Պատկերացրո՛ւ, մի օր քեզ է զանգահարում մի շատ հեռավոր եւ շատ հարուստ ազգական ու ասում, որ իր ողջ ունեցվածքը կտակում է քեզ։
- Ինչո՞ւ հենց ինձ,- չհավատալով հարցնում ես դու:
- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է նա, եւ ավելացնում, որ անձամբ ժամանելու է քո տուն` կտակը հանձնելու։
Պատկերացրո՛ւ, որ այդպես էլ լինում է, եւ դու դառնում ես շա՜տ հարուստ։ Բարերարիդ մահվանից հետո որոշում ես ամեն տարի նրա` քեզ այցելելու օրը դարձնել տոն` հարստացման օր։
Պատկերացրո՛ւ, այդպես էլ անում ես։ Ամեն տարի նախապատրաստվում ես այդ կարեւոր տոնին, հրավիրում ես ընկերներիդ, համախմբում ես ընտանիքիդ անդամներին, զարդարում ես տունդ, պատրաստում համեղագույն ուտելիքներ եւ բոլորին բաշխում նվերներ...
Բայց պատկերացրո՛ւ, որ ամեն տարի, երբ այդ օրը գալիս է, եւ դու ամենայն մանրամասնությամբ կյանքի ես կոչում այս հոբելյանական ծրագրերը, ամեն ագամ կենացի բաժակ բարձրացնելիս դու մտքիդ ծայրով անգամ չես հիշում ու չես հիշատակում նրան, ով կյանքդ փոխեց 180 աստիճանով...
Ու պատկերացրո՛ւ, որ շուրջդ հավաքված մարդիկ, որոնք ժպտում ու վայելում են քո պատրաստած տոնը, հավանաբար, իրենց մտքում մտածում են, որ դու երախտամոռ ես...
Պատկերացրո՛ւ, երախտամոռ ենք բոլորս, երբ Սուրբ Ծնունդն ենք տոնում, չանդրադառնալով, թե Ում ծնունդն ենք տոնում, թե ի՜նչ ահռելի կարեւորություն ունի այդ տոնը մեզ համար։
Պատկերացրո՛ւ, մարդուց այդքան հեռու թվացող Աստված անձամբ աշխարհ եկավ, մեր կյանք եկավ ինձ ու քեզ տալու անգին հարստություն` Իր արքայությունը, Իր սերը, Իր շնորհը եւ ի վերջո, Ինքն Իրեն տալու։
Ինչո՞ւ։
- Պարզապես, որովհետեւ քեզ միշտ սիրել եմ որդուս պես,- պատասխանում է Քրիստոս Որդու քաղցր ձայնը,- որովհետեւ ուզում եմ, որ քո կյանքը փոխվի, ուզում եմ երջանիկ լինես, ուզում եմ ապրես ու չմեռնես...
Իսկ դո՞ւ...
Իսկ դու, պատկերացրո՛ւ, սոսկ ինչ-որ տոն ես նշում, զարդարում, ուտում-խմում, նվիրում ու... Պատկերացրո՛ւ, Հիսուսի տարեդարձն ես նշում` հոբելյարին անտեսելով, բարերարիդ չհիշելով...
Մինչդեռ պետք էր ծնկել Նրա փառքի առաջ ու ասել` ՇՆՈՐՀԱԿԱ՜Լ ԵՄ, ՏԵ՛Ր...
Պատկերացրո՛ւ, այսօր հենց այդ օրն է...
Տեր Հուսիկ
1 արտահայտվիր:
Օրհնյալ է Աստված
Post a Comment
Շնորհակալություն մեկնաբանության համար: Եթե Ձեր մեկնաբանությունը առնչվում է հոդվածի նյութին, չի պարունակում վիրավորանքներ և կասկածելի չէ բովանդակությամբ, ապա կարճ ժամանակում այն անպայման կհրապարակվի: Աստված օրհնի Ձեզ: