Showing posts with label agronomical. Show all posts
Showing posts with label agronomical. Show all posts

7.11.11

ԽՆՈՑԻ

Աշնան արևը ծուլորեն պարպում է իր ջերմության վերջին մնացորդները` ջանալով լույսով ցողել Աստծո ամեն մի արարածի: Առաքել պապը` կնճիռների արանքում սքողած նահապետական իմաստությունը, ճակատը` արևին դեմ-հանդիման, նստել է ծռված պատի մոտ` ցածրիկ աթոռին, և երկար ունքերի տակից նայում է տերևաթափ բակին` մտովի վերականգնելով երբեմնի շեն պարտեզը:
- Է՜հ,- բազմանշանակ արտաբերեց պապը և ափով ցավագին զարկեց ծնկին:
Ձեռքը սահեց տաբատի պատռվածքի վրայով. հիշեց պառավին... «Ո՞ւմ ա պետք մենակ մարդը, մի կարկտանի էղածն ինչ ա, առանց կնգա գլուխ չի գալի, էլ չասեմ հայաթը, տունը, մարագը...»,- ծերունական որովայնախոսությամբ քթի տակ մռթմռթաց Առաքել պապը ու ձգվեց դեպի հանգիստ օրորվող խնոցին:
- Հո ՜-պա ՜,- ծանրորեն վանկարկելով` ողջ մարմնով հրեց այն: