Ինձ
հարցրեցին ու մեղադրեցին. «Սուրբ Գրքում գրված չէ, որ եկեղեցիներում պետք է մոմ վառել, ինչո՞ւ եք վառում. չէ՞ որ
Քրիստոսն է Լույսը աշխարհի»: Թե՛ հարցը, թե՛ դրա պատճառը և թե հարցը տվողի
ինքնությունն ինձ համար առավել քան ակնհայտ էին: Գործում էր բողոքական-աղանդավորական "sola scriptura" (միայն
Գրություն) մոլորեցնող սկզբունքը:
Պատասխանեցի.
«Իսկ Աստվածաշնչում որևէ բան կա՞ գրված բարիք գործելու մասին»:
Խոսակիցս հաստատեց, որ կա, բայց չհասկացավ, թե հարցս ի՛նչ կապ ուներ մոմի հետ:
Մոմավառության
թեմայով Առաքելական Եկեղեցու և հոգևոր դասի կողմից տարբեր միջոցներով ու ձևերով
մեկնաբանություններ տրվել են, ու թվում էր, թե ամեն բան հասկանալի պիտի լիներ,
բայց... երևույթի թյուրըմբռնումը և մեկնաբանումը հասարակության կողմից, ինչպես
ասում են, անպակաս է: Որքան էլ ասածս սուր լինի, մոմավառությունն այսօր շատերի
համար հավատքի դրսևորման միակ միջոցն է, որ շատ հաճախ ես ինքս կորակեի որպես
սնահավատություն: Այս է պատճառը, որ հիմա ուզում եմ խոսել մոմի մասին և պիտի խոսեմ
շատ պարզ, շատ առօրեական, շատ կիրառական տեսանկյունից` մի կողմ թողնելով
խորհրդաբանությունը, հոգեբանությունն ու մնացած-մնացածը: