7.11.11

ԽՆՈՑԻ

Աշնան արևը ծուլորեն պարպում է իր ջերմության վերջին մնացորդները` ջանալով լույսով ցողել Աստծո ամեն մի արարածի: Առաքել պապը` կնճիռների արանքում սքողած նահապետական իմաստությունը, ճակատը` արևին դեմ-հանդիման, նստել է ծռված պատի մոտ` ցածրիկ աթոռին, և երկար ունքերի տակից նայում է տերևաթափ բակին` մտովի վերականգնելով երբեմնի շեն պարտեզը:
- Է՜հ,- բազմանշանակ արտաբերեց պապը և ափով ցավագին զարկեց ծնկին:
Ձեռքը սահեց տաբատի պատռվածքի վրայով. հիշեց պառավին... «Ո՞ւմ ա պետք մենակ մարդը, մի կարկտանի էղածն ինչ ա, առանց կնգա գլուխ չի գալի, էլ չասեմ հայաթը, տունը, մարագը...»,- ծերունական որովայնախոսությամբ քթի տակ մռթմռթաց Առաքել պապը ու ձգվեց դեպի հանգիստ օրորվող խնոցին:
- Հո ՜-պա ՜,- ծանրորեն վանկարկելով` ողջ մարմնով հրեց այն:

Պարանները ձգվեցին քնարի լարերի պես, ու խնոցին սկսեց երգել իր հանապազօրյա տաղը:

- Բա´րև...- անսովոր տոնայնությամբ հնչեց մեկի ձայնը:
Առաքել պապը գիրթ շրջվեց. հետևում` 5-6 քայլ հեռու, կանգնած էր կոկիկ հագնված, փողկապավոր մի երիտասարդ` թևատակին հաստ թղթապանակ:
- Գյա´, վախցրիր,- կես զարմացած, կես անակնկալի եկած ձայնը բարձրացրեց Առաքել պապը` միևնույն ժամանակ ջանալով չխախտել հյուրընկալության դարավոր ավանդույթները:
Օտարականը, արհեստական ժպիտը դեմքին, անհաղորդ իրադրությանը, լուռ նայում էր:
- Գյա´, խոսա տենամ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում:
- Գներես,- ջարդված հայերենով մի կերպ արտաբերեց երիտասարդը,- I want to know... ի՞նչ է... սա, - դարձյալ կոտրատված լեզվով արտասանեց նա` մատնացույց անելով խնոցին:
- Էսի՞, էս խնոցի ա, չգիտե՞ս,- ժպտուն աչքերը շողացնելով հպարտացավ ծերունին և ձեռքով մեկ անգամ ևս հրեց այն:
- Khn-odz-e???
- Խնոցի´, խը՜-նո՜-ցի՜,- ոտքով-ձեռքով սկսեց բացատրել պապը, սակայն զգալով, որ օտարականը իրեն չի հասկանում փորփրեց լեզուների գիտության իր համեստ գրադարանը և գտավ իրեն պետքական բառը գերմաներենով.- «բուտե´ռ»,- հայտնագործություն արածի պես բացականչեց,- կարա´գ, է´լի:
Տեսնելով, որ այնուամենայնիվ երիտասարդը չի հասկանում իրեն, գրպանից հանեց ծալովի դանակը (սա ի դեպ երկյուղ առաջ բերեց օտարականի մոտ), բացեց խնոցու խուփը և զգուշորեն դանակի շեղբի վրա հավաքեց անարատ կարագը:
- Ա´ռ, փորձա, համով ա...
Երիտասարդի դեմքը տարակուսած հայացք ստացավ:
- Butter?- զարմացավ նա:
- Հա´, էլի, չե՞մ ասում` «բուտեռ»:
Երիտասարդը մի քանի վայրկյան ապշահար նայում էր մե´րթ խնոցուն, մե´րթ ծերունուն, մե´րթ դանակի շեղբից կախված կարագի շերտին. տարակույսը, կասկածը, զարմանքն ու հարցը չէին լքում նրա դեմքը:
- Sorry,- վերջապես խոսեց նա` թղթապանակը թևի տակից հանելով և մի տեսակ դասատուի դիրքի բերելով իրեն,- ես սովորել լավագույն agronomical institute Յուրոփի մեջ, and երբեք սովորել գրքին մեջ, that butter... պատրաստ լինել by khi-no-za,- փորձեց վերհիշել և արտաբերել «խնոցի» բառը:
Առաքել պապը լուռ համբերատարությամբ հավաքում էր օտարականի ասած բառերի` իրեն հասկանալի պաշարը. միտքը ընդհանուր առմամբ ըմբռնեց, բայց...
- Հա´, բա հեդո՞...
- I think... կկարծեմ, թե դա սխալ ճանապարհ... agronomical գրքերին մեջ չիկա...
Պապը` աչքերի մեջ անթեղված խղճահարությամբ շարունակում էր լուռ հետևել երիտասարդին` ջանալով նրա երկար-բարակ դասախոսության միջից որսալ հայերեն բառերը:
- Գյա´, - հանկարծ ընդհատեց ոգևորված եվրոպացուն,- տենաս մի օր մարդ կդառնա՞ք...

Արթուր սրկ. (2011թ)

6 արտահայտվիր:

Anonymous said...
11/8/11, 3:48 PM

Զի´լ էր: Սիրում եմ աննշանի, անտեսված, չկարևորվածի մեջ ամենաարժեքավորը գտնելը: )))))))))
Նշան

Anonymous said...
11/11/11, 7:50 PM

Ինչ կարգին մարդիկ են էս Առաքել պապերը, այ մարդ, ափսոս վերանում է էդ տեսակը... Տա Թև

Srk. said...
11/11/11, 8:09 PM

Ինչպես հայտնի առակագիրներն են արել ես էլ հիմա լուծանեմ առակս :))): Արդ, զառակս զի՞նչ ցուցանէ.
Առաքել պապը Առաքելական Սուրբ ու ավանդապահ եկեղեցին է, եկեղեցի, որն այսօր թեև ճոճում է իր խնոցին` դավանանքը, այնուամենայնիվ միայնակ է առանց իր տատի` հավատացյալ ժողովրդի, դրա համար ծուռ է պատը, ավեր պարտեզը, անկարկատան տաբատը...
Պատանին նոր կրոնական շարժում է` ծնված Եվրոպայում կամ այլուր, որ հայտնվում է Առաքելի անդաստանում ու համոզելով թե գրքում` Աստվածաշնչում այս կամ այն բանը չկա, պնդում է, որ դա սխալ է և խոտելի, հորդորում է հրաժարվել անարատ կարագից` անարատ ու նախնական վարդապետությունից` ինքն իրեն դնելով կիրթ, զարգացած ու հավատքային հարցերից միանգամայն գլուխ հանողի տեղ: Դանակը, որը հանում է պապը և վախ ներշնչում երիտասարդին, ժամանակն է, պատմությունը, վաստակը և փորձառությունը Հայոց Եկեղեցու, դե իսկ մարդը, որը երիտսարդը դեռ չի դառնում, քրիստոնյան է որ կա: Այսքանը:

Anonymous said...
11/11/11, 8:17 PM

Գիտես, Արթուր, ես, բնական է, մինչև քո բացատրելը, էդպիսի մանրամասներով չէի ընկալել, բայց հենց հայտնվեց եվրոպացի երիտասարդը, միանգամից մորմոն, ավետարանչական, կամ Եհովայի վկա պատկերացրիՃՃՃՃճ Տա Թև

Հերմինե said...
11/12/11, 2:51 PM

Ես տիպավորված եմ, ինչպիսի տիպիկ մենկնություն... ՀԻՆԱԼԻ Է, խոսքեր չկան....

Anonymous said...
4/30/12, 12:34 PM

inchpes misht, duq shat xorimast eq stexcagorcum,u dzer mitq@ sur e u dastiarakox, hrashali e..

Post a Comment

Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ:

Related Posts Plugin for WordPress, Blogger...