
Եթե «հանճարեղ» սցենարիստը տեղյակ չէ, ապա ասեմ, որ արդեն դարեր ի վեր ամուսնության նմանօրինակ դրսևորումը հոգևոր-բարոյական անթույլատրելի նորմ է հայերիս մեջ, ինչպես որ ասենք՝ անթույլատրելի է մերձավոր ազգականների ամուսնությունը: Եկեղեցական տեսանկյունից կնքահոր հարազատ զավակը և հոգեզավակը դիտարկվում են արյունակից քույր կամ եղբորը համահավասար, հետևաբար ամուսնությունն այս երկուսի միջև եկեղեցու կանոնական տեսանկյունից համարվում է արյունապղծություն:
Հիմա ընթերցողը կարող է մտածել, թե պարապ է այս մարդը, որ սերիալային ինտերպրետացիաներ է անում: Ո՛չ, ուղղակի նպատակս սերիալ դիտողների մոտ (իսկ այդպիսիք տասնյակ հազարավորներ են) սխալ կարծիքի ու տեսակետի ձևավորումը հնարավորինս կանխարգելելն է (չնայած որ այս սխալմունքի բուն արմատը ամենևին էլ սերիալը չէ):