Մայիսն
իմ ամենասիրելի ամիսն է: Հստակ չեմ հասկանում` ինչո´ւ է այդպես. հավանաբար մայիսյան մեղմ եղանակն եմ սիրում,
բնության վերջնական վերազարթոնքը, այն որ սիրտս վերստին ու նորովի սիրահարության է
ձգտում սիրելիիս հանդեպ...
Հայաստանի
Հանրապետության պետական դրոշի Մարտիրոս Սարյանի նախագիծը
Նկարը այստեղ |
Միևնուն
ժամանակ մայիսն իմ ու ժողովրդիս ոգևորությունների, ազնիվ հպարտության ամիսն է,
«հաղթանակների ամիս»` դրոշակ ազատության և պայքարի «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» (երեկ ի դեպ Ավարայրի ճակատամարտի պատմական օրն
էր` մայիսի 26-ը): Վաղը` մայիսի 28-ին, Հանրապետության տոնն է` հայոց երազանքի
իրականացման, պետականության հաստատման տոնը:
Այս առթիվ ցանկացա հանրությանը
ներկայացնել «Էջմիածին» ամսագրում (2009, Ե) Պետրոս Հովհաննիսյանի տպագրած փոքրիկ
հոդվածը Հայաստանի Հանրապետության գլխավոր սիմվոլներից մեկի` դրոշի վերաբերյալ,
մանավանդ որ դրոշակի պատմության ակունքները հասնում են ոչ այնքան հեռավոր 1918թ.
մայիսի 28-ով ստեղծված Հանրապետություն, մանավանդ որ մոտ 20 օրից` հունիսի 15-ին
ՀՀ Պետական Խորհրդանիշների տոնն է:
Աստված թող ամուր ու անսասան պահի մեր
հայրենիքը ու մեր ժողովրդին` լցնի անսահման օրհնություններով, լավատեսությամբ ու
հավատքով:
Հայաստանի Հանրապետության հռչակումը (28 մայիս,
1918 թ.) կարևոր նշանակություն ունեցավ հայկական նորոգ պետականության կերտման
գործում: Շուրջ 500 տարի հայ ժողովուրդը զրկված էր պետականությունից և մայիսի 28-ի
ակտով հնարավոր է դառնում նորովի կերտել պետական կառույցներն ու խորհրդանիշները:
Հանրապետության խորհրդանիշներն սկսվել են
օգտագործվել դեռևս մինչև դրանց պաշտոնապես հաստատումը: Այդ տեսակետից հատկապես
հատկանշական է պետական դրոշի ընդունման հետ կապված իրողությունները: Հայտնի է, որ
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը չի հաստատվել պետական մարմինների՝
խորհրդարանի և կառավարության կողմից, սակայն սկսել է օգտագործվել դեռևս 1918 թ.
երկրորդ կեսից:
Իրադարձություններին քաջատեղյակ և դրանց բոլորից
մոտ կանգնած Հայաստանի Հանրապետության երբեմնի վաչապետ Սիմոն Վրացյանը վկայում է,
որ պետական դրոշը ընդունվել է 1918 թ. հուլիսին՝ Թիֆլիսի և Երևանի Ազգային
խորհուրդների` Երևանում կայացած միացյալ նիստում` վերջնական հաստատումը թողնելով
Սահմանադիր ժողովին: «Դրոշակի ձևի և գույնի շուրջ,- գրում է Ս. Վրացյանը,- եղան
բավական երկար խորհրդակցություններ. ի նկատի առնվեցին Հայոց պատմական դրոշակները,
լսվեց հայկաբան Ստ. Մալխասյանցի հիմնավորված զեկուցումը հայկական դրոշակի մասին և,
ի վերջո, որոշվեց ընդունել հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի երեք գույները՝
պայմանով, որ վերջնական հաստատումը կատարվի Սահմանադիր ժողովի կողմից, որը պետք է
գումարվեր Հայաստանի երկու հատվածների միացումից հետո:
Ի՞նչ բովանդակություն կամ խորհուրդ էր դրվում այդ
գույների կամ դրոշակի ամբողջության մեջ:
Առանձին պատգամավորներ իրենց մտքում ունեին,
անշուշտ, որոշ բացատրություն, ոմանք ճառով էլ արտահայտվեցին, բայց Հայաստանի
խորհուրդն այդ մասին որևէ որոշում չտվեց, և դրոշակն իր ամբողջության մեջ, գույների
ընտրությունն ու դասավորությունը, ավելի շուտ, արդյունք էր քվեարկության
պատահականության:
Պատգամավորների մի մասի կողմից մասնավոր
առարկություն էր լսվում, գլխավորապես գործնական տեսակետից, նարնջագույնի դեմ,
Հայաստանում դժվար էր այդ գույնի կտոր գտնել: Առաջարկում էին փոխարենը դնել կանաչ
գույնը. ոմանք փաստ էին բերում, որ կանաչը մեր պատմական գույներից մեկն է: Բայց
նարնջի գույնը առանձնապես պաշտպանում էր Հովհաննես Քաջազնունին, որը ղեկավարում էր
սոսկ գեղասիրական նկատումներով. կարմիրի, կապույտի և նարնջագույնի
ներդաշնակությունը դուր էր գալիս նրան:
Կային, սակայն, հայկական եռագույնի մեջ և գաղափար
ու խորհուրդ դնողներ: Այդ գույները, կարծես, բխում էին մեր կյանքից, խորհրդանշում
էին հայ պետականության ծագումն ու ապագան: Կարմիրը հայ ժողովրդի թափած արյունն էր,
կապույտը՝ Հայաստանի կապույտ երկինքը և նարնջի կամ ոսկու գույնը՝ խտացումը մեր
աշխատանքի: Հայ ժողովուրդը, որ արյունով էր ձեռք բերել իր ազատությունը հայրենի
կապույտ երկնքի տակ իր համբավավոր աշխատասիրությամբ՝ պիտի վերաշիներ երկիրը և
ապրեր ազատ ու երջանիկ…»* :
Այսպիսով, Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհուրդների
միացյալ նիստի մասնակիցների քվեարկությամբ է, որ հանրապետության պետական դրոշն
ունենալու էր հորիզոնական կարմիր, կապույտ ու նարնջի երեք գույները: Հայաստանի
Հանրապետության պետական դրոշն առաջին անգամ բարձրացվել է 1918 թ. օգոստոսի 1-ին
խորհրդարանի շենքի գլխին՝ Հայաստանի խորհրդի բացման օրը: Բայց նարնջի գույնի
կերպասի առկայությունն այն ժամանակների Երևանում անհնարին էր ապահովել: Ելքը
փորձել էր հուշել ներքին գործոց նախարար Արամ Մանուկյանը: 1918 թ. սեպտեմբերի
19-ին նա շրջաբերական հրահանգ է ուղարկել պետական կառավարման հիմնարկություններին՝
ունենալ և կրել «Հանրապետության դրոշակ հետևյալ գույներով, ըստ կարգի վերևից ներքև՝
կարմիր, կապույտ, դեղին»**:
Վերոշարադրվածը վստահորեն ցուցում է, որ Հայաստանի
Հանրապետության պետական դրոշը եղել է ժամանակավոր, իսկ վերջնական հաստատումը
թողնվել է Սահմանադիր ժողովին***: Բնականաբար, պետական դրոշի վերջնական տարբերակի
վերաբերյալ եղել են ոչ միայն խորհրդակցություններ, այլև խոսակցություններ,
առաջարկություններ : Այս տեսանկյունից հետաքրքրությունից զուրկ չէ հայ նշանավոր
նկարիչ Մարտիրոս Սարյանի խորհրդածությունները, որ ստորև ներկայացնում ենք մեր
ընթերցողներին: Իր տեսակետները Հայաստանի պետական դրոշի գույների և դրանց
հերթականության մասին նա հատուկ նամակով փոխանցել է հանրապետության վարչապետ
Ալեքսանդր Խատիսյանին:
Նամակը, որ գրված է ռուսերեն 1919 թ. հուլիսի 3-ին
Նոր Նախիջևանից, արդեն հրատարակվել է նկարչի թոռնուհու՝ Ռուզան Սարյանի կողմից****:
Ցավոք հրապարակումը չի ուղեկցվել Մարտիրոս Սարյանի երեք ջրաներկ պատկերների
(դրոշի) վերատպումով: Կարծում ենք,որ դա ավելորդ չէ: Մեր մշակույթի մեծերից
պահպանված յուրաքանչյուր տող, էսքիզ, սևագիր նոթ և այլն իրական մասունքի արժեք
ունի, ինչպես օրինակ` Լեոնարդո դա Վինչիից ու Պիկասոյից կամ Չարենցից ու
Թումանյանից, Ադոնցից ու Իսահակյանից հրաշքով փրկված հիշատակները: Այս նկատառումով
է, որ հրատարակում ենք Մարտիրոս Սարյանի առաջարկած Հայաստանի պետական դրոշի
էսքիզներն ու խմբագրական առանձին միջամտություններով՝ Ալ. Խատիսյանին ուղղված
նամակը***** :
Մեծարգո Ալեքսանդր Իվանովիչ,
Մոտ մեկ ամիս առաջ զեկուցման համար այստեղ էր եկել
Հայաստանի ներկայացուցիչ, Հայոց խորհրդարանի անդամ Մարտիրոս Հարությունյանը:
Իմիջիայլոց, ես նրանից եմ իմացել մեր ազգային դրոշի մասին, որը խորհրդանշում է
ծիածանը: Գաղափարը բոլոր առումներով հանճարեղ է: Հրաշալի խորհրդանիշ է: Սակայն Մարտիրոս Հարությունյանի խոսքերից իմացա, որ դրոշը վերջնականապես մշակված չէ, և ես՝ որպես նկարիչ, համարձակվում եմ անել մի քանի առաջարկություններ:
Ծիածանի հիմնական գույները հետևյալն են՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ լրացուցիչներն են՝ նարնջագույնը, կանաչը և մանուշակագույնը: Ընդամենը վեց գույն, հետևյալ հերթականությամբ`
կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, մանուշակագույն:
Գույների նման հերթականությունը թողնում են ծիածանի ամբողջական տպավորություն, և ինձ թվում է, թե հենց այդպիսին պետք է լինի Հայաստանի դրոշը:
Մարտիրոս Սարյանի էսքիզները |
Եռագույն դրոշներ ընդհանրապես բավականին շատ կան: Գույություն ունի նաև Դոնի բանակի կապտա-դեղնա-կարմիր դրոշը:
Իմ կարծիքով, մեզ՝ որպես արևելյան ժողովրդի, չափազանց կպատշաճեր բազմագույն դրոշը, որն ի հայտ է բերում ինքը` չքնաղ և հավերժ գեղեցիկ ծիածանը:
Նամակին կցում եմ երեք ջրաներկ պատկերներ, որտեղ ամեն ինչ պարզ է:
Ալեքսանդր Իվանովիչ, դիմելով Ձեզ, որպես հին հասարակական գործչի և կրթված մարդու, որ գլխավորում է մեր կառավարությունը, հուսով եմ, որ Դուք անուշադրության չեք մատնի դիտողություններս և Ձեր ուժերի ներածին չափով ծիածանով կկամարեք մեր տանջված և սիրված Հայրենիքը:
Անկեղծորեն
Ձեզ նվիրված՝
նկարիչ Մարտիրոս Սարյան
1919 թվական
31 հուլիսի
Դոնի Նախիջևան
1-ին Սոֆիևսկայա, 27
* Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Թեհրան,
1982, էջ 183:
** Ա. Վիրաբյան, Ինչպես են ընտրվել Հայաստանի
առաջին Հանրապետության պետական խորհրդանիշերը, տե՛ս «Հայաստանի Հանրապետություն»,
օրաթերթ, 2006:
*** 0,Հայկական դրոշակներ և զինանշաններ,
Բեյրութ,1966, էջ 47-48 :
**** Մարտիրոս Սարյան, Նամակներ, հատ. I
(1908-1928), տեքստերը պատրաստեց, կազմեց, խմբագրեց և առաջաբանը գրեց Ռուզան
Սարյանը, Երևան 2002,էջ 216:
***** Բնագիրը տե՛ս ՀՀ Ազգային արխիվ, ֆ. 200, ց.
1, գործ 35, թ. 138, 139, 140:
6 արտահայտվիր:
Շատ թեմատիկ հոդված էր...Ուրախ եմ, որ ծանոթացա մեր դրոշի ստեղծման նախնական մտորումներին, բայց ուրախ եմ, որ վերջնական տարբերակը ԵՌԱԳՈՒՅՆՆ է` ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ասում ենք ՎԵՐՋ կյանքին անգույն...
Կցանկանայի, որ գույների հիմքում ընկած խորհուրդները իրոք մեր հայրնեքին ավետեն խաղաղություն, միասնություն և բարեկեցություն:
Շնորհակալություն...
Ես էլ եմ էսօրվա եռագույնը շատ սիրում: Շնորհակալ եմ մեկնաբանության համար:
Պատկերացնում եմ, թե ինչ երգ կգրեր Ավետ Բարսեղյանը, եթե «ԿԱՐՄԻՐ, ԿԱՊՈՒՅՏ, ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆԻ» փոխարեն դրոշը լիներ ծիածանի գույներով :))))
Շատ լավն էր, իսկապես, ապրես, Արթուր սարկավագ ջան, քո բլոգում շատ հաճելի ու բովանդակալից միջավայր է:
Ինչ լավ է, որ Սարյանի առաջարկը չի ընդունվել: Երեք գույնը քիչ է, մնում են մնացած երանգները: Լրիվ ծիածան ժողովուրդ կդառնայինք :) Եռագույնը մերն է, դրա համար սիրում եմ: Հոդվածը հետաքրքիր էր: Շնորհակալություն:
Մեր Եռագույնը մէր էության արտացոլումն է, ինչպես մեր հպարտ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ, - ինչո՞ւ ենք այն աղավաղում գրելով ոչ գրական,օրինակ- էսքան,էնքան,սաղ,ստեղ,ընդեղ,գալիս ա,գնում ա եւ իհարկե բազմաթիվ անհակի օտարածին բառեր: Պաշտելի են մեր դրոշն ու լիզուն...պահենք մաքուր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: