6.4.16

ՔԱՋԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ

Պատմահոր խոսքերն են` «Քաջերի սահմանը իրենց զենքն է»։

Բայց մենք արդեն հարյուրամյակներ զենքով չենք սահմանում մեր տարածքները։ Մենք միայն պաշտպանվում ու պայքարում ենք մեր ունեցած զենքով մեր ունեցածի համար։ Եվ բնավ պարտադիր էլ չէ, որ զենքերը «բարեկամը» տա։ Զենք կա, որով չես սպանի, բայց հաստատ կհաղթես։ Այդ զենքերը չենք գտնի ռազմական արվեստի ձեռնարկների մեջ. դրանցում այլևս տեղ չկա հայրենասիրություն, միասնականություն, ինքնազոհություն, եղբայրասիրություն բառերի համար։ Հայն է միայն դրանք վեր հանում իր պահոցներից ի պահանջել հարկին և դարձնում ամենահզոր զենքը:

Եւ պետք է միշտ վստահել հայկական այս ֆենոմենին, որ որպես սերմ թաքնվում և ծիլ է տալիս օրհասի պահին: Այս անգամ՝ մարտի դաշտում: Իսկ մարտի դաշտում... կամքի ուժը հայ հերոսի ձեռքին քարը անգամ նռնակ կդարձնի.... Պետք է արժանին մատուցել հերոս տղերքին, բոլորին առանց խտրության` «վահանով, թե վահանի վրա»։ Քաջի մահով ընկած անմահների ամեն մի կաթիլ արյունը մարտիրոսության մի մի կնիք է, որ Հայոց պատմության մասունքատուփերի մեջ պետք է պահել վարդանների, մխիթարների, անդրանիկների, նժդեհների, մոնթեների քաջ հիշատակի կողքին։ Անշուշտ ու անկասկած։

Իսկ թիկունքում ժողովուրդն է զինվում... ծեր, թէ մանուկ, այր կամ կին մի բռունցք, մի նպատակ, մի քոչարի ու բերդ դարձած պայքարում է, երգում, փնտրում ու գտնում է, կորցնում է, բայց և ձեռք բերում, օգնության է հասնում որպես աշխարհազոր, աղոթում է... Այսչափ աղոթող հայ... Չէ մենք չունենք կապելլաներ, հազարախորան բազիլիքներ ու տաճարներ... բայց ժողովուրդն աղոթում է ամենուր... Իր համար չի աղոթում. կողքինի, ծանոթ-անծանոթի համար է աղոթքը, և այն ավելի զորավոր է։ Զինվորն է աղոթում. մի ձեռքը ձգանին է մյուսը` կրծքի խաչին. ազգն է աղոթում իր համար հոտ ու հովիվով։ 
Ու արկերը տրաքում են զանգերին համազարկ։ Դրա համար էլ զարմանալի է. հովիվը մահակով վեցթևյան թռչուն է զարկում, հայկյան աղեղով վիշապ է շանթում հպարտ մարտիկը։ Մթնոլորտը փոթորկող անսանձ մրրիկը խաղալիքի պես մի բան է դառնում՝ անվնաս, անպետք... Մեզ համար զարմանալի չէ... 
Զինվոր կա թագավոր արժե, աղոթք կա հյուլեական ռումբից էլ զորեղ է։

Փառք Տիրոջը, խոնարհում հերոսներին, բռունցք ատելյաց, կեցցէ Հայաստան, մեկ, միասնակամ:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...