28.5.13

ՄԱՅԻՍՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԴՍՏԵՐՍ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՆԱՄԱԿ ԴՍՏԵՐՍ


Դստրի՛կս, մեկ ամիս առաջ էի ցանկանում գրել քեզ. ապրիլի 24-ն էր, հայոց որդանագույն պատմության ամենակարմիր էջի հիշատակության օրը: Մի տեսակ հակասական մտքերով ու զգացումներով էի լեցուն: Այդ օրը դժբախտություն ունեցա ի մոտո տեսնելու ու զգալու հայ կոչվող հպարտ ազգիս ծվեն-ծվեն եղած մարմնի պատառիկները վտարանդության գրկում, երջանկությունն ունեցա բացառիկ անգամը լինելով՝ մասնակից դառնալու հայազն մեր «փոքր ածուի» միասնականության ու միակամության ճիգի: Հայրենիք, ազգ, գաղթ, սրբություն, վրեժ, քաջություն... Գրիչը վերցրեցի գրելու քեզ այս մասին, սակայն... Հեռավոր մի փորձառություն հիշեցրեց ինձ, որ արյան այս եռումը պիտի պաղեր, միասնականության այս շղարշը պիտի պատռվեր հաջորդ օրն իսկ՝ ոգու ըմբոստությունը փոխարինելով ամենօրյա «հոգսառատ» անհոգությամբ: Հավատա՛, հայրենասիրության այս տեսակը ազգուրացությունից էլ վտանգավոր է: Ճի՛շտ հասկացիր ինձ. ազգային ոգին ու պայքարի գաղափարախոսությունը չեն կարող հարատևել վրեժի, պահանջատիրության գոչյունների, արցունքի ու ողբի, կորուստի ու ջարդի պատմության վրա: Այդ անհնար է, առավել ևս անհնար է այդ հայի համար. մի՞թե սոսկ այս կա «գրոց հիշատակի արժանի» մեր պատմության մատյանում...

Ահա՛, այս էր պատճառը, որ նամակի առաջին իսկ նախադասությունից հետո վայր դրեցի գրիչս՝ որոշելով գրել քեզ մեկ ամիս հետո:

Մայիս է: Հայոց ոգու, հայկական ուժի, հայ իրական միասնականության ամիսը, ամիս, որ կարծես խտացնում է իր ներսում խաչակիր քո ազգի քաջագործություններն ու հաղթությունները՝ Ավարայր, Սարդարապատ ու Բաշ-Ապարան, Մեծ Հաղթանակ ու Բեռլին, Շուշի և Արցախ, Հայոց Պետականություն 1918-ին... Հաղթանակներ, որոնց բովում հայը՝ կին թե տղամարդ, աշխարհական թե հոգևորական,  կուռ բռունցք դարձած ի ցույց դրեց իր դարավոր սկզբունքը՝ «քաջերի սահմանը նրանց զենքն է»: Հայը աներկյուղ է իր սրտում, հայը անկոտրում է Խաչյալի իր հավատքի մեջ, հայը զորեղ է իր հողի վրա. սրա՛նք են իրական այն շնորհները, փոքրի՛կս, որ հոսում է ամեն մի հայի երակներում և ի թիվս այլոց, նաև՝ քո, որ սերունդն ես «փափկասուն տիկնանց», նրանց, ովքեր ի պահանջել հարկին Տղմուտի ափին էին՝ մի ձեռքում սուր, իսկ մյուսում՝ խաչ...

Հայ լինելը, հայ մնալը, հայությունը պաշտպանելը պատիվ է, սրելի՛ս, և այդ պատիվը հպարտությամբ պետք է լցնի փոքրիկ ու քնքուշ սիրտդ: Ոչ այն հպարտությամբ, որից մարդկային եսն է գլորվում չարքի ոտքերի տակ, այլ այն զգացումով, որով զորանում է սերն առ հայրենին:

Այո՛, փոքրիկս, առանց սիրո չկա հայրենասիրություն (բառն իսկ փաստում է այդ): Անհրաժեշտ է սեր առ բնությունն ու հողը հայրենի, սեր առ հայրենի մշակույթն ու պատմությունը, լեզուն ու կենցաղը, սեր յուրաքանչյուր ազգակցի ու հայրենակցի հանդեպ հայրենիքում, թե սփյուռքում, որովհետև առանց սիրո մարդն ինքնին ոչինչ է (Ա Կորնթ. ԺԳ), ոչնչի պետք չէ նաև հայրենիք անվանվածն առանց մեր սիրո: Իսկ սերը չի սիրում ապրել բառերի մեջ, այն ապրում, աճում ու զորանում է միմիայն գործերի մեջ: Դրա համար ուխտի՛ր Հայաստանիդ առջև՝ 
ոչ թե հայհոյել, այլ՝ օրհնել,
ոչ թե պահանջել, այլ՝ տալ, 
ոչ թե սպառել, այլ՝ ստեղծել,
ոչ թե լքել, այլ՝ խնամել,
ոչ թե բղավել, այլ՝ աղոթքով հուսալ,
ոչ թե քանդել, այլ՝ կառուցել,
ոչ թե սպանել, այլ՝ ապրեցնել,
ոչ միան բարձրանալ, այլև՝ բարձրացնել,
ոչ միայն օգտվել, այլև՝ օգուտ տալ...

Այսպիսին է եղել հայի պայքարը, այսպես ենք կտրել ու դարեր անցել. այս իսկ է հայրենասիրությունը: Այսպիսի՛ն եմ ուզում նաև քեզ տեսնել:


Հայաստան ասելիս այտերս այրվում են, 
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես: 
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, 
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են, 
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, 
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:
(Համո Սահյան)

Աստված քեզ միշտ զորավիգ ու պահապան, ի՛մ հայուհի. մշտապես աղոթքներումս ես: Շատ եմ սիրում քեզ...

Քո՝
հայրիկ
28.05.2013թ

5 արտահայտվիր:

Տաթևիկ said...
5/30/13, 11:28 AM

Շատ լավ գրառում էր, շնորհակալություն:

Srk. said...
5/30/13, 4:02 PM

@Տաթևիկ : Աստված օրհնի Ձեզ :) Միակ մարդն եք որ դեռ մեկնաբանում եք այս բլոգի գրառումները. պիտի խնդրեմ չդադարեցնեք, հաճելի է

Տաթևիկ said...
6/1/13, 10:27 AM

Տեր Հայր ջան Ձեզ սիրողներ ու հետևողներ միշտ կան ու վստահ եմ, որ կլինեն:)

Srk. said...
6/1/13, 4:57 PM

@Տաթևիկ : Աման... ես ինչ մի սիրելու բան եմ, Քրիստոսին սիրեք

Անի said...
8/20/13, 2:47 PM

Փշաքաղվեցի Տեր Հայր, երկար մտածելու տեղիք տվեց...

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...