Վերջերս ինձ անընդհատ հարցնում են. «Եթե տանը նոր հանգուցյալ կա, արդյոք փոխվո՞ւմ
է Սուրբ Հարության ընթրիքի ճաշացանկն ու «արարողակարգը»: Հարցի ծագումնաբանությունը
ինքնին հասկանալի է. ինքս ականատես եմ եղել ընտանիքների, որ Զատկական հավկիթը չեն
ներկել` պատճառաբանելով, թե «նոր մեռել» ունեցող տունը ձու չի ներկում: Կամ կան
մարդիկ, որ պնդում են, որ եթե Զատկի օրն ավելի շուտ է, քան նոր մեռած մարդու
քառասունքը, ապա Զատիկը «կտրում է» այն և անհրաժեշտ է գերեզմանատուն այցելել
Զատկին նախորդող շաբաթ կամ հենց կիրակի օրը...
Թույլ տվեք հարցնել. որտեղի՞ց են ծնվում այս բոլոր ավանդապատումներն ու կրոնա-ծիսական
հորինվածքները... Համենայն դեպս Սուրբ Հարության տոնակատարություններն ու
ավանդությունները, ինչպես նաև թաղման և դրա հետ կապված ծեսի տեսական ու գործնական
բոլոր հիմքերը ծնունդ են առել Հայոց Եկեղեցու ծոցում, իսկ եկեղեցական կարգը
պահանջում է վերոգրյալների միանգամայն հակառակը:
Այսպես` Եկեղեցին հորդորում և եթե կուզեք պատվիրում է Սուրբ Հարության տոնին ներկել հավկիթը, քանի որ այն, ինչպես
Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, խորհրդանշում է աշխարհը, իսկ կարիր (միայն ու միայն կարմիր) ներկելը` այն սրբասուրբ արյունը, որ Քրիստոս հեղեց`
աշխարհը մեղքից փրկելու համար (հավկիթի մասին մեկ այլ
գեղեցիկ մեկնաբանություն տես նաև
այստեղ): Տոնը
Հարության տոն է, մահվան հանդեպ հաղթանակի մեծ ավետիս, որը հավասարապես վերաբերում է թե՛
ողջերին, թե՛ մեռյալներին, որովհետև Աստծո համար բոլորը ողջ են
(Մատթ. 22:32),
հետևաբար այս տոնին թեև աներևութաբար մասնակցում ու Քրիստոսի Սուրբ Հարությամբ
ցնծում է նաև մահացածը: Ուրեմն հավկիթն ամեն պարագայում անհրաժեշտ է ներկել կարմիրով և նույն օրինակով պահպանել նաև
ընկալյալ սովորույթները մյուս ճաշատեսակների պարագայում:
Ինչ վերաբերում է «քառասունք
կտրելուն» և գերեզմանատուն այցելելուն, ապա այստեղ հավանաբար որպես թյուրիամցության
աղբյուր ծառայում են Խորհրդային տարիները, երբ չկարողանալով աշխատանքային երկուշաբթի օրերին (մեռելոցները, բացի Սուրբ Ծննդյան մեռելոցից, միշտ երկուշաբթի են
լինում) այցելել ննջեցյալի շիրիմին` մարդիկ
այդ անում էին շաբաթ և հաճախ կիրակի օրը: Մինչ այդ չմոռանամ նշել, որ «Քառասունք»
կոչվող արարողությունը, որ կատարվում է մահվանից 40 օր հետո, էապես կապված է Տեր
Հիսուս Քրիստոսի` մահվանից 40 օր հետո Համբարձվելու հետ, ուստի ոչ մի այլ տոն այն
չի կարող ընդհատել, կտրել կամ լուծանել. քառասունքը մնում է քառասունք:
Իսկ ննջեցյալը «հին» լինի, թե «նոր», միևնույն է, եկեղեցական կարգը պահանջում է,
որ մենք` մարտնչող եկեղեցու ներկայացուցիչներս Սուրբ Հարության տոնի հաջորդ օրը`
երկուշաբթի, «հյուր գնանք» հաղթանակած եկեղեցու` սպասման մեջ գտնվող ներկայացուցիչներին` մեր
ննջեցյալներին, և նրանց էլ հայտնենք Քրիստոսի Սուրբ ու Կենարար Հարության ավետիսը`
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս», որովհետև ինչպես և ասացի,
Քրիստոսով բոլորը ողջ են ի Տեր:
Ի վերջո պետք չէ, մեռելոց հիշատակությունն ընդունել որպես լացի, ողբի և
տխրության տոն, Սուրբ Հարության տոնը շարունակվում է, և երկուշաբթին բացառություն
չէ: Ավելի լավ կլինի այդ օրը այցելեք
եկեղեցի, մասնակցեք Սուրբ Պատարագի, Հոգեհանգստյան արարողության (ըստ ցանկության
հոգեհանգիստ կարելի է կատարել նաև գերեզմանատանը), ապա այցելեք ձեր հարազատների շիրիմներին` տալու Քրիստոսով նոր կյանքի ու փրկության ավետիսը:
«Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգետ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն։ Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա Թես. 4:12-13):
Տերը թող ողորմի բոլոր ննջեցյալներին, հավիտենական լույսի ու
փրկության արժանացնի և Քրիստոսի Հարությամբ մխիթարի բոլոր վշտացյալ հոգիները:
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
Միացի՛ր ՍԱՐԿԱՎԱԳԱԳՐՔԻՆ նաև facebook-ում
0 արտահայտվիր:
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: