշխարհում ամենաթանկ գնահատվող ռեսուրսի` մտքի ու գիտելիքի, և ես չափազանց ուրախ եմ, հպարտ ու երախտապարտ...