Showing posts with label Տյառնընդառաջ. Show all posts
Showing posts with label Տյառնընդառաջ. Show all posts

13.2.18

ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ՀԻՍՈՒՍԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՃԱՐ - Շավիղ 2

Հարց. Հետո ի՞նչ եղավ Հիսուսի հետ:

Պատասխան. Երբ քառասունքը լրացավ, հայրը և մայրը Հիսուսին տաճար բերեցին:

Հարց. Եղբա՛յր, շփոթեցրիր միտքս. Հիսուսը հայր ունի՞:

Պատասխան. Թող չշփոթվի միտքդ, Հիսուս երկրի վրա մարմնավոր հայր չունի, Հիսուսի Հայրը երկնքում է:

Հարց. Ապա այդ ասածդ ո՞վ է, որ Հիսուսին տաճար բերեց:

Պատասխան. Հովսեփ անունով մի արդար մարդ կար, նրա հետ նշանվեց Կույս Մարիամը, որ իրեն պահապան լիներ և ոչ թե՝ ամուսին:

Հարց. Արդեն լավ հասկացանք. Կույս Մարիամի Սուրբ Հոգով հղիանալը. արդ նշանածը իր ինչի՞ն էր պետք:

Պատասխան. Երկու պատճառով շատ անհրաժեշտ էր Կույս Մարիամին իր կողքին մի պահապան տեր ունենալ. նախ՝ եթե Կույս Մարիամը իր կողքին տեր չունենար, ու ժողովուրդը նրա հղիության մասին իմանար, նրան պիղծ համարելով՝ իսկույն կքարկոծեր, որովհետև օրենքն այդպես էր հրամայում: Երկրորդ՝ եթե Սուրբ Հոգով հղիանալը հասկանային, Հիսուսին չէին խաչի, ու մարդկային բնությունը սատանայի գերությունից չէր ազատվի. դրա համար Աստված այնպես տնօրինեց, որ Հովսեփին Հիսուսի հայրը համարելով՝ Մարիամին չէին կասկածի: Բայց Հիսուսին չէին հավատում ու ասում էին. «Սա հյուսնի տղան չէ՞» (Մարկոս Զ 3):

Հարց. Որտեղի՞ց գիտես, որ այս բանը Աստված է տնօրինել:

Պատասխան. Ահա՛, Հովհաննես ավետարանիչը, Եսայի մարգարեից վերցնելով, գրում է. «Նրանց աչքերը կուրացրեց և նրանց սրտերը կարծրացրեց, որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան և դարձի չգան, ու Ես նրանց չբժշկեմ» (Հովհաննես ԺԲ 40):

Հարց. Երբ Հիսուսին տաճար բերեցին, հրաշք երևա՞ց:

Պատասխան. Այո՛, երբ Հիսուս տաճար եկավ, Սրբություն Սրբոց ասված տեղը արևելյան կողմում մի դուռ ուներ, որ շատ տարիներ առաջ փակված էր. այդ դուռն ինքնիրեն բացվեց:

Հարց. Այդ դռան մասին կանխապես գրված կա՞ր:

Պատասխան. Եզեկիել մարգարեն գրում է. «Նա ինձ ետ դարձրեց սրբարանի արտաքին դռնով, որ նայում էր դեպի արևելք: Այն փակված էր: Տերն ինձ ասաց. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացվելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպեսզի Իսրայելի Տեր Աստվածը մտնի այդտեղով» (Եզեկիել ԽԴ 1-3):

Հարց. Այդ դռան բացվելու մասին մարդ իմացա՞վ:

Պատասխան. Ժողովուրդը գիտեր Եզեկիելի գրածը, նաև դրա փակ լինելը գիտեր: Երբ Իսրայելի Տերը գար, պիտի բացվեր, և երբ Հիսուսին տաճարի բակ մտցրին, այն դուռը մեծ ձայնով բացվեց. ժողովուրդն այդ ձայնը լսելուն պես բացականչեց. «Իսրայելի Տերը եկավ, առաջ գնանք», և վազեցին, եկան տաճար: Այս պատճառով քառասնօրյա Քրիստոսի՝ տաճար գալու տոնը մեր եկեղեցին անվանում է Տեառնընդառաջ:

13.2.13

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ


Մօտեցաւ Տեառընդառաջի տօնը (Տրնդես), եւ դարձեալ նորոգուեցին այս տօնի շուրջ առնչուող խօսակցութիւնները։ Շատերը կարծում են, թե այն հեթանոսական տօն էր եւ Հայ Եկեղեցին չկարողանալով ժողովրդին կտրել իր հեթանոս անցեալից, փոխարէնը հռչակեց մի նոր տօն…։ Ցաւօք սրտի կարգ մը հոգեւորականներ նոյնպէս կիսում են այս կարծիքը։
Այս միտքը այնքան խօսուեց, որ մեր ցեղակրօնները խանդավառուած կարծեցին, թէ իսկապէս իրենց տօնն է եղել, որ նոյնիսկ FBի էջերում հրաւիրում են մասնակցելու իրենց «տրնդես»ի տօնակատարութեանը։
Տխուր է եւ ծիծաղելի...
  • Նախ եւ առաջ ուզում ենք տօնի տեղափոխութեան մասին խօսել։ Հարց է առաջանում, թե ինչպէս կաթոլիկ եկեղեցին Քրիստոսի Ծննդեան օրը ՝ Յունուարի 6-ը, տեղափոխեց Դեկտեմբեր 25ի, որ հեթանոսական տօն էր արեւմուտքում. արդեօք այդպէս էլ մեր հայրե՞րը Տեառընդառաջի տօնը տեղափոխեցին հեթանոսական տօնի օրը։ Այս տրամաբանական չէ, որովհետեւ Քրիստոսի Ծննդից (Յունուարի 6) 40 օր յետոյ (Փետրուար14) է գալիս Տեառընդառաջը։ Կամ էլ ճիշդ հակառակը՝ արդեօ՞ք հեթանոսական տօնը տեղադրուեց Տեառընդառաջի օրը... Եզրակացութիւնը թողնում ենք ձեզ:

13.2.12

ԱՂՑԱՆ «ՎԱԼԵՆԾԻՆ»


Չգիտեմ ինչո՛ւ հենց լսում եմ «ՎալենԾինի» անունը միանգամից ինչ-որ վարդագույն (ավելի ճիշտ` ռոզըվի) իրականություն եմ պատկերացնում: Հաջորդիվ հիշում եմ դպրոցական տարիներս և էժանագին «դեզադոռները», որ ՎալենԾինի օրերին նվիրում էինք աղջիկներին: Նրանք էլ մեզ բլոկնոտ, գրիչ կամ մեկ այլ բան էին նվիրում: Հայերիս հատուկ մի ձևապաշտությամբ այդ օրը համակվում էինք վարդագույն երազկոտությամբ, ավելի համարձակները թաքուն սիրային նամակներ էին գցում դասընկերուհու պայուսակի մեջ: Եվ վերջ... հաջորդ օրվանից կարծես ոչինչ էլ չէր եղել` «կյանքը ինչպես որ է»: Սրանք իմ մտքերն են ու իմ տպավորությունները: