Showing posts with label վերափոխում. Show all posts
Showing posts with label վերափոխում. Show all posts

10.8.12

ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ


Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց»*: 
Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով»**: Այսու արդար վճիռ արձակեցիր: 
Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ: 
Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»: