13.5.14

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԴԱԳՐԵՐ ՓԱՐԻԶԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ


Եթե ինձ հարցնեն, թե Փարիզ բառը լսելիս ի՛նչ է առաջին հերթին մտքումս ծագում, բնավ Էյֆելյան աշտարակի անունը չէ, որ պիտի հիշատակեմ, այլ՝ փարիզյան մետրոն: Ստորգետնյա այս աշխարհը, որի մասին Փարիզում հաստատվելուց հետո մեկ անգամ արդեն գրել եմ, յուրահատուկ ու հիշարժան ոչինչ չունի, բայց փարիզաբնակների համարմի վայր է (հաճախ ոչ հաճելի), որտեղ անցկացնում են օրվա զգալի մասը: Երթևեկության այս համեմատաբար էժան և շատ արագ տարբերակը Փարիզում (Երևանի մասին չեմ խոսում, իսկ այլ քաղաքներից տեղեկություն չունեմ), իսկ ավելի ճիշտ Փարիզի տակ մի հսկա սարդոստայն է ներկայացնում՝ բաղկացած մետրոյի 15 տարբեր գծերից և 5 տեսակ արագ գնացքներից (RER՝ ռուսական Электричка-ին համարժեք): Ահավասիկ քարտեզը`

Բնականաբար, բազմամիլիոնանոց այս քաղաքում, որտեղ խայտաբղետ ազգային դիմագծին գումարվում է նաև բնակչության թվից ավելի զբոսաշրջային հոսքը, մետրոն գրեթե միշտ  ծանրաբեռնված է աշխատում:  Այս ծանրաբեռնվածությունից ու ներքին անհարմարություններից անմասն չեն մնում նաև ուղևորները՝ ոմանք անհարմար իրավիճակների զոհ դառնալով, ոմանք էլ նման իրավիճակների պատճառ լինելով: Ահա մի քանի նման իրավիճակների վերաբերյալ մետրոյում տարին մի քանի անգամ հասարակական գովազդներ են հանդիպում՝ նպատակ ունենանլով բարձրացնել ուղևորների զգոնությունը, ես կասեի՝ «մեծացնելու քթածակը», և հետաքրքիր ու զվարճալի պատկերներով հնարավորինս շտկելու խնդիրները: Ամբողջական այս շարքի նշանաբանն է՝ «Մնանք քաղաքավար գծի վրա»: Ստորև ներկայացնում եմ այդ ազդագրերը՝ փոքրիկ հույս ունենալով, որ Հայաստանում էլ տարբեր հարցերի առթիվ մեկ օր կարող ենք ոչ կոմերցիոն, դաստիարակիչ գովազդներ ավելիով տեսնել:

ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Երբ ձայնդ հասնում է 86 դեցիբելի, այլևս ոչ մի գաղտնիք ծածուկ չի մնա»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Ով մաստակը նետում է աղբարկղի մեջ, կխնայի մյուսների կոշիկները»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Նա ով գնացքից հրմշտելով է դուրս գալիս, միևնույն է, ավելի արագ տեղ չի հասնի»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Ով լեցուն մետրոյի մեջ ծուլանում է, վաստակում է դժգոհություն»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Երբ նախիրի պես դուռը խցանում ենք, արգելում ենք մյուսների ելքը»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Ով ցատկում է դռների վրայով, կարող է հանկարծակի ընկնել հսկիչների ձեռքը»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Ովքեր ղունղունում են անցումի վրա, խցանում են առաջացնում»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Երբ բեռ կա ուսերիդ, հանիր ուսապարկդ մյուսներին չխանգարելու համար»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Երբ խցկվում ենք դռների արանքում, մյուսներին ենք ուշացնում»:
ԳՐԱՌՈՒՄԸ՝ «Ով գնալիս կեղտոտում է նստարանը, վերադառնալիս, հնարավոր է, կեղտոտի իր հագուստը»:

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...