Արթուր սրկ. Սարգսյան /Եղիցի անուն Տեառն օրհնեալ/ (2006)
|
Կարդա՛ նաև`
Բարի երեկո՛:
Հետաքրքիր է չէ՞, միշտ երեկոները կամ էլ գիշերն եմ քեզ նամակ գրում, կարծեմ ես էլ գիշեր եմ... Ինչևէ, հուսով եմ` մի օր առավոտյան կգրեմ:
Երեկ գիշերը (էլի գիշեր...) լուսարարից եկեղեցու բանալին խնդրեցի. ուզում էի բարձրանալ աղոթքի: Դուռը փակեցի ու դուրս եկա շենքից: Հորդառատ անձրև էր տեղում: Սկսեցի կամաց-կամաց քայլել դեպի եկեղեցի տանող աստիճանները: Անձրևն ավելի էր ուժեղանում, իսկ, քայլերս` ավելի դանդաղում: Երկինքն էլ, գիտե՞ս, լալիս էր ինձ վրա: Անձրևի կաթիլներն սկսեցին հոսել ճակատիս վրայով: Շատ ծարավ էի: Մինչև ոսկորներս թրջվեցի ու շարունակում էի դանդաղ քայլերով բարձրանալ աստիճաններով: Ամպերն անդադար որոտում ու երկնառաք իրենց բողոքն էին բարձրացնում (նրանք էլ ինձ տանել չեն կարողանում), ես խանգարում էի սիրահարված անձրևին: Ես անցանկալի մի խոչընդոտ էի մայր հողի ու խելագար անձրևի սիրատենչ գրկախառնման միջև:
Ահա, արդեն մոտենում եմ եկեղեցուն, դարավոր մի եկեղեցի, որ իր ամբողջ էությամբ սրտիս մեջ է դրոշմված: