3.6.12

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԸ ԵՐԵԿ և ԱՅՍՕՐ





Վայելենք հոգևոր երգը


«Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով...» (Գործք 2:4)

Հոգեգալուստ է, Աստծո Սուրբ Հոգու զորության ու ներգործման, Քրիստոսի եկեղեցու հաստատման և քրիստոնյայի` աշխարհին նետած մարտահրավերի տոն: Ղուկաս Ավետարանիչը, Գործք Առաքելոցում ներկյացնելով այս հիասքանչ եղելությունը, պատմում է, որ երբ Քրիստոսի առաքյալնրը, 72 աշակերտները, Սուրբ Կույս Աստվածածինը և այլոք` թվով 120 հոգի, հավաքված Վերնատանը միասիրտ, միատեղ էին,  «հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք և նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա» (Գործք. 2:1-4): Այնուհետև ավետարանիչը ըդգծում է մի շատ կարևոր տող` «Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով...»:
Այս պատմական իրադարձությունից անցել է շուրջ 2000 տարի և այսպիսի վաղեմության դեպքերը մեզանից շատերին անցած-ավարտված պատմություն են թվում, ոմանց` կասկած հարուցող հեքիաթներ, ուրիշներն էլ կարող են ասել, թե Հոգեգալուսի հրաշքը մեզ չի վերաբերում, այլ միայն առաքյալներին և այդ օրը Վերնատանը գտնվողներին: Կլինեն նաև այնպիսիք, ովքեր կհավատան Հոգեգալուստին, կապրեն տոնով, սակայն այդպես էլ չեն հասկանա, թե ի՛նչ արժեք ու կարևորություն ունի այն այսօր` մեր օրորում, մեզանից յուրաքանչյուրի համար:

Փառք Աստծուն, Աստվածաշունչը սրբազնագույն այն մատյանն է, որտեղ գրված ամեն տառ, ամեն բառ, ամեն նախադասություն չի ճանաչում ժամանակի և տարածության սահմանները, այլ ունի հավիտենականության արժեք: Աստվածաշնչում գրված ամեն տառ, ամեն բառ, ամեն նախադասություն այսօր կենսունակ ու զորեղ է ճիշտ այնքան, որքան սրանից 2000, 3000, 4000 և ավելի տարիներ առաջ: Հետևաբար Հոգեգալուստը վերաբերում է նաև մեզ, Սուրբ Հոգու գալուստը իրական է նաև այսօր:
Եկե՛ք, Գործք Առաքելոցի Հոգեգալստյան նկարագրության մեջ ուշադրություն դարձնենք մի քանի բառերի, հասկանանք դրանց կարևորությունն ու իմաստը և այնուհետև կիրառենք դրանք մեր կյանքում, որով Աստծուց լայն հնարավորություն պիտի ստանանք վերապրելու Հոգեգալուստը և լցվելու Սուրբ Հոգով` առատացնելով Սուրբ Մկրտությամբ ու Դրոշմով ձրիաբար ստացած շնորհները:

Սուրբ Ղուկասը նշում է, որ երբ բոլորը վերնատանն էին, մի ձայն հնչեց և հողմի նմանվող մի բան լցրեց տունը: Շատերիդ է ծանոթ Քրիստոսի և Նիկոդեմոսի երկխոսությունը, որտեղ Տերը Սուրբ Հոգին նմանեցնում է հողմի, քամու` ասելով. «քամին ուր ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպես է և ամեն ոք, որ Հոգուց է ծնված» (Հովհ. 3:8), ոմանք էլ կհիշեն Եզեկիելի մարգարեությունը, որտեղ Աստծո Հոգին կենդանի շնչի ու քամու նման իջավ չորացած ոսկորներին վրա և կենդանություն պարգևեց դրանց (Եզեկ. 37:1-14): Ավելին, եբրայերենում և հունարենում քամի և հոգի բառերը նույնն են, գրվում և արտասնվում են միևույն բառրով (ruah, psyukhe): Այսքանը թերևս բավարար է հասկանալու համար, որ քամին` Սուրբ Հոգու զորության դրսևորման առաջին նշաններից է, բայց ոչ այն քամին, որ ծնունդ է առնում բնության տարերային ուժերի ներգործությամբ: Բնության մեջ, թերևս ամենահաստաբուն, ամենաամուր, ամենից խոր արմատներ ունեցող ծառատեսակը կաղնին է: Թվում է, թե ոչինչ չի կարող հաղթել այդ հսկային: Նրա արմատները չափազանց խորն են, նրա բունը չափից դուրս ամուր է: Սակայն հողմի առջև անզոր է անգամ կաղնին, փոթորիկը ի զորու է արմատախիլ անել այն: Յուրաքանչյուր մարդու նրսում` հոգու ու սրտի վրա արմատներ է ձգել այդպիսի մի կաղնի, որին մենք անվանում ենք մեղք: Թվում է թե այն այնքան ամուր է ու անսասան, այնքան խոր արմատներ ունի մեր մեջ, որ մարդը չի կարող հաղթել ու հաղթահարել մեղքը... Սակայն բավարար է հրաժարում մեղքից, զղջում, արցունք և խոստովանություն, Սուրբ Հոգին պիտի շտապի օգնության, պիտի փչի քամու նման և արմատախիլ պիտի անի մեղքի հաստաբուն կաղնին ու խաղաղություն պիտի իջնի փոթորկից հետո. Սուրբ Հոգով լցվելու առաջին պայմանն ու նշանը ապաշխարությունն է: Ես հաճախ մարդուն նմանեցնում եմ անոթի: Եթե այդ անոթի ներսը լի է քարերով, տիղմով, աղտեղությամբ, ապա մաքուր ջուր դրա մեջ լցնել անիմաստ է. նախ անոթի պարունակության պատճառով ջուրը պիտի քիչ տեղավորվի դրա մեջ, ապա և ինքը ջուրը պիտի պղտորվի ու դառնա անպիտան: Հետևաբար եթե մենք ուզում ենք լցվել Սրբություն Սրբոց Սուրբ Հոգով, ապա նախ պարտավոր ենք մեր ներսը ազատել ու ազատագրվել մեղքի աղտեղությունից ու անօրենությունից: Իսկ այդ արվում է միայն սրտի ապաշխարությամբ: Այդ դեպքում Աստված պիտի գա ու բնակվի մեր մեջ, ինչպես Հոգեգալուստի ժամանակ սուրբ առաքյալների մեջ:

Սուրբ Հոգու տեսանելի մյուս հատկանիշը կրակն է, լույսը և բոցը, որով ևս Հոգեգալուստին լցվեց Վերնատունը: Վստահաբար հիշում եք Աստծո հայտնությունը Մովսեսին, որ եղավ այրվող մորենու տեսքով (Ելք 3:2-3), հիշում եք նաև, որ Աստված առաջնորդում էր հրեաներին անապատում հրե սյան տեսքով (Ելք 13:21-22), իսկ արդն Հովհաննես Մկրտիչը իր քարոզչության ընթացքում հայտարարում էր. «Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով» (Մատթ. 3:11): Կրակը բոլոր ժամանակներում եղել է սրբության և մաքրության խորհրդանիշ: Ոսկին ոսկի է անգամ հողի տակ, սակայն այն թանկարժեք զարդի է վերածվում միայն ու միայն կրակով վերածնվելուց հետո: Սուրբ Հոգու ներգործության արդյունքը, որ հաջորդում է ապաշխարությանը, վերածնունդն է:

Մի հայտնի քանդակագործի հարցնում են, թե ինչպե՛ս է նա կարողանում իրականին այդքան մոտ մարդ կերտել մետաղից:
- Ես շատ ջանք չեմ գործադրում,- պատասխանում է քանդակագործը,- ես ուղղակի հալեցնում և զանգվածից հեռացնում եմ այն, ինչը խանգարում է արձանին մարդու տեսք ունենալ:

Սուրբ Հոգու հրե զորությամբ ամեն մեկս պարտավոր ենք նոր ծնունդ առնել, դառալ կատարյալ մարդ, ում մեջ հուրհրում է սիրո կրակը, ով լուսավորված է աստվածային իմաստությամբ, ով լեցուն է փրկության այրումով: Սուրբ Հոգու կրակով պիտի թրծվենք, պիտի լցվենք Սուրբ Հոգով, ինչպես սուրբ առաքյալները Վերնատանը Հոգեգալուստի օրը:

Սուրբ Հոգու զորության մյուս տեսանելի նշանը լեզուներն էին, բոցեղեն լեզուները, որոնք նստում էին ներկաներից յուրաքանչյուրի վրա: Դրանց շնորհիվ առաքյալները ստացան տարբեր օտար լեզուներով խոսելու շնորհ, ինչի շնորհիվ տարածեցին քրիստոնեությունը ողջ աշխարհով մեկ: Նրանք քարոզեցի Աստծո Ավետարանը, հռչակեցին Աստծո արքայությունը` քարոզելով համարձակորեն, առանց վախի և երկմտանքի, առանց ամաչելու և խուսափելու, որովհետև իրենց կյանքում իրականություն դարձավ Փրկչի խոսքը, թե. «հոգ մի՛ արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսէք. քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով» (Մատթ. 10:19-20): Սուրբ Հոգին լցվեց նրանց մեջ և Վերնատնից սփռվեց համայն աշխարհով: Առաքյալներից 2-ը` Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, խաչը ձեռքներին, ուղղվեցին նաև Հայաստան աշխարհ` գցելով քրիստոնեության առաջին սերմերը: Սուրբ Հոգու զորությունը մեր կայնքի համար արտահայտվում է նաև այստեղ. եթե դու սրբվել ես մեղքից ապաշխարության հողմով, եթե վերածնվել ես Հոգու կրակով, ապա ժամանակն է, որպեսզի Սուրբ Հոգով լցված հռչակես Աստծո փառքը:

Քրիստոնեական մի հին ավանդության համաձայն Քրիստոս, անցնելով Երուսաղեմի փողոցներից մեկով, հանդիպում է մի անդամալույծ կույրի: Տերն անմիջապես ձեռքի մեկ հպումով բժշկում է նրան, սակայն դրան ի պատասխան բժշկվածը թքում է Քրիստոսի դեմքին: Առաքյալները հարցնում են Վարդապետին, թե ինչո՛ւ է Նա օգնում մարդկանց, երբ գիտի, որ մարդիկ երախտամոռ են և բարությանը չարությամբ պատասխանող: Քրիստոս պատասխանում է.
- Ես մարդկանց կարող եմ տալ միայն այն, ինչ ունեմ իմ գրպանում...

Իսկ  ի՞նչ ունենք մենք մեր գրպաններում` մարդկանց տալու համար... Ի՞նչ կարող ենք մենք` որպես քրիստոնյաներ, տալ աշխարհին... Չարությո՞ւն, ատելությո՞ւն, կեղծի՞ք, բամբասա՞նք, սո՞ւտ, արհամարհա՞նք... Բայց ոչ երբեք Աստծո Խոսքը, որովհետև տակավին լցված չենք Սուրբ Հոգով, որովհետև Տերը մեզ դեռևս արժանի չի համարել լինելու Աստծո Սիրո, Աստծո Հույսի և Աստծո Հավատքի քարոզիչները:

Առանձին-առանձին խոսեցինք հողմի և կրակի մասին, բայց պատկերացրե՛ք, թե ի՛նչ կլինի, երբ այդ երկուսն իրենց ողջ ուժգնությամբ հանդիպեն միմյանց... Պիտի հուժկու մի հրդեհ բռնկվի, որը պիտի այրի ու Սուրբ Հոգով բոցավառի բոլոր բոլորին` կրկնելով Վերնատան Հոգեգալուստը այսօր` 21-րդ դարում: 
Այժմ որպես ավարտ քարոզի և սկիզբը մեր` Հոգով նորոգման` ապաշխարության, վերածնունդի և քարոզչության, աղոթենք Սուրբ Ներսես շնորհալու աղոթքով.

Հոգի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜յ երկնքի և Քո առջև, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով՝ սուրբ առաքյալներին. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Սուրբ Հոգու շնորհը բոլորիս հետ թող լինի. ամեն:
Տաթևի վանք, 
Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցի
27.05.2012 (Հոգեգալուստ)

0 արտահայտվիր:

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...