Սիրելի ընթերցողներ, հաշվի առնելով որ COVID19 համավարակի պատճառով 2020թ. Սուրբ Հարության տոնակատարություններին անմիջական մասնակցություն չեք կարող ունենալ, որոշեցի պատրաստել մի համեստ ուղեցույց։ Ճրագալույցի երեկոյան (ապրիլի 11-ին) Պատարագին առցանց հետեւելուց բացի այս ոչ պաշտոնական ուղեցույցի օգնությամբ կարող եք նաեւ ընտանեկան կամ անձնական աղոթական մի պահ ունենալ Զատկական ընթրիքից առաջ եւ այդպիսով ավարտված համարել ձեր պահեցողությունը։
Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորություն կունենաք հաջորդող օրերին, ինչպես որ
տնօրինել է Նորին Սուրբ Օծություն Վեհափառ Հայրապետը։
Այսպիսով ձեզ եմ ներկայացնում աղոթքներից, շարականներից եւ հոգեւոր ընթերցումներից բաղկացած ուղեցույցը՝ հուսալով որ այն կտարածեք եւ հասանելի կդարձնեք նաեւ Ձեր ընկերներին։
* * *
🕀 Հնարավորության դեպքում պատրաստեցեք ձեր խնկանոցը (կամ խնկարկության համար որեւէ հարմարանք), ածուխ ու խունկ եւ մոմեր (կարելի է՝ ընտանիքի անդամների թվով)։ Աղոթքը սկսելուց առաջ վառեք դրանք եւ ասեք Տերունական Աղոթքը՝
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս.
Ամէն:
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
սուրբ թող լինի Քո անունը,
Քո արքայութունը թող գա,
Քո կամքը թող լինի երկրի վրա,
ինչպես որ երկնքում է:
ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
և թո՛ղ մեզ մեր պարտքերը,
ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր մեզ փորձության,
այլ փրկի՛ր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զօրությունը և փառքը հավիտյանս.
Ամեն:
🕀 Ապա երգել, կարդալ կամ լսել Սուրբ Հարության շարականը՝
https://www.youtube.com/watch?v=CyPkPvpBUJs
/գրաբար/
Այսօր յարեաւ ի մեռելոց
փեսայն անմահ եւ երկնաւոր.
քեզ աւետիք խնդութեան
հարսն ի յերկրէ եկեղեցի.
օրհնեա ի ձայն ցնծութեան
զԱստուած քո Սիօն:
փեսայն անմահ եւ երկնաւոր.
քեզ աւետիք խնդութեան
հարսն ի յերկրէ եկեղեցի.
օրհնեա ի ձայն ցնծութեան
զԱստուած քո Սիօն:
/աշխարհաբար/
Այսօր Հարություն առավ
մեռյալներից երկնավոր
անմահ Փեսան,
քեզ ուրախ ավետիս,
ով երկրավոր Հարս՝ Եկեղեցի.
ցնծությամբ փառք տուր Աստծուդ, ով Սիոն։
մեռյալներից երկնավոր
անմահ Փեսան,
քեզ ուրախ ավետիս,
ով երկրավոր Հարս՝ Եկեղեցի.
ցնծությամբ փառք տուր Աստծուդ, ով Սիոն։
🕀 Ապա երեք անգամ երգել, կարդալ կամ լսել Սուրբ Աստված շարականը՝
https://www.youtube.com/watch?v=M1HgYomBU5I
/գրաբար/
Սուրբ Աստուած,
Սուրբ եւ Հզօր,
Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց,
ողորմեա մեզ:
Սուրբ Աստուած,
Սուրբ եւ Հզօր,
Սուրբ եւ Անմահ,
որ յարեար ի մեռելոց,
ողորմեա մեզ:
/աշխարհաբար/
Սուրբ Աստված,
Սուրբ եւ Հզոր,
Սուրբ եւ Անմահ,
որ հարություն առար մեռյալներից
ողորմիր մեզ։
Սուրբ Աստված,
Սուրբ եւ Հզոր,
Սուրբ եւ Անմահ,
որ հարություն առար մեռյալներից
ողորմիր մեզ։
🕀 Ապա ընթերցել Աստվածաշնչից հետեւյալ հատվածները՝
ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ (գլուխ 53)
Ո՞վ հավատաց Տիրոջ մասին մեր տված լուրին, եւ ո՞ւմ հայտնի դարձավ Տիրոջ բազուկը։ Նրա առաջ մենք հայտնվեցինք որպես մանուկ, որպես արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ուներ նա եւ ո՛չ էլ վեհություն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ուներ եւ ո՛չ էլ գեղեցկություն։ Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։ Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարվում, սակայն մենք նրա ցավերը, հարվածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ Բայց նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վերքերով մենք բժշկեցինք։Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպես ոչխար՝ նա մորթվելու տարվեց, եւ ինչպես գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։ Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։ Նրա գերեզմանի համար՝ չարությամբ, իսկ նրա մահվան համար մեծամեծ հարվածներով պիտի վրեժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրենություն չգործեց, եւ նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։Տերը կամենում է մաքրել նրան վերքերից։ Եթե մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակյաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տերը կցանկանա ազատել նրան իր ցավերից, ցույց տալ նրան լույս եւ օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին եւ իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։ Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզորների ավարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահվան մատնվեց, եւ նա հանցավորներին հավասար համարվեց։ Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրենությունների համար դատապարտվեց։
ՕՍԵԵԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ (գլուխ 6։1-3, 13։13-4)
Իրենց նեղությունների մեջ կշտապեն ինձ մոտ եւ կասեն. «Գնանք եւ վերադառնանք մեր Տեր Աստծուն. որովհետեւ նա հարվածեց մեզ եւ ինքն էլ կբժշկի, վիրավորեց եւ կկապի մեր վերքերը։ Երկու օր հետո նա կկենդանացնի մեզ, եւ երրորդ օրը կելնենք կկանգնենք նրա առաջ, կճանաչենք Տիրոջը եւ հետամուտ կլինենք ճանաչելու նրան։ Մենք նրան պատրաստ կգտնենք ինչպես առավոտը, եւ նա կգա դեպի մեզ՝ ինչպես վաղ եւ ուշացած անձրեւը՝ դեպի հողը։
Ծննդկանի պես երկունք կպատահի նրան. դա է քո իմաստուն որդին. դրա համար այժմ նա չի կարող տոկալ քո որդիների կործանմանը։ Ես դժոխքից կազատեմ նրանց եւ մահից կփրկեմ նրանց։ Որտե՞ղ է քո հաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ (գլուխ 15։1-23)
Եղբայրնե՛ր, հիշեցնեմ ձեզ իմ ավետարանը, որը քարոզեցի ձեզ, որը և ընդունեցիք, և որի մեջ հաստատ եք մնում. նրանով կփրկվեք էլ, եթե ամուր պահեք այն խոսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապես զուր հավատացած կլինեք. որովհետև ես ձեզ ավանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թե՝ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, և թե՝ թաղվեց, և թե՝ հարություն առավ երրորդ օրը՝ ըստ Գրքերի, և երևաց Կեփասին և ապա՝ տասներկուսին. ապա երևաց միանգամից ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնցից շատերը կան մինչև այժմ, ոմանք էլ ննջեցյալ եղան: Եվ ապա երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին: Ամենից հետո երևաց և ինձ՝ անարգիս, որովհետև ես իսկ եմ առաքյալների տրուպը. ես, որ առաքյալ կոչվելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծո եկեղեցին: Բայց Աստծո շնորհով եմ, ինչ որ եմ, և իմ մեջ եղած նրա շնորհները զուր չանցան, այլ նրանցից բոլորից ավելի աշխատեցի. բայց՝ ոչ թե ես, այլ՝ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր: Արդ, թե՛ ես և թե՛ նրանք այսպես քարոզեցինք, և դուք այսպես հավատացիք: Իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոս մեռելներից հարություն է առել, ձեզնից ոմանք ինչպե՞ս են ասում, թե մեռելների հարություն չկա։ Եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել։ Եւ եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է եւ ձեր հավատը։ Եւ Աստծու սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թե հարություն տվեց Քրիստոսին. արդարեւ, եթե հարություն չառնեին մեռելները, նրան հարություն չէր տա։ Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել։ Եւ եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է ձեր հավատը. եւ տակավին նույն մեղքերի մեջ եք։ Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք։ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ Բայց արդ, մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. քանզի մի մարդով մահ եղավ եւ մի մարդով՝ մեռելների հարություն։ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես եւ Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան՝ յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստյանը։
Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկեք տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացեք ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնեք: Ահա ասացի ձեզ»: Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու: Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜ւյն ձեզ». և նրանք մոտենալով՝ նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան: Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն»:
🕀 Ապա երգել, կարդալ կամ լսել «Քրիատոս ի մեջ մեր հայտնեցավ» շարականը եւ մեկմեկու փոխանցել ողջույնը, ինչպես Պատարագի ժամանակ։
https://www.youtube.com/watch?v=yvqGByujCls
/գրաբար/
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ,
որ Էնն Աստուած աստ բազմեցաւ:
Խաղաղութեան ձայն հնչեցաւ,
սուրբ ողջունիս հրաման տուաւ:
Եկեղեցիս մի անձն եղաւ,
համբոյրս յօդ լրման տուաւ:
Թշնամութիւնն հեռացաւ,
սէրն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտօնեայք բարձեալ զձայն,
տուք օրհնութիւն ի մի բերան,
միասնական Աստուածութեանն
որում սրովբէքն են սրբաբան.
/աշխարհաբար/
Քրիստոսը մեր մեջ հայտնվեց,
Աստծու էությունը այստեղ բազմեց։
Խաղաղության ձայն հնչեց,
Սուրբ ողջույնին հրաման տրվեց։
Եկեղեցիս մի անձ դարձավ,
Համբույրս այդտեղ լրացում տվեց։
Թշնամությունը հեռացավ,
բոլորին սեր սփռվեց։
Հիմա պաշտոնյանները ձայն բարձրաձրեցին,
Միաբերան օրհնություն տվեցին,
Միասնական Աստվածությանը,
Որտեղ սրբաբան սերովբեներն են։
🕀 Ապա երեք անգամ ասել.
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ
🕀 Ապա ավարտել աղոթքով.
/գրաբար/
Քում ամենազօր եւ հրաշալի Յարութեանդ, Քրիստոս Աստուած մեր, երկիր պագանեն զօրք հրեշտակաց. զի դու միայն ունիս զանմահութիւն բնակեալդ ի լոյս անմատոյց: Եւ մեք հողեղէն արարածքս խոնարհեալք երկիւղիւ երկիր պագանեմք, զսուրբ եւ զհրաշալի եւ զյաղթող զյարութիւնդ քո օրհնեմք եւ փառաւորեմք:
Եւ ընդ երկնային զօրսն մատուցանեմք զօրհնութիւն եւ զփառս՝ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
/աշխարհաբար/
Քրիստոս Աստված մեր, Քո ամենազոր եւ հրաշալի Հարությանը երկրպագում են հրեշտակային զորքերը, քանի որ Դու ես միայն անմահ, որ անմատչելի լույսի մեջ ես բնակվում։ Մենք եւս՝ հողողեն արարածներս, խոնարհվելով երկրպագում ենք Քեզ, օրհնում ու փառավորում ենք քո սուրբ, հրաշալի եւ հաղթող Հարությունը եւ երկնային զորքերի հետ միասին օրհնություն եւ փառք են ընծայում քեզ՝ Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին. այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։
🕀 Եթե աղոթքը ընթրիքից առաջ է, ասել նաեւ Աղոթք ճաշից առաջ՝
/Գրաբար/
Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
որ պարգեւեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
/Աշխարհաբար/
Խաղաղությամբ ճաշակենք այս կերակուրները, որ Տերը պարգեւել է մեզ։ Օրհնյալ է Տերն` իր պարգեւներով: Ամեն։
🕀 Սա էլ վայելելու համար😀։
Շնորհավոր Սուրբ Զատիկ. Քրիստոս Հարյավ ի մեռելոց՝
1 արտահայտվիր:
Շնորհակալություն������
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: