Showing posts with label 1918. Show all posts
Showing posts with label 1918. Show all posts

28.5.13

ՄԱՅԻՍՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐՍ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ


Դստրի՛կս, մեկ ամիս առաջ էի ցանկանում գրել քեզ. ապրիլի 24-ն էր, հայոց որդանագույն պատմության ամենակարմիր էջի հիշատակության օրը: Մի տեսակ հակասական մտքերով ու զգացումներով էի լեցուն: Այդ օրը դժբախտություն ունեցա ի մոտո տեսնելու ու զգալու հայ կոչվող հպարտ ազգիս ծվեն-ծվեն եղած մարմնի պատառիկները վտարանդության գրկում, երջանկությունն ունեցա բացառիկ անգամը լինելով՝ մասնակից դառնալու հայազն մեր «փոքր ածուի» միասնականության ու միակամության ճիգի: Հայրենիք, ազգ, գաղթ, սրբություն, վրեժ, քաջություն... Գրիչը վերցրեցի գրելու քեզ այս մասին, սակայն... Հեռավոր մի փորձառություն հիշեցրեց ինձ, որ արյան այս եռումը պիտի պաղեր, միասնականության այս շղարշը պիտի պատռվեր հաջորդ օրն իսկ՝ ոգու ըմբոստությունը փոխարինելով ամենօրյա «հոգսառատ» անհոգությամբ: Հավատա՛, հայրենասիրության այս տեսակը ազգուրացությունից էլ վտանգավոր է: Ճի՛շտ հասկացիր ինձ. ազգային ոգին ու պայքարի գաղափարախոսությունը չեն կարող հարատևել վրեժի, պահանջատիրության գոչյունների, արցունքի ու ողբի, կորուստի ու ջարդի պատմության վրա: Այդ անհնար է, առավել ևս անհնար է այդ հայի համար. մի՞թե սոսկ այս կա «գրոց հիշատակի արժանի» մեր պատմության մատյանում...